Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է, որ ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն կա: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն: Արեգ Կյուրեղյանը և Սմբատ Բարսեղյանը հրաժարվել են առանձնազրույց ունենալուց, սակայն նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ենթարկվել են մանրամասն ուսումնասիրության:
Մխիթար Ավետիսյանի պնդմամբ, ինքը բժշկական օգնության չի դիմել: Արայիկ Խանդոյանի պնդմամբ՝ ինքն օգտագործել է իր մոտ եղած դեղամիջոցները, իսկ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է ցավազրկող դեղամիջոց:
Արտաքին զննության արդյունքներով՝
1. Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրանքաչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ երկարությամբ, կարմրավուն երանգով,
2. Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12 սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6 սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4 սմ երկարությամբ և մոտ 3 սմ լայնությամբ քերծվածք,
3. Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ, անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2 սմ մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2 սմ երկարությամբ և մոտ 1 սմ լայնությամբ՝ կարմրավուն երանգով:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են: Մանրամասն ուսումնասիրվել և արձանագրվել են նաև նշված անձանց մարմնական զննության ենթարկելու վերաբերյալ ՔԿՀ-ում առկա արձանագրությունները:
Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ: Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել են և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների փաստաբանները նախօրեին հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալներին ոստիկանները ծեծի են ենթարկել:
Ոստիկանությունը «հերյուրանք» է որակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների պնդումները, թե հունիսի 26-ին իրավապահները իրենց ծեծի են ենթարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում: Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից, դուրս բերվելուց հետո նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել նրանց: «Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: «Արձագանքելով կիրառված ուժին` ամբաստանյալներից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում՝ հնարավոր է առաջանային քերծվածքներ»,- նշում է ոստիկանությունը` հավելելով, թե ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնական ստուգմամբ:
«Ապատեղեկատվության տարածումը հետապնդում է դատական նիստերի ընթացքում արհեստական լարվածություն առաջացնելու, ոստիկանության ծառայողների ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություններ սադրելու և արդարադատության իրականացումը ձախողելու նպատակ: Այս իրողությունը ամբողջությամբ տեղավորվում է մինչ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների նախընտրած անհեռանկար գործելաոճի տրամաբանության մեջ»,- նաև ասված է հաղորդագրությունում: