ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻ հուշերից այս պատառիկը 2002-2005 թվականներին ոստիկանության համակարգում ունեցած նրա գործունեության դրվագներից է, համակարգ, որտեղ աշխատանքի էր անցել հանրահայտ «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի, հետագայում գեներալ-լեյտենանտի ուսադիրների արժանացած Հրաչյա Հարությունյանի առաջարկով, ում հետ համատեղ գործունեության նախորդ տարիներին ունեցել էր ակտիվ, արդյունավետ աշխատանքի փորձ:
ԴԵԴ ՀԱՍԱՆ`ԶԱՐՄԱՆԱԼԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2002թ. տեղափոխվեցի ՀՀ ոստիկանության համակարգ, աշխատում էի քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնում: Բաժինը պայքարում էր քրեական հեղինակությունների, օրենքով գողերի դեմ: Հրամանս ստորագրել էր ոստիկանության գեներալ-գնդապետ, ներկայումս լուսահոգի Հայկ Հարությունյանը, ում ճանաչում էի դեռ նախկին աշխատատեղիցս ու, որպես երկու հիմնարկությունների ներկայացուցիչներ, վերահսկում էինք կալանավայրերում իրականացվող աշխատանքը: Չեմ փոշմանում, որ աշխատել եմ պատվի նման բարձր գիտակցում ունեցող ղեկավարի ենթակայությամբ:
Հիշողությանս մեջ տպավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում օրենքով գող, հայտնի Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի, մուտքը կասեցնելը, ով Ռուսաստանի Դաշնության քրեական մի քանի հեղինակությունների հետ Հայաստան էր ժամանել հայտնի գող Սվո Ռաֆի մահվան տասնամյակի կապակցությամբ:
«Զվարթնոցում» ժամանածներին դիմավորողների մեջ էին տեղի մի քանի օլիգարխներ: Նրանցից մեկը մոտեցավ` ականջիս շշնջալով, որ եկածների մուտքը իշխանության վերին օղակների հետ համաձայնեցված է և խնդրեց հնարավորինս արագացնել:
Դեդ Հասանի անձնագիրը ձեռքիս` ես դիտավորությամբ էի ձգձգում փաստաթղթի զննումը` հար և նման «Ռուսական կայսրության թագը» կինոնկարի այն դրվագին, որտեղ, թագի սպասումով, թանգարանի աշխատողը երկարաշունչ պատմություն էր սկսել Աստվածաշնչից` Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց... Մի խոսքով սպասում էի իմ անմիջական ղեկավարության ցուցումին:
Տեսնելով, որ գործընթացն անհարկի երկարում է, Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան, ով մշտապես կեպի էր կրում, հանեց այն` ասելով. «Գուցե այսպես նմանեցնեք»:
Այդ պահին ես ակամայից հիշեցի և «Կախարդված տղան» մուլտֆիլմը, որի հերոսի բաղձալի ցանկության իրականացման նախապայմաններից մեկն էլ այն էր, որ... թագավորը նրա առաջ պիտի գլխաբաց կանգնի: Այդ ժամանակների իմ փայփայված երազանքներից էին գեներալական ուսադիրները, սակայն ինչպես մուլտի հերոսն էր ստիպված սպասել երազանքի իրականացմանը, ստիպված էի սպասել և ես: Այդ ժամանակից հաշվարկած` ամբողջ ութ տարի:
Ինչևէ: Ժամանածներից արդեն իսկ բերման էր ենթարկվել մի քանի հանցավոր հեղինակություն: Դեդ Հասանի համար անհաճո էր նման դիմավորումը։ Ակնհայտ էր, որ նրան նման ընդունելություն չէր խոստացվել: Ի վերջո եկավ թույլ տալու հրահանգը:
Տարիներ անց ես Դեդ Հասանի հետ հանդիպելու մի առիթ էլ ունեցա: Այդ ժամանակ ԱԱԾ-ի բարձրաստիճան աշխատակից էի երազանքս իրականացած գեներալական ուսադիրներով, գործուղումով գտնվում էի Մոսկվայում: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկոյան նստած էինք «Ֆայտոն» ռեստորանում, երբ ներս մտավ նա: Մեր հայացքները խաչվեցին: Դեդ Հասանը կատակով հարցրեց. «Այստեղ էլ ե՞մ անձնագիր ներկայացնելու»:
Ես ժպիտով պատասխանեցի, որ սա այն տեղը չէ:
Ակնհայտ էր, որ մինչև ռեստորան գալը նա տեղեկացված էր այնտեղ իմ գտնվելուց: Բոլոր դեպքերում հյուրընկալողներս արժանացան դիտողությանս, որքան էլ, որ այն կատակախառն էր: Իսկ ասածս հետևյալն էր. «Ի՞նչ եք բերել մի տեղ, որտեղ կարող է լինել մահափորձ»: Բնականաբար ասածիս ենթատեքստում Դեդ Հասանի անձն էր նկատի առնված: Զարմանալի զուգադիպությամբ մեկ տարի անց նա իր մահկանացուն կնքեց հենց այդ ռեստորան մտնելիս:
(Շարունակելի)
Մարտին Հուրիխանյան