ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փող և հող. Դավիթ Սարգսյան

Փող և հող. Դավիթ Սարգսյան
21.06.2022 | 20:35

Մեր տունքանդող սպառնալիքը տգիտությունը և դրա անարգել հաղթարշավն է: Դեռ Եղիշեն է նկատել, որ բոլոր չարիքների հիմքն անուսումությունն է. «Կույր զրկի ճառագայթից արեգական և տգիտություն զրկի ի կատարյալ կենաց: Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»:

Տասնհինգ դար առաջ հնչած այս մերկ և թվում է, թե անքննելի ճշմարտությունը դաս չեղավ հետագա սերունդներին: Լուրջ չընդունվեց Պատմահոր «Ողբը», որպես հեքիաթասացություն ընկալվեց Քաջ Նազարի թափառող սյուժեն, արհամարհվեցին հետագայում հայոց մեծերի ահազանգերն ու պատվիրանները: Անտեսելով նախկինների փորձն ու փորձառությունը, նաև մերժելով, գիտակցաբար թե անգիտակցաբար, ազգային արժեքային համակարգից զուրկ անձինք նորանոր փորձությունների տարան մեր երկիրն ու ժողովրդին՝ հիմնականում առաջնորդվելով անձնական շահի տեսանկյունից: Ունեցանք մարտնչող տգիտության մերկապարանոց արտահայտություններ, որ նույնն է, թե չարությունը, եսամոլությունը, ագահությունը, ազգադավությունը և բազմաթիվ այլ անմարդկային և անբարո արատավոր դրսևորումներ, որոնք նույնիսկ հայրենապաշտ Նժդեհին հանգեցրին վշտակեղեք ձևակերպման՝ ապերախտ ժողովրդի և հայի անչափելի տականքի մասին: Եղան դրա անգերազանցելի օրինակներ, որոնց հաճախ անդրադարձան հայոց մտավորականներից շատերը: Բայց ձայն բարբառոյ յանապատի...

Դասեր քաղելու համարձակությունը բացակայում է, հատկապես, մերօրյա գործիչներից շատերի շրջանում, որովհետև դիլետանտ են ոչ միայն իրենց ոլորտներում՝ղեկավարման վահանակի առջև վնասարարարությամբ զբաղվելով, այլև, որովհետև չեն կարդացել իրենց տխրահռչակ առաջնորդի ընտանեկան մամուլի հրապարակումները, կամ կարդացել և ընդունել են նրա սկզբունքները՝ անցնելով երկրի հակառակ կողմը, որն ավելի մտահոգիչ է, որովհետև տգետ են, և նրանց հասու չէ արժեքային համակարգն ու նրա խորհուրդը, խորքն ու էությունը, գոնե այդ կերպ իրենց գոյությունն արդարացնելու կամքը: Որքան տգետ են, նույնչափ իրենց թվում է, թե անփոխարինելի և անսխալական են, հավանաբար, համոզված, որ ոչ թե իշխանությունները պետք է ծառայեն ժողովրդին, այլ հակառակը: Նրանք, ամենայն հավանականությամբ, քաջ գիտակցում են իրենց հակաժողովրդական գործունեությունը, բայցևայնպես, դրանից հրաժարվելու ցանկություն կամ համարձակություն չունեն: Իրենց և մերձավորների կյանքի հարմարավետությունը վեր է ամեն սրբությունից, նույնիսկ ազգային ինքնությունից և պետական անկախությունից, և այդ ճանապարհին մսխում են հոգևոր, բարոյական ամբողջ պաշարը, եթե, իհարկե, նման հարստության երբևէ տիրապետել են:

Ինքնազսպման գործոնի բացակայությունը նպաստավոր պարարտ պայմաններում պայմանավորված է անպատժելիության առանձնաշնորհով, որ մինչ ի մրուր օգտագործվում է նրանց կողմից, բոստանն իմն է՝ ուզեմ խիյար կցանեմ, ուզեմ՝ լոլիկ, հավելենք, ուզեմ՝ քարուքանդ կանեմ այնպես, որ հողը ստերջանա, և այլևս երբեք բարիք չտա: Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Բայց, ըստ վաբանկ տանող խաղի կանոնների, թիրախավորվում է ոչ միայն Հայաստանն՝ առանց հայերի կամ հայն առանց Հայաստանի, ոչ միայն՝ մեկ թանգարանային հայի նմուշ թողնելը, այլև պետական բոլոր կառույցների վերացումը, որ բացառվի հաշվետվություն պահանջելը և համապատասխան պատժի սահմանումը հանցագործների նկատմամբ, այլ պատվախնդիր և վրեժխնդիր ոչինչ և ոչ ոք չմնա… Հակառակ դեպքում, խաղի ավարտը, ավարառությունը վայելելու առումով, հուսադրող ոչինչ չի խոստանում:
Առ հայրենիք նվիրումի ցուցադրական և բարձրագոչ ճառերի սնանկությունը, աննախադեպ սիրո ծնրադիր խոստովանությունների տարափը, հնարավոր ռիսկերի խոստացած վերահսկելիության մասին ինքնավստահ ու անպատասխանատու հայտարարությունները ի չիք դարձան առաջին իսկ դիմահար առերեսումներում: Տարածքային լրջագույն կորուստներ և անմիտ զիջումներ, հազարավոր հերոսական զավակների նահատակություններ, հաշմանդամներ և գերիներ, թշնամու անպատասխան գռեհիկ վիրավորանքներ, անտրամաբանական և հակասական բացատրություններ, ինքնախաբեություն, սպառնալիքներ, հայհոյանքներ և մեղադրանքներ անմեղ քաղաքացիների հասցեին, օրավուր բարձրացող գների և աղքատության աճ և այլն և այլն: Ոչ մի ռիսկ, եթե այն վերաբերում է պետությանն ու ժողովրդին, չի չեզոքացվում, բայց, ա՛յ, սեփական-անձնական վտանգների դեպքում գործում է ինքնապաշտպանական կենդանական բնազդն՝ իր ամբողջ զինանոցով՝ լի ստով, կեղծիքով, խաբեությամբ, ստորաքարշությամբ և այլն:

Գրագիտության մակարդակի էական ցուցիչ է ազգային արմատներին հավատարիմ լինելու, հայրենիքին մատուցած ավանդը և սեփական հեղինակությունն արժանապատվորեն կարևորելու բաղադրիչը, ինքնաճանաչումը և համաշխարհային երթևեկի մեջ սեփական դիրքը, ճիշտ նպատակի ուղղությունը ընտրելու և այն հաղթահարելու կարողությունը:

Իսկ երբ գործ ունես աշխատանքային մկրտություն ստացող սկսնակների պաշտոնավարման հետ, և գործում է չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ բիրդանաղայական սինդրոմը, ավելորդ է աշխատանքային կենսագրության, արհեստավարժության, փորձառության, առավել ևս վաստակի մասին երևակայելը: Եթե նվիրական են քո նկրտումները, եթե նախանձախնդիր ես ազգային խնդիրների թնջուկի հայանպաստ լուծմանը, ապա խելամտորեն կարող ես օգտվել, նույնիսկ, ընդդիմադիրների առաջադրած պահանջներից՝ ի շահ ազգի և պետության: Բայց, ծանծաղամտությունը և ազգային շահի ստորադասումը անձնականին, սեփական մաշկի (իմա՝ կաշվի) թավիշը փայփայելը դարձել է առաջնահերթություն: Լինել ազգային, ունենալ՝ ով լինելու, որտեղից գալու և ուր գնալու հարցերի հստակ պատասխաններ և գիտակցություն, հարգել այլ ազգերի մշակույթը՝ դեպի կատարելություն ձգտման գրավականներից է: Բոլոր գաղափարները, որ համամարդկային արժեք դառնալու միտում ունեն, հիմնվում են ազգային ընկալումների վրա:


Գործնականում, հավատարիմ մնալով քո ազգային նկարագրին, ազգային ավանդական արժեքներին, հոգեկերտվածքին, գոյաբանական փիլիսոփայությանը, պատրա՞ստ ես, արդյոք, պայքարել հանուն դրանց, պահպահել և զարգացնել, որպես քո ազգային դիմագծին բնորոշ առանձնահատկություններ: Ավաղ, տակավին անհայտ է քո իսկ մարդկային նկարագիրը, տեսակիդ՝ կասկածելի հակումները, անորոշ՝ մասնագիտական կարողություններդ, թեև բոլոր պարագաներում դրանք ակնհայտորեն ունեն շրիշակային մակարդակ: Քո կյանքի իմաստավորման բանալիներից մեկը պետք է լիներ ինքնաճանաչումն ու ինքնահարգանքը թե՛ անձնական, թե՛ ազգային շրջանակներում: Գիտելիքը, հատկապես, մեր ժամանակներում, անհրաժեշտություն է, իհարկե, անգլերենի իմացությունը պարտադիր պայման չէ խոզ պահելու, մոշ հավաքելու կամ ելակ աճեցնելու համար: Գիտելիքն անսպառ է, բանական արարածն այն ձեռք է բերում ամբողջ կյանքի ընթացքում, ամեն օր ու ժամ, և որքան մեծանում է նրա այդ պաշարը, նույնքան հասկանալի է դառնում, որ գործ ունի իմացաբանական անտակ տակառի հետ, որը երբևէ չի լցվելու պռնկեպռունկ, տիեզերական անծայրածիր տարածքի հետ, որի վերջնակետն անհասանելի է, եթե գիտելիքի ծարավը քո մեջ անսպառ և անհագուրդ է, եթե այն ծառայում է նպատակին: Իսկ ամենագետի կեցվածքը, որ սովորաբար թերարժեքության բարդույթի և տգիտության ծնունդ է, ինքնագլուխ որոշումներ կայացնելու համարձակությունը, որ որպես կանոն բացասական հետևանքների ու ձախողումների է հանգեցնում, պարզապես, հուշում է Պլատոնի հայտնի ասույթի իրավացիության մասին. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց ուրիշներն այդ էլ չգիտեն»։


Լեզու, պատմություն, մշակույթ, հավատք, ավանդույթներ- ազգային նկարագրի և անվտանգության հիմնական գործոններ, որոնք թիրախավորվեցին նորաթուխ երիտհայերի կառավարման առաջին իսկ օրերից, մինչդեռ սրանց յուրացումը, այլ ոչ ուրացումն է յուրաքանչյուր լիարժեք անհատի կայացման գլխավոր պայմանը, որոնց չտիրապետելը զրոյացնում է առավել ևս իրեն մեծամտաբար գործիչ հռչակած անձի կյանքի և գոյության իմաստը՝ սահմանափակելով այն խոտի դեզը երանությամբ որոճող անասունի կենսակերպի տարածքում: Կադրային վայրի քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մասնագիտական, այլ ծառայամիտ-խամաճիկային գործոնի վրա, որի սնամեջ լինելը քողարկվում է նախկինների նկատմամբ անթաքույց թշնամանքի, նրանց վարկաբեկման գործոնի վրա, որը շեղելով հանրության ուշադրությունը նորաթուխ և անծանոթ մարդկանց գործունեության օգտակար գործողության գործակցից, ուղեկցվում է ջարդարարական կտրուկ «սերնդափոխությամբ», ոչինչ, ջահել են, կսովորեն, փոխարենը գող ու թալանչի չեն, ինչպես նախկինները, ազնիվ են, մխիթարական ցնդաբանությամբ, որին հետևելու է «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից» կախ՚ հայտնի ասույթի ճշմարտացիության վերահաստատումը: Նորահայտ դեմքեր, որոնք երբեք աչքի չեն ընկեն հանրային օգտակարություն ունեցող գործերով, որոնց ընդունակությունները և կարողությունները անբավարար են իրենց ուսերին կրելու պատասխանատու բեռ, հայտնվեցին պարտապանի կարգավիճակում՝ իրենց նշանակողի հանդեպ, կախվածության մեջ, քանզի իրենք ևս քաջ գիտակցում են անարժան և անհամապատասխան լինելը զբաղեցրած պաշտոններին: Ինչպես նման մի պաշտոնյա էր քծնանքով մեկնաբանում, իր աշխատասենյակում փակցված նորին գերազանցություն տիեզերական պարգև մեսիայի լուսանկարը իրեն ուժ է տալիս արդար աշխատելու: Մնում է հուսալ, որ իրենց մասնագիտական գործունեության մեջ ձախողված և ԱԺ հորջորվող ականապատ կազարմայում օրենսդրական ցանկացած անհեթեթությամբ հանդես եկող օրենսդիրները հանդես չեն գա նոր օրենքի նախագծով՝ ժողովրդավարության բաստիոնում պարտադրելու երկրապետի «սրբապատկերները» փակցնել բոլոր շենք-շինությունների վրա, բնակարանների պատերին, բնակավայրերի մուտքերին, որպեսզի նրան նայելով, մարդիկ ընդօրինակեն արդար, ազնիվ, ժողովրդավար ապրելու և աշխատելու արվեստը… Արդեն քանիցս վերահաստատվում է, որ նեռի կամոք նավից պարահանդեսում հայտնված պատահականությունները պատրաստ են ոչ թե պայքարելու հանուն գաղափարի, հանուն իրենց վստահված խրամատի՝ երկրի և ժողովրդի, այլ ամեն գնով պաշտպանելու իրենց խնամատարին, քանզի նրա գոյությամբ է պայմանավորված իրենց զբաղեցրած դիրքն՝ իր ամբողջ պերճանքով, նրա շնորհիվ է փողոցային կյանքը փոխարինվել պալատականով: Բայց սողունը թռչել չի կարող, որքան էլ թևեր պատվաստեն նրան, և առաջին իսկ նավաբեկության ժամանակ, հայտնի առնետների նման, նրանք առաջինը կլքեն և՛ նավը, և՛ նավապետին: Ինքնահռչակ ու պոռոտախոս կամակատարներ, տխրահռչակ գործիչներ, որոնք նման են չոչ անող երեխայի, որը հավակնում է հաղթել վազքի մարաթոնում: Այդ ամենի համապատկերում առավել քան անհանդուրժելի է նրանց քաղաքացիական կեցվածքը, սիրողական վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ՝ ես հո նվիրյալ չե՞մ, որ ցածր աշխատավարձ ստանամ: Նրանց մտապատկերում բացակայում է Հայրենիքին և ժողովրդին ծառայելու հատկանիշը, չունեն ազգային հոգեկերտվածք, նրանք պարզապես չեն սիրում իրենց Հայրենիքը որպես այդպիսին, որն, ըստ մեր ժամանակի հերոսների, այնքան էլ հայրենիք չէ, այլ մի վայր, որտեղ ապրում և աշխատում են…


Քավ լիցի, խոսքը բնավ բարձր կրթություն և կարմիր դիպլոմ ստանալու կամ ակադեմիկոսների հասարակություն ունենալու մասին չէ, այլ աշխարհընկալման, որը սերում է ազգային ավանդույթներից, սնուցվում հայրենի հողից և և ունի խոր արմատներ, որոնց շնորհիվ է ձևավորվում ազգային կենաց ծառի փարթամ ու մշտադալար սաղարթը: Հակառակ դեպքում, կարելի է անվարան վկայակոչել Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծության խորհուրդը. «Թէ ուսումէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան»…


«Ես ազգայնական եմ - ու հպարտությամբ կը հայտարարեմ զայդ - որովհետեւ ճիվաղային պիտի նկատեի ուրիշ μան ըլլալ՝ իմ ազգիս արդի վիճակին մեջ, եւ ես գիտեմ ֆրանսացի ընկերվարականներ, անիշխանականներ, որ ըսած են ինծի. «Եթե հայ ըլլայինք, մենք անշուշտ ազգայնական պիտի ըլլայինք»: Ես ազգայնական եմ, որովհետեւ իմ պարտքս է ծառայել ամենեն առաջ իմ ազգիս, որուն կը պարտիմ կյանքս, լեզուս, հոգվույս հիմնական գծերը: Ես ազգայնական եմ, որովհետեւ իմ ազգս դժμախտ է, ավելի դժբախտ, քան ոեւէ ազգ, եւ իմ պարտականությունս անոր հանդեպ ավելի մեծ է, քան ազատ եւ ուժեղ ազգի մը զավակինը դեպի իր ազգը»,- գրում է Արշակ Չոպանյանը «Անահիտ» հանդեսում 1906 թվականին: Մինչդեռ, մեր պարագայում, տարբեր օտարերկրյա խողովակներից սնուցվող և դավանաբանական շեղումներ ունեցող երիտհայերի մեջ իսպառ բացակայում է հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը, մնալով որպես վերացական հասկացություն: Նրանք չունեն սիրո և ցավի զգացում առ այն, որովհետև տգետ են, չգիտեն իրենց պատմությունը, մշակույթը և պատրաստ են պարել ցանկացած նվագի տակ, դռնբաց ընդունել թշնամուն, հաշտվել նրա խաղի կանոններին, իսկ եթե հեռանկարում կան նաև հաճույքներ, վայելքներ, ինչ հոգ, թե նա կգրավի քո երկիրը և թոռդ, եթե չհամբուրի յաթաղանի սայրը և ալլահ աքբար չկանչի, այլևս լավագույն դեպքում կդառնա նրա ստրուկը և հարճը:

Սրան նրանք դիմադրելու իմաստ չեն տեսնում: Միևնույն է, կշարունակի՞ հայ ազգն իր ընթացքը պատմության քառուղիներում, իր տան մեջ, իր տեսակով, թե՝ ոչ: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ ազգային խոտանը պետության և հասարակության առողջության համար:


(շարունակելի)

Դիտվել է՝ 11989

Մեկնաբանություններ