Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պապս կոլորիտով մարդ էր, կյանքի հարուստ փորձով իմաստնացած անձ

Պապս կոլորիտով մարդ էր, կյանքի հարուստ փորձով իմաստնացած անձ
11.05.2023 | 22:18

Եպիսկոպոսյանների մեր տոհմի պատմությունը բազմաթիվ արձագանքներ է գտել, ուստի ես հարկ համարեցի հիշատակի խոսք ասել նաև պապիս` Լևոն Նիկիտիչի մասին, ով ունենալով ընդամենը չորրորդ դասարանի կրթություն, այնքան էր արժևորում ուսումը, որ ունեցավ չորս արու զավակ, չորսն էլ` գիտությունների դոկտոր:

Պապս՝ Լևոն Նիկիտիչը, ծնվել է 1888 թվին Խաչակապ (Ղուշչի) գյուղում։ Ընտանիքում փոքրիկները հինգն են եղել՝ ինքը, եղբայրը՝ Բագրատն ու երեք քույրը։ Մանկության, պատանեկության, երիտասարդության շրջանն անցկացրել է ծննդավայրում, սակայն գյուղական կենցաղի առանձնակի հակում չի ունեցել։ Պատահական չէ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում փոխել է կենսավայրը։ Մորական կողմից պապիս զարմիկը Բաքվի Չեռնոգորոդյան հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր։ Նա լուսավորյալ մարդ էր, բավականին կարողության տեր։ ՈՒնեցել է սեփական պահակազոր, կառապան, խոհարար, այլ կարգի ծառաներ։ Հենց նա է պապիս հրավիրել Բաքու՝ կառավարելու ողջ տնտեսությունը։

Մինչ հրավերին արձագանքելը պապս հասցրել էր ամուսնանալ։ Սակայն ընտանեկան կյանքը բնավ էլ հարթ չի եղել։ Առաջնեկը՝ Միշան, նոր-նոր է բոլորած եղել հինգ տարին, երբ 1919 թվականին մահանում է տատս՝ զոհ գնալով հիվանությանը։ Փոքրիկին միայնակ դաստիարակելը եղել է բավականին ծանր, ուստի պապս ամուսնանում է երկրորդ անգամ։ Երիտասարդ այրի Նինա Գրիգորևնա Վաթյանի հետ ունեցած համատեղ կյանքում նրանք ունենում են երեք արու զավակ։ 1921 թվականին ծնվում է Հրանտը, 1924-ին՝ Հայկը, 1928-ին՝ Մկրտիչը։ Հորս ու Վարդուհու հետ մեկտեղ, ով տատիկիս առաջին ամուսնությունից էր, տունը լցվում է հինգ երեխայի աշխույժ ժխորով։

Բաքվում պապս շփվում է ազդեցիկ մարդկանց հետ, որոնց համարում էր «բարձր դասի» ներկայացուցիչներ, սակայն մի քանի տարի անց վերադառնում է գյուղ: Առժամանակ անց գիտակցելով, որ գյուղական միջավայրում երեխաներին կյանքի ցանկալի հեռանկար չկա, որ պետք է փորձել նրանց հանել մեծ աշխարհ, տալ կրթության, ընտանիքը տեղափոխում է Գանձակ (Կիրովաբադ)։ Ռուսաց լեզվին տիրապետելու համար Հրանտին ու Հայկին կենվորի կարգավիճակով տեղավորում է ռուսական մի ընտանիքում, Միշային ու ու Մկրտչին՝ մի այլ ընտանիքում։ Բոլորն էլ ավարտում են ռուսական դպրոց ու որ հատկանշական է, բոլորն էլ ոսկե մեդալով։

1941-ին սկսվում է պատերազմը։ Բացի 13-ամյա Միտյայից, տղաները մեկնում են բանակ ու, ի բարեբախտություն ընտանիքի, ամենակարևորը, ողջ վերադառնում։

Հայրս անցնում է աշխատանքի, մյուս երեք եղբայրները մեկնում են Մոսկվա՝ բարձրագույն կրթություն ստանալու, դառնում Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողներ։ Հայկը, որ ամենածանր վերքերն էր ստացել պատերազմում, առժամանակ անց վերադառնում է Կիրովաբադ, կարմիր դիպլոմով ավարտում Բերիայի անվան գյուղինստիտուտը։ Հրանտն ու Միտյան ինստիտուտից հետո մնում են Մոսկվայում։ Հայրս մեկնում է Լենինգրադ, ստանում բարձրագույն կրթություն, մետալուրգի մասնագիտություն։

Թեպետև պատերազմը, այնուհետ բարձրագույն կրթությունն ու աշխատանքը պապիս զավակներին ցիրուցան է անում, այդուհանդերձ բոլորն էլ կապված էին իրար, սիրում էին ամառվա սեզոնն անցկացնել հայրական տանը: Հնարավոր բարենպաստ պայմաններ ստեղծելու համար պապս որդիների հետ մեկտեղ վերակառուցում է տունը, որը տարիներ անց, ողջ երկրամասի հետ, բաժին հասավ ադրբեջանցիներին։

Պապս կոլորիտով մարդ էր, կյանքի հարուստ փորձով իմաստնացած անձ: Սիրում էր քեֆ, ուրախություն, հրաշալի տիրապետում էր խոհարարական արվեստին, դե իսկ նրա ձեռքով պատրաստված խաշը նրբաքիմք մարդու համար կատարյալ երանություն էր: Պապս նարդու անգերազանց վարպետ էր: Երբ խաղում էր, նրա ոգևորությունից ամբողջ գյուղն էր իրարով գալիս: Դա մի ամբողջ ներկայացում էր, մի դերասանի փայլուն կատարում:

Պապիս արտիստությունն ու արտիստականությունն ամեն ինչում էր: Մի տարի նա այնպիսի մեծության սմբուկ էր աճեցրել, որ գյուղը հայտնվել էր արմանք-զարմանքի մեջ, իսկ մի երկու չհավատացող գիշերով մտել էին բոստանն անձամբ հավաստիանալու համար, որ բադրջանը աչքի խաբկանք չէ:

Պապիս մասին հուշերի մի մասը Լևոն Հայկի Եպիսկոպոսյանի գրառումներից է, ում, ի դեպ, անվանակոչել են ի պատիվ նրա:

Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ



Դիտվել է՝ 7725

Մեկնաբանություններ