ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
11.04.2017 | 01:10

(հավատալով, որ չեք ապակողմնորոշի հանրապետության հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին)

Օրերով եմ մտածել` ինչպես և որտեղից սկսեմ ասելիքս և որ այն լինի հակիրճ և արդարացի:
Ահավոր երկրաշարժի դեկտեմբերին էր: Առանց որևէ հրամանի փոխարինել էի Սպիտակում զոհված դատախազին: Աշխատանքային օրը սկսվում էր վաղ լուսաբացից և շարունակվում մինչև ուշ գիշեր: Ամեն րոպե ինձ դիմում էին տարբեր մարդիկ բազմապիսի հարցերով: «Դատախա՛զ, այսինչ փողոցում դիակներ կան, հարկավոր է տեղափոխել», «Փոխադրամիջոց տվեք, այսինչ տանը անհայտ անձինք թալանով են զբաղված»: «Դատախազ, տեսնում ես վիճակս, հղի եմ, և մեր ամբողջ տնից միայն ես եմ մնացել, գիշերելու տեղ չունեմ»: Զգում ես դիմացդ կանգնած կնոջ ցրտից սրթսրթացող մարմնի դողը: Չկար հարց, որ ոտքի վրա չլուծվեր: Հիշեմ կոնկրետ երկու օրինակ: Երկրաշարժի երկրորդ օրն էր, ինձ մոտեցան պետական համալսարանի երեք ուսանողներ և խնդրեցին տրամադրել ավտոմեքենա շաքարի գործարանի մոտից երեք դիակ ստադիոն տեղափոխելու համար (դիակների հավաքատեղին Սպիտակի ստադիոնն էր): «Տղաներ, որտեղի՞ց հիմա ձեզ տամ ավտոմեքենա», դեռ չէի ավարտել խոսքս, երբ նրանք ցույց տվեցին մեզնից փոքր-ինչ հեռու կանգնած մի ուազիկ: ՈՒազիկի հետևում սպիտակ մուշտակներով, նույնանման գլխարկներով, նույնանման ձեռնոցներով, նույնանման կոշիկներով (վալենկաներով) կանգնած էին երեք տղամարդիկ:

Հասկացա նրանց ով լինելը (նրանք երեքն էլ Խթը-ից էին): Բայց դա չխանգարեց ինձ համարձակ գործելու. «Ձեր ավտոմեքենան պետք է տրամադրեք շաքարի գործարանի մոտից հայտնաբերված երեք դիակները (երեքն էլ կանայք էին) ստադիոն տեղափոխելու համար: Օրը արդեն մթնում է: Ըստ տղաների տեսածի` նրանց վրա բավականին ոսկեղեն, զարդեր կան: Դիակները չի կարելի փողոցում թողնել»:
-Մենք այստեղ չենք եկել դիակներ տեղափոխելու համար,- կոպտորեն ասաց նրանցից մեկը:
-Ձեր արտաքին տեսքը, փայլուն մուշտակները ամենևին լավ տպավորություն չեն թողնում մարդկանց վրա համաժողովրդական այս ողբերգության ֆոնին: Կխնդրեի հեռանալ:
Նուրբ, բայց ընդգծված հեգնանքով ասված խոսքերին նրանք տեղի տվեցին:
-Մեքենան տանք, իսկ ովքե՞ր պիտի դիակները բարձեն:
-Եթե ոչ ոք չլինի, ես կբարձեմ:
Եվ այդպես ամեն օր: Երբ ցրտից դողացող հղի կինը դիմեց ինձ, օրը մթնում էր: Իմ տաք տելեգրեյկան, որը տարիներ առաջ նվեր էի ստացել երկրաբանական վարչությունից, գցեցի նրա վրա և առաջարկեցի գիշերել ոստիկանական վրանում ինձ համար հատկացված տեղում: Ասեմ, որ ամբողջ քսան օր ես գիշերել եմ սեփական ավտոմեքենայում և արդյունքում հիվանդացա թոքերի բորբոքումով: Եվ ի՞նչ ստացա իմ կատարած հայրենանվեր աշխատանքի դիմաց: Իմ նկատմամբ հարուցվեց քրեական գործ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի ինքնիրավչություն հոդվածով: Ինչո՞ւ, որովհետև մի հայ հանդգնել էր ոմն գեներալ Ժորիչինին և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Տրոշինին անհարգալից պատասխանել:
Քրեական գործն ամենևին էլ վիրավորական չէր ինձ համար: Ընդամենը մեկ շաբաթ հետո այն կարճվեց, ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության պատճառով: Փառք ու պատիվ Բելառուսից ժամանած քննիչներին, այլապես ստրկամիտ հայ քննիչները մի բան կսարքեին: Տեղին է հիշել, որ գործի կարճումից կատաղած, այժմ հանգուցյալ դատախազը բղավել էր` ասելով, թե ինչ պիտի զեկուցեմ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Սորոկային: Երբ իմ նկատմամբ հարուցվեց քրեական գործը, դատախազությունում ոչ մեկն ինձ չէր ճանաչում, հայացքները փախցնում էին ինձնից, և ես, քայլելով շենքում, ակամայից հիշում էի տաջիկ բանաստեղծ Միրզո Թուրսունզադեի «Զգուշացիր բորոտից» բանաստեղծության տողերը:


Զգուշացիր բորոտից, զգուշացիր բորոտից: Հաստատ գիտեի, որ ես բորոտ չէի, ոչ էլ մեղավոր, պարզապես իմ կոլեգաների ճնշող մեծամասնությունը զուրկ էր տարրական մարդկային որակներից, ճշմարտության կողքին կանգնելու ունակությունից: Այդպիսի ունակությունից զուրկ է նաև Արարատի մարզի դատախազ, իմ շատ հարգելի Համբարձում Մելիք-Սարգսյանը: Երբ կեղծ փաստերով իմ նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, զանգահարեցի մարզի դատախազին: Քարտուղարուհին հարցրեց. «Ո՞վ եք»։ Ներկայացա, ասելով` Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյան: Քարտուղարուհին, միամիտ մի աղջիկ, չփակեց ընկալուչը, և լսեցի իմ երբեմնի ընկեր, կոլեգա, ընկերոջս տղա դատախազի ձայնը. «Ասեք` զբաղված եմ»: Ես անջատեցի հեռախոսը: Հասկացա, որ իմ հարգելի դատախազը բարոյական անկում է ապրում, այն է` կոռումպացված է: Հարգելի գլխավոր դատախազ, կոռուպցիայի բացատրությունը հիանալի է տրված Եղիշեի պատմության ներածականում` ծախվածություն, բարոյական անկում, կաշառակերություն:


Եթե իմ շատ հարգելի դատախազը չցանկացավ լսել իր երբեմնի կոլեգային, երբեմնի վերադասին, Աստված իր հետ, բայց ինչ անուն տամ մեկ ուրիշ դատախազի` Արմեն Կարապետյանին, որից ընդամենը տարիների չվճարված հարկերն եմ ուզել և 2013 թվականից դարձել եմ նրա երդվյալ թշնամին: Երևի պարոն դատախազը Թումանյանի հերոսի պես է մտածում. բա թե ես թավադ, թավադի որդի, և մի գյուղապետ հանդգնում է ինձնից հարկեր պահանջել... Իսկ թե ով պիտի վճարեր տույժ ու տուգանքով նրա 600 հազար հարկը, հավանաբար Աստված գիտե: Այն ամբողջ ստորությունը, որ կազմակերպվել է իմ նկատմամբ գյուղապետի ընտրություններում պարտված թեկնածուի կողմից, կազմակերպել է դատախազ Արմեն Կարապետյանը:
Հարգելի պարոն Դավթյան, ես ժամանակին տեղեկացրել եմ Ձեզ նրա վարքագծի մասին, «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում բարձրաձայնել եմ այդ մասին: Երկու անգամ էլ` 2016 թվականի նոյեմբերի 11-ին և 2017 թվականի մարտի 11-ին գրել եմ ՀՀ հարգարժան նախագահին: Իմ նամակներին և ոչ մի տեղից պատասխան չեմ ստացել:
Հանրահայտ ասացվածք է` ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:
Մեծարգո նախագահի մոտ ընդունելության ժամանակ ես բարձրաձայնել եմ հարցի մասին, քանզի լավ եմ ճանաչել նախագահի դրական որակները:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հարգելի պարոն Դավթյան, մոտավորապես մեկուկես տարի աշխատել ենք միասին, դատախազության նույն վարչությունում: Հպարտ և ուրախ էի, որ Ձեզ պես երիտասարդ կար ՀՀ գլխավոր դատախազությունում և չեմ սխալվել: Մի հարց կուզեի տալ. եթե ես լինեի մի սովորական գյուղացի, որի իրավունքները ստոր ձևով տրորում, վարկաբեկում են, մինչև ե՞րբ բարոյական անկում ապրած օրենքի պահապանները պիտի աջակցեն վարկաբեկիչներին, կամ էլ մեջքով շուռ գան դեպի տուժողը, ասելով` ես ոչինչ չեմ նկատում: Հարգելի գլխավոր դատախազ, ո՞վ պիտի վերականգնի 75 տարեկան անբասիր ապրած մարդու հեղինակությունը:
Իմ գյուղապետության տարիներին, հպարտորեն կարող եմ ասել, լուծել եմ գյուղի համար անհրաժեշտ կենցաղային բոլոր հարցերը: Անգամ խորհրդային տարիներին չլուծված խմելու ջրի հարցը լուծել եմ հիմնովին` անցկացնելով (երեք տարում) 20 կմ խմելու ջրագիծ: Մանկապարտեզ ունեմ գյուղում, որին կարող են նախանձել Երևանի շատ համայնքներ: Կարճ ասեմ` գյուղում կատարվել են մոտ 200 միլիոն դրամի աշխատանքներ, չստանալով որևէ տեղից մեկ լումա: 10 միլիոն դրամ միանվագ կենսաթոշակը, 8 միլիոն դրամ վարկը վերցրած «Հայբիզնեսբանկ»-ից, 25 տարիների գյուղատնտեսությունից ստացված եկամուտները (անասնապահական, խոզաբուծական, թռչնաբուծական ֆերմաներից, հողագործությունից և այլն) ներդրել եմ գյուղի զարգացման վրա: Միայն գյուղապետարանի վերանորոգման վրա ծախսվել է մոտ 40 միլիոն դրամ: Գյուղի կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության ծախսը, սկսած 2014 թվականից, կատարում եմ ես, իմ անձնական միջոցներով, որովհետև ունեմ գիշերային հաշվիչ: Կարճ ասեմ, ես հայի այլ տեսակ եմ, գուցե և անհասկանալի: Ոչ ոք հավանաբար իր քրտինքը չի ներդնի գյուղի զարգացման համար, կարող եմ շարունակել: Բայց վերջակետ դնեմ` հարցնելով` և ի՜նչ ստացա ես իմ հայրենանվեր աշխատանքի դիմաց: Պարզապես մխիթարվում եմ Տուրգենևի բոլորովին անմեղ, ազնիվ հերոսի` կախաղանի օղը վիզը գցած Իվանի խոսքերով.
-Աստված տեսնում է, որ ես անմեղ եմ:
Նույն դատախազ Արմեն Կարապետյանն ունի 365 հազար դրամ ոռոգման ջրի պարտք նախորդ տարիներից:
Անցած տարի 4,75 հա հողը ջրելու համար մուծել է ընդամենը 130 հազար դրամ: Ավելի մանրացնենք պատկերը: Նշված 4,75 հա-ից անցած տարի 3,1 հա խաղողից չի մշակել 1,08 հա: Մշակել է 2,02 հա: Մեկ հեկտար խաղողի այգու ոռոգման տարեկան արժեքը կազմում է մոտ 80 հազար դրամ: Այսինքն` 2,02 հա-ի համար պիտի մուծեր 160 հազար դրամ: 0,41 հա պտղատու այգու ջուրը արժե 35 հազար դրամ: Մեկ հեկտար մշակովի վարելահողի (կարտոֆիլի) ջրի վարձը արժե 60 հազար դրամ: Երկու տնամերձներինը արժե ավելի քան 20 հազար դրամ:
Փաստորեն ստացվում է 160+35+60+20=275 հազար դրամ: Իսկ ինչո՞ւ է 275 հազար դրամի փոխարեն գանձվել 130 հազար դրամ: Հավանաբար գործել է թավադ, թավադի որդի հասկացությունը:
Տեղին է հարցնել, ո՞ր գյուղացուն է տրվում այդպիսի արտոնյալ պայմաններով ջուր: Անշուշտ ոչ ոքի: Այդպիսի հնարավորություն տրվում է միայն կոռումպացված դատախազ Արմեն Կարապետյանին:

Դիտվել է՝ 4801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ