ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմա էլ Երևա՞նն է խռովել

Հիմա էլ Երևա՞նն է խռովել
26.08.2008 | 00:00

ԹԱՄԱՄ ԽՈՍՔ ԱՍԵՔ,ՊՐԾԵՔ, ԷԼԻ...
Միջազգային հանրությունը, այդ թվում` գործարար աշխարհը, իսկապես որ կրակն է ընկել մեր ու ադրբեջանցիների ձեռը: Ինչպես հիշում եք, Ադրբեջանի ազգային բանկը մոտ մեկ ամիս առաջ «հայտնաբերել էր», որ իր «գրավյալ տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում» Western Union և Moneygram դրամային փոխանցման համակարգը «համարձակվել էր հանցավոր գործունեություն ծավալել», զայրացել այդ փաստից և որոշել էր արգելել այս համակարգերի գործունեությունը Ադրբեջանում: Այլ խոսքերով` հուլիսի 30-ից սկսած դադարեցվել էին բոլոր գործարքները, և որոշվել էր «հարցին անդրադառնալ համապատասխան պարզաբանումներից հետո միայն»:
Այնուհետ արդեն բավական հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին. Western Union-ի փոխնախագահ Ջոնաթան Քնաուսը, կարելի է ասել, օգոստոսի 6-ին ուղղակի ներողություն խնդրեց Բաքվում` «իրենց անզգուշության համար», հայտարարեց, թե «այսուհետ այլևս Ադրբեջանի գրավյալ տարածքներում գործող կազմակերպությունների հետ իրենք որևէ համագործակցություն չեն ծավալի», իսկ երբ նաև ընդամենը մեկ շաբաթ առաջ Moneygram դրամային փոխանցման համակարգը «համաձայնեց կատարել Բաքվի պահանջները» (ի դեպ, անհասկանալի պատճառներով դրան հետևեց նաև ՎՏԲ բանկի ստեփանակերտյան մասնաճյուղի փակումը, ինչը մեզ բավական հետաքրքիր եզրահանգման է բերում. ստացվում է, որ, բացի դրամային փոխանցումներից, այս բանկն այլևս Արցախում անելիք չունե՞ր…), Ադրբեջանի ազգային բանկը որոշեց փոխել իր որոշումը, և արդեն 5 օր է` այս համակարգերը նորմալ աշխատում են Բաքվում:
Բայց դա` Բաքվում, որովհետև, պարզվում է, «կենացները հիմա էլ Հայաստանում են թանկացել», և ՀՀ Կենտրոնական բանկի օգոստոսի 22-ի խորհրդի նիստում որոշվել է…«արգելել ՀՀ տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին»: Հիմա թե ինչու է այս որոշումը միայն Western Union-ին վերաբերել, և Moneygram-ն ինչու է «պլստացել», այնքան էլ պարզ չէ (դե, երևի ԿԲ-ի որոշ ղեկավարների ձեռ չի տվել, նա էլ պլստացել է…): Բայց փաստն այն է, որ ԿԲ մամլո հաղորդագրության համաձայն` բանկերին այնուհետ հանձնարարվել է «Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի հետ կնքված պայմանագրերով նախատեսված կարգով լուծել այդ պայմանագրերը», այլ խոսքերով, ճիշտ Բաքվի նմանությամբ, չաշխատել այլևս այս մարդկանց հետ:
Ծիծաղելին, սակայն, ի տարբերություն ադրբեջանցիների, մերոնց «ջայլամային քաղաքականությունն է»: Փոխանակ ասեին` այո, դադարեցնում ենք ձեզ հետ աշխատանքը հենց միայն այն պատճառով, որ ձեռ եք առել ձեզ էլ, մեզ էլ ձեր ներողություններով (այլ կերպ ասած` ա՜յ քեզ բան, չէիք ուզում, հենց սկզբից չգնայիք Ղարաբաղ, թե՞ չգիտեիք, որ դա հակամարտության գոտի է կամ էլ նոր իմացաք, և կամ էլ` ձեզ համար էլ է հանկարծ շա~տ ձեռնտու դարձել Բաքվի քաղաքական լոբբինգին մասնակից լինելը), ասում են` գիտե~ք, այսպիսի որոշում է կայացվել մեր «բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով»…
Հետաքրքիր է, ի՞նչ ռիսկայնության մասին է խոսքը: Պարզ է, որ ընթերցողին էլ այս հարցը շատ կհետաքրքրի: Պատասխանն այնքան հանճարեղ է, որ «նո քոմենթ» տարբերակով պիտի ուղղակի չակերտների մեջ` ուղիղ կերպով մեջբերենք. «…քանի որ արձանագրվել են Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից անհիմն ու չպատճառաբանված կերպով ՀՀ տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր, այն է` որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը, հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաև ազդել երկրի տնտեսական, ֆինանսական և իրական հատվածների վրա»…
Հիմա եթե դուք էս խուճուճ պատմությունից բան հասկացաք, էն էլ` ՀՀ տարածքում կատարված (չլինի՞ իշխանությունները հայտարարել են, որ ինչ-որ ժամանակ առաջ Լեռնային Ղարաբաղը, թող որ անգամ մեր կողմից էլ դեռ չընդունված, բայց ոչ թե այլևս անկախ պետություն է, այլ ՀՀ մարզ…), շնորհավորում ենք, որովհետև մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք: Այսինքն, ըստ էության հասկացանք, որ Բաքվից հետո հիմա էլ Երևանն է «խռովել»...
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5616

Մեկնաբանություններ