ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ-ը ապացույցներ կներկայացնի՞ Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի մեղսակցության մասին

ԱՄՆ-ը ապացույցներ կներկայացնի՞ Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի մեղսակցության մասին
07.12.2016 | 17:14

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի ազդելու» Ռուսաստանի փորձերին: Այդպիսի գործողությունների տակ նկատի են առնվում կեղծ տեղեկատվության տարածումը, մարդու իրավունքների ոտնահարումները, կոռուպցիան, ահաբեկչական գործողությունները և քաղաքական սպանությունները, որոնք, ինչպես նշվում է օրինագծում, իրականացնում են ռուսաստանյան հատուկ ծառայություններն ու քաղաքական վերնախավը կամ նրանց վստահված անձինք:


ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ևս կատարվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությամբ, բայց բացարձակ քաղաքական գործոններից է կախված, որ այդ ողբերգությունը հայտնվի նրանց դիտակետում. «Որքանով նպատակահարմար կհամարվի դա կամ որքանով շահեկան կլինի ԱՄՆ-ին: Ենթադրենք՝ ապացույցներ լինեն Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ որպես հատուկ ծառայությունների միջամտության դրսևորում. գիտեք, որ այս մասին և տեղական փորձագետներ, և միջազգային փորձագետներ տեսակետ են հայտնել: Ավելին՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լիտվինենկոն բառացիորեն մեղադրել էր Ռուսաստանի հատուկ ծառայություններին Հայաստանում Հոկտեմբերի 27 կազմակերպելու մեջ: Այսինքն՝ ակնհայտորեն ինչ-որ ապացույցներ կլինեն՝ գոնե այն մասով, որ Լիտվինենկոն փախել էր Միացյալ Թագավորություն, բայց իր տրամադրության տակ եղած ապացույցները ներկայացրել էր: Հիմա որքանո՞վ նպատակահարմար կլինի գոնե Հայաստանի մասով այդպիսի հանցագործություններին վերաբերող փաստաթղթերի փաթեթ տրամադրելը, թերևս այս պահին վաղ է ասել, որ ԱՄՆ-ը դա կանի: Ես գրեթե կասկած չունեմ, որ Բոսնիայի հետ կապված, որտեղ ակնհայտ է ռուսական հատուկ ծառայությունների առնչությունը պետական հեղաշրջման փորձին, կամ եթե որևէ այլ միջամտություն լինի եվրոպական կամ ամերիկյան երկրների հետ կապված, բնականաբար՝ կդառնա, իսկ կոնկրետ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ ես դեռևս մեծ վստահություն չունեմ, թեպետ մենք բացառել չենք կարող, որ երբևիցե այդպիսի քաղաքական անհրաժեշտություն առաջանա»:


Ըստ Սաֆարյանի՝ ամեն ինչ կախված կլինի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հետագա զարգացումներից. «Մենք այս խնդրի մասին ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ տեսնենք, թե մի քանի ամսից ինչպես են դասավորվում հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահի և Ռուսաստանի միջև»:
Դիտարկմանը, թե Հայաստանը շահագրգիռ կլինի՞ այս հարցում՝ այն կոնտեքստում, որ շատերը մեղադրում են այն ժամանակվա իշխանություններին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացի խմբից, որևէ այլ հանգամանքներ ի հայտ չեկան. դա վկայում է, որ Հայաստանում ավելի շատ են նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ: Շահագրգռված չլինելը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ՝ մեկը գուցե վախենա, մեկը ուղղակի կաշկանդված լինի խոսել Ռուսաստանի դեմ: Համենայն դեպս, փաստն այն է, որ այդ հանցագործության բացահայտմամբ չշահագրգռվածներն ավելի շատ են, քան շահագրգռվածները. եթե հակառակ պատկերը լիներ, հանցագործությունը բացահայտված կլիներ»:

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ