«Ես չեմ ցանկանում Հայրիկյանի դեմ կատարվածը մահափորձ անվանել, բայց մի բան պարզ է՝ նա շեշտակի հարվածով գրավեց իր սեփական դարպասը: Չի կարելի այդպես խաղալ ժողովրդի հետ՝ դիմում եմ ՍԴ, չեմ դիմում… ՍԴ չդիմելու հայտարարությունը 24 ժամ հետո հետ վերցնելը, ընտրողներին այդպիսի խոստումներ տալը և ընդհանրապես նրա կողմից այդ «խաղերը» ունեն մեկ անուն՝ ինքնաոչնչացում: Եթե մտածելակերպդ այդքան կարճ է, ինչո՞ւ ես մտել պայքարի մեջ: Եվ վերջապես, այս դիպվածով նա ապացուցեց, որ սովորական կալանավոր է եղել, ոչ թե քաղաքական բանտարկյալ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
Վերջինս համոզված է, որ Պարույր Հայրիկյանի և Սերժ Սարգսյանի միջև կա մի մութ գործարք, որը միայն երկուսով գիտեն և որը կա´մ պաշտոնի,
կա´մ ֆինանսական հարցերի հետ է առնչվում:
Անդրադարռնալով ներքաղաքական իրավիճակին, Ռուբեն Թովմասյանն ասաց, թե նախագահի ինստիտուտն այսօր այնքան է էժանացել, որ տեղից վեր կացողն ուզում է նախագահ դառնալ: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր երեք թեկնածուների միավորումը երբեք տեղի չի ունենա` նրանց մեծամտության պատճառով :
Այս ամենից, ըստ բանախոսի, տուժում է միայն երկիրը: «Երկրի վիճակն այսօր ծանր է և ավելի կծանրանա ընտրություններից հետո, ուստի Կոմկուսը չմասնակցեց ընտրություններին և չսատարեց որևէ թեկնածուի: ...Վերջին 20 տարիներին Հայաստանում ոչ մի ընտրություն չի եղել, այդ բառը շինծու կպցրել են: Բոլորն ընթացել են կեղծիքով, ընտրակաշառքով, դրա համար էլ ԱԺ-ն համարում եմ ազգակցական ժողով: Մյուս պատճառը ֆինանսական վետոն է, որ դրել են լուրջ կուսակցությունների վրա: Եթե մի կուսակցություն ապրում է անդամավճարներով, եզակի դեպքերւմ` հանգանակություններով, որտեղի՞ց 100 միլիոն գտնի, որ մասնակցի ընտրություններին»: Թովմասյանի համոզմամբ` Չեբուրաշկայի օրինակն էլ բերվում է այն պատճառով, որ քարոզարշավի ժամանակ տարբեր թեկնածուների պաշտապանության գործին են լծվում թաղային հեղինակություններ, դպրոցի տնօրեններ, աշակերտների ծնողներ և այլոք:
Ռուբեն Թովմասյանը նախընտրական քարոզարշավն ուղղակի ծիծաղելի է համարում, քանզի երբեք այդ թեկնածուներն այնքան սուտ չեն խոսում, որքան իրենց քարոզարշավի ժամանակ, այն էլ՝ քաղցր սուտ. «Այս ընտրություններում ֆավորիտներ չկան, չկա նաև պայքար: Պետք է լինեին հեռուստաբանավեճեր, որոնք հենց այն եվրոպական արժեքներից են, որոնց մասին այդքան շատ է խոսվում: Ժողովուրդն ամեն բան հասկացել է արդեն, այնպես որ, այս բոլորը շինծու, գեղարվեստական բաներ են»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ