ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պատվաստման անձնագիր. ինչ, ինչպես և երբ

Պատվաստման անձնագիր. ինչ, ինչպես և երբ
10.02.2021 | 15:34

Փոքրիկ հարցաշար` առողջական վիճակին վերաբերող մի քանի հարցերով, կարճատև ներարկում և պատվաստման հավաստագիր` որպես կանոն, հենց այսպես է սկսվում և ավարտվում COVID-19-ի դեմ պատվաստումը ԱՄՆ-ում:

Սրսկումից հետո բուժաշխատողը պացիենտին հատուկ թերթիկ է տալիս, որի վրա արձանագրվում է` որ պատվաստանյութն է ստացել, երբ և որտեղ: Այս տեղեկությունները պահպանվում են նաև ընդհանուր տվյալների շտեմարանում, որոնք հասանելի են ԱՄՆ բոլոր նահանգներում: Առայժմ չկա որևէ միջազգային համակարգ, որով պատվաստման հավաստագիրը հասանելի կդառնա նաև երկրից դուրս, օրինակ` ճամփորդելիս: Մյուս հիվանդությունների դեմ պատվաստումների դեպքում ԱՀԿ-ն տասնամյակներ առաջ հատուկ փաստաթուղթ` «դեղին քարտ» է ստեղծել, որն ընդունելի ձևաչափ է անդամակցող բոլոր երկրներում: Հիմա փորձագիտական շրջանակներում քննարկվում է COVID-19-ի համար ևս նման` միասնական տեղեկանք ստեղծելու հարցը:

«Նպատակն է առավել ներդաշնակ ու դյուրին դարձնել ճամփորդությունը, որ մարդիկ ստիպված չլինեն անընդհատ տարբեր փաստաթղթեր լրացնել», - ասում է Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության փոխնախագահ Նիկ Քարենը: Կազմակերպությունը արդեն մշակել է բջջային հավելված, որը մի քանի շաբաթից կկիրառվի, օրինակ` Ethihad կամ Emirates ավիաուղիներում: Կառավարություններն էլ են միացել գործընթացին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է կառավարական գործակալություններին դիտարկել պատվաստանյութերի էլեկտրոնային հավաստագիր ստեղծելու հարցը:


Դանիան ավելի հեռուն է գնացել. կառավարությունը խոստանում է այս ամսվա վերջին արդեն թողարկել էլեկտրոնային անձնագիր, որով քաղաքացիները կկարողանան ցույց տալ, որ պատվաստվել են համավարակի դեմ:
Իսրայելը ևս պատրաստվում է «կանաչ անձնագրեր» տալ բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են կամ` վարակվել ու կազդուրվել: Վերջիններս, ըստ կառավարության, կարող են անարգել այցելել ռեստորաններ, մասնակցել զանգվածային միջոցառումների, այդ թվում`մարզական ու մշակութային հանդիպումների: Պատվաստվողներին հատուկ արտոնություններ տալու հեռանկարը ոչ բոլորին է ոգևորում: «Իսկ ի՞նչ անեն մարդիկ, որոնք չունեն բջջային հեռախոս, որով կկարողանան այդ հավելվածը բեռնել, - հարց է բարձրացնում առողջապահության ոլորտի փորձագետ Միշել Գուդվինը: - Պատվաստումների կապակցումը թանկարժեք սմարթֆոնի հետ չի բխում ոչ քաղաքացիական ազատությունների և ոչ էլ հիմնարար իրավունքների շահերից»:


Մյուս մտավախությունը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը. ի՞նչ տեղեկություններ են ներառվելու այդ` էլեկտրոնային անձնագրում, և ովքե՞ր են տնօրինելու: Անորոշ է նաև, թե վավերականության ինչ ժամկետ կարող է ունենալ այդ հավաստագիրը, քանի որ ստույգ չէ` պատվաստվելուց հետո որքան երկար են մնալու հակամարմինները մարդու օրգանիզմում: Չկա նաև միասնական դիրքորոշում պատվաստանյութերի հարցում. աշխարհով մեկ կառավարությունները դեռ պետք է ընդհանուր հայտարարի գան` ընդունելի են շուկայի բոլոր դեղամիջոցները, եթե ոչ` որոնք են ընդունելի բոլորի համար:
Հարցերն առավել շատ են, քան պատասխանները, ինչը հիմք է տալիս մասնագետներին պնդելու, որ աշխարհով մեկ պատվաստման համընդհանուր և միասնական համակարգ ունենալու համար տարիներ կպահանջվեն: Առավել ևս, որ մինչ օրս կառավարությունները դեռ չեն կարողացել անհրաժեշտ քանակի պատվաստանյութերի ձեռքբերման ու բաշխման հարցը լուծել:


Ըստ վերջին տվյալների՝ հիմա ամեն օր աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվում է մոտ 4 851 000 մարդ, հաղորդում է Bloomberg-ը: Սա, փաստացի, աննախադեպ ցուցանիշ է, սակայն նույնիսկ այդ տեմպերով կպահանջվի վեցուկես տարի, որ մոլորակի բնակչության 75 տոկոսը պատվաստվի: Ըստ փորձագետների՝ պատվաստման հենց այդ մակարդակն է անհրաժեշտ վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Դիտվել է՝ 12684

Մեկնաբանություններ