ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքեր
06.06.2017 | 10:41

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված կարգով ստացված փաստական տվյալները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի, 312-րդ հոդվածի և 313-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով իրականացված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, հատուկ պլանավորված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա դատի է տրվել:

Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա. Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ. Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ. Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն և վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:

Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են 06.06.2017թ.: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ