ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ով է ում շրջափակում

Ով է ում շրջափակում
20.04.2018 | 00:26

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության, որի անդամների կեսից ավելին դեռ պաշտոնակատար է, առաջին նիստն անցկացրեց` օրակարգում 20 հարց ունենալով: Նիստը սկսվեց ոչ թե 11-ին, այլ 17-ին: Դրսում անձրև էր, ու աղմկում էին ցուցարարները: Ապրիլի 19-ին նրանք ծանր օր ունեցան. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փորձելու են շրջափակել կառավարության գլխավոր մասնաշենքը՝ խափանելու նիստը, ոստիկաններն ավելի արագ էին շրջափակել` կանխելու նրա շրջափակումը: Կեսօրին նա ասում էր, որ ամենահզոր օրն են ունեցել ու ամենահզոր քաղաքացիական աջակցությունը` ի հեճուկս նրանց, որ շարժման մարումն էին կանխատեսում: Երևանյան իրադարձությունների մասին ուզածի չափ գրում է միջազգային մամուլը, վարչապետ Սերժ Սարգսյանը լռում է` ինչպես տարբեր իրավիճակներում լռել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա միայն մեկ անգամ է անդրադարձել` Աժ հատուկ նիստում «Ելքի» պատգամավորներին հորդորելով Նիկոլին վերադարձնել խորհրդարան: «Շանթ» հեռուստաընկերության հարցին ի պատասխան ասել է, որ մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, գոնե իր պատկերացումով. «Այդ առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը: Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երևանում, ապա Դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել»: Նրա խոսքով՝ «Միակ տարին երևի 2017-ն էր, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել: Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի: Ճիշտ է՝ միևնույն է դժգոհություն լինելու է, որովհետև մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են: Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել: Սա է ամբողջ խնդիրը»` փաստացի սա անդրադարձ չէ փողոցում կատարվողին:


Իսկ երեկ ցուցարարները առավոտից փորձում էին շրջափակել կառավարական 3-րդ մասնաշենքը, ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցուցարարներին ցրում էր: Նրանք ստիպված երթի անցան ու երկու ժամով փակեցին Երևան բերող Իսակովի պողոտան, հետո վերադարձան հրապարակ` ոստիկանության հետ հայտարարություններ փոխանակելով: Ոստիկանությունը ասում էր, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր` իրականությանը չի համապատասխանում:
Երեկ Երևանում և մարզերում իրադարձությունների առնչությամբ իր խոսքն ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա արձանագրում էր. «Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված ՀՀ վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և ցուցարարների, և իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում: Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն»:


Նախագահ Արմեն Սարգսյանը ևս հայտարարություն արեց` մտահոգություն հայտնելով իրավիճակից և կողմերին հրավիրելով երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»: «Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել էր նախագահը և կոչ էր արել ցուցարարներին և իրավապահներին հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն:


ՀՅԴ ԳՄ-ն կոչ արեց Աժ քաղաքական ուժերին խորհրդակցությունների հարթակ ստեղծել` «Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս»:
Կառավարության նիստից հետո ՀՀԿ ԳՄ նիստ էր լինելու: Հաստատ` ՀՀԿ-ն ևս կոչ կանի զսպվածության ու երկխոսության: Բոլորը բոլորին կոչեր են ուղղում` առանց միմյանց լսելու: Թավշյա հեղափոխության որակների մեջ դա հայկական ներդրումն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ