ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստանում, չգիտես ինչու, ցուցահանդեսներին ներկայանում են վերարկուներով և մուշտակներով»

«Հայաստանում, չգիտես ինչու,  ցուցահանդեսներին ներկայանում են  վերարկուներով և մուշտակներով»
17.06.2008 | 00:00

Հայաստանի նկարիչների միությունում շուրջ երեք տարվա ընդմիջումից հետո այսօր, ժամը 18.00-ին, կբացվի միության 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։ Այս առիթով զրուցեցինք ՀՆՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ։

-Հիմնանորոգումը, որը, հասկանալի է, հսկայական ջանքեր ու ժամանակ խլեց, կարծես թե ժամանակի թելադրանքն էր։

-Հետադարձ հայացք նետելով նկարիչների միության վերջին տարիներին` համոզվում ես, որ անվերապահորեն նպատակային էր հիմնանորոգման աշխատանքներ կատարելու՝ քարտուղարության և վարչության որոշումը: 2005-ի կեսերին փլուզման շեմին էին ցուցահանդեսային դահլիճները: Ի դեպ, քաղաքապետարանի մասնագիտական հանձնախումբը փաստեց, որ դահլիճները ենթակա չեն հետագա շահագործման, քանզի, խարխլվելուց բացի, բավական սեյսմավտանգ էին:

Հենց այդ ժամանակ առաջարկ ներկայացրեց «Ռենգեմա» շինարարական ընկերությունը, ինչը ներառում էր հետևյալը: Նրանք հիմնովին քանդում և կառուցում են ցուցահանդեսային դահլիճները, հիմնանորոգում ՀՆՄ վարչական շենքը` փոխարենը հնարավորություն ստանալով դահլիճների վրա կառուցելու սեփական գրասենյակներ 3-4 հարկ բարձրությամբ... Եվ սկսվեցին երկարատև քննարկումները վարչությունում ու քարտուղարությունում, որոնք պետք է հաստատեին կամ հերքեին աննախադեպ գործարքի նպատակահարմարությունը:

-Դուք, բնականաբար, այդ խիստ պատասխանատու գործընթացն սկսելուց առաջ ինչ-ինչ պայմաններ առաջադրեցիք շինարարներին, քանի որ հսկայածավալ աշխատանքների իրականացման առջև էիք կանգնած։

-Մեր առաջադրած պայմանների թվում էին կառուցման և հիմնանորոգման աշխատանքների որակը, նախապես համաձայնեցված նախագծերի պահանջների ճշգրիտ պահպանումը, գրասենյակային մասնաշենքի հարկայնության սահմանափակումը այն հաշվով, որ այն չերևար վարչական շենքի թիկունքից և չխաթարեր ինչպես պատմական արժեք ներկայացնող «Երևան» հյուրանոցի և Միության ճարտարապետական և գեղագիտական ամբողջությունը, այնպես էլ Ազնավուրի անվան հրապարակը: Գործարքը փոխշահավետ էր: ՀՆՄ-ն «Ռենգեմային» «վաճառում էր» դահլիճների վերնամասի օդը, դրա դիմաց կազմակերպությունը հիմնովին վերակառուցում էր մեր ցուցասրահները և որպես բարեգործական ներդրում` հիմնանորոգում վարչական շենքը: Դահլիճները համաշխարհային արդիական պահանջներին համապատասխան են կառուցված, լուսավորվում են արհեստական լույսով և ջեռուցվելու են: Միություն այցելողը նախ կմտնի շքասրահ, որն արժանի է նկարիչների միությանը և առհասարակ բարձր արվեստին: Հասարակությունը պետք է համոզվի, որ նկարիչն այլևս այն կերպարի կրողը չէ, որը ձևավորվել էր մոտ անցյալում և ենթադրում էր հասարակությունից օտարված, փողոցի ինչ-որ մասում, գետնին ընկած կտավները վաճառող մեկին: Շքասրահում կգործի գողտրիկ սրճարանը, որը, չեմ կասկածում, կդառնա կերպարվեստագետների և արվեստասերների սիրած ժամադրավայրը, ինչպիսին էր հանրահայտ «Նկարիչ» սրճարանը, կգործեն կերպարվեստին հարիր փոքրաչափ առևտրի սրահները և... հանդերձարանը: Զարմանալի է, բայց Հայաստանում, չգիտես ինչու, ցուցահանդեսների ներկայանում են վերարկուներով և մուշտակներով... անգամ ազգային պատկերասրահում:

-Մի փոքր էլ միության գլխավոր զինանոցի՝ ցուցասրահների մասին։

-Առաջին հարկի դահլիճը 500 քմ-ից ավելի մակերես ունի` նախկինի 310-ի փոխարեն: Սա ինքնանպատակ չէ: Առաջիկայում սպասվում են միջազգային բիենալեներ, որոնք երբևէ չեն կազմակերպվել մեր տարածաշրջանում: Շատ երկրներ են մասնակցության ցանկություն հայտնել: Մասնավորապես` ԱՊՀ երկրները, երկրներ Մերձավոր Արևելքից և այլն: Երկրորդ հարկի ցուցասրահն ավելի կամերային է` հիմնականում նախատեսված անհատական ցուցահանդեսների համար: Չմոռանանք, որ նախկին դահլիճներում հաճախ նկարիչը չէր կարողանում (և չէր կամենում) անհատական ցուցահանդեսով ներկայանալ, բավական դժվար էր ծավալուն և բարձր դահլիճները կտավներով ու քանդակներով «հագեցնել»: Առաջին հարկի ցուցասրահում, ի դեպ, կարող են կազմակերպվել միաժամանակ մի քանի անհատական ցուցահանդեսներ: Ցուցասրահներին կից կան պահեստային տարածքներ, նկարիչների սիրած տերմինով ասած` «զապասնիկներ»: Վերակառուցվել է հայտնի «կոնֆերենց դահլիճը», որտեղ միջոցառումներ էին կայանում դեպքից դեպք: Այն, իհարկե, չի կորցնում իր բուն նշանակությունը, բայց, ավելի շատ գործելով որպես երրորդ հարկի ցուցասրահ, անհրաժեշտության դեպքում կծառայի խորհրդակցություններին և համաժողովներին: Այսպիսով ունենք երեք ցուցասրահ` մոտ հազար քմ մակերեսով, նախկին 620 քառակուսի մետրի փոխարեն:

Ինչևէ, այսօր հպարտությամբ փաստում ենք` Հայաստանի նկարիչների հիմնանորոգված միությունը բացում է դռներն իր անդամների, արվեստասեր հասարակության և միջազգային ամենատարբեր ցուցահանդեսների ու համաժողովների առջև:

Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 8200

Մեկնաբանություններ