ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»: Փաստաբանների պալատի նախագահը անթույլատրելի է համարել «ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը», անընդունելի՝ «ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները»:
«Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին»,- ասված է հայտարարությունում: ֊«Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը»:
Կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով՝ Արա Զոհրաբյանը նաև հիշեցնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի` առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին։