Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Sapristi, ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»

«Sapristi, ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»
02.05.2023 | 10:26

Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցում էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը և քեզ են հարցնում: Վար իջա` տեսնեմ, կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլատվություն խնդրեց նկարներս տեսնելու:
Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշի-ուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին հետ ծանոթանալ:
Նա պատասխանեց.
-Կուզեի, բայց կրնա ըլլալ որ խանգարեմ:
Ասացի.
-Բնավ չեք խանգարի,- և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի:
Նրանք ծանոթացան և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ`
-Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել:

Կոմիտասը լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ, անչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք:
Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը` ինքն իրեն չկարողանալով զսպել` ձեռքը սեղանին խփեց և ասաց.

-Sapristi (գրողը տանի), ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք:
Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո` ես շնորհավորեցի Կոմիտասին այդ հաղթանակի համար և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլաղ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:

Փ.ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Լուսանկարում` Թերլեմեզյանը և Կոմիտասը

Հեղինե ՔԱՐՏԱՇՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5396

Մեկնաբանություններ