Ընդամենը շաբաթներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, թե բոլոր ապօրինի հարստացածները և, առհասարակ, օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության, ասել էր. «Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է: ԱԱԾ-ի մոտ բոլոր պապկաները դրված ա, թե ով ինչով է զբաղվել և ինչ կեղծիքներ կամ թալան է իրականացրել: Ես որևէ խնդիր չունեմ, առաջինը թող ինձնից սկսեն»: Եվ այսօր սկսեցին նրանից, բայց առայժմ ոչ տնտեսական մասով, այլ քրեական: Ժամանակին քաղաքական արենայից բավականին կոշտ ձևակերպումներով դուրս հայտնված Գագիկ Ծառուկյանն այսօր էլ կասկածվում է մարդ ծեծելու մեջ: Ծառուկյանն ու նրա թիկնազորի ղեկավար Էդուարդ Բաբայանը, արտակարգ իրավիճակների նախարարի և Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահի ներկայությամբ, ծեծի են ենթարկել 50-ամյա տղամարդու: Այս դեպքն ուշագրավ է մի քանի առումներով: Դեռ կանդրադառնանք Ծառուկյանի հանգամանքին, նման միջադեպին մասնակցում է չինովնիկ՝ նախարար, ԲՀԿ-ի ամենանախարարացու Հրաչյա Ռոստոմյանը: Մասնակցել ու հարց է՝ հարվածները կանխե՞լ է, թե՞ խրախուսել է Ռոստոմյանը: Փաշինյանն իր կառավարությունում հանդուրժելու՞ է նման նախարարի: Հիմա, բնականաբար, Հրաչյա Ռոստոմյանն ամեն ինչ կանի, որ ջրից չոր դուրս գա ու վստահեցնի՝ ոչ տեսել, ոչ լսել է այդ դեպքի մասին:
Հաջորդ հանգամանքը. կառավարության ուշադրության կենտրոնում առայժմ չհայտնվեց ԲՀԿ ղեկավարի ոչ բիզնեսներում ստուգումների տվյալները, ոչ հարկային պարտավորությունների խուսափումը, այլ հենց «մենաշնորհային» ոլորտը՝ սպորտը, որը տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ է: Դեպքը տեղի է ունեցել օլիմպիական կոմիտեում, և ծեծվող քաղաքացին էլ դիմել էր Ծառուկյանին, որ աշխարհի չեմպիոն որդուն խոստացած պարգևները տա: Ինչպես ասում են, իրավապահ համակարգը խոցեց Գագիկ Ծառուկյանի «աքիլլեսյան գարշապարը»: Գուցե նոր կառավարությունը սրանով փորձում է նաև կարգավորել այս ոլորտը ու չթողնել մեկ մարդու «ստվերային» ղեկավարման:
Եվ ամենավերջում. Ինչպե՞ս է լինելու բարեգործ Գագիկ Ծառուկյանի կերպարի վերաձևումը, երբ պարզվի, որ իսկապես նա էլ է հարվածել քաղաքացուն և թողել, որ իր աչքի առաջ ջարդուփշուր անեն իրեն օգնության դիմած քաղաքացուն: Լավ չէ՞ր, մի քանի ձեռնարկությունում գտնեին, ասենք, հարկերից խուսափելու դեպքեր: Ավելի հեշտ կպրծներ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ