Ըստ գերմանական «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ: Ըստ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբերին բացահայտելու համար վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունում հատուկ գործողություն է մշակվել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ). եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահների աջակցությամբ:
Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգելի», եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ ամենաընդարձակ գործողություններից մեկը: Իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խոր արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն, կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով: Հայկական հանցավոր խմբերը իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2014-ից՝ Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաքում Էրֆուրտում խաղատան մոտ հայկական երկու հանցավոր խմբերի միջև փոխհրաձգությունից հետո: Ականատեսների խոսքով, հանցագործները դեպքի վայր էին ժամանել շքեղ ավտոմեքենաներով, կրակ բացել՝ հրազենային վնասվածքներ հասցնելով երկու հայազգի տղամարդկանց (27 և 54 տարեկան), ապա նույն այդ մեքենաներով, շռնդալից աղմուկով հեռացել՝ թողնելով ավելի քան 20 պարկուճ: Իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսել, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով: Արյունալի միջադեպից հետո կրքերը չէին հանդարտվել, փոխհրաձգությանը հետևել էր մեկ այլ հարձակում Գերմանիայում բնակվող հայերից մեկի ռեստորանի վրա, ծեծկռտուք:
Հետաքննության շրջանակներում շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայազգի բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները: Իրավապահներին չի հաջողվել հիմնավոր ապացույցներ գտնել նրանց ու մյուս կասկածյալների դեմ:
Քննության ավարտին կազմված խիստ գաղտնի զեկույցը արձանագրել է, թե Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը ռուս-եվրասիական տարածաշրջանի մյուս հանցավոր խմբերի հետ միասին տիրապետում է էական ֆինանսական միջոցների՝ սպառնալով երկրում օրենքի գերակայությանը:
Այս տարվա մարտին Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թյուրինգիա երկրամասի ոստիկանապետին ու առաջարկել Երևանի աջակցությունը հայկական հանցավոր խմբերին բացահայտելու հարցում: Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը գաղտնի շրջաբերականով գործընկերներին խորհուրդ է տվել նրա հետ չհամագործակցել: «Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել՝ մաֆիոզ խմբավորումների և Հայաստանի իշխանությունների հնարավոր սերտաճման պատճառով», - ըստ «Շպիգելի», ասված է գաղտնի փաստաթղթում: Լրատվամիջոցները պնդում են, թե իրավապահները կասկածներ են ունեցել, որ 2015-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայում դեսպան նշանակված դիվանագետը կապեր է ունեցել հանցավոր խմբավորումների հետ, սակայն այս կասկածները հիմնավորող ապացույցներ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ՝ 2008-ին, երբ Սմբատյանը եղել է դեսպանատան աշխատակից, Դաշնային հետախուզական ծառայությունը կասկածել է նրան միջազգային մաքսանենգության մեջ, սակայն այս գործով էլ բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել և քննությունը հետաձգվել է: Աշոտ Սմբատյանը, որ անցած շաբաթ համատեղության կարգով Հայաստանի դեսպան է նշանակվել նաև Լիխտենշտայնում, կտրականապես հերքել և անհեթեթություն է որակել այս մեղադրանքը: Գերմանական հանրային հեռուստառադիոընկերությունը այս մասին ծավալուն ֆիլմ է նկարահանել, որը կհեռարձակվի այսօր: