ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արտահերթ նստաշրջանի հերթական սկանդալը, և ոչ միայն

Արտահերթ նստաշրջանի հերթական սկանդալը, և ոչ միայն
11.07.2017 | 09:59

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ին էր ներկայացնում հաղորդում դատախազության 2016-ի գործունեության մասին: Նրա տվյալներով մի գործունեություն, որ ունի «Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը» նշանաբանը: Հարցից հարց պարզվեց, որ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն անցած դեկտեմբերին ազատ արձակվեց, հետո կրկին կալանավորվեց, որովհետև «Գործով տվյալներ էին ստացվել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»՝ ինչպես պարզաբանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ առանց մանրամասնելու:

Ի՞նչ տվյալներ: Ի՞նչ նոր հանցագործություն էր անելու մի մարդ, որ հազիվ էր տեղից տեղ շարժվում: Ո՞վ էր այդ տվյալները հայտնել: Բոլորովին չկասկածելով, որ իրոք դատախազությունում կան խիստ համապատասխան տվյալներ, կասկածելի չէ՞ այդ տվյալների ի հայտ գալու պատճառը: Ի վերջո, եթե Արթուր Սարգսյանն այդքան վտանգավոր էր ու դարի հանցագործությունն էր ծրագրել, ինչո՞ւ երկարատև հացադուլից հետո նա պատգամավորների երաշխավորմամբ ազատ արձակվեց: Ի՞նչ եղան տվյալները:
Եթե Արթուր Սարգսյանը նորից կալանավորվել էր, որովհետև չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, գուցե կարելի էր հասկանալ, որ չէր կարողացել ներկայանալ: Ֆիզիկապես: Այն տպավորությունն է, որ համակարգն ընկել է մարդու հետևից ու ամեն ինչ անում է նրան կոտրելու համար: Ինչո՞ւ նշանակվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որը պարզեց, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ: Որքանո՞վ էր հավաստի երկրորդ փորձաքննությունը՝ պատվիրված արդյունքով չէ՞ր, եթե խնդիրը դրված էր կալանավորում: Բացարձակ առո՞ղջ էր մարդը, որ 10 օր անց վիրահատությունից հետո մահացավ հիվանդանոցում: Գլխավոր դատախազը հորդորում էր չշահարկել Արթուր Սարգսյանի մահը: Ճիշտ էր անում: Բայց այդքանից հետո հավատի տեղ մնո՞ւմ է նրա մահվան հանգամանքով հարուցված քրեական գործի նկատմամբ:
Սխա՞լ էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարեց՝ բազմաթիվ անբուժելի հիվանդություններով հանդերձ կալանքի տակ պահելով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ պարզապես հաշվեհարդար են տեսել:


«Որովհետև այս մարդը դուրս էր եկել, որոշակի սիմվոլիկ դերակատարություն էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որը շատ լայն արձագանք էր գտել, մարդիկ գնում էին նրան տեսնելու, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի՝ զուգահեռ հերոս լինի. այս Հայաստանի Հանրապետությունում հերոս մենակ պետք է Սերժ Սարգսյանը լինի»:
Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր պետական ամբողջ համակարգը ընկել մի հաշմանդամի հետևից: ՊՆ արխիվներում ոչ մի փաստաթուղթ չգտնվեց, որ Արթուր Սարգսյանը կռվել է, դատախազությունում «Գործով տվյալներ» էին ի հայտ գալիս
«հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ», հիվանդանոցում հիվանդին պահելու փորձ չէին անում, իսկ վիրահատությունից հետո նա մահացավ, թեպետ մինչ այդ փորձաքննությունը եզրակացություն էր տվել, որ նա համարյա առողջ է: Շատ չե՞ն հակասությունները մի մարդու շուրջ, որին մահից հետո ավելի մեծ փորձություններ էին սպասում՝ ինչ-որ մարդիկ նրա հոգեհանգիստն ու հուղարկավորությունը սեփականաշնորհեցին, որ նրա անվան տակ իրենք նշանավորվեն: ՈՒ դա էլ սկանդալ էր: Հատկապես Հաց բերողի մոր նամակից հետո:


Այդ համապատկերում նախկին ու ներկա գլխավոր դատախազները կարող են ասել՝ ինչ ցանկանան, լեզուն ոսկոր չունի: Եթե ՊՊԾ գնդի գրավման պատմությունը չլիներ, Արթուր Սարգսյանը կարող էր հիմա ողջ լինել ու ոչ ոք նրա մասին առանձնապես չէր իմանա: Ինչո՞ւ համակարգը նրան դարձրեց խղճի կալանավոր, հերոս ու հալածյալ: Ի՞նչ է կատարվում իշխանական բուրգում, ի՞նչն է ստիպում ընդունել տրամաբանությանը դեմ որոշումներ, որոնք դեմ են հենց իր ապահով գոյությանը: Անցյալ ամռանը անմտած գործողությունները հանգեցրին Սարի թաղի քաղաքականացմանը՝ անջուր, անգազ, անլույս ու անճանապարհ մնացած մարդիկ բնականաբար պիտի փողոց դուրս գային, բայց իրավապահները նրանց այնպես ընդունեցին, ասես նրանք ՊՊԾ գնդից էին դուրս եկել: Ինչո՞ւ են մարդկանց հարթ տեղում դարձնում հեղափոխական՝ բանտերով ու դատավարություններով: Ի՞նչ իմաստ ուներ ՊՊԾ գունդը գրավածների ծեծուջարդը դատարանի շենքում: Ինչո՞ւ է ՊՊԾ գունդը գրավածների դատավարությունը ֆարսի վերածվում, որտեղ մեղադրյալները, դատավորները, փաստաբանները, ոստիկանները՝ գործընթացում բոլոր ներգրավվածները անում են ճիշտ հակառակը, որ օրենքով պիտի անեին, բայց բոլորը խոսում են օրենքի անունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս աբսուրդը ինչ-որ նպատակ պիտի ունենա, որը չի կոնկրետանում և կարող է միայն հավակնել մի խախուտ բացատրության՝ վախ սփռել կամ գոլորշին բաց թողնել: Ինչո՞ւ են հերոսացնում մարդկանց, որ հերոսական ոչինչ չեն արել: Ո՞Ւմ է դա պետք: Ո՞Ւմ է պետք արգելել ՊՊԾ գնդի գործով կալանավորվածների տեսակցությունները հարազատների հետ, ինչպե՞ս պիտի նրանք «ապօրինի ներգործություն ունենան վարույթի իրականացման վրա»: Ինչո՞ւ են դիտավորյալ խորացվում անվստահությունը, թշնամանքը, հակասությունները: ՊՊԾ-ն գրավելով հեղափոխություն անելու մտայնությունը, ոստիկանների կամայական գործողությունները դատարանում, նախագահին մեջբերող նախկին գլխավոր դատախազը, որ մոռանում է նույն նախագահի խնդրանքը լրագրողներին՝ ամեն ինչ մոռանալ և վրեժ չլուծելու հրահանգը իրավապահներին, գործող գլխավոր դատախազի սկանդալային հայտարարություններն ու ափսոսանքը, որ իրենից պահանջում են բացահայտել և խիստ պատժել հանցագործ պաշտոնյային և լրագրողի գործունեությանը խոչընդոտած իրավապահներին, բայց ոչ ոք չպահանջեց ապահովել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» արդարացի պատիժը, չե՞ն վկայում, որ օրենքի հետ վարվում են ըստ հայեցողության, ըստ պատվերի ու ըստ տրամադրության: Իսկ դա արդեն սկանդալ չէ, հակաօրինական գործունեություն է:

Դիտվել է՝ 10815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ