Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ասուլիսից հետո Աժ- ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սրբագրել է ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման մասին հայտարարությունը և հստակեցրել, որ դրանք, հնարավոր է, կորել են: Հարցը խորհրդարանում հնչեցրեց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ե՞րբ եք պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են, ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ և ինչո՞ւ, օրինակ, Կուտոյանը բանտում չէ»,- հետաքրքրվեց պատգամավորը: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: «Մասնավորապես հարցադրումներ են հնչում, թե ԱԱԾ-ն ինչ է չգիտի՞՝ Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: 1-2 ու հանկարծ հասկանում ես, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքել նման հայտարարություներին: Եվ որոշեցինք այս թեման բարձրաձայնել, որ հանրությունը և դուք տեղեկացված լինեք՝ ինչ է կատարվել»,- հայտարարեց վարչապետը՝ անկեղծանալով, որ իր համար դժվար է եղել նման բանի հավատալ: Նա նկատեց, որ ասում է ոչնչացվել են փաստաթղթերը, նյութերը, բայց ճիշտ կլինի ասել՝ դրանք տեղում չեն: «Կարող է վառվել են, կարող է պահվել են, կարող է ոչնչացվել են: Փաստն այն է, որ տեղում չեն, ինչ-որ բան տեղի է ունեցել: Նախ պետք է համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը: Ծառայողական քննություն է իրականացվում, դրանք քողարկված են: Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի, իսկ թե ով կհայտնվի բանտում կամ չի հայտնվի, էդ հարցում իմ դիրքորոշումը գիտեք»,- ասաց նա: Պատգամավորը փորձեց հստակեցնել՝ նյութերն առնչվում են Մարտի 1-ի՞ն, թե՞ այլ գործերի: Ի պատասխան վարչապետն ասաց, որ դրանք լայն շրջանակի են առնչվում ու ավելացրեց. «Դրանք առնչվում են և մարդկանց, և իրադարձությունների, որովհետև այդ թվում՝ օրինակ ընդդիմադիր գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություն է կիրառվել: Որոշ դեպքերում պատառիկներ են հայտնաբերվում ու դրանց հետևից գնալով բացահայտում ենք, որ բուն նյութը չկա: Ավելի մանրամասն չեմ կարող հաղորդել, բայց այդ երևույթը կա: Շատ բան հընթացս է բացահայտվել: Էնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք մտել ենք ու փորձել ենք քրքրել արխիվները, ո՛չ, շատ բան հընթացս, աշխատանքի բերումով պարզվել է»: