Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող զանգվածային ավերածությունները հետևանքն են նրա, որ միջազգային կառույցները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր կոչերին ու հրավերներին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Եվ հիմա չափազանց կարևոր է ցույց տալ, որ ոչ ոք չպետք է անտեսվի և մեկուսացվի: Պետք է ապացուցել, որ քաղաքական պատճառները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մեր հասարակությունում տպավորություն է ձևավորվում, որ միջազգային կառույցների կողմից խտրական վերաբերմունք է դրսևորվում: Չճանաչված հանրապետություններում էլ ապրում են կանայք, երեխաներ, որոնք չպետք է դուրս լինեն միջազգային պաշտպանության իրավունքից», - ասաց ՄԻՊ-ը: