Պատերազմ է հայի հոգում, սրտում, մտքում:
Ես այս տողերը գրում եմ, երբ հիմա, հենց այսօր Արցախում վճռվում են ճակատագրական խնդիրներ:
Երբ ռազմի դաշտում հերոսանում, անմահության գիրկն են անցնում ու վերածնվում լավագույնները, և ես վերհիշում եմ 1915 թ. Բենիկ վարդապետ Տեր-Դանիելյանի մոգական խոսքերը. «Մեռնում ու մոռացության գիրկն են անցնում սովորական, եսական անձինք, իսկ հերոսները, որոնք իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում»:
Հնարավո՞ր էր ներկայիս պատերազմը կանխել՝ ո՛չ: Որովհետև խնդիրը Թուրքիայի՝ պանթյուրքիզմի, Մեծ Թուրանի գաղափարն իրագործելը չէ միայն, որովհետև տարածքային խնդիր չէ միայն, որովհետև թուրքն ու ադրբեջանցին ցեղասպաններ չեն միայն: Խնդիրը քաղաքակրթական է նաև, խնդիրը մեր ու նրանց միջև քաղաքակրթական անհամատեղելիության մեջ է, և այժմ ընթանում է քաղաքակրթական պատերազմ մեր ու երկու թյուրքական ցեղախմբերի միջև:
Ես չեմ խոսի բնաջնջված ազգակիցներիս 1,5 մլն մարդկային կորուստների մասին, կանդրադառնամ հայոց քաղաքակրթական արժեքների անդառնալի կորուստներին, որոնք միաժամանակ մարդկության, համաշխարհային քաղաքակրթության անքակտելի բաղադրյալն էին:
ՄԱՍՆ Ա. ԹՈՒՐՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ. ԿՐՈՆԱԿԱՆ ՍՊԱՆԴ
Քրիստոնեությունը հայ ժողովրդի էությունն է, քրիստոնեական հավատքը դավանել՝ նշանակում է լինել հայ: Անշուշտ, դարերի ընթացքում՝ մինչ օրս, եղել են ու կան աթեիստ, թերահավատ, աղանդավոր, քրիստոնյա ձևացող և անգամ մահմեդական հայեր, բայց այդպիսիք ինձ համար ընդամենը սահմանադրորեն իրավունքներ և ազատություններ ունեցող քաղաքացիներ են, ոչ ավելի:
Հայ մարդն իր հոգևոր պահանջմունքները բավարարում էր վանքերում ու եկեղեցիներում, ընդ որում, առավել պաշտելի էին առաջինները, որոնք հանդիսանում էին ոչ միայն կրոնական, այլև կրթական օջախներ, մատենադարաններ ու յուրօրինակ թանգարաններ:
1919 թ. կազմված մի մասնավոր ցուցակի համաձայն, Թուրքիայի տարածքում կար լուսավորչական 210 վանք և 1639 եկեղեցի (չհաշված հայ կաթոլիկների վանքերը), որոնց բացարձակ մեծամասնությունը կամ ավերվեց, կամ վերածվեց թուրքերի ու քրդերի անասնագոմերի, ախոռների, կամ քուրդ գյուղացիների ու վաչկատուն ցեղերի ամառանոցների ու բանակատեղիների: 1915 թ. դեկտեմբերի 28-ին Պոլսո Զավեն պատրիարք Եղիայանը գրում էր. «Վանքերն ու եկեղեցիները մեծ մասամբ կործանուեցին կամ անարգ գործածութեանց յատկացուեցան. Մշոյ Ս. Կարապետը թնդանօթի բռնուած և հիմնայատակ եղած է, նոյնպէս Կարնոյ Կարմիր վանքը, Սեբաստիոյ Ս. Փրկիչ և Ս. Սարգիս եկեղեցիները և այլն: Իսկ եկեղեցականութիւնը գրեթէ ամբողջովին կոտորուած է, ոչ մէկ քահանայի ողջ մնացած ըլլալուն լուրը ունինք ցարդ»:
1914 թ. պատերազմի սկզբում Աստծո տաճարներից շուրջ 70-ը կիսավեր վիճակում էր, 50-ը՝ անպաճույճ, իրենց վաղեմի փառքից ու շքեղությունից զրկված, կողոպտված մենաստաններ, իսկ ևս մոտավորապես 100-ը՝ շեն, քարակոփ, հաստահիմն, հայկական ճարտարապետության բնադրոշմը կրող հաստատություններ:
Վանքերն իսկական գանձարաններ էին, դրանցում պահպանվում էին անգնահատելի արժեքներ՝ գրչագրեր, անտիպ գրքերի բնագրեր, բազմաթիվ տպագիր մատյաններ, թանկագին կափարիչներով ու ծածկույթներով մասունքներ, մեծարժեք գորգեր, կարպետներ, վարագույրներ, հնադարյան աթոռներ, քանդակներ, արձաններ, անդրիներ ու կտավներ, ինչպես նաև արծաթե ու ոսկե սպասք՝ սկիհներ, բուրվառներ, խաչեր, գավազաններ, մյուռոնի կաթսաներ, սրբատուփեր, քշոցներ, կոնքեր, սաղավարտներ, թագեր, շուրջառներ, վակասներ և այլն, և այլն: Բացի այդ, յուրաքանչյուր վանք ուներ իրեն պատկանող կալվածքներ, ջրաղացներ, խանութներ, այլ հասութաբեր շինություններ ու տներ:
Հնարավորինս մանրամասն անդրադառնամ այդ ամենին:
Ձեռագրերը ոչ միայն եկեղեցական, կրոնական բնույթ ունեին, այլև պատմագիտական, իմաստասիրական, հնագիտական, բանասիրական ստեղծագործություններ էին և գրչարվեստի փայլուն նմուշներ:
1914 թ. այդպիսի ձեռագրեր կային հետևյալ վայրերում. Արմաշի դպրեվանքում՝ 300 միավոր, Կեսարիայում ու շրջակայքում՝ 98, Մշո Առաքելոց ու Թարգմանչաց վանքերում՝ 256, Արղընի Ս. Աստվածածին վանքում՝ 146, Մարզվանում, Ամասիայում, Թոքատում ու Զիլեում՝ 16, Սեբաստիայում ու շրջակայքում՝ 89, Տիվրիկում, Մալաթիայում, Ակնում ու Կամախում՝ 37, Բաղեշում, Խարբերդում ու դրանց շրջակայքում՝ 164, Չմշկածագում, Չարսանճագում և Բալուում՝ 33, Տիգրանակերտում ու Չնքուշում՝ 136, Երզնկայում ու Վանում՝ 38: Ընդհանուր թիվը՝ 1313 միավոր:
Սակայն հարկ է նշել, որ այս ցանկն ամենևին ամբողջական չէր: Պակասում էին Աղթամարի, Վարագի, Վանի մյուս վանքերում, զորօրինակ՝ Աղբակի Ս. Բարդուղիմեոս, Նարեկ, Ս. Հակոբ, ինչպես նաև Էրզրումի և Թուրքիայի այլ վայրերում վանական, եկեղեցապատկան և անհատական ձեռագրերի մասին տեղեկություններ: Հետևաբար, վստահաբար կարելի է ասել, որ ձեռագրերի թիվը 3000-4000 է եղել: Ձեռագրեր, որոնք անդառնալիորեն կորստի մատնվեցին:
Թե զուտ նյութական տեսակետից դրանք ինչ արժեք ունեին, դժվար է ասել: Բավ է նշել, որ կային այնպիսի ձեռագրեր, որոնք պատերազմից առաջ օտարները գնահատել էին 5000 օսմանյան ոսկի և գրչարվեստի հազվագյուտ, եզակի նմուշներ էին: Բերենք մի քանի օրինակ: Մշո Առաքելոց վանքում կար չորս ձեռագիր՝ գրված 1198, 1301, 1309 և 1351 թվականներին, երեք Ավետարան՝ գրված 1315, 1325, 1455 թվականներին, 1563 թ. գրված մեկ Մաշտոց: Կեսարիայի Ս. Աստվածածին եկեղեցում կար 1269 թ. մի Ավետարան, որն արծաթապատ, մագաղաթյա ընտիր ձեռագիր էր և ուներ 213 գեղեցիկ պատկերներ, խորաններ, լուսանցազարդեր, զարդագրեր: Սեբաստիայի Ս. Նշան վանքի ձեռագրերրից մեկն էր Հեթում թագավորի Ավետարանը՝ գրված 1262-ին, որի արծաթե կողի վրա փայլում էր թանկագին սուտակ:
Ձեռագրերի յուրատեսակ լրացում էին տպագիր գրքերը: Այսպես, Չնքուշի վանքում կար 600 միավոր, Սեբաստիայի Ս. Նշան վանքում՝ շուրջ 1000, իսկ Արմաշի դպրեվանքում… 5000 հատոր: Մոտավոր հաշվարկներով, վանքերում ու եկեղեցիներում գտնվում էր 200 հազար միավոր գիրք:
Խիստ էական էին բազմատեսակ ու բազմաթիվ մասունքները, որպես հին դարերի հիշատակներ, ինչպես նաև արվեստի գործեր և նյութական հարստություններ: Օրինակ, Քրիստոսի խաչափայտի մասեր, խաչի բևեռներ, Նոյան տապանի մասնիկներ, Գրիգոր Լուսավորչի տառապանքին վերաբերող մասունքներ, Աստվածածնի նվիրական իրերի մասեր, մեռոն և այլն: Դրանք առաքյալների, նահատակների, հայրապետների ոսկրակտորներ էին, քրիստոնեական նվիրական առարկաներ կամ մասեր, որոնք պահվում էին արվեստի շքեղ գործեր հանդիսացող ոսկե, արծաթե, մարգարտակուռ պատյանների, պահպանակների և տուփերի մեջ:
Պատկերացում տալու համար բերենք մեկ օրինակ: Սեբաստիայի Ս. Նշան վանքում կար 28 մասունք, որից չորսը Կենաց Փայտ էին, 22-ը՝ առաքյալների, հայրապետների, մարտիրոսների մասունքներ, երկուսը՝ նվիրական առարկաներ՝ Գրիգոր Լուսավորչի չարչարանքի տատասկը և Նոյան տապանից մասնիկ: Բոլորն էլ արծաթապատ, ոսկեդրվագ, ադամանդակուռ պահպանակների մեջ էին զետեղված: Կենաց Փայտի մասունքներից մեկը, մանավանդ, 1000 տարվա հնություն ուներ, իսկ վրան կար այսպիսի արձանագրություն. «Թվ. ԳՃԼԷին ինքնակալին մեծի կայսերի Վասլի Կոստանդիանոսի եւ հայրապետի Մեծի Պետրոսի որ արգելեաց զգետն Տրպիզոնայ մինչեւ ժամ մի անուամբ կոչի Արեգակ Սուրբ Նշանայ զոր առեալ Սենեքերիմ արքայն շինեաց Սեբաստիա մենաստան եւ ետ յիշատակ…»: Այս արձանագրությունը վկայում է, որ խաչը պատրաստվել և Ս. Նշան վանքին էր հանձնվել XI դարում: Իսկ խաչի պատվանդանը նույնպես ականակուռ էր և 1774 թ. պատրաստվել էր հայ ոսկերչի կողմից:
Բազմաթիվ մասունքների թվում կային նաև այնպիսիք, որոնք մեծ ժողովրդականություն ու համբավ էին վայելում: Դիցուք, Սսի Ս. Պողոս վանքի Վահկա Ս. Նշան կոչված խաչը, Մշո Ս. Հովհաննու վանքի Արծվաբեր Ս. Նշան կենաց փայտը, Լիմ Անապատի վանքի Ս. Գևորգ մասունքը, Խարբերդի Ղուլեի Ս. Գևորգ վանքի Ս. Կարապետի մասունքը և 1226 թ. Հեթում թագավորի մատանիով կնքված մի շիշ՝ քարացած մեռոնով, որ հայտնաբերվել էր 1839 թվականին:
Եթե նկատի ունենանք, որ ամեն վանք ու եկեղեցի ուներ միջին հաշվով 10-20 մասունք, ապա նվիրական այդ սրբությունների թիվը կկազմեր շուրջ 30 հազար:
Մեծարժեք էին նաև հայոց վանքերի ու եկեղեցիների հնություններն ու սպասքը: Բերենք մի քանի օրինակ: Այսպես, համբավավոր էին Սեբաստիայի Ս. Նշան վանքում գտնվող Սենեքերիմ թագավորի աթոռը, Սսի կաթողիկոսի աթոռը, մեռոնօրհնության կաթսան: Մշո Ս. Հովհաննու վանքում կար 3 մ երկարությամբ ու քառորդ մետր լայնությամբ, արաբերեն թավշյա հրովարտակ, որն ավանդաբար վերագրվում էր իսլամների մարգարեին, բայց թերևս Աբբասյան խալիֆներից մեկի հրովարտակն էր: Վանա Տիրամայր Ս. Աստվածածին վանքում պահվում էր «Արևէ ճրագ» կոչվող մի կավահողե լուսատու, որը հեղված էր մարտիրոսների արյամբ: Խարբերդի Ղուլեի Ս. Գևորգ վանքում էր գտնվում XI դարից մնացած 13 սպիտակ մոմ:
Ամեն վանքում ու եկեղեցում կային նկարներ, որոնք հին դարերի արվեստի գործեր էին, ինչպես, օրինակ, Արղընիի Տիրամոր պատկերը:
Առանձին արժեք էին ներկայացնում կրոնական սպասքները: Յուրաքանչյուր վանք ու եկեղեցի ուներ տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր թանկագին անոթներ, արծաթե ու ոսկե գավազաններ, սրբատուփեր և աղավնիներ, մեռոնաթափեր, կոնքեր, բուրվառներ, կանթեղներ և այլն: Դիցուք, Չնքուշի հայոց վանքն ուներ 550, Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքը՝ 350 անուն այդպիսի սպասք, որոնք ոչ միայն բարձրարվեստ աշխատանքներ էին, այլև նյութական տեսակետից ունեին մեծ արժեք: Հայոց Աստծո տաճարներում հաշվվում էր առնվազն 600 հազար ոսկե և արծաթե սպասք:
Հատուկ արժեք էին ներկայացնում վանքերի ու եկեղեցիների գորգերն ու կարպետները: Եթե նկատի ունենանք, որ դրանց գինը միջին հաշվով 5000 օսմանյան ոսկի էր, ապա կորուստը կազմում էր ավելի քան 5 մլն օսմանյան ոսկի:
Ի վերջո, հայոց վանքերն ու եկեղեցիները տիրում էին ընդարձակ հողատարածքների, այգիների, պարտեզների, մարգերի, անտառների, որոնց հասույթից հոգացվում էին տաճարների ու հոգևորականների ապրուստի ծախսերը: Դրանց մեծ մասը, թուրքական կառավարության ուղղորդմամբ և թողտվությամբ, բռնագրավեցին մուհաջիրները՝ թուրք գաղթականները, և քուրդ բեկերը. օրինակ, Սսի Թլանի ագարակը, Արմաշի վանքի հողերը, Վանի, Սղերդի, Մշո, Բաղեշի, Երզնկայի և այլ վանքերի կալվածքները:
Հավելենք նաև, որ վանքերն ու եկեղեցիներն ունեին հասութաբեր ջրաղացներ, խանութներ, տներ, պանդոկներ, խաներ և այլն: Ըստ Պոլսո պատրիարքարանի Վանորեից խորհրդի վիճակագրության, 1914 թ. դրությամբ Արևմտյան Հայաստանի 200 վանքերից 150-ը ունեին ավելի քան 1500 այդպիսի անշարժ գույք, իսկ եկեղեցիները՝ ավելի շատ, որոնց հասույթով հոգում էին թե իրենց, թե կից դպրոցների ծախքը:
Ամփոփելով՝ փաստենք հետևյալը:
Ինչպես արդեն վերևում նշել ենք, ներկայացված պատկերը հիմնված էր 1919 թ. կազմված մի ոչ լրիվ ցանկի վրա, որոնց մեջ չեն մտնում հայ կաթոլիկ վանքերն ու եկեղեցիները: 1930 թ. դրությամբ, հայ լուսավորչական 1849 վանքերից ու եկեղեցիներից ավելի քան հազարը հիմնահատակ կործանված էին, 691-ը՝ կիսակործան վիճակի մեջ, 1727-ը ամբողջովին և անխնա կողոպտվել էր թուրքական իշխանությունների ու թուրք ժողովրդի կողմից:
Նշենք նաև, որ ամբողջ Թուրքիայում հայ բողոքականներն ունեին 310 ժողովարան: Դրանց բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե բոլորը, կամ ավերվեց, կամ կիսակործան վիճակի հասցվեց: 1930 թ. դրությամբ դրանցից միայն 23-ն էր ծառայում բուն նպատակին, իսկ հետագա տարիներին այդ թիվն էլ զրոյացվեց:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ