ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Գրքի ծնունդով կենդանացած արվեստագետը

Գրքի ծնունդով կենդանացած արվեստագետը
28.07.2009 | 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ
Խորհրդային շրջանի հայ կերպարվեստում իր մնայուն հետագիծը թողած ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ արվեստագետի 80-ամյա հոբելյանը Ազգային պատկերասրահում արդեն նշանավորվել էր անհատական ցուցահանդեսով։ Այդուհանդերձ, «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթում առաջին կարգի դիպլոմի արժանացած «Սարգիս Մուրադյան» գիրք-ալբոմի (Երևան, «Անտարես», 2008) շնորհանդեսին ևս հոբելյանաշուք էր հաղորդվել։ Հայաստանի ժողովրդական նկարչի անվան ու գործի նորովի արժևորման մտադրությամբ շնորհանդեսի հավաքատեղի Որմնանկարների դահլիճի մուտքի մոտ Մուրադյանի երկու տասնյակից ավելի ճամփորդական էտյուդների առաջին ցուցահանդեսի պատկերներում գտնելով 1959-76-ին նրա արտասահմանյան շրջագայության բնութագրական, զարմանալիորեն ավարտուն անդրադարձներում ուրույն ոճամտածողության կնիքը` ներկաներն ակնածանքով ունկնդրում են նկարչի ստեղծագործական ուղին ամբողջացնող ելույթները։ Պատկերասրահի տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ով բարեբախտություն է ունեցել աշխատելու Մուրադյանի հետ և ճանաչելու նրան նաև որպես մարդու և քաղաքացու, գնահատում է նորաբաց ցուցադրության ներթաքույց խորհուրդը. «Նոր սերնդի նկարիչները մոռացել են, թե ինչ բան է էտյուդը։ Թող տեսնեն, թե իրենց մեծավաստակ նախնիներն ինչպիսի կարևորություն են տվել ստեղծագործության ավարտուն լիարժեքությունն ապահովող այդ աշխատանքին, օգտագործեն այս պատեհ առիթը` սեփական ձեռագիրը հստակեցնելու շուրջ լրջորեն մտորելու համար»։ Միրզոյանի այս միտքը «Ինքնադիմանկարից» գոհունակության ժպիտով է «ընդունում» վարպետը` իր տարեգրությունն ամփոփող գրքի ծննդյան տոնակատարությանը մասնակցողների համար աներևույթ կենդանանալով հայերեն և անգլերեն ներածական հոդվածը հեղինակած Լիլիթ Սարգսյանի, ալբոմը կազմած երկու դուստրերից մեկի` Զարուհու, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ջերմ գնահատականների հարուցած մտերմիկ միջավայրում։ Մանրակրկիտ արժևորվում է նկարչի ընտանիքի միջոցներով, Վահան Քոչարի մակետով ու ձևավորմամբ «Անտարես»-ում լույս ընծայված գիրք-ալբոմը, որն ընդգրկում է 1952-2003-ին արված 76 գեղանկարչական, 17 գրաֆիկական աշխատանքներն ու Պարույր Սևակի տուն-թանգարանի պատը զարդարող մեծադիր որմնանկարի որակյալ լուսանկարները։ Շապիկին Մուրադյանի ամենահայտնի` «Կոմիտաս. վերջին գիշերը» (1956) կտավն է արտատպված։ Մինչ երաժշտական կատարումներով խորացվում է ստեղծված մտերմիկ մթնոլորտը, թերթում եմ «Սարգիս Մուրադյան» գիրք-ալբոմն ու վերականգնում նկարչի անցած ստեղծագործական ուղու կարևոր մանրամասների հիշողությունս։ Վերստին տպավորվում եմ պատմական ու արդիական թեմաներով արված կոմպոզիցիոն պատկերների, դիմանկարների, որմնանկարների կենսական հագեցվածությամբ, վավերականությամբ։ Առաջիններից մեկն անդրադառնալով Մեծ եղեռնին` Մուրադյանը զուգահեռ զարգացրել է իր ապրած ժամանակի թեման։ Վառ գունապատկերով, խիստ անհատականացված ներկայացնելով իր օրերի մարդուն վերափոխվող միջավայրի հենքի վրա` հակադրվել է տրաֆարետային մտածողությանը։ Հրազդան քաղաքի կյանքը պատկերող կոմպոզիցիոն նկարները («Գարունը եկավ», «Հարսանիքը Հրազդանում», «Առավոտը Հրազդանում», «Զարթոնք») խոսուն վկայություններն են ասվածի։ Քնարականության և էպիկական պարզության լակոնիկ հուզառատությամբ, հայրենասեր քաղաքացու բարձր գիտակցականությամբ են աչքի ընկնում 1965-ին վրձնած «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», «Սարդարապատի հերոսամարտ» (եռապատկեր, 1977) աշխատանքները։ «Իմ ժամանակակիցը» նկարաշարում ակնառու է վարպետության բյուրեղացումը։ Պատահական չէ, որ այդ շարքի «Արևածագից առաջ» (1971) և «Խաղաղ երկնքի տակ» (1972) գործերը ԽՍՀՄ պետական մրցանակի են արժանացել (1976)։ Կենսաթրթիռ խորությամբ են առանձնանում Սևակի պատկերաշարը, «Առնո Բաբաջանյանը», «Իմ դուստրը», «Գոհարիկը», «Ծաղկած ծիրանիները», «Հռիփսիմեի վանքն» ու «Սպիտակ ծառերը»։ Աչքի անցկացնելով «Սարգիս Մուրադյան» գիրք-ալբոմում զետեղված երկլեզու կենսատարեգրությունը (1927-2007)` որոշակի պատկերացում ես կազմում նաև վաստակաշատ արվեստագետի ու մանկավարժի հասարակական ակտիվության մասին. Հայաստանի նկարիչների միության նախագահ (1982-1987), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի (1985-1990) և ՀՀ Ազգային ժողովի (1990-1995) պատգամավոր։
Տպավորված գիրք-ալբոմի բովանդակալից բարձրաճաշակությամբ` շնորհանդեսի տրամադրող միջավայրում ինքնաբուխ զրույց եմ ծավալում իր լումայի մասին համեստորեն արտահայտվող բարեկիրթ գրահրատարակչի հետ` պարզելով նրա անաչառ միջնորդությամբ «Գրքարվեստ» մրցույթի և հրատարակչական ոլորտի ներկայիս իրատեսական պատկերը, որի բովանդակությանը կարող եք հաղորդակցվել «Իրավունքը de facto»-ի հաջորդ համարում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ