Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թրքական խորամանկության պերճանքն ու թշվառությունը, զոր կոչվի դիվանագիտություն

Թրքական խորամանկության պերճանքն ու թշվառությունը, զոր կոչվի դիվանագիտություն
28.04.2022 | 07:30

1919 թվականին Էնվեր փաշան հանդիպումներ ունեցավ Գերմանիայում Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ, Լ.Դ. Տրոցկու գործակալ Կարլ Ռադեկի (Սոբելսոն) հետ, որը և մոսկովյան իշխանություններին երաշխավորեց հայ ժողովրդի դահճին` դատապարտված Կոստանդնուպոլսի զինվորական դատարանի կողմից: 1920 թվականի սկզբին Էնվեր փաշան, իր համախոհ պանթուրքիստների հետ, մեկնեց Մոսկվա, որտեղ շուրջ մեկ և կես տարի աշխատեց «Հեղափոխության հետ Իսլամի Միասնության Ընկերությունում» (ՀԻՄԸ):
1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը, տրոցկիստ Մ. Պավլովիչ-Վելտմանի առաջարկությամբ, Բաքվում հրավիրվեց Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցեց երեսուն երկրի երկու հազար պատվիրակ:
Մոսկովյան իշխանությունները որոշեցին օգտագործել Էնվեր փաշային Միջին Ասիայում և Կովկասում «հեղափոխական տրամադրություններ» տարածելու նպատակով, գտնելով, որ տեղի բնակչության շրջանում Էնվեր փաշայի պանթուրքական գաղափարների ժողովրդականությունը կօգնի Խորհրդային իշխանությանը Թուրքեստանում բասմաչների դեմ պայքարում, որտեղ և նա ուղարկվեց 1921 թվականի նոյեմբերին: Սակայն տեղ հասնելուն պես Էնվեր փաշան անմիջապես միացավ բասմաչական շարժման պայքարին` ընդդեմ խորհրդային իշխանության:


1923 թվականի փետրվարին Էնվեր փաշայի ղեկավարած բասմաչական զինված միավորումները գրավեցին Դուշանբեն, այնուհետև կազմակերպվեց արշավ դեպի Բուխարա: Կարճ ժամկետում նրանք կարողացան գործնականում գրավել Արևելյան Բուխարայի ամբողջ տարածքը և էմիրաթի արևմտյան հատվածի զգալի մասը: Սովետական ներկայացուցիչները բազմիցս հաշտություն առաջարկեցին Էնվեր փաշային և Արևելյան Բուխարայում նրա իշխանության ճանաչումը, սակայն նա անհանդուրժողական դիրք գրավեց և պահանջեց դուրս բերել սովետական զորքերը ամբողջ Թուրքեստանից: 1922 թվականի մայիսին Կարմիր բանակն անցավ հակահարձակման` զորքեր ուղարկելով Ամուդարյա, Փյանջ և Վախշ գետերով:


1922 թվականի օգոստոսի 4-ին, հետապնդվելով Կարմիր Բանակի կողմից, Էնվեր փաշան սպանվեց մարտի ընթացքում: Դիվիզիոնի հրամանատարի զեկույցից` 13-րդ կորպուսի շտաբ.
«Նախազգուշական անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելով` դիվիզիոնը շարժվեց հանձնարարված ուղղությամբ: Ղշլաղից ոչ հեռու, որտեղ տեղակայված էր հակառակորդի շտաբը, իմ կողմից առանձնացվեց մեկ հեծելավաշտ և ուղարկվեց թիկունք, որպեսզի հակառակորդի նահանջի դեպքում փակի նրանց ճանապարհը: Առավոտյան ժամը հինգին դիվիզիոնն անցավ հարձակման, սակայն հակառակորդը ցուցաբերեց զինված դիմադրություն: Մեր գնդացրային կրակի շնորհիվ հակառակորդը լքեց դիրքերը և դիմեց անկանոն փախուստի: Բասմաչների շտաբը, Էնվեր փաշայի գլխավորությամբ, նետվեց սարերի կողմը, սակայն հանդիպելով թիկունք ուղարկված հեծելավաշտին, մտավ մարտի մեջ: Մարտի արդյունքում շտաբը գլխովին ոչնչացվեց: Ընդամենը երեք հոգու հաջողվեց փրկվել: Մարտադաշտում թողեցին 28 դիակ: Նրանց մեջ ճանաչվել է նաև Էնվեր փաշան: Սրի հարվածը թռցրել էր նրա գլուխը և իրանի մի մասը: Նրա կողքին գտել են Ղուրան»:
Էնվեր փաշայի գերեզմանը մինչև քսաներորդ դարի երեսնական թվականների կեսերը սրբավայր էր մուսուլման բնակչության համար, հետո սովետական իշխանությունները քանդեցին գերեզմանաթումբը, բայց տեղի բնակչությունը շարունակեց այցելել գերեզմանին: ԽՍՀՄ գերեզմանափոր Գորբաչովի հռչակած «վերակառուցմանը» և «պլյուրալիզմին» համապատասխան, 1996 թվականի օգոստոսի 4-ին, տաջիկ քաղաքական և պետական գործիչ Իզաթուլլո Խայոևը Էնվեր փաշայի աճյունը հանդիսավորությամբ հանձնեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին:


Նման փաստերը վկայում են պանթուրքիզմի գաղափարների տարածման մասին ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից (XXI դար) պայմաններում, նաև թուրքական հակասովետական և հակառուսական ազդեցության գործոնի` նախկին խորհրդային մուսուլմանական հանրապետությունների վարած քաղաքականության մեջ: ՈՒշագրավ է այն փաստը, որ Էնվեր փաշայի աճյունի հանձնումը Թուրքիայի նախագահին, այնուհետև` հուղարկավորությունը Ստամբուլում, արտացոլում է ինչպես բուն Թուրքիայի ղեկավարության, այնպես էլ հետխորհրդային տարածքի մուսուլմանական պետական կառույցների վերնախավի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:


ԵԳՈՐ Սերգիև, Ագռավաքար ( պատմություն իշխանության բռնազավթման մասին): Երևան 2020թ.
ԴԱՂՍՏԱՆԻ պառլամենտի խոսնակ Խիզրի Շահսաիդովը շնորհավորել է ադրբեջանի նախագահին՝ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի առթիվ: Ո՞վ կլինի հաջորդը...(Դ. Ս.)
Հ.Գ. (հատված նույն գրքից)


... Թուրքիայում սոցիալիզմի, կոմունիստական կուսակցության գլխավոր շինարարի հետ անգորական «հեղափոխական-անկախության մարտիկները» վարվեցին իրենց բնորոշ միանգամայն պարզ եղանակով: 1921 թվականի հունվարի 29-ի գիշերը Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկին` Մուստաֆա Սուբխիին և նրա 14 ընկերներին նավապետն ու նավի անձնակազմը, որի օգնությամբ նրանք փորձում էին փախչել հետապնդումից, մորթեցին Սև ծովի ջրային տարածքում, ինչը ստացավ «Տասնհինգի սպանդ» անվանումը: Քեմալ փաշայի նշանակած «կոմունիստների նոր ղեկավարության» գլխավոր խնդիրը դարձավ արդեն փողերի կորզումը Կոմինտերնից: Երբ դա չհաջողվեց, «ազատ, անկախ և ինքնիշխան Թուրքիայում» արգելվեցին կուսակցությունը և կոմունիստական քարոզչությունը:


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 20235

Մեկնաբանություններ