ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետության պաշտպանությունն ու հոգածությունը իր մաշկի վրա զգացող քաղաքացին միայն կարող է հաղթանակ բերել

Պետության պաշտպանությունն ու հոգածությունը իր մաշկի վրա զգացող քաղաքացին միայն կարող է հաղթանակ բերել
22.12.2023 | 13:08

«Ռևանշիզմ» տերմինի կիրառումն ինքնին ողջունելի չէ, քանի որ ժամանակակից մասնագիտական գրականության մեջ այդկերպ անվանում են նրանց, ովքեր կազմակերպում են չհիմնավորված, անարդար և առանց սադրանք ագրեսիա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայիս իրավիճակը, ասել է թե, լուծումը ամենաանարդարն է, որ կարող էր լինել, հետևաբար, դրա շտկմանն ուղղված ցանկությունը ոչ թե ռևանշիզմ է, այլ արդարության ցանկություն. ու մի´ մոռացեք, որ այդ տերմինը հենց Ալիևն է շրջանառության մեջ դրել առաջին անգամ:

Ինչևէ, անարդար պատերազմի արդյունքները փոխելու` այն արդարացի դարձնելու միտումն ու ցանկությունը, իհարկե, ողջունելի է, բայց այն նույնպես պետք է լինի կշռադատված ու հաշվարկված, ինչպես նաև պետք է զերծ լինի պաթոսի չափազանց բարձր աստիճանից, որպեսզի հանկարծ անարդար պատերազմի արդյունքները փոխելուն ուղղված քայլերը չվերածվեն ավելի անարդար արդյունքների կյանքի կոչվելուն:

Սրանից զատ, նման քայլեր նախաձեռնող անձինք պետք է իրապես հայրենասեր լինեն, ինչպես նաև նման քայլեր նախաձեռնելուց առաջ որևէ երաշխիք տան` Հայաստանում ցանկացած պարագայում մնալու վերաբերյալ, որպեսզի վերջում, ինչ-ինչ հիվանդության կամ վիրահատությունների պատճառաբանությամբ, մշտապես չհանգրվանեն ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում ու այլուր:

Ինչու եմ անընդհատ անդրադառնում արտագաղթի հարցին. զուտ համեմատության համար` Վրաստանում ապրում է աշխարհում ապրող իդենտիֆիկացվող վրացիների 75%-ը. ՀՀ-ում` աշխարհում ապրող իդենտիֆիկացվող հայերի 15-20%-ը:

Թեև Հայկական սփյուռքի առաջացման ու տարածման պատճառները այլ են, սակայն անհերքելի է, որ 1991-ից առ այսօր էլ ՀՀ-ից փաստացի գաղթել է 2,5 մլն մարդ, որը պաշտոնական թվերով, սխալ մեթոդաբանությամբ և մանիպուլյացիոն հաշվարկներով 1,5 մլն է ներկայացվում:

Ցավոք սրտի, արտագաղթը նորանոր ծավալներ է ստացել բազմաթիվ պատճառներով` քաղաքականից մինչև տնտեսական:

Այսպիսի արտագաղթի, այս դիրքավորման ու տնտեսական պայմանների պարագայում, կներեք իհարկե, բայց ռազմական ռևանշից խոսելը, մեղմ ասած, անիրական է:

Պատմական անարդարությունը շտկելու համար նախ պետք է պատժել դրա գլխավոր մեղավորներին`պարտության ճարտարապետներին, այլ ոչ թե մեկ-երկու մանր քավության նոխազով հարցը լուծված համարել: Դրա հետ միաժամանակ թայմ-աութ է պետք վերցնել (ինչպես արեց Ադրբեջանը 1994-ից), սոցիալական բարենպաստ պայմաններ ստեղծել ու ծնելիություն խթանել` միաժամանակ ապահովելով ժամանակակից, բայց ազգային ընգծված ու տեղ-տեղ նաև պարտադրված ազգային երանգներով կրթական համակարգ, ինչպես նաև սոցիալ-իրավական տեսանկյունից պաշտպանված հասարակություն: Միայն իրավատեր ու պետության պաշտպանությունն ու հոգածությունը իր մաշկի վրա զգացող քաղաքացին կարող է «հաղթանակ» բերել:

Վկայակոչված բաղադրիչներից մեկի բացակայությունն անգամ իսպառ անհնարին է դարձնելու հաջողությունը:

Թե չէ, եթե «ռևանշի» հետևանքը պետք է լինի զուտ արտագաղթի տեմպերի ավելացումը և ևս 120.000 մարդ անտուն-գաղթական դարձնելը, ապա դրա համար մի մեծ խելք պետք չէ:

Իմիջիայլոց, իրապես կռված տղերքը այս ամենը շատ լավ գիտակցում են:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ