30 տնօրեններ դատարան են դիմել, պահանջելով Դանիել Իոաննիսյանից և նրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և 2-ական միլիոն կամ, ընդհանուր առմամբ, 60 միլիոն դրամ փոխհատուցում վճարել: Հասկացաք` խոսքը վերաբերում է հայտնի 114 ձայնագրություններին, որոնք բացահայտում են, թե ինչպես են դպրոցի ու մանկապարտեզների տնօրեններն ընտրողների ցուցակներ կազմում ՀՀԿ-ի համար:
Եթե մենք քաղաքակիրթ երկրում ապրեինք, ապա Դանիելին պետությունը նույնիսկ պետք է խրախուսեր, որ նա վերացրել է պատկան մարմինների անգործությունը, այսինքն` բացահայտել է մի բուրգ, որի միջոցով քաղաքացիների քվեարկությունն ուղղորդվում է:
ԵՄ-ի դեսպանն այս երևույթին ավելի ուղիղ և կոշտ ձևակերպում է տվել` «քաղաքական կոռուպցիա»: Փաստորեն, մեր իշխանությունները ոչ միայն չեն պայքարում «քաղաքական կոռուպցիայի» դեմ, այլև մարդկանց «քսի» են տալիս քաղաքացիական հասարակության վրա, որը համարձակվում է խոսել դրա մասին: Ի դեպ, նույն քաղաքակիրթ մոտեցումը ենթադրում էր, որ սկանդալի մեջ ներքաշված տնօրենները գոնե ժամանակավորապես պետք է հրաժեշտ տային իրենց պաշտոններին, սակայն Հայաստանում գործում է այլ արատավոր պրակտիկա. մարդն ինչքան «փչացած» է լինում, այնքան ավելի պահանջարկված է դառնում: Տնօրեններից որևէ մեկը չհանդգնեց գոնե հրապարակային պարսավանքի ենթարկել ՀՀԿ-ին` իրենց բարոյական «իզգոյացման» ենթարկելու համար: Զավեշտ է, որ նրանք համաձայնեցին օգտագործվել ևս մեկ անգամ, որովհետև ակնհայտ է, որ դատարանում այս տնօրենները պայքարելու են ոչ թե իրենց, այլ ՀՀԿ-ի «թասիբի» համար:
Այս պատմության մեջ երկու խիստ մտահոգիչ հանգամանք կա, որոնք հուշում են Հայաստանում ավտորիտար միտումների խորացման մասին: Եթե թիրախավորվում է մարդկանց խումբ, որը համարձակվել է կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը, ապա դա հուշում է, որ Հայաստանում իշխանության ձևավորման իրավունքն օտարվում է հասարակությունից, ընդ որում` ոչ միայն ընտրությունների ժամանակ: Այսինքն, դու կարող ես իշխանություններին մեղադրել մեծ ու փոքր հանցանքներում (դա հանդուրժվելու է), բայց անմիջապես կպատժվես, կհետապնդվես, եթե կասկածի տակ դնես կոնկրետ մարդկանց կամ խմբի իշխանություն ունենալու իրավունքը: Ռուսաստանում այս սցենարը վաղուց է կիրառվում` համակարգային և ոչ համակարգային ընդդիմության «սորտավորմամբ»: Նույն Պուտինն ունի «հարմար» ընդդիմություն, որն իշխանությանը շարունակ քննադատում է` առանց վերջինիս գոյությանը սպառնալու: Այդ «հարմար ընդդիմությունը» Պետդումայում է և օգտվում է արտոնությունների համակարգից: Այ, «անհարմար ընդդիմադիրներին» Ռուսաստանում ծեծում են, բանտարկում, «լրտես» անվանում և, որ ամենակարևորն է, նրանց «խեղդում» են ֆինանսապես:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընդօրինակում են ռուսական փորձը: Իշխանությունները որոշել են «նեղը գցել» Դանիելին հենց ֆինանսապես, որպեսզի մյուսները հասկանան, որ ընտրակեղծարարության բուրգ հայտնաբերելն իրենց կանգնեցնելու է բոմժության ճանապարհին: Կասկած չունենաք, որ իշխանություններն իրենց քայլերն «արդարացնելու» են «վեհ գաղափարական» մոտիվներով: Ասենք, շուտով իշխանության պրոպագանդան «ձեռքի հետ» շրջանառու կդարձնի, որ Դանիելը մասոն է կամ բրիտանացիների ու ամերիկացիների շպիոն:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ