Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սրբագրենք լրատվական խոտանը

Սրբագրենք լրատվական խոտանը
26.12.2008 | 00:00

ԺԱՄԱՆԱԿՆ Է
Նկատելի է, որ մեր երկրի զանգվածային լրատվամիջոցներն առանձնապես հակված չեն քննարկումներ ծավալելու իրենց գործունեությանն առնչվող թեմաների շուրջ, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ գոնե որոշ լրագրողներ մասնագիտանան այս ոլորտում և կարողանան պարբերաբար անդրադառնալ լրատվամիջոցներին վերաբերող խնդիրներին։
Եթե նրանք հանդես գան լրագրող-ընթերցող-հեռուստադիտող-ռադիոլսող կապի մասին անաչառ դատողություններով, կպաշտպանեն և՛ լրագրողի ու ընթերցողի, և՛ հեռուստադիտողի ու ռադիոլսողի շահերը, ինչը վաղուց արվում է արտասահմանում։ Այսպես, անցյալ դարի 90-ականներին Ֆրանսիան ստեղծեց մի հանձնախումբ` հանրային ծառայությունների վարչություն, որը կոչված էր ի ցույց դնելու հեռարձակվող հաղորդումների թերությունները, դրանցում տեղ գտած փաստերի աղավաղումները, լրագրողների` էժանագին էֆեկտների հետևից ընկնելու փաստերը։
1996-ին ստեղծվեց Բրիտանիայի հեռուստահաղորդումների հանձնաժողովը, որն ուներ գրեթե դատական լիազորություններ և ուսումնասիրում էր պետական ու մասնավոր հեռուստաընկերություններին առնչվող բողոքները։ Այն կարող էր պահանջել ցանկացած ծրագրի ձայնագրությունը, լսել հեղինակների բացատրությունները և անհրաժեշտության դեպքում իր եզրակացությունները հրապարակել ԶԼՄ-ներում։
Իզուր չէ, որ ԱՄՆ-ի մի շարք լրագրերի խմբագրություններում կա, այսպես կոչված, ներքին քննադատի հաստիք։ Սկսած 1922 թվականից` բոլոր խոշոր օրաթերթերն ունեն բովանդակության գնահատման այդպիսի հանձնախմբեր։ Ամեն օր հանձնախմբի անդամները մանրամասն ուսումնասիրում են լրատվական կանոնակարգի խախտումները և հայտնում իրենց կարծիքը։ Երբեմն զբաղվում են նաև խմբագրությանը հասցեագրված նամակ-գանգատների քննարկմամբ և ծագած խնդիրների լուծմամբ։ Շատ խմբագրություններում գործում են խմբագրական խորհուրդներ` կազմված խմբագիրներից և փորձառու լրագրողներից։ Նրանք կողմնորոշիչ տեղեկություններ են տրամադրում աշխատանքի ընդունված սկսնակ լրագրողներին։ Երբեմն էլ թերթերը դրսից հրավիրում են մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն), ով իրականացնում է միջնորդի գործառույթը։ Օրինակ, ԱՄՆ-ի, Կանադայի և Իսպանիայի մի շարք թերթերում և հեռուստակայաններում օմբուդսմենն ուղիղ կապի մեջ է մտնում ընթերցողների կամ հեռուստադիտողների հետ, լսում նրանց դժգոհությունները, քննադատական կարծիքները և իր եզրակացությունները հրապարակում շաբաթական թողարկումներում։ Հումորով ասենք, որ «ԱԼՄ»-ում օմբուդսմենի գործառույթն իրականացնում է Տիգրան Կարապետյանը` իր «Հարցի արժեքը» և «Դիրքորոշում» ծրագրերով։ Հեռուստադիտողի հնչեցրած ցանկացած բնույթի և ոչ մի հարց նրա կողմից չի մնում անպատասխան (ինչպիսի ինքնավստահություն և համոզվածություն, որ ինքը բազմագիտակ, արդարադատ անձ է)։ Մինչդեռ օմբուդսմենին առաջադրվող պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ նա պետք է վայելի իր գործընկերների հարգանքը, չունենա ոչ մի ակնկալիք և կախվածություն ղեկավարությունից կամ իշխանություններից։ Նա պետք է դառնա ընթերցողների և հեռուստադիտողների շահերի պաշտպանը և արագ արձագանքի նրանց դժգոհություններին` երբեք չդառնալով ԶԼՄ-ների շահերի պաշտպան։ ԱՄՆ-ի առաջին օմբուդսմենն աշխատանքի է ընդունվել 1967-ին, բայց իրականում նման ծառայություններ մատուցվել են դեռևս 1913-ից, երբ Ջոզեֆ Պուլիտցերը հիմնեց «Ճշգրտություն և արդարամտություն» գործակալությունը` ընթերցողների դիմում-գանգատները քննարկելու նպատակով։ Այժմ գործող մամուլի տեղական խորհուրդները մշտապես ներկայացնում են իրենց տվյալները (դժգոհություններ, ցանկություններ) լրատվամիջոցների մասին։ Գործում է նաև «սպառողների ժյուրի», որում ընդգրկվում է 10-12 ընթերցող կամ հեռուստադիտող։ Քննարկումների ընթացքում խմբագրությունը պարզում է նրանց վերաբերմունքն իր գործունեության մասին։ Վարողը պետք է լինի փորձառու անձ։
Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մեզանում։ Վերևում նշված ծառայություններից ոչ մեկը չի գործում։ Ֆինանսական վիճակը հնարավորություն չի տալիս որոշ թերթերի անգամ սրբագրիչ ունենալու, և առանց խմբագրման տպագրված նյութերը երբեմն ողողված են լինում իմաստային սխալներով ու վրիպակներով։ Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա ուշադիր դիտողն ամեն օր եթերում կարող է նկատել բազում անճշտություններ։ Հատկապես լրատվական թողարկումների որոշ հաղորդավարներ պարզապես անտեղյակ են այն իրադարձություններին, որոնց մասին իրազեկում են։ Ամենից շատ այս առումով տուժում են օտարերկրացիների անուն-ազգանունները, աշխարհագրական անվանումները, որոնք միշտ հնչում են աղճատված։ Իսկ թե «Հ2»-ի եթերում որքան «գրագետ» է կարդում Զարուհի Բակունցը, կարող եք համոզվել` գեթ մեկ անգամ նրան լսելով։ Նույն ալիքի մակագրերում տասնյակ ուղղագրական սխալների առկայությունից արդեն չենք զարմանում։ Հաճախ էլ խոսում է մեկը, բայց արձանագրվում է այլ անուն-ազգանուն։ Վերջին տարիներին նկատելի է նաև մեկ այլ տհաճ երևույթ։ Լրագրողի` թերթում հրապարակած հոդվածն օրեր անց հնչում է հեռուստաեթերից` համեմված տեսանյութով, որպես հեղինակային նյութ։ Ցավոք, այսպիսի տհաճ սխալներից ամենևին էլ զերծ չէ մեր միակ հանրային հեռուստատեսությունը, որի արտոնյալ կարգավիճակը նրան հնարավորություն է տալիս լինելու առաջատար և «հավակնոտ» (վերջերս սիրված և շատերի կողմից իմաստը չհասկացված բառ)։ Խոստումնալից նոր ծրագրերը («Օտար խաղեր», «Բենեֆիս», «Շաբաթ երեկո»...) ինքնատիպությամբ բնավ չփայլեցին։ Տափակ հեռուստասերիալների մասին էլ չեմ խոսում։ Միակ բացառությունն Ալեքսանդր Աբդուլովի մասնակցությամբ Հ1-ի ցուցադրած «Ծուղակ» սերիալն էր, որն ապացուցեց, որ սերիալը վատ բան չէ, եթե այն ասելիք ունի և որոշակի արժեք է ներկայացնում։ (Ընդհանրապես, անհերքելի փաստ է ռուսական հեռուստատեսության բարերար ազդեցությունը, սակայն նույնքան էլ անընդունելի է, երբ Ջիվան Գասպարյանի հոբելյանական երեկոն վարելու համար, չգիտես ինչու, Մոսկվայից Դմիտրի Դիբրովին են հրավիրում։ Այդքան ձգձգված և անհամ կազմակերպված հանդիսության ժամանակ վերջինս այնքան շատ ու տափակ գովեստի խոսքեր ասաց «ձյաձյա Ջիվանին», որ մեր նախագահը նստած տեղը ննջում էր և բոլորի նման սպասում այդ շոուի ավարտին)։
Նորաբաց «Արարատ» ալիքը, բացի Մարատ Օրդյանի «Մշակ» հաղորդաշարից, ոչ մի նոր ասելիք դեռևս չունի։ Այս սրտաճմլիկ բազմազանության մեջ շահեկանորեն առանձնանում է «Ար» հեռուստաընկերությունն իր համեստ և գրագետ պահվածքով, համեմատաբար օբյեկտիվ լրատվությամբ։ Գովելի է նաև «Հայրենիքը»։ Հեռուստադիտողները դրական կարծիք ունեն «Կենտրոնի» եթերից հնչող Անուշ Սեդրակյանի «Հատուկ կարծիքի» վերաբերյալ, սակայն դժգոհում են Հ1-ով ամեն օր Նազենի Հովհաննիսյանին լսելուց, որը վաղուց «սուպերաստղ» է և կարող է խոսել թե՛ ժարգոնով ու բարբառով, թե՛ լեզվական անցանկալի վրիպակներով, ինչպիսիք են, օրինակ, «նախագա, ի շնորհիվ, դիմություն, իմ մոտ, քո համար, անվորակ» և այլն։ Հետաքրքիրն այն է, որ «Արմենիայի» առավոտյան հյուրերի իննսուն տոկոսը հարցազրույցի սկզբում կամ վերջում անպատճառ շնորհակալություն է հայտնում «հրավերքի» համար։
Ի վերջո, ժամանակն է մեզ մոտ նույնպես ստեղծելու պրոֆեսիոնալ լրագրողներից կազմված քննադատների մի հանձնախումբ, որը պետք է բացահայտի խեղաթյուրված տեղեկատվությունները, ժամանակին վերլուծի լրատվամիջոցների աշխատանքը և հրապարակի այն տասը լավագույն քննադատական հոդվածների ցանկը, որը, հասկանալի պատճառներով, մինչ օրս թերանում են անել համապատասխան պատկան մարմինները` Գրիգոր Ամալյանի ղեկավարությամբ։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4965

Մեկնաբանություններ