ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ապրիլյան գագաթաժողովի արձագանքները

Ապրիլյան գագաթաժողովի արձագանքները
26.09.2008 | 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՆԱՏՕ-Ի ՎԵՐՋԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ
ԱՄՆ-ի և Եվրամիության վերլուծական հանրությունն այս տարվա ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը գնահատեց իբրև «տապալված», ինչը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Ամենից առաջ հարկ է արձանագրել, որ Ռիգայի գագաթաժողովից հետո անցած տևական ժամանակահատվածում դաշինքի շրջանակներում չհաջողվեց ընդհանրապես կամ թեկուզ մասնակիորեն լուծել որևէ սկզբունքային հարց։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և աշխատակազմի կատարած աշխատանքը Բուխարեստում գնահատվեց ոչ բավարար, ինչն առաջին դեպքն է բազմաթիվ տարիների ընթացքում, թեկուզև հաջողվեց խուսափել այդ կապակցությամբ կազմակերպչական բնույթի որոշումներ ընդունելուց։ Գագաթաժողովին նախորդած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը ևս ցույց տվեց, որ առաջացել են նոր հիմնախնդիրներ, և սկզբունքորեն անհնարին է որոշումներ համաձայնեցնել մի շարք հարցերի շուրջ:
ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՏՕ-ի ձևաչափում քաղաքական հարցերի քննարկման և համաձայնեցման փորձերը ցույց տվեցին, որ իզուր են ձգտումները չեղյալ դարձնելու եվրոպական քաղաքական ասպարեզում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կայացած պայմանավորվածությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարության վերաբերյալ։ Պարզվեց, որ Փարիզի և Բեռլինի միջև հարաբերությունների «սառեցման» և տարաձայնությունների փուլն արդեն անցյալ է, և երկու երկրները, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտմանը, կրկին պատրաստ են համաշխարհային և եվրոպական քաղաքականության մեջ գործելու փոխհամաձայնեցված ռեժիմով։ Ավելին, ինչպես նշում են ամերիկյան վերլուծաբանները, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այդպիսի քաղաքականություն կառուցելու մտադրություն և համապատասխան պայմանավորվածություններ ուներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ դեռևս մինչև Վաշինգտոն կատարած իր նշանակալի այցը։ Բուխարեստի գագաթաժողովը և դրան նախորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ում շարունակվում է ճգնաժամը։ Ֆրանսիան և Գերմանիան հաստատակամ դիրքորոշում են հայտնել շարունակելու եվրոպական զինված ուժերի ստեղծումը (արագ արձագանքման կորպուս), ինչը ստիպեց Մեծ Բրիտանիային և այլ եվրոպական պետություններին՝ աջակցություն հայտնել այդ նախաձեռնությանը։ Ըստ որում, այս անգամ Փարիզն ու Բեռլինը, իբրև եվրոպական մայրցամաքային տերություններ, հատուկ ընդգծում էին այդ նախաձեռնության՝ ՆԱՏՕ-ին «այլընտրանք» լինելը։ Միացյալ Նահանգները, այնուհանդերձ, հույսեր ուներ, որ եվրոպական քաղաքականության մեջ այս գլոբալ ծրագիրը կվերանայվի` չնայած եվրոպական զինված ուժեր ստեղծելու մինչ այդ հնչած բազմաթիվ հայտարարություններին։ Որովհետև Ջորջ Բուշը և շատերը նրա վարչակազմում բավական ոգևորված էին Նիկոլա Սարկոզիի Վաշինգտոն կատարած այցի բովանդակությամբ և, անտեսելով վերլուծաբանների և քաղաքական ծրագրավորողների բազմաթիվ նախազգուշացումները, հույս ունեին, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում միասնականության միտումները կուժեղանան։ Թեկուզև Բուխարեստի գագաթաժողովի օրերին արմատական հայացքների կամ դիրքորոշումների անմիջական դրսևորումներ չեղան, միևնույն է, այս գագաթաժողովը բնութագրվեց դրան նախորդած քաղաքական և դիվանագիտական բարձր ակտիվությամբ։ Ըստ էության, շահագրգիռ պետությունները մշակեցին և պատրաստեցին բազմաթիվ հարցեր, որոնք կոչված էին որոշակիացնելու հիմնական «բևեռների» դիրքորոշումները ՆԱՏՕ-ի ներսում, պետությունների «ակումբների» շահերը, որոնք վաղուց հայտնի էին դարձրել իրենց մտադրությունները։ Այդ պատճառով էլ այնպիսի «փոխզիջումային» քայլերը, ինչպիսիք էին ՆԱՏՕ-ի շրջանակներում համալրող սարքավորումների պատրաստումը կամ տրանսպորտային ավիացիայի օգտագործման հարցերը, ռազմական ծախսերի մակարդակի համաձայնեցումը, այնուհանդերձ, չհանգեցին հիմնական ուղղություններով շահագրգիռ պետությունների միասնականության դրսևորման։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Նիկոլա Սարկոզիի նոր քաղաքականությունը, որը մակերեսորեն դրսևորվում է իբրև այլընտրանք դը Գոլից մինչև Շիրակ իրականացված քաղաքականության, իրականում թույլ տվեց Ֆրանսիային, իր բոլոր քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներով հանդերձ, հայտնվել ՆԱՏՕ-ի շրջանակներում զարգացող գլխավոր ինտրիգի կենտրոնում և կրկին զբաղեցնել Եվրատլանտյան հարաբերություններում որոշիչ դերակատարություն ունեցող պետության դիրքը։ Գործնականում բուխարեստյան գագաթաժողովի կենտրոնական հարցը դարձավ այն հնարավոր փոխզիջումը, թե ինչ կպահանջի Ֆրանսիան ՆԱՏՕ-ի գործընկերներից դաշինքի ռազմական կառույցում իր մասնակցությունը վերականգնելու դիմաց։ Ֆրանսիան արդեն իսկ հռչակել է Աֆղանստանի հետ կապված իր մտադրությունները, ինչը, ըստ էության, նշանակում է, որ նա առաջատար դիրքերից է հանդես գալիս ՆԱՏՕ-ի աֆղանական գործողության մեջ։ Միաժամանակ կան կարծիքներ, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի կողմից ՆԱՏՕ-ի ընդարձակումը կասեցնելու պահանջը, չնայած այս հարցի սկզբունքայնությանը, առաջադրվում է եվրոպացիների ակտիվությունը մարտական գործողություններում մեծացնելու ամերիկյան պահանջի դիմաց։ Այսինքն, այդ պահանջն ընդամենն առիթ է ավելի կարևոր հարցերում երկխոսության առումով, և կասկած չկա, որ երկխոսության հիմնական թեման ՆԱՏՕ-ի ներսում նոր փոխհարաբերությունների և որոշումների կայացման նոր մեխանիզմների ձևավորումն է։ Ջորջ Բուշի՝ մի կողմից Նիկոլա Սարկոզիի և մյուս կողմից Անգելա Մերկելի հետ կայացած փոխզիջումն է, որ դարձել է խաղի նոր կանոնների մշակման հիմք, բայց դա, բնականաբար, կրելու է բացառապես ոչ ձևական բնույթ և այդպես արագ չի վերածվի կայուն գործնական մոտեցման։
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Բավական երկար ժամանակ է, ինչ քաղաքական շրջանակները, վերլուծական հանրությունը, ինչպես նաև առաջատար ԶԼՄ-ները ԱՄՆ-ում և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդարձակումը սահմանափակելու հարցը կապում էին Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Այսինքն, որ Արևմուտքը չի ցանկանում գրգռել Մոսկվային և ստեղծել կանխատեսելի հակադրության հարաբերություններ։ 2006-07-ին մեր կողմից անցկացված ուսումնասիրություններն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հանգեցնում են այն հետևության, որ այդ հարցում «ռուսական գործոնի» օգտագործումն իրականում ունի բացառապես քարոզչական նշանակություն։ «Ռուսական գործոնը», անշուշտ, կարևորություն ունի բոլոր մյուս փաստարկների շարքում, բայց այդ նշանակությունը որոշիչ չէ։ Պարզապես «ռուսական գործոնը» շատ հարմար է ՆԱՏՕ-ի ներսում տեղի ունեցող երկխոսության, ինչպես նաև դաշինքի առաջատար երկրների կողմից ՈՒկրաինայի և Վրաստանի քաղաքական գործիչների հետ բանակցություններում օգտագործելու համար։ Դա միանգամայն ձեռնտու է նույն Ռուսաստանին, որովհետև ընդգծում է նրա կարևորությունը միջազգային հարաբերություններում։ Եվ չնայած Բուխարեստի գագաթաժողովում Վլադիմիր Պուտինի ունեցած կարևոր դերին, վերլուծաբանները համարում են, որ այդ միջոցառումը դարձավ ՆԱՏՕ-ի իրական նպատակների, խնդիրների, գործունեության պայմանների արտահայտման բեմահարթակ՝ առաջատար պետությունների հետաքրքրությունների համատեքստում։ Կասկածից դուրս է, որ որոշակի պատրանքներ ունեցող ՈՒկրաինայի և Վրաստանի ղեկավարները դեռ այն ժամանակ հասկացան «ռուսական գործոնի» նշանակությունը՝ որպես ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերություններում ուշադրությունը շեղող մանևրի հնարավորություն։ Դիտարկելով Մ. Սաակաշվիլու՝ Փարիզ, Լոնդոն և Բեռլին, ինչպես նաև Վ. Յուշչենկոյի և Յու. Տիմոշենկոյի՝ 2006-07-ին եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերը, դեռ երկու տարի առաջ կարելի էր հանգել եզրակացության ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում էական խոչընդոտների մասին։ Այդ հարցում եվրոպացիների դիրքորոշումը պայմանավորող պայմանները միանգամայն պարզ են. Եվրատլանտյան ընկերակցությունը մտադիր չէ ընդլայնել իր պատասխանատվության գոտին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Արևելյան Եվրոպան, Սև ծովի ավազանը և Հարավային Կովկասը։ Արդեն հայտնի է, որ ՆԱՏՕ-ի աշխատակազմին հանձնարարություն էր տրված ամենից առաջ ՈՒկրաինայի, իսկ հետո նաև Վրաստանի հետ հարաբերությունների նոր ձևաչափի նախագիծ մշակել։ Կան լոնդոնյան ինստիտուտի RUSI-Royal Unitid Services Institute for Defence and Security Studies կողմից մշակված առաջարկություններ, որոնք վերաբերում են Վրաստանի և ՈՒկրաինայի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացմանը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ արևելաեվրոպական երկրները ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու հեռանկարներ չունեն։ Փաստորեն, նկատի ունենալով Ֆրանսիայի և Գերմանիայի ընդգծված բացասական դիրքորոշումն այս հարցում, Մեծ Բրիտանիան ևս փորձում է ի ցույց չդնել իր իրական նպատակները և, եվրոպական գործընկերների հետ ջանքերը համատեղելով, այս խնդիրը տեղափոխել ոչ հրապարակային դաշտ։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Բուխարեստի գագաթաժողովում Թուրքիան փորձեց դրական դիրքորոշում դրսևորել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցում։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումը բացահայտեց, որ նրա մտադրություններն ուղղված չեն Եվրամիության հետ դիրքորոշումների համատեղմանը և միաժամանակ հակաամերիկյան միտում ունեն։ Այն պայմաններում, երբ եվրոպացիները տապալեցին Վրաստանի և ՈՒկրաինայի ընդունումը ՆԱՏՕ-ի կազմ, Թուրքիայի դիրքորոշումը կարող էր և այդքան ցուցադրական չլինել։ Սակայն Անկարան նախընտրեց բացահայտ հայտարարել իր շահերի և մտադրությունների մասին։ Պարզ դարձավ, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է հանդիսանում իր գեոռազմավարական նշանակության պահպանումը հատկապես Սև ծովում։ Այդ համատեքստում ՈՒկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ բացարձակապես չի համապատասխանում Թուրքիայի շահերին, քանզի դա կնշանակեր այդ երկրների կողմից Թուրքիայի գործառույթների կրկնօրինակման հնարավորություն։
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆ
Իհարկե, հայկական թեման ներկայացված չէր Բուխարեստի գագաթաժողովի նույնիսկ աշխատանքային փաստաթղթերում։ Այդ կապակցությամբ առկա էին միայն գնահատականներ պարունակող տեղեկանքներ կամ զեկուցագրեր, որոնք մշակվում են շատ երկրների կամ խնդրահարույց տարածաշրջանների վերաբերյալ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր գագաթաժողովից առաջ։ Ըստ եղած տեղեկության, հայկական թեման ներկայացված է եղել Բուխարեստում ոչ մեծ զեկուցագրի ձևով, որտեղ նշվում էին 2008 թ. մարտի իրադարձությունները, և, ընդհանուր առմամբ, գնահատականները համահունչ էին այն աշխատանքային նյութերում ամրագրված տեսակետներին, որոնք պատրաստվել էին Բրյուսելի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր կոմիսարի համար։ Միաժամանակ, այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում հետևյալ հանգամանքը. Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջանակներում, որոնք սպասարկում են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, ձևավորվել է տեսակետ, որ ԱՄՆ-ը, ինչ-որ չափով նաև Եվրամիությունը, նախընտրում են հատկապես շեշտադրել Հայաստանում «ժողովրդավարական նորմերի ոտնահարումը» և ուժի գործադրումը։ Եվ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ արևմտյան հանրությունը, միգուցե տարբեր չափով, բայց հետաքրքրված է Հայաստանում հակաթուրքական դիրքորոշման արմատավորմամբ` կառավարող վերնախավում։ Եվ ճիշտ հակառակը. ոչ մի կերպ շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Սա բավական նոր դիրքորոշում է Արևմուտքում և նպատակ ունի սահմանափակել Թուրքիայի բավականին մեծ հավակնությունները։ Բնութագրական է, որ Հայաստանում 2008 թ. մարտի իրադարձություններից հետո տարածաշրջանում աշխատող թուրքական դիվանագետները հատուկ խորհրդակցության են հրավիրվել Անկարա, և այդ միջոցառման ընթացքում խոսվել է այն մասին, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը շահագրգռված են Հայաստանում այնպիսի իշխանության հաստատմամբ, որը շահագրգիռ չէ դիմելու հարևանների հետ փոխզիջումների և հարաբերությունների հաստատման։ Այդ կապակցութամբ նշվել է նաև, որ ՆԱՏՕ-ի աշխատակազմը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ խաղաղապահ և այլ հատուկ նշանակության հայկական զորամիավորումները ՆԱՏՕ-ի հովանու ներքո օգտագործելու առումով։ Եվրոպական պետությունների ռազմական վերլուծաբանների շրջանակում 2007-ին հնչել են կարծիքներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են դառնալ «ՆԱՏՕ-ի հետ, բայց ոչ ՆԱՏՕ-ում» մոդելի ձևավորման հիմք, ինչը շատ կարևոր է Արևելյան Եվրոպայում դաշինքի քաղաքականության ձևավորման տեսանկյունից։
Բացի վերոնշյալ հանգամանքներից, Բուխարեստի գագաթաժողովը մեծ սրությամբ վեր հանեց ոչ այնքան ՆԱՏՕ նոր անդամներ չընդգրկելու ցանկությունը, և նույնիսկ ոչ այնքան Եվրոպա-ԱՄՆ հակասությունները։ Բուխարեստում բացահայտվեց և ուժեղացավ բրիտանա-գերմանական ավանդական մրցակցությունը և պայքարը Արևելյան Եվրոպայի համար։ Ոչ մի այլ տարածաշրջան աշխարհում չի կարող դառնալ Գերմանիայի նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դերակատարության հաստատման հարթակ, բացի այն տարածությունից, որը գտնվում է Գերմանիայի և Չինաստանի միջև։ Եվրասիայի ներսում ընթացող պայքարը, որ սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ, այսօր ձևափոխվել է հանուն Եվրասիայի մղվող պայքարի, որտեղ, ամերիկյան ռազմավարությանը զուգահեռ, զարգանում է այլ, գուցե ավելի սուր պայքար։ Մեծ Բրիտանիայի արևելաեվրոպական քաղաքականությունը երբեք չի սահմանափակվել Ռուսաստանը շրջափակելու նպատակով, այլ դրսևորվել է Գերմանիան արևելյան և հարավարևելյան ուղղություններով մեկուսացնելու ցանկությամբ։ Եվ այս պարագայում խաղագումարը շատ մեծ է, քանի որ Արևելյան Եվրոպայում ունեցած ազդեցությունը թույլ կտա Գերմանիային` ողջ Եվրասիայում իրագործելու իր ծրագրերը և դառնալու մեծ մայրցամաքային տերություն։ Մեծ Բրիտանիան ձգտում է ապահովել իր թեկուզ հարաբերական մենաշնորհը Եվրասիայի ռեսուրսներին հասնելու և շահագործելու ուղղությամբ, և այդ դաշտում նրա հիմնական, եթե ոչ միակ մրցակիցը կարող է լինել Գերմանիան։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդարձակումը դեպի Արևելք և հատկապես Հարավարևելյան Եվրոպայում դարձել է Գերմանիայի ազդեցության սահմանափակման հիմնական գործոնը։ Ներկայումս առկա է կատաղի պայքար Ուկրաինայի համար, ուր Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ է քաղաքական մանիպուլյացիաներում, սակայն Գերմանիան առավելություն ունի տնտեսության մեջ։ Այդ համատեքստում Ռուսաստանի պայքարն ուղղված է ընդդեմ բրիտանական, բայց ոչ գերմանական ազդեցության։ Այդ թեման ընդհանրապես շատ ընդարձակ է և բազմանշանակ։ Որպես օրինակ կարելի է նշել եվրոպացիների համախմբվածությունը՝ աջակցել Ռուսաստանին՝ իբրև էներգակիրներ մատակարարող պետության, այն դեպքում, երբ մեծ Բրիտանիան ձգտում է խարխլել այդ համակարգը և վերանայել եվրոպական շուկա ու հատկապես Գերմանիա ռուսական էներգակիրների մատակարարման ուղիներն ու կանոնները։
ՈՒկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն էլ բրիտանա-գերմանական կարևոր հակադրության խնդիրներից մեկն է։ Վրաստանի միլիտարիզացիան և Ռուսաստանի հետ բարդ ու լարված հարաբերությունների ձևավորումը շատ կողմերով բրիտանական կովկասյան նախագծի դրսևորումներն են, որ տարբեր հաջողությամբ իրագործվել են տարիներ շարունակ։ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի արդյունքում Գերմանիան ուղղակիորեն սադրանքի ենթարկվեց ըստ բրիտանական սցենարի և չկարողացավ միանշանակ հանդես գալ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի դիրքերից, այլ, Լոնդոնի համար անսպասելի որոշում որդեգրելով, նախընտրեց ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ եվրոպական խաղում նրան իր տեղը ցույց տալու մտադրությամբ։ Միաժամանակ Բեռլինը փորձեր է ձեռնարկում ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը սեփականելու, իսկ անհաջողության դեպքում՝ դրանք ընդհանրապես տապալելու ուղղությամբ։ Գերմանական խաղը, ի տարբերություն բրիտանականի, որպես կանոն, շատ բացահայտ է, որովհետև կամ առաջ են ընկնում, կամ էլ հետ մնում իրադարձություններից։ Գերմանական էլիտաները զգուշավոր են արտաքին քաղաքականության մեջ, խուճապային աստիճանի վախենում են Լոնդոնից, այդ պատճառով էլ անպայման պարտվում են, ինչպես եղել է միշտ։ Վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը բրիտանա-գերմանական հակադրության տարրերից մեկն էր միայն, որտեղ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հանդես եկան իբրև գլադիատորներ եվրոպական կրկեսում։ Հարկ է հիշեցնել, որ վրաց-օսական հակամարտության տարիներից 2004-ին, երբ Մ. Սաակաշվիլին առաջին մարտահրավերը նետեց, հակամարտության շփման գծում գտնվում էր բրիտանական բանակի հետախուզական գումարտակներից մեկը, որը կարևորագույն ինֆորմացիոն խնդիրներ էր լուծում Լոնդոնի և Վաշինգտոնի համար։ Այդ ժամանակ կուտակված նյութերի հիման վրա էլ Վրաստանը սկսեց միլիտարիզացվել, և մշակվեցին այդ աշխարհաքաղաքական տարածքի փլուզման «պահեստային» ծրագրերը։ Այն ժամանակ՝ 2004-ի ամռանը, բրիտանացիներն առաջնային դեր խաղացին վրաց-օսական պատերազմի վերսկսումը կանխելու գործում, և այդպիսի պահվածքի համար ավելի քան լուրջ հիմքեր կային։ Մեծ Բրիտանիան կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում կայունության ապահովության հարցում, ինչն իրենից ներկայացնում է շահերի հավասարակշռության ապահովման գործառույթներ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթաժողովը նոր հեռանկարներ բացեց բրիտանական կովկասյան նախագծի հերթական փուլի իրագործման համար։ Որովհետև այդ նախագիծը մեռած չէ, այն կա և նոր շնչառություն ստացավ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5005

Մեկնաբանություններ