«Մենք կվերականգնենք կրթամշակութային բոլոր ավերված շինությունները` նոր ոգով ու ստեղծարարությամբ` չխնայելով ոչինչ կրթության և մշակույթի համար».
ԱՀ ԿԳՄ նախարար
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ եթե թշնամին թիրախավորում է դպրոցն ու մանկապարտեզը, ապա կարելի է ասել, որ այստեղ կա բարբարոսություն՝ բառի ամենատարբեր իմաստներով, այն էլ այն բարբարոսության, որում ըստ էության մնացել է «թուրքական էթնոսը»:
«Վնասների ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց փաստում եմ, որ շատ դպրոցներ վնասվել են: Ես չեմ հուսալքվում, քանի որ մենք վերականգնելու և վերակառուցելու ենք այն բոլոր կրթական և մշակութային հաստատությունները, որոնք վնասել են բարբարոսները»,- ասում է Լուսինե Ղարախանյանը։
Ըստ նախարարի` լավագույն և լուսավոր գաղափարները ծնվելու են հետպատերազմյան շրջանում։ Չնայած լարված օրերին, արցախցի ուսուցիչների ու աշակերտների մեծ մասը չի մոռացել կրթական գործընթացի մասին։ Նախարարն ասում է, որ կրթությունը նույնպես նկուղում է ապրում, իսկ օբյեկտիվ պատճառներով ՀՀ տեղափոխված դպրոցականների մի մասն արդեն այցելում է իրենց բնակավայրի մոտակայքում գտնվող ուսումնական հաստատությունը։
Նա իր վստահությունն է հայտնել, որ ապագա խաղաղ Արցախում ամեն երեխա իր կրթության իրավունքը կստանա, և միահամուռ ուժերով կրկին կկառուցենք բարեկեցիկ Արցախ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ