Խորհրդարանական ընտրությունից հետո հետընտրական գործողություններ չեղան, բայց ընդդիմադիր ուժերից մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ-ն, դիմեց ՍԴ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ վերջիններիս` տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ, ճնշումներ, ընտրողի իրավունքների ոտնահարում։ Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ։
-Թեև հետընտրական գործողություններ չեղան, բայց ընդդիմադիր ուժերից մեկը դիմել է ՍԴ։ Ինչպե՞ս բացատրել` ընտրությունների վերաբերյալ հանրային ըմբոստացում չկա, բայց ընդդիմադիրները խոսում են խախտումների մեծ ծավալների մասին։
-Մինչ այժմ, երբ որևէ ուժ դիմում էր ՍԴ, իր քայլը հիմնավորում էր նաև հանրային պահանջով։ Մինչդեռ այսօր բոլորն են պնդում, որ բողոքարկելու հանրային պահանջ չկա, ասել է` համապետական արդյունքների ճանաչման վերաբերյալ հանրային որևէ դժգոհություն չկա։ Սա ակնհայտ է, փաստ։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անեին քաղաքական ուժերը։ Մի մասը քաղաքակիրթ ու մեծահոգաբար ընդունեց, որ ինքը պարտվել է և ընդունեց արդյունքները։ Մյուս մասը, ինչպես նախընտրական շրջանում երևաց, ժամանակն օգտագործում է հետընտրական գործողություններ պլանավորելու, ոչ թե քարոզարշավ կազմակերպելու համար։ Երբ հետընտրական գործողություններն անհնար եղավ իրականացնել, դիմեցին ՍԴ։ ՍԴ դիմել են վստահաբար դատարկ թղթերի կապոցով։ Ներկայացնելու են, հավանաբար, այսպիսի տեղեկություններ` ինչ-որ մեկն իր հարցազրույցում ահա այսպիսի տերմին է օգտագործել, որն իրենք համարում են փաստ։ Կամ ձայնագրության ժամանակ ինչ-որ մեկի տոնայնության մեջ կային պահանջի, սպառնալիքի տարրեր։ Բայց այդ ամենը ՍԴ-ի խնդիրը չէ, եզակի դեպքեր են, որոնցով պետք է զբաղվեն դատական մարմինները՝ նախ պարզելով` դրանում հանցակազմ կա,՞ թե՞ ոչ։ Հետո դրանք որքա՞ն են առնչվում քվեարկության և արդյունքների հետ։ Այս ԸՕ-ով լուծվել են մի շարք կարևոր խնդիրներ։ Ապրիլի 2-ին կայացած ընտրությունն ապացուցեց` ընտրողը վստահ է, որ ինքը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնն արդարացիորեն կհաշվվի։ Սա արդեն փաստ է։ Հիմա, եթե այդ ընտրողն աշխատում է «ՍԱՍ»-ում և ժողովի ժամանակ ինչ-որ մեկն իրեն ասել է, թե ինչու ձայն չես բերել, ի՞նչ կապ ունի քվեարկության հետ։
-«ՍԱՍ»-ի ժողովի հայտնի ձայնագրությունն ընտրողի, տվյալ դեպքում` իրենց աշխատակիցների վրա ճնշում գործադրելու ընդամենը մեկ օրինակ է։ Իսկ քանի՜-քանի նման օրինակներ կան, որոնք չեն հանրայնացվել։
-Նույնիսկ այս մեկ օրինակում ժողովը վարողը պարբերաբար նշում է, որ իր ասածն ընդունեն որպես խնդրանք։ Հիմա Ձեզ, որպես լրագրողի, առաջարկում եմ ուսումնասիրել` արդյոք «ՍԱՍ» գրուպից որևէ մեկն աշխատանքից ազատվե՞լ է։ Համոզված եմ` ոչ մի թեկնածու չի հավաքել այնքան քվե, որքան ակնկալում էր։ Քարոզիչները ևս չեն կարողացել ապահովել այնքան ձայն, որքան կանխատեսում էին։ Բոլոր թեկնածուներին էլ ընտրողը խոստացել է, որ նրան է ձայնը տալու, այսինքն` ընտրողը ոչ մեկին «չէ» չի ասել, սակայն քվեարկել է նրա օգտին, ում ցանկացել է։ ԸՕ-ն էլ ընձեռել է հնարավորություն, որ այդ ձայնը տեղ հասնի։ Հիմա եթե որևէ մեկը դրսում այդ ընտրողին սպառնացել է կամ ինչ-որ խոստումներ է տվել, դրանք արդեն երկրորդական են դառնում։
-Ամեն դեպքում` նորմա՞լ է նման ձայնագրության առկայությունը։
-Ճիշտ է, այդ ամենն անցանկալի է, ու հարկավոր է նման խնդիրները վերացնել։ Դրանք քվեարկության արդյունքի վրա չազդող, բայց բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցող երևույթներ են։ Հիշենք, թե մինչ քվեարկությունը ինչեր էին ասում ընտրողների թվի վերաբերյալ, թե Հայաստանում այդքան ընտրող չկա, թվերն ուռճացված են, Հայաստանից դուրս գտնվող մարդկանց, մահացածների փոխարեն քվեարկում են, կարուսելներ են անում... հազար ու մի մեղադրանք։ Փա՜ռք Աստծո, հիմա էլ նման բաներ չկան, այս քվեարկությունը ցույց տվեց, որ Հայաստանում այնուամենայնիվ այդքան ընտրող կա։ Ստորագրությունները հրապարակված են, կան հստակ հասցեներ, ասել կուզի` ոչ մի ձևական ընտրող չկա։ Սա ապացուցում է, որ բոլոր խոսակցությունները զրպարտություն են եղել։ Փաստորեն, արդար ընտրությունների ամենակարևոր սկզբունքները լուծված են։ Կան մամուլի մակարդակով քննարկումներ, ընտրակաշառքի մասին հրապարակումներ։ Իշխանությունների առաջ ծառացած հաջորդ քայլը, որ առաջիկայում պետք է անել Երևանի ավագանու ընտրություններում, մամուլի մակարդակի խոսակցություններին ևս վերջ դնելն է։ Երևանը հանրապետության կեսն է, և այս ընտրություններում կտեսնեք ու կհամոզվեք, որ ընտրակաշառքի և ճնշումների վերաբերյալ մամուլի մակարդակով քննարկումներ չեն լինի։
-Իշխանություններն ինչպե՞ս են պայքարելու ընտրակաշառքի և ճնշումների դեմ։
-Կա դրա լուծման մի պարզ ձև։ Այնպես անել, որ ընտրողը հնարավորություն ունենա գաղտնի քվեարկելու, և նրա ձայնն արդարացիորեն հաշվվի։ Եթե նրան դրսում ընտրակաշառք են առաջարկել, ճնշել են, համոզել են, խնդրել, պարել են, երգել, լավ միտինգ են արել, կտուրներով են թռչկոտել, երկրորդական է, առաջնայինը նրա կամարտահայտության ազատությունն է։ Ընտրակաշառքի և ճնշման դեմ լավագույն պայքարը գաղտնի քվեարկության ապահովումն է ու ձայների արդարացի հաշվարկը։ Այս խնդիրն արդեն լուծված է։ Կարծում եմ` իշխանությունները կգտնեն ճանապարհ, որ Երևանի ավագանու ընտրություններում այլևս նման խոսակցություններ չլինեն։ Դրանում շուտով կհամոզվեք։
-Եթե ճնշումներ չլինեն, ընտրակաշառք չբաժանվի, վարչական ռեսուրսը չկիրառվի, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ընտրվելու, այն էլ՝ բարձր տոկոսով։
-Ընտրվելու է, ու դա ունի իր բացատրությունը։ Նախ, ամեն ինչ պետք է գնահատել համեմատության մեջ։ Հանրությունն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ է իշխանություններից։ Ասեք, ո՞րն է այն քաղաքական ուժը, որին հանրությունը կարող է վստահել։ Երբ այս հարցը տալիս ես, բոլորը լռում են։ Մենք քարոզարշավի ժամանակ ժողովրդին առաջարկում էինք. «Մատնանշեք մեկին, որ մեզնից լավ կարող է ապահովել երկրի անվտանգությունը»։ Իսկ անվտանգության քարոզչության բաղադրիչը կրում էր հանրապետության նախագահը։ Թեկնածուներից ո՞վ կարող էր ապահովել մեր անվտանգությունը նրանից լավ։ Բոլորն էլ հասկանում էին, որ հանրապետության նախագահն է ամենափորձառուն, ունի բոլոր անհրաժեշտ կապերը, գիտելիքները, հմտությունները, ծանոթ է բանակցությունների ողջ գործընթացին և պաշտպանության կառուցվածքին։ Այս պահին որևէ մեկն օբյեկտիվորեն չի կարող փոխարինել նրան։ Սա էր պատճառը, որ նման հարցադրում անելով հասկանում էինք, որ դա տեղ է հասնում։ Հանրությանն ընկալելի էին դառնում մեր «մեսիջները», որովհետև մեզ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Սրա վրա էլ գիտակցաբար շեշտը դնում էինք։ Հաջորդ կարևոր հանգամանքը` մեր առավելությունը մյուսների հանդեպ. ասում էինք. «Մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է, ցույց տվեք ձեր վարչապետի թեկնածուին, որպեսզի հանրությունը կարողանա համեմատել ու ընտրել»։ ՈՒնե՞ր Կարեն Կարապետյանը մրցակից։ Մեր տնտեսության զարգացումն ու առաջընթացը կապում էինք նրա անձի հետ։ Նա ուներ բարձր վարկանիշ և մրցակցային հարթությունում բոլորից բարձր էր։ Թող իրենց վարչապետի թեկնածուները Կարեն Կարապետյանի հետ, այսպես ասած, «մեջլիս» մտնեին։ Որևիցե մեկը նույն կշռի վարչապետի թեկնածու չուներ։ Այս գործոնները հիմք էին տալիս մեզ ենթադրելու, որ ընտրություններում այսպիսի արդյունք կունենանք։ Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մշտապես ու մանրակրկիտ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։ ՏԻՄ-երի 70 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց համայնքում ունեն հեղինակություն, նրանք ընտրվել են, այսինքն` ձայների մեծ մասը նրանք հավաքել են։ Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում։ Ամբողջ աշխարհում համապետական ընտրությունների հիմքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Մենք հաղթել ենք ՏԻՄ ընտրություններում, ապա ինչո՞ւ են զարմանում, որ համապետականում ևս հաղթել ենք։
Ես թվարկեցի ընդամենը մի քանի կարևոր գործոններ, առավելություններ, որոնք ապահովեցին մեր հաղթանակը, էլ չեմ խոսում կուսակցության կազմակերպչական հնարավորություններից, կուսակցական պատմությունից, բազմանդամ կուսակցություն լինելուց։
-Դուք երկու հիմնական «առավելություն» մատնանշեցիք՝ Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան։ Պե՞տք է ենթադրել, որ 2018-ի վերադասավորումներում հենց նրանք էլ կենտրոնական դեմքերն են լինելու, չէ որ նաև նրանց շնորհիվ է, ինչպես փաստեցինք, կուսակցությունը հաջողություն արձանագրել։
-Բացի Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի կարևոր դերակատարումից, այլ առավելություններ ևս մատնանշեցի։ Ինչ վերաբերում է 2018-ին, ապա իրողությունը, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առաջին փոխնախագահն է, պատահական չէ ու արդեն ինչ-որ բան հուշում է։ Իսկ հանրապետության նախագահն իր ապագայի մասին վերջերս շատ հստակ խոսեց ու արձանագրեց` ապագայում կցանկանա իր լուման ունենալ երկրի անվտանգության հարցերում։
-Վերադառնալով ընտրակեղծիքներին, անգամ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները (իհարկե, նրանք, ովքեր պարտվել են) խոսում են ընտրակաշառքի մասին։ Ամեն դեպքում ընտրակաշառքն այս ընտրություններում լուրջ դերակատարում չի՞ ունեցել։
-Ո՛չ, յուրաքանչյուր թեկնածու նախ պետք է իր պարտության պատճառներն իր մեջ փնտրի, հետո նոր մեղադրի մյուսներին։ Կարծես ավանդույթ է դարձել` թեկնածուն իր պարտության պատճառները միշտ դրսում է փնտրում։ Այդպիսով փորձում է իր թիմի և հանրության աչքում արդարանալ։ Բողոքում են ընտրակաշառքից նաև այնպիսի թեկնածուներ, որոնց ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրում է նաև մամուլը։
-Հիմա հանրության ձայների մեծամասնությունը ՀՀԿ-ինն է։ Արդարացնելո՞ւ եք հանրության սպասելիքները, երկրում բարեփոխումներ, տեղաշարժեր կլինե՞ն։ Շատերը վերստին պնդում են, որ համակարգային փոփոխություն է պետք։
-Համակարգը փոխել ենք, այսուհետ խորհրդարանական կառավարման համակարգում ենք ապրում։ Տասն ամիս հետո լիովին այդ համակարգին ենք անցնելու, որտեղ խորհրդարանն ու կառավարությունն են լինելու կարևոր ինստիտուտներ։
-Պարոն Նիկոյան, ի՞նչ տարբերություն` վարչապետի՞, թե՞ նախագահի ինստիտուտն է երկրի ղեկը ստանձնում, եթե նույն մարդիկ, նույն թիմով նույն քաղաքականությունն են տանելու։ Որոշումների տակ ենթադրենք ոչ թե նախագահի, այլ վարչապետի ստորագրությունն է լինելու, դրանից ի՞նչ է փոխվելու։
-Լա՛վ, ի՞նչ է նշանակում համակարգ փոխել, եթե պետական կառավարման համակարգը գլոբալ առումով փոխվել է։ Սրանից առավել մեծ համակարգային փոփոխություն դժվար է պատկերացնել։ Վարչապետը նոր, էներգիայով լի մարդ է, և նա է լինելու բոլոր խնդիրների պատասխանատուն։ Սրանից ավելի ի՞նչ փոփոխություններ եք ուզում։ Այն կարծիքին չեմ նաև, որ նույն մարդիկ են լինելու որոշում կայացնողները։ Խորհրդարանը, բացի պատգամավորների թվի կրճատումից, բավական նոր դեմքերով է համալրվել։ Սա այն խորհրդարանը չէ, որ նախկինում կար։ Խորհրդարանում նաև համակարգային փոփոխություն է տեղի ունեցել` և՛ դեմքերի, և՛ որոշում ընդունողների առումով։ Կառավարության դերը էականորեն փոխվելու է։ Նոր է փոխվել կառավարությունը, այդ ովքե՞ր են, որ հին որոշումների մակարդակով են կառավարում։ Ամբողջությամբ նոր մարդիկ են։ Երբ նախագահական համակարգը վերջնականապես իր տեղը կզիջի խորհրդարանական կառավարմանը, Ձեր ասած «հարց լուծող» մարդիկ այլևս նույնը չեն լինի։ Ես չգիտեմ` սրանից ավելի էլ ի՞նչ են ուզում մարդիկ։
-Շարքային քաղաքացուն, որն ամեն օր հացի խնդիր է լուծում, այնքան էլ հետաքրքիր չէ` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ինստիտուտն է որոշիչ լինելու, նա ուզում է, որ երկրի իշխանությունը մտածի սեփական ժողովրդի բարեկեցության մասին ու իր դարդին դարման անի։
-Բոլորի ցանկությունն է այդ։ Եթե մեկը կարծում է, որ կա մի իշխանավոր կամ կառավարություն, որը չի ուզում հանրության վիճակը բարելավվի, չարաչար սխալվում է։
-Եթե իշխանությունը նման ցանկություն ունի, նախորդ տարիներին ինչո՞վ է զբաղվել։
-Զբաղվել է այնքան, որքան կարողացել է։ Հիմա պահանջը մեծ է։ Դրա համար պետք են նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր աշխատաոճ, որպեսզի այսօրվա պահանջները բավարարեն։ Դրա համար էլ սկսած կուսակցությունից, վերջացրած կառավարությունով կատարվեցին էական բարեփոխումներ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ