Aysor-am-ը գրում է` մեկ տարի առաջ այս օրերին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի մահվան տարելիցի կապակցությամբ տեսանյութ էինք պատրաստում, նրա հայրը՝ Քյալաշ Սլոյանը վատառողջ էր, բայց մեծ ոգևորությամբ էր խոսում որդու մասին։ Ընդամենը մի քանի օր անց նա էլ մահացավ։ Ապրիլին լրանում է Քյարամ Սլոյանի մահվան 2, Քյալաշ Սլոյանի մահվան 1 տարին։ Մայրը՝ տիկին Նվարդը, շարունակում է սպասել որդու վերադարձին։
«Սպասում եմ, ասում եմ՝ երևի կգա էլի»,- ասում է Նվարդ Սլոյանը՝ պատմելով, որ որդին, ի թիվս այլ երազանքների, ուզում էր, որ վերադառնալուն պես տունը վերանորոգեր։ Մայրը գնացել է Արցախ, այցելել դիրքերը, որտեղ եղել է որդին։
«Հրամանատարը տարավ, ցույց տվեց։ Քյարամը վանք էր սարքել, էդ վանքն էլ ցույց տվեց»,- պատմում է հերոսի մայրը։ Քյարամ Սլոյանի անձնական իրերը, պատվոգրերը շարունակում են մնալ տան նույն անկյունում, պատվոգրերն ավելացել են, Քյարամի նկարների կողքին ավելացել են նաև հոր նկարները։
Հայրը՝ Քյալաշ Սլոյանը, չդիմանալով որդու կորստին, մահացավ որդու մահից մեկ տարի անց։ Նա ևս Արցախյան պատերազմի մասնակից էր։ «Ոչ մի բան չի փոխվել, սուգն ու կսկիծն է ավելացել»,- ասում է տիկին Նվարդը։
Եղբայրը՝ Համիկ Սլոյանը, պատմում է, որ Քյարամի մահվան մանրամասները մորից կարողացել են թաքցնել երեք ամիս։ Հետո լրատվական հաղորդումներից մայրն իմացել է մանրամասները։ «Թող բոլորի երեխեքը բարով-խերով գան, հասնեն իրենց ծնողներին, ոչ մի ծնող էդ բանը թող չտեսնի»,- զրույցը եզրափակում է տիկին Նվարդը: