Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԻ և «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻ բանավեճի ընթացքում հնչեցին իրարամերժ կարծիքներ ու գնահատականներ` նախագահի ասուլիսի, մեսիջների, ավագանու ընտրություններին առնչվող թեմաների շուրջ:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի կարծիքով, հետընտրական գործընթացներն ամենևին էլ երկիրը փակուղի չեն տանում և արտառոց ոչինչ տեղի չի ունենում. «Ապրիլի 9-ին մեզ սպասում է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը, ապա` խնդիրների լուծում: Ընդդիմության պահանջները հստակեցված չեն, եթե նրանք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, դա չի նշանակում, որ մենք փակուղում ենք: Ձեր թեկնածուն համոզված է, որ ինքն ընտրվել է: Բարի եղեք` ընդունել 860 հազար ընտրողի ձայնը: ՀՀ նախագահի մամլո ասուլիսը շատ հարցերի պատասխան տվեց, Թևան Պողոսյան ջան և լրագրողներ: Կա՞ արդյոք մեկ անձնավորություն, որը կարող է քաղաքական որոշումների վրա ազդել»:
Ըստ Թևան Պողոսյանի, ցանկացած հարց լուծվում է բանակցությունների ճանապարհով. «Բոլոր դեպքերում` նույն վարդյա կամ նարնջագույն հեղափոխությունների ժամանակ եղել են միջնորդներ, ովքեր բանակցել են: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կրկին հանդիպեն: Ես չեմ պնդում, որ երկրորդ հանդիպումով հարցերը միանշանակ կլուծվեն, միգուցե պետք լինի հանդիպել երրորդ, չորրորդ, տասներորդ անգամ: Խնդիրները պետք է քննարկվեն, ու ես հավատում եմ, որ խնդիրները լուծվում են հենց այդ քննարկումների ճանապարհով: Կարծում եմ, դժվար չի մոտենալ, կրկին հանդիպել ու հարցեր քննարկել»:
Հակադարձելով «Ժառանգության» ներկայացուցչին` Վ. Այվազյանը վրա բերեց. «Չեմ հասկանում` ինչո՞ւ են բոլորն այդպես կարևորում Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ գնալը: Ինչո՞ւ եք կպել, որ ինքը պետք է անպայման գնա: ՀՀ նախագահն ասել է` ես էլ եմ պատրաստ քննարկել մի շարք հարցեր, բայց նախ պետք է հստակեցվի օրակարգը: Բացի այդ, ես չեմ հասկանում, ասենք, հացադուլի իմաստը: Որևէ մեկը կարո՞ղ է հստակ ձևակերպել հացադուլով դրված պահանջը»: Թևան Պողոսյանն ասաց, թե «պահանջն արդարությունն է», ինչին հետևեց Վարդան Այվազյանի գնահատականը. «Արդարությունը լղոզված պահանջ է, կոնկրետ չէ»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Այն, որ ժողովորդը բողոքի ձայն է բարձրացնում, արդարություն է պահանջում և այդ «անհույս» քայլով իր հոգում կուտակված ցասումն է արտահայտում, արժանապատիվ ապրելու իր իրավունքն է վերահաստատում, իշխանության ներկայացուցիչը որակում է «ոչ կոնկրետ պահա՞նջ»: Իսկ ո՞րն է կոնկրետ պահանջը, պարո´ն Այվազյան, և ինչպե՞ս է այն դրսևորվում: