Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայկական աշխարհընկալման լիարժեք և համոզիչ ֆիասկոն

Հայկական աշխարհընկալման լիարժեք և համոզիչ ֆիասկոն
28.04.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
2008-ի աշնանից մինչև 2009-ի գարունը «պատմական» դարձավ հայկական քաղաքականության մեջ, քանի որ Հայաստանը ցուցադրեց միջազգային քաղաքական սուբյեկտ լինելու բացարձակ բացակայություն և պատրաստակամությամբ կատարեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի բոլոր պահանջներն ու պայմանները։ 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում և 2009-ի ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի ստորագրած փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայկական ազգային շահերի հետ, բովանդակում են միանգամայն վտանգավոր մտադրություններ ու պայմաններ` դուռ բացելով Հայաստանի հակառակորդների նպատակների համար։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ակտուալ ընդդիմության գործունեության պատճառով փակուղում հայտնվելով և դառնալով անգործունակ, կատարեց քաղաքական հանցագործություն` ղեկավարվելով միայն անձնական քաղաքական փրկության խնդրով։ Նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տապալման գլխավոր պատասխանատուներն են։
Վերոնշյալ փաստաթղթերը կարելի է չեզոքացնել դրանք արհամարհելու և քաղաքական կամք ցուցաբերելու ճանապարհով միայն։ Դիվանագիտությունը, քաղաքական վերլուծությունը կամ ինտելեկտուալ աշխատանքը չեն կարող ապահովագրել քաղաքական աղետից, եթե քաղաքական դասակարգը բացարձակապես անընդունակ է ընկալելու արտաքին մարտահրավերները, կանխատեսելու ու ծրագրավորելու իրավիճակը, կառուցելու բարդ ու բազմակողմանի, երկարաժամկետ քաղաքականություն։ Հայաստանի ղեկավարությունը և հատկապես առաջատար պետությունների քաղաքագետները փորձում են տպավորություն ստեղծել, որ ստորագրված փաստաթղթերը, տարաբնույթ բանակցությունները հանգեցրել են լարվածության թուլացման և բացառում են ռազմական գործողությունների վերսկսումը։ Իրականում Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ նրան պարտադրվելու են անվերջանալի և միակողմանի զիջումներ, ինչը հանգեցնելու է մեկուսացման, առաջատար գործընկերների հետ անվտանգության առումով պարտավորեցնող հարաբերությունների բացակայության։ Երկու փաստաթղթերում էլ Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնելու Ղարաբաղի հողերը հակառակորդ բարբարոս պետությանը, քանի որ յուրաքանչյուր կարգավորում հենց դա է ենթադրում։ Անկասկած, Հայաստանն ուներ այլ հեռանկար, մերժելով կարգավորման հետ կապված բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, միաժամանակ չանտեսելով ուժերի իրական հարաբերակցությունը, համաշխարհային ուժային կենտրոնների ու տարածաշրջանային տերությունների հետաքրքրությունները և այդպիսով պաշտպանելով իր շահերն ու ապագան։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Հայաստանի ղեկավարությունն այդքան հեշտ ու չմտածված գնաց այդքան նենգ ու երկիմաստ թղթերի ստորագրմանը, որոնք ճանապարհ են բացում այն հողերի հանձնման համար, որոնց վրա ապագա սերունդները կկառուցեին նոր հայրենիք։ Խնդիրն այն է, որ համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը` ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Եվրամիությունը, այդ փաստաթղթերը չեն դիտարկում որպես այդպիսին, այլ ընդամենը իբրև պրովոկացիա, իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար։ Զարմանալի է, որ հայկական հեռուստաալիքներով ելույթ ունեցող առաջատար հայ քաղաքագետները դատողություններ են անում բավականին կեղծ հունով, պնդելով, թե ԱՄՆ-ը և Եվրամիությունը ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացում, իսկ Ռուսաստանը դրան դեմ չէ։ Այսպիսի կարճամտությունը բնորոշ է ամբողջ հայ քաղաքական դասակարգին և իշխանություններին ու ևս մի անգամ ապացուցում է «պայմանականությունը», «բլեֆը» և ոչ հրապարակային քաղաքականությունն ընկալելու հայկական մտածողության անընդունակությունը։
Կարելի է օրինակ բերել այս ամիս Երևանում տեղի ունեցած ՍԾՏՀ արտգործնախարարների հանդիպումը, որն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան նախկինում։ Չի կարելի պնդել, թե այդ ձևաչափում հանդիպումներն էական արդյունքների են հանգեցնում, սակայն եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրամիությունն այս ձևաչափին մեծ նշանակություն չէին տալիս, ապա հիմա առկա է մեծ հետաքրքրություն։ Ապրիլին Բարաք Օբաման Թուրքիայում «անհավանական» ռևերանսներ արեց Անկարային, և կարող էր ստեղծվել տպավորություն, թե ԱՄՆ-ի վարչակազմը փորձում է հիմնավորապես փոխել իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Կարծում եմ, դա բացարձակապես խաբուսիկ տպավորություն է. Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ նկատելի է ժառանգականություն, Թուրքիային շրջափակելու, մեկուսացնելու ռազմավարության շարունակություն` որպես Արևմուտքի վերահսկողությունից դուրս եկած պետության։ Իմ աշխատանքն ԱՄՆ-ում, Թուրքիայում, Եվրոպայում մի քանի տարիների ընթացքում թույլ է տալիս պնդել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների «խզումն» ունի ավելի լուրջ, հիմնավոր բնույթ։ Այդ ռազմավարության մեջ ԱՄՆ-ի համար կարևոր են այն խնդիրները, որ կարող էին փաստարկի վերածվել Թուրքիայի հետ երկխոսության մեջ։ Այդպիսի փաստարկներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերություններն են։ Ոչ պակաս չափով այդ փաստարկն օգտագործում են նաև եվրոպացիները, ամենից առաջ Ֆրանսիան և Գերմանիան, եվրոպական աջերը և կաթոլիկ շրջանակները։ ԱՄՆ-ը հակադրվում է թուրքական մասնակցությանն արաբա-իսրայելական հարաբերություններում, կովկասյան խնդիրներում, խոչընդոտում նրա էքսպանսիան Կենտրոնական Ասիայում և Իրաքում։ ԱՄՆ-ի ազդակներն Իրանին նույնպես պետք է ընկալել իբրև Թուրքիայի դերի նվազեցման ու նրա մեկուսացման միջոց։ ԱՄՆ-ը, ՍԾՏՀ նախաձեռնողը լինելով, հիմա քանդում է այդ նախագիծը` ուշադրությունը կենտրոնացնելով Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի վրա։ Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա սխեմայով պայմանավորվածության փորձերը նույնպես խիստ անցանկալի են ու անընդունելի ԱՄՆ-ի համար։ Օբամայի հայտարարությունը Թուրքիային Եվրամիություն ընդունելու նպատակահարմարության վերաբերյալ իրականության հետ կապ չունի և զուտ քարոզչական հնարք է։ ԱՄՆ-ը մտադիր է հիմնավորապես փոխել հարաբերությունները Եվրոպայի հետ, նկատելիորեն սրբագրել որոշումների կայացման ձևաչափը տրանսատլանտյան հարաբերություններում։ Այդ ուղղությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ գերռազմավարական է, և անհնարին է, որ ԱՄՆ-ը Եվրոպայի վրա ճնշում գործադրի Թուրքիայի հարցում։ Հակառակը, ամերիկա-եվրոպական հարաբերություններն այժմ ներառում են Թուրքիային զսպելու և ինքնուրույնությունից զրկելու տարրեր, ներառյալ Ռուսաստանի և իսլամական պետությունների հետ Անկարայի հարաբերությունները։ Ի՞նչ փաստարկներ պիտի բերի ԱՄՆ-ը Սարկոզիին և Մերկելին` Թուրքիային Եվրամիություն ընդունելու հետ կապված։ ԱՄՆ-ն ընդհանրապես չի պատրաստվում նման երկխոսություն վարել, կա իմիտացիա։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հասկացել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «մեղրամիսն» ավարտվեց մի շարք անազնիվ արարքներով ինչպես փեսայի, այնպես էլ հարսի կողմից, ինչը պայմանավորված է Արևմուտքից Թուրքիայի լուրջ կախվածությամբ։ ԱՄՆ-ը և Եվրամիությունն ունեն զսպելու հզորագույն լծակներ ու փաստարկներ Թուրքիային, կարիք չունեն նրան Եվրամիությունում ընդգրկելու` Ռուսաստանի հետ նրա կասկածելի դաշինքը թույլ չտալու համար։ Դա ուղղակի ծիծաղելի է։
Ամերիկացիները ոչ բացահայտ աջակցում են ազգայնական կուսակցություններին ու խմբավորումներին Բուլղարիայում` ընդդեմ Թուրքիայի, տապալեցին Կիպրոսի հարցի կարգավորումը, վերջին շրջանում աջակցում են Վրաստանի կողմից թուրք մեսխեթցիներին չվերաբնակեցնելու քաղաքականությանը, ՈՒկրաինայի ղեկավարությանը խորհուրդ են տալիս թույլ չտալ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Ղրիմում, ստեղծեցին Թուրքիայի թուլացման այնպիսի գործոն, ինչպիսին Քրդստանն է։ Այս և այլ խնդիրներին զուգահեռ Հարավային Կովկասում իրականացվում է Թուրքիայի շրջափակման քաղաքականություն` «հայկական գործոնի» օգնությամբ, ինչպես նաև ղարաբաղյան թեմայով։ Եվ այս ամենն անտեսել կարող են միայն չափազանց միակողմանի, մակերեսային մտածողությամբ մարդիկ։ Խելագարություն է ազգի ճակատագիրը նետել ի սկզբանե անազնիվ խաղի մեջ։
Մանավանդ որ ճանապարհ կար լուրջ արտաքին քաղաքականություն ձևավորելու Հայաստանում։ Դա հնարավոր էր, եթե գոյություն ունենար վստահ, ոչ ձևական, քաղաքականությամբ զբաղվելու ընդունակ լեգիտիմ քաղաքական էլիտա։ Դիտարկելով Արևելյան Եվրոպայում, Եվրասիայում, Առաջավոր Ասիայի շատ պետություններում և Հայաստանում ստեղծված իրավիճակը` կարելի է հանգել եզրակացության, որ ժամանակակից էլիտաները, անկասկած, գաղափարաքաղաքական առումով քայքայված են, խիստ կոռումպացված, բացակայում է պրոֆեսիոնալիզմը։ Բայց դա էլ ինչ-որ չափով հաղթահարելի է կայուն քաղաքական սկզբունքների գոյության պարագայում, ինչը կոչվում է ազգային առաջնահերթություն և արխաիզմ համարվող հայրենասիրություն։ Ոչ թե ազգայնականություն, այլ գլոբալ պայքար ազգային իրավունքների համար` իբրև մարդկային գոյության ձև։ Եվ ոչ թե կեղծ ազգայնական սպեկուլյացիա «վերաիմաստավորված նժդեհիզմի ձևով», որ իրենց զինանոցում են ընդգրկել կերակրատաշտերի տերերը։ Հայաստանի ներկա ղեկավարության և ակտուալ ընդդիմության միակ խնդիրը դարձել է իշխանությանը տիրանալը, այն պահելը, չարաշահելն ու անձնական բարեկեցությունը։ Ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմությունը չեն կարող դիտարկվել որպես գործընկերներ առաջատար տերությունների կողմից առանց հնազանդորեն կատարելու այս կամ այն պայմանները, ամենակերությամբ կուլ տալով առաջարկվող բոլոր դեղատոմսերը։ Այսպիսի իրավիճակը չի ընձեռում որևէ հնարավորություն իշխանությունների կամ ընդդիմության հետ ձևավորելու համագործակցության որևէ սխեմա։ Ականջից քաշելու ձևով այսպիսի գործընկերությունը ՀՅԴ-ին կանգնեցրեց փաստացի աղետի առջև, անսկզբունք գոյության մեջ կուսակցությանը հասցնելով բացարձակ ապակազմակերպման և ինքնաոչնչացման շեմին։
Անհնար է համաձայնել տարածված այն կարծիքին, թե կառավարող ռեժիմը չի արտահայտում հասարակության ներուժը, ռեժիմի սուբյեկտները մի բան են, իսկ հասարակությունը` բոլորովին այլ։ Բոլոր այդ սոցիալական, սոցիալ-քաղաքական խմբակային սահմանումները կիրառելի չեն ժամանակակից Հայաստանի համար։ Իրականում հայ հասարակությունն առասպել է, այն գուցեև երբեք գոյություն չի ունեցել։ Իսկական առասպել է մտավորականության գոյությունը որպես այդպիսին, որովհետև չկա այդպիսի բան։ Եղել են և կան միայն ընդունակ ու տաղանդավոր մարդիկ, գոյություն են ունեցել անհատների կամքն ու հերոսությունը, սկզբունքայնությունն ու քաղաքական գիտակցությունը, որ բխում էր ազգային խղճի խորքից։ Բայց քիչ թե շատ համարժեք, կազմակերպված սոցիալական խմբեր, բացի քրեականից, Հայաստանում գոյություն չունեն։ Ազգաբնակչության զգալի, եթե ոչ մեծ մասը քայքայման քաոսային գործընթացի բացարձակ տարանջատված մասնիկներն են։ Հայաստանում տեղի է ունենում քիչ թե շատ բարդ վիճակից կամ այդ վիճակի մասին պատրանքից դեպի պարզություն տանող վերափոխման գործընթաց` անվերջանալի պարզունակության հանգրվանով։
Միաժամանակ, կտրականապես պետք է մերժել հոռետեսությունն ու անկումային տրամադրությունները և հասկանալ, որ ազգը կարող է հաջողությամբ գոյություն ունենալ և իրացնել իր հավակնությունները բացարձակ տարաբաժանման, քաղաքական ու գաղափարախոսական կողմնորոշիչների կորստի, առաջնահերթությունների չգիտակցման և խնդիրների լուծման ուղիները չտեսնելու պայմաններում։ Հայաստանում բացակայում է քաղաքական վերլուծությունը, հատկապես ինտերակտիվ ձևաչափում և, այնուհանդերձ, գոյություն ունի միանգամայն ընդունելի և համակարգային առումով ձևակերպված ինտելեկտուալ վերլուծություն, ինչը թույլ է տալիս ինչ-որ չափով կազմակերպել վարչարարությունն ու սոցիալ-տնտեսական կառավարումը։ Թվում էր` մինչև քաղաքական վերլուծության մակարդակ մեկ քայլ է, բայց դա հայկական մեծագույն մոլորություններից մեկն է։ Կենցաղային, հումանիտար, սոցիալական վերլուծություն կատարելու փորձերը, և նույնիսկ սոցիալական անտրոպոլոգիան քաղաքականության վերածելու հնարքները հանգեցնում են ճգնաժամի ու տապալման, այն իրավիճակին, ինչի մեջ հիմա գտնվում է հայ ժողովուրդը։ Քաղաքական վերլուծությունը քանակական կամ տրամաբանական մեթոդների համադրություն չէ։ Դա համակարգ է և միաժամանակ համակարգի ժխտում, նույնիսկ հակահամակարգ, որը մեծ հաշվով վերածվում է աշխարհընկալման։ Բազմիցս առիթ է եղել համոզվելու, որ հայերը, իբրև էթնիկ հանրություն կամ անհատներ, ունեն կոմբինատոր մտածողության ունակություն, սակայն նրանց դժվար է տրվում իրականության համակարգային ընկալումը։ Նույնիսկ հայկական արվեստն ապացույցն է այն բանի, որ հայերին բնորոշ է «ուղղահայաց» միաչափ մտածողությունը և նրանք ակնհայտորեն տառապում են «հորիզոնական» կամ տարածական-բազմաչափ մտածողության բացակայությունից։ Այդպիսի ժողովուրդները, ընդհանրապես, քիչ չեն, և «հորիզոնական» մտածողության առկայությունը բոլորովին էլ աղետներից խուսափելու երաշխիք չէ։ Որպեսզի չխորանանք վտանգավոր դատողությունների լաբիրինթոսում, ինչը չի ներվում հասարակության կողմից, բերենք ամենաակնհայտ օրինակը. հայերի, ինչպես արաբների և հրեաների մեջ գործնականում բացակայում է աշխարհաքաղաքական մտածողությունը։
Բայց կյանքում ամեն ինչ ուղղելի է` զանգվածային ցեղասպանություններից բացի։ Քանի դեռ գոյություն ունի հայ ժողովուրդը, կա անհրաժեշտ մտածողության ձև մշակելու հնարավորություն։ Դա անհրաժեշտ է սովորել, և այդ խնդիրը կարող է լուծել միայն հասարակությունը, ավելի շուտ նրա առանձին սոցիումները, բայց ոչ երբեք պետությունը։ Ընդհակառակը, այդ գործունեությունը սկզբունքորեն պետք է ուղղված լինի ընդդեմ ժամանակակից պետության ձևի։ Հայաստանի, ինչպես և այլ երկրների վզին փաթաթված է կեղծ ժողովրդավարությունը` որպես ապաշնորհների և հանցագործների աճի բարեբեր դաշտ։ Քաղաքական-վերլուծական որոշակի ուսումնասիրությունների կենտրոններ և ինստիտուտներ ստեղծելու տարբեր փորձերն ավարտվել են բացահայտորեն խարդախ բնույթ ունեցող մանր կրպակների ստեղծմամբ, որոնք գողանում են բյուջետային միջոցները։ Գիտական, կրթական և ուսումնասիրման նպատակ ունեցող բոլոր կառույցները հայտնվել են մեծ կախվածության մեջ գտնվող չինովնիկների ենթակայության տակ և իբրև քաղաքական վերլուծության միջավայր պարզապես ծիծաղելի են։ Միանգամայն հասկանալի է, որ Հայաստանին անհրաժեշտ է ինտերակտիվ բնույթի վերլուծական կենտրոնների ձևավորում` անկախ բնույթից։ Այդպիսի կառույցները պետք է կապված չլինեն պետության հետ, և դա պարզ է դարձել պետության ու հասարակության իրական հնարավորությունների բացահայտումից հետո։ Միանգամայն ակնհայտ է, որ հայկական պետությունը չի կարող կայանալ որպես բուրժուա-դեմոկրատական։ Այն կարող է կայանալ միայն իբրև կորպորատիվ-ազգայնական պետություն` ուժեղ ցանցային կառուցվածքներով։ Որքան էլ վերացական թվան այս գաղափարները, հրատապ է մեկ գերխնդրի լուծումը` ներկայիս հայկական քաղաքական դասակարգի բացարձակ լիկվիդացիան։ Մակաբույծների այդ անդեմ հավաքածուին վերապրել հնարավոր չէ, նրանք չափից ավելի հայկական են, և նրանց պետք է վերացնել ինչպես միջատների։ Այն կեղծ երևույթի մեջ, որ չգիտես ինչու, կոչվում է հայկական քաղաքական հասարակություն, չկա ոչ մի արժեքավոր, ազնիվ, արդյունավետ բան։ Հայկական քաղաքական հասարակությունը մակաբույծ է, որը ներառում է «սոցիալական վաշխառուների», որոնց մեջ գործնականում չկան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն գողանալու և չեն գողանում։ Ինչպե՞ս կարող է միջատների այսպիսի հավաքածուն գնահատականներ տալ քաղաքականությանը, առավել ևս արտաքին քաղաքականությանը։
Հայ ժողովուրդն անտարբեր ու անմասն չի մնացել այս ստոր քաղաքականությունից կամ էլ առհասարակ դրա բացակայությունից։ Մենք չէինք կարող չզգալ, որ բնակչության ամենակենցաղային, անհուսորեն բարոյազրկված շերտերն անգամ ոչ միայն անհանգիստ էին, այլև ցույց տվեցին հասկանալի չէ, թե որտեղից առաջացած իրենց դիրքորոշումը։ Իր խոսքն արդեն ասել է Ղարաբաղը, և դա միայն սկիզբն է, ու ոչ մի կերպ պայմանավորված չէ նրա ղեկավարության ֆոբիաներով։ Հայ ժողովուրդը միշտ պատրաստ է վճռական ու ճակատագրական մարտի, և այդպիսի ժողովրդի համար արժե ապրել ու պայքարել։ Պարադոքս է, բայց փաստ, որ իրական ընդդիմությունը պետք է ընդդիմություն լինի հենց այն ժողովրդին, որը շփոթված է, դավաճանված, բայց դեռևս ինչ-որ բանի հույս ունի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2871

Մեկնաբանություններ