ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

«ԲԵՐԴԻ» ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

«ԲԵՐԴԻ» ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
11.06.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային համույթի գլխավոր բալետմայստեր, Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՆՊԱՏԱԿ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԴՅՈՒՆՔ»
-Պարոն Գևորգյան, Հայաստանում շատ բան փոխվեց հետխորհրդային շրջանում, և այդ փոփոխություններից առավելապես տուժեց մշակույթը: Մինչդեռ «Բերդը», ի հեճուկս բոլոր դժվարությունների, կայուն է ու կենսունակ ավելի քան 45 տարի: Ո՞րն է նրա երկարակեցության, տոկունության գաղտնիքը:
-Գաղտնիքը սիրո մեջ է: Սեր դեպի սեփական արվեստը, հայրենիքը, լեզվամտածողությունը, ազգային արժեքները: Այս ամբողջի հիմքում տառապանքն է, տևական աշխատանքը, նվիրվածությունը: Եթե մարդը նպատակ չի ունենում, նրա գործունեությունը չի տալիս արդյունք: Մեր դավանած գաղափարի շուրջ հավաքվել են մարդիկ, ովքեր բերդի ամրակուռ դարպասների նման պահել են «Բերդը»` մեր ամրոց-դարբնոցը: Մեր համույթի երիտասարդները գաղափարի շուրջ են հավաքված: Դա ավելին է, քան արվեստը:
-Ձեր բեմադրած պարերում խիստ ընդգծված են հայկական սկիզբը, մեր ազգային տոտեմին, հնագույն ծիսակարգերին առնչվող թեմաները: Սա նո՞ր երևույթ է, թե՞ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում էլ էիք կարողանում անդրադառնալ դրանց:
-Խորհրդային ժամանակաշրջանում խմբի խաղացանկն ամբողջովին բեմադրել է հայրս` Բորիս Գևորգյանը, հետխորհրդային շրջանում` ես: Հայրս ցանկացավ, որ ես անեմ բեմադրությունները, որովհետև իմ մեջ նստած է նոր մտածելակերպ` անկախ Հայաստանի մտածելակերպը: Բայց ես այն տարիքում չեմ, որ վարակված լինեմ այսօրվա մոդեռն քամիներով: Բնականաբար, իմ մեջ եմ կրում նախաքրիստոնեական մշակույթը, որովհետև դա մեր հին քաղաքակրթությունն է: Մենք քրիստոնեությունից հետո, ներառյալ Խորհրդային Միության տարիները, ունեցել ենք միայն մշակութային աղբ: Մեր ամբողջ մշակույթը, քաղաքակրթությունը վերաբերում են նախաքրիստոնեության ժամանակաշրջանին: Մեր ծիսապաշտամունքային բոլոր պարերը նվիրված են Միհր աստծուն, արևապաշտությանը: Մեր այսօրվա պարացանկում ընդգրկված են այդպիսի պարեր, ունենք նաև բնությանը, աշխարհիկ կյանքին անդրադարձող պարեր: Պարը մեր հավաքական միտքն է, հավաքական կերպը: Այդ պարերը հենց այնպես չեն ծնվում: Պարը պարզապես թռնել չէ: Այն տարիների ուսումնասիրության արդյունքում ստեղծված մշակութային արժեք է:
-Հասարակական կարգի փոփոխությունն առհասարակ խթա՞ն է, թե՞ արգելակ արվեստի համար:
-Նայած թե ինչ տեսանկյունից կմոտենաս հարցին: Եթե կոնկրետ խոսենք պարարվեստի մասին, պիտի ասեմ, որ ֆորմացիաների փոփոխությունները դրականորեն են ազդում: Գալիս են նոր ժամանակներ, նոր մտածելակերպ, փոխվում են չափորոշիչները, ռիթմը, և մարդն սկսում է նորովի առաջնորդվել իր գործունեության մեջ: Այսօր մեր իրականության ռիթմն արագացել է, այդ պատճառով էլ օրեր առաջ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում «Բերդ» համույթի համերգի ժամանակ ներկայացված պարերը ռիթմիկ էին, արագ տեմպի մեջ:
«ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է»
-Ձեր կարծիքով` հայ մարդու համար մեր հանրապետության անկախացումից հետո ո՞րն էր ամենակարևոր ձեռքբերումը և ո՞րը` ամենամեծ կորուստ:
-Ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է: Սա սեփական մշակութային արժեքները պահպանելու հնարավորություն է, մեր իսկ երկրի արժեքները գնահատելու, այդ գաղափարները մեր մեջ կրելու իրավունք: Պարտադրված ոչինչ չկա այսօր իմ խաղացանկում: Ինձ ոչ ոք չի ստիպում այս կամ այն գործն անելու: Դա ամենամեծ ձեռքբերումն է, երբ մարդն ինքն է տնօրինում իր մշակույթը: Ինչ վերաբերում է կորցրածին, կարծում եմ` շատ բան չենք կորցրել: Ես հիշում եմ` խորհրդային տարիներին պարտադրանք կար, որ մեր խաղացանկում անպայման պիտի լինեին այլ ժողովուրդների պարեր, պիտի քարոզվեր ազգերի բարեկամությունը: Իհարկե, վատ չէ ուրիշ ժողովուրդների մշակույթը ճանաչելը և քոնը համեմատելն ու գնահատելը այդ մշակութային դաշտում, բայց երբ դա պարտադրանք է, արդեն մարդուն կանգնեցնում է ստեղծագործական փակուղու առջև: Իսկ մշակութային ազատությունն ամենամեծ ու կարևոր ձեռքբերումն է ստեղծագործողի համար:
-Պարտադրանքին մշակույթի մարդն ավելի դժվա՞ր է ենթարկվում, քան, ասենք, բժիշկը, ինժեները, վարորդը, կոշկակարը, հողագործը…
-Իհարկե, և դա բնական է: Պարտադրանքն առաջինը հենց ազդում է մշակույթի մարդու վրա: Եթե իրականությունը մտնում է փակուղի, ուրեմն այդ փակուղու մեջ են հայտնվում գրողը, նրա գրականությունը, արվեստագետը, նրա արվեստը: Խորհրդային ժամանակներում ազատ մտածող մարդիկ, ինչպիսին էր Հրանտ Մաթևոսյանը, իսկույն տարբերվում էին իրենց շրջապատից: Եվ սա ազդում էր բոլոր նրանց վրա, ովքեր չէին կարողանում ազատ մտածել: Իսկ կոշկակարի կամ ինժեների դեպքում այնքան էլ ճնշող չէ այդ փակուղին, որովհետև նա ստեղծագործական պրոցեսների մեջ չէ:
-Դուք միջազգային փառատոների եք մասնակցել թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին: Մի դեպքում Ձեր թիկունքին հզոր պետություն էր կանգնած, մյուսում` նորաստեղծ փոքր Հայաստան: Աշխարհի վերաբերմունքը սրանից փոխվո՞ւմ էր «Բերդի» նկատմամբ:
-«Բերդի» թիկունքին կանգնած է հզոր Հայաստանի Հանրապետությունը: Երբ մշակույթը հզոր է, ուրեմն քո ներկայացրած երկիրն էլ է հզոր: Երբ 2000 թվականին մենք ճանաչվեցինք լավագույնը Դիժոնի միջազգային փառատոնին մասնակցող 32 պետությունների շարքում և արժանացանք ոսկե մեդալի, դա մեր փոքր պետության հզոր մշակույթի հաղթանակն էր: Խորհրդային ժամանակներում միջազգային փառատոների հաճախ չէինք մասնակցում: Դրանք կազմակերպվում էին Խորհրդային Միության հռչակած այս կամ այն բարեկամության օրերի շրջանակներում և անցնում էին խիստ վերահսկողության պայմաններում: Մեզ թույլ չէին տալիս շփվել որևէ մեկի հետ, սփյուռքահայերի հետ որևէ կապ բացառված էր, խանութներ մտնել չէր կարելի: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ստեղծագործող մարդու, արտիստի համար ինչպիսի փակուղի էր: Իսկ հիմա մենք մասնակցում ենք միջազգային փառատոների, ներկայացնում մեր սեփական մշակույթն աշխարհի խառնարանում և դրանով ուրիշներին սիրելի դարձնում ոչ միայն մեր մշակույթը, այլև երկիրը, պետությունը: Սա արդեն մեծագույն ձեռքբերում է: Անցյալ տարի «Բերդը» երեք ամսվա ընթացքում ակոսեց Եվրոպան` համերգներով հանդես գալով Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Եվ մեր հանդիսատեսը հիմնականում օտարազգի էր: Այդ մարդիկ, մեր մշակույթը տեսնելով, համբուրում էին մեր երկրի դրոշը: Դրանից մեծ բան կա՞:
«ԺՈՂՈՎՐԴԻՑ ՎԵՐՑՐԱԾԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
-«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարերը» մշակութային նախագի՞ծ է, թե՞ քաղաքականություն:
-Նախ` ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել «Շանթի» նախագահ Արթուր Եզեկյանին` ազգային արժեքները պրոպագանդող հեռուստանախագծեր իրականացնելու համար: Իսկ «Ժողովրդական պարերը» մշակութային քաղաքականություն է: Եթե այսօր չարժևորենք նախնիներից մեզ ժառանգվածը, կկորցնենք մեր «ես»-ը: Պարը դաստիարակչական նշանակություն ունի: Մշակութային քաղաքականության արտահայտություն է այն, որ մենք ժողովրդից վերցրածը վերադարձնում ենք ժողովրդին: «Ժողովրդական պարեր» նախագիծը հենց այս գործառույթն է իրականացնում: Եվ հենց սրանով է այն դարձել սիրելի հայկական բոլոր ընտանիքներում: «Շանթ» հեռուստաընկերությունն սկսել է ևս մեկ նախագիծ` «Դուդուկի ընտրյալները», որի հեղինակը և իրականացնողը նույնպես ես եմ:
-Ժողովրդից վերցրածը ժողովրդին վերադարձնելու պայմանը կարո՞ղ է երբևէ գործել մեր այսօրվա օլիգարխների պարագայում:
-Ժողովուրդն ինքը պիտի տեր կանգնի անպայման իր արժեքներին, իր ունեցվածքին: Ժողովուրդն է դրա տերը, ոչ թե օլիգարխը: Եթե որևէ օլիգարխ ինչ-որ բան է ժողովրդից վերցրել, ապա մի օր անպայման վերադարձնելու է իսկական տիրոջը:
«ԱԶԳՈՎԻՆ ՊԻՏԻ ՍԵՎԵՌՎԵՆՔ ՄԻ ՆՊԱՏԱԿԻ ՎՐԱ»
-Գանք կանխատեսումների դաշտ: «Բերդի» համերգի ընթացքում եղան պարերի պրեմիերաներ, որոնցից մեկն էլ «Քոչարին» էր: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայը երբևէ հաղթական «Քոչարի» պարի Արարատի ստորոտում, ինչպես մի ժամանակ այդ արել է Բեռլինում:
-Քանի որ խոսեցիք պրեմիերաներից, նախ` նշեմ, որ մեր երկու նոր համարները` «Ոստան հայոցը» և «Քոչարին», բեմականացվել են մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ ի պատասխան Ձեր հարցի, ասեմ, որ եթե Արագածի փեշին ազգովին պարեցինք շուրջպար, եթե այսօր պարում ենք Արարատի փեշին` Արարատյան դաշտավայրում, ուրեմն ազգովին պիտի սևեռվենք մի նպատակակետի վրա ու հավատանք, որ մի օր էլ կպարենք մեր «Քոչարին» Արարատի ոչ թե ստորոտում, այլ գագաթին:
-Մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրա՞ստ է այդ հեռանկարին:
-Ես միայն մի բան գիտեմ. եթե իմ խմբի անդամներին երեք համերգից հետո ասեն, որ գնում ենք մի որևէ տարածք ազատագրելու, երկրի արժեքները վերադարձնելու, նրանք անպայման կգնան: Չգիտեմ, թե այդ ոգին որքա՞ն է նստած մեր ժողովրդի մեջ, բայց որ այն պիտի արթնացնել մշակույթով, միանշանակ է: Եվ կարծում եմ, որ այդ ոգին պիտի թևածի մշակույթի ցանկացած ոլորտում: Հավատացեք, որ արվեստում շատ են այդպիսի նվիրյալները, ովքեր պատրաստ են իրենց ոգեղենությամբ գնալու մինչև վերջ:
-Դուք դասավանդում եք մանկավարժական համալսարանում: Ի՞նչ կարծիք ունեք հայ ուսանողների մասին:
-Օրեր առաջ մեր համալսարանի ուսանողներն օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում ունեցան քննություն-համերգ: Դա ուղղակի պարային հրավառություն էր: Այնպիսի՜ երիտասարդներ էին բեմում: Անկախ Հայաստանի բալետմայստերական դպրոցի նոր սերունդն էր, որը նոր խոսք պիտի ասի մեր արվեստում: ՈՒնենք հրաշալի ուսանողներ: Մանկավարժական համալսարանում այսօր սովորում է 350 պարող-պարուհի: Նրանց հետ աշխատում է հիսուն հոգուց բաղկացած պրոֆեսորադասախոսական կազմը` պարի իսկական նվիրյալներ:
-Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ Էդվարդ Թադևոսյանը մշտապես անդրադառնում է ջութակահարներին և, առհասարակ, արվեստի դաշտում խոստումնալից քայլեր անող երիտասարդներին պարտադիր զինծառայությունից ազատելու խնդրին: Այս իմաստով ի՞նչ վիճակ է պարարվեստի ոլորտում:
-Պարարվեստում այդ խնդիրը հիմնավորապես լուծված է: Պաշտպանության նախարարությունում` Սպայի տանը, ստեղծված է խումբ` «Սարդարապատ» պարային համույթը, որի կազմում իրենց զինծառայությունն են անցնում բոլոր լավագույն պարողները` ընտրված Հայաստանի պարի պետական, օպերայի և բալետի թատրոնի, «Բերդ», «Բարեկամություն» և այլ համույթներից ու թատրոններից: Ովքեր իսկապես պետք են թատրոնին, պարային համույթներին, բանակային իրենց ծառայությունն անցկացնում են «Սարդարապատում»` Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ, չկտրվելով պարից: Այսօր այդպիսի ծառայություն է անցնում 30 հայ երիտասարդ: Նրանք ելույթներով հանդես են գալիս բոլոր զորամասերում, մասնակցում պետական մասշտաբով և պաշտպանության նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին: Այնպես որ, մենք այդ խնդիրը լուծել ենք: Իսկ եթե ջութակահարների մոտ կա այն, իսկապես պետք է լուծել: Պաշտպանության նախարարության ենթակայությամբ կարելի է ստեղծել նաև դասական արվեստով զբաղվող խումբ և այնտեղ ծառայության զորակոչել համապատասխան երիտասարդներին:
-Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունի «Բերդը»:
-Այս գործի սկիզբը դրել է հայրս` անսամբլի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գևորգյանը: Նրա մոտ ենք մասնագիտորեն մկրտվել ես և եղբայրս` «Բերդի» տնօրեն Ստեփան Գևորգյանը: Երկու տարուց կլրանա «Բերդի» 50-ամյակը: Մշակութային դաշտում անցկացրած կես դարը պատրաստվում ենք առանձնահատուկ նշել: Մեր նախագահի կողմից «Բերդին» շնորհված վաստակավոր կոլեկտիվի կոչումը շատ բարձր ենք գնահատում: Մեր վաստակը դրանով արժևորված ենք զգում: Մի քանի սերունդ է եկել-գնացել «Բերդի» դարպասներով, և վստահ ենք, որ շատերը դեռ պիտի գան ու գնան: Ես չափից դուրս լավատես եմ: Ինձ հաճախ քննադատում են դրա համար: Բայց այդ հարցում անուղղելի եմ: Ինչպես մտածում եմ, այդպես էլ լինում է: ՈՒզում եմ ստեղծագործել, ստացվում է, ուզում եմ հեռուստանախագիծ անել, հաջողվում է: Այնպես որ, սպասեք նոր անակնկալների:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ