Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Կապանցիների 27-ամյա առաջնորդը

Կապանցիների 27-ամյա առաջնորդը
04.03.2024 | 09:46

Կենդանության օրոք նրան վիճակված էր լեգենդ լինել և բացառիկ դերակատարություն ունենալ Սյունիքի 20-րդ դարասկզբի ազգային, հասարակական և նույնիսկ քաղաքական կյանքում։

1906 թ., այնուհետև 1918-21 թթ. իր հանրահայտ համերկրացիների և բովանդակ Հայաստանից Սյունիքում հայտնված հայդուկների, պետական, ռազմական գործիչների հետ միասին նա Զանգեզուրի ճակատագիրը որոշողներից մեկը եղավ։

Չափազանցություն չէ Կապանի ժամանակը նրա ապրած կյանքով չափել։

Իսկ այդ ժամանակը սկիզբ է առնում 19 և 20-րդ դարերի սահմանագծից և ավարտվում 1937 թ. ողբերգությամբ (Գ. Սմբատյան, «Սյունիքը փորձության մեջ, Հայ-թաթարական բախումները»):

Սմբատ Մելիք-Ստեփանյան, հասարակական, քաղաքական գործիչ, բարերար, մտավորական, հանքարդյունաբերող։ Բացառիկ հեղինակություն է վայելել ժամանակակիցների շրջանում։ Արևմտահայաստանի ազատագրական շարժման բովով անցած հայտնի հայդուկներն ու հայդուկապետերը նրան դիմում էին «բեկ», «մեծապատիվ», «գերապատիվ», «գերհարգո» տիտղոսներով։

Ծնվել է Սմբատ Մելիք-Ստեփանյանը 1879 թ. օգոստոսի 1-ին Կապանի Առաջաձոր գյուղում։ Որդին էր թուրքի ձեռքով սպանված Անդրեաս Մելիք Ստեփանյանի։ Մայրը` Աբիհայաթը, ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի մորաքույրն էր։ 1911-19 թթ. եղել է Կապանի ազգային խորհրդի նախագահ, ապա Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի անդամ։

1919 թ. կեսերից Զանգեզուրի շրջանային խորհրդի նախագահ, չքավոր գյուղացիությանն օգնող բարեգործական ընկերության նախագահ։

1922 թ. Զանգեզուրի արտակարգ կոմիսար։

Մասնագիտությամբ լեռնային ինժեներ, վարժ տիրապետել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին։

Քաղաքական բռնությունների զոհ է, հակախորհրդային գործունեության մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա աքսորի։ Ականատես կապանցիների վկայությամբ մարտնչող տգիտության զոհ է գնացել Սմբատ Մելիք-Ստեփանյանի արխիվը։ Այն հրապարակային այրվել է Կապանի կենտրոնական փողոցում` Վաչագան գետի ափին։ Կրակի ճարակ դարձան անգին արխիվային նյութեր, մասնավորապես Սյունիք և Արցախ նահանգների 20-րդ դարի սկզբի պատմությանը վերաբերող վավերագրեր։

Մելիք-Ստեփանյանը մահկանացուն կնքեց 1940 թ. օգոստոսի 24-ին։ Թաղված է Կրասնոյարսկի երկրամասի Նիժեգանշսկի շրջանի Նիժնեպոյմանսկի նախկին 10-րդ առանձին ճամբարային տեղամասի գերեզմանատանը։

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ