Փորձագետների գնահատականով՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի ձերբակալությունը ուժեղ հարված է կառավարության ազատական թևին: Պետդումայում կատարվածին հանգիստ արձագանքեցին՝ «անձեռնմխելիներ չկան»: ՈՒլյուկաևի ծանոթներին նրա ձերբակալությունն ու ներկայացված մեղադրանքները շոկի են մատնել՝ համարյա միաձայն նրանք BBC թղթակիցների հետ զրույցներում պնդել են` «Լյոշան այդքան հիմար չէ, որ կաշառք վերցնի»:
ՈՒլյուկաևին ձերբակալել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ մեղադրելով, որ նոյեմբերի 14-ին 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել «Ռոսնավթից» դրական գնահատականի համար, որը ընկերությանը թույլ կտար ձեռքբերել «Բաշնավթի» պետական բաժնետոմսերը:
«Եթե ասեին, որ նա երեխաներ է ուտում, ավելի ռեալիստական կլիներ»
Ալեքսանդր Աուզան, Մոսկվայի պետհամալսարանի տնտեսական ֆակուլտետի դեկան, ՈՒլյուկաևի համակուրսեցի.
Ալեքսեյը բազմակողմանի մարդ է, բանաստեղծ, վերլուծաբան, մակրոտնտեսագետ, այդ պատճառով էլ ես չեմ հավատում այն պատմություններին, որ հիմա պատմում են գործակալությունները: Դա կարող է լինել միայն սադրանք: Դա Լյոշայի մասին չէ: Ես բնականաբար նրա հետ շփվել եմ, երբ նախարար էր, ես նախարարության հանրային խորհրդի անդամ եմ: Մենք տարակարծություններ ունենք՝ ինչը ինչպես անել: Վերջին խոսակցությունները վերաբերում էին Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարության կառուցմանը, դա դժվար խնդիր է, որ երկար քննարկվում է: Չեմ կարող ասել, որ Ալեքսեյ ՈՒլյուկաևը այն նախարարն է, որ ամեն ինչում անթերի է, բայց կարծում եմ, որ նա իր պարտականությունները կատարում է: Կոռուպցիա ու կաշառք կարող է լինել ցանկացած գերատեսչությունում, բայց, իհարկե, տնտեսական զարգացման նախարարությունը, իբրև կառավարության շտաբային կառույց, թույլտվություններով ու համաձայնեցումներով չի զբաղվում, այլ նախագծեր ու գաղափարներ առաջ մղելով: Այս ամբողջ պատմությունն ինձ անհեթեթ է թվում:
Լեոնիդ Գոզման. «Աջ ուժերի դաշինքի» համառուսաստանյան հասարակական շարժման նախագահ, ՈՒլյուկաևի նախկին գործընկեր «Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն» կուսակցությունից.
Կատարվողն ինձ թվում է լիակատար խելագարություն: Եթե ասեին, որ նա առավոտները աշխատանքի գնալիս երեխաներ է բռնում ու հետո ուտում է, դա ավելի ռեալիստական կհնչեր: Այն, ինչ նրան մեղսագրվում է, երբեք չէր կարող կատարվել, դա պարզունակ դետեկտիվի մակարդակ է: Հարված է ներդրումային միջավայրին:
Անդրեյ Նեչաև, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության նախագահ 1992-ի փետրվարից 1993-ի մարտ՝ ՌԴ էկոնոմիկայի նախարար
Պետք է սպասել հետաքննության ավարտին և վերջնական մեղադրանքին: Ինձ համար այդ ամենը տարօրինակ է: Եթե «Роснефть»-ը չէր կարող գնել «Башнефть»-ը, պետք էր վերանայել գործարքի արդյունքները և բեկանել: Եթե կարող էր, հասկանալի չէ՝ ինչո՞ւ պիտի Ալեքսեյ Վալենտինովիչին կաշառք տար:
Յուլիյ Նիսնևիչ, Հակակոռուպցիոն քաղաքականության գիտաուսումնական լաբորատորիայի գիտական ղեկավար, սոցիալական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր, ՈՒլյուկաևի նախկին գործընկեր «Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն» կուսակցությունից.
Առայժմ այնքան էլ հասկանալի չէ՝ իրականում ինչ է կատարվել: Հայտարարեցին, որ Անվտանգության դաշնային ծառայությունը նրան ամբողջ տարի հետևել է, իսկ «Роснефть»-ի պատմությունը ամռանն է սկսվել: Ինչո՞ւ են հետևել: Հենց այնպե՞ս: Տարօրինակ է: Ինչո՞ւ են գիշերը ձերբակալել: Ես Ալեքսեյ Վալենտինովիչին անձամբ ճանաչում եմ ու կասկածում եմ, որ նրան երկու միլիոնով ճամպրուկ են բերել: Նա այդքան տխմար չէ: Ռեսուրսների կարկանդակը փոքրանում է, խմբավորումների միջև պայքար է գնում, որ այդ կարկանդակով են կերակրվում, դա միջկլանային պայքար է, որտեղ առանձին մարդիկ են տուժում: Ցանկացած մարդ, որ հայտնվում է մեր իշխանության մեջ, մեղմ ասած, մեծ ռիսկի է գնում: Դա ինքնատիպ կառույց է, որտեղ ոչ ոք ապահովագրված չէ: Վաղը կարող է ամենավերևից ցած գլորվել: Ալեքսեյ Վալենտինովիչը գիտեր այդ ռիսկերը, երբ համաձայնում էր համակարգ մտնել: Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը օգտագործվում է ոչ այնքան կոռուպցիան ոչնչացնելու համար, որքան իշխանության մեջ այս ու այն դիրքերը նվաճելու:
ՈՒժեղ հարված ազատական թևին
Վալերի Միրոնով, «Տնտեսության բարձրագույն դպրոցի զարգացման կենտրոնի» փոխտնօրեն
Այս բոլոր իրադարձությունները բացարձակ անակնկալ են ինձ համար: Հիմա ներդրողներին շոկի մատնելու ժամանակը չէ: Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների փոփոխության դեպքում կարող է ստանալ արտասահմանյան ներդրումների վիթխարի հոսք, որ մեկնարկի դիրքերում սպասում են, որովհետև դևալվացիայից հետո երկրները ներդրումների համար գրավիչ են դառնում: Մենք դա չունենք աշխարհաքաղաքական խնդիրների ու անորոշության պատճառով: Շոկեր ստեղծել իշխանությանը պետք չէ, իսկ առանցքային նախարարի ձերբակալությունը շոկ է: Պատժամիջոցների սահմանումից հետո և ներքին քաղաքականության կոշտացման շրջանում ՈՒլյուկաևին ներգրավեցին ներդրողների հետ շփումների համար, որ նրան ճանաչում էին իբրև ազատական տնտեսագետ: Պետք է հասկանալ՝ սա PR ակցիա չէ՞՝ ասենք նահանգապետից հասանք նախարարին կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիան այդպես չեն հաղթահարում, համակարգային աշխատանք է պետք: Դա ոչ մեկին ձեռնտու չէ, հատկապես, երբ տնտեսությունը սահմանային վիճակում է ռեցեսիայի ու ստագնացիայի միջև, աճի հետքն էլ չի երևում: Դա բավականաչափ ուժեղ հարված է, որ հասցվելու է ազատական թևին: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող էր նախարարը կանխիկով կաշառք վերցնել: Բայց հազիվ թե դա առանց ապացույցների կատարվեր: Ինչպե՞ս կարելի է նախարար ձերբակալել առանց ապացույցների: Պետք է պարզել: Միանգամայն ֆանտաստիկ է, որ նման մարդու հետ կարող էր այդպիսի դեպք կատարվել: Նրան բոլորը ճանաչում են իբրև ինտելիգենտ մարդու, բանաստեղծի: Ինտելիգենտ մարդիկ, որպես կանոն, իրենց հեղինակությունը թանկ են գնահատում:
Վլադիմիր Տիխոմիրով, БКС ֆինանսական խմբի գլխավոր տնտեսագետ
Ներդրողների հանրությունը որևէ բողոք կամ քննադատություն տնտեսական զարգացման նախարարությանը չուներ: Նախարարությունը ֆինանսների նախարարության ու Կենտրոնական բանկի հետ միշտ համարվում էր հզոր ֆինանսատնտեսական բլոկ կառավարության մեջ, որ ունի ազատական հայացքներ, բարենորոգումների նպատակաուղվածություն ու բոլոր ղեկավարները՝ ՈՒլյուկաևը, Սիլուանովը, Նաբիուլինան ունեին ու ունեն բավականաչափ բարձր հարգանք ներդրողների շրջանում: Դա գործող կառավարության ուժեղ կողմերից է: ՈՒլյուկաևի ձերբակալության այդ ամբողջ պատմությունը շատ զարմանալի է: Այն պարզ պատճառով, որ այդպիսի փորձով, այդ մակարդակի մարդը խառնված է խոշորագույն պետական ընկերությունից կաշառք ստանալու պատմության մեջ, որը ղեկավարում է նախագահին շատ մոտ մարդ: Այդ ամենը շատ զարմանալի է: Հասկանալի է, որ եթե նա իրոք խառնված է նման պատմության, նա պետք է իրեն հաշիվ տար, թե ինչ ռիսկեր կան: Տարօրինակ պատմություն է և կաշառքի առումով: ՈՒլյուկաևի և նախարարության դիրքորոշումը արմատական չէր «Башнефть»-ի սեփականաշնորհման համաձայնության կամ անհամաձայնության մեջ: Եթե նա իրոք փորձեր գործարքը կասեցնել, նրան հանգիստ կարելի էր շրջանցել, հաշվի առնելով Սեչինի կապերը: Ես չեմ կարծում, որ դա այն հարցն էր, որը «Роснефть»-ը պիտի կաշառք տալով լուծեր: Այս ամենը, անկասկած, մեծ հարցեր է դնում ներդրողների առաջ: Ո՞վ կմտածեր, որ այդպիսի կենսագրության տեր մարդը սովորական կաշառակեր է: Շատ շատերը դա ընկալելու են իբրև պայքար իշխանության ներսում, մի խումբը մեկ ուրիշ խմբով փոխարինելու փորձ: Տուժող խումբը կառավարության ազատական բլոկն էր, որ զբաղվում էր տնտեսական բարեփոխումներով ու ֆինանսաբյուջետային քաղաքականությամբ: Դա հարց է դարձնում, թե որն է լինելու կառավարության հաջորդ քաղաքականությունը՝ հրաժարականների սկիզբ չի՞ դնելու: Նաև ստեղծում է անորոշության որոշակի մթնոլորտ իրավիճակի զարգացման առումով: Տնտեսության համար կարճաժամկետ արդյունքը զրո է: Տնտեսությունը գործում է իր օրենքներով ու միտումներով, մի նախարար չէր կարող ինչ-որ կերպ փոխել: Դրա համար կառավարության արմատական բարեփոխումներ են պետք, որ պետք է իրականացվեն երկար ժամանակ, որպեսզի արդյունք տան:
Ղեկավարվել է ամենևին էլ ոչ պետական շահերով
Վյաչեսլավ Վոլոդին, Պետդումայի նախագահ
Շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ կառավարության նախարարին: Իհարկե, վերջակետ այս հարցում դատարանը կդնի: Միանգամայն ակնհայտ է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Եկեք սպասենք դատարանի վճռին՝ սեփական դատավճիռը կայացնելուց առաջ: Ասելու համար նա մեղավոր է, կամ մեղավոր չէ, պետք է սպասել դատարանի վճռին: Հետաքննություն է կատարվում և խառնվել հետաքննությանը անթույլատրելի է:
Վլադիմիր Վասիլև, «Единая Россия» խմբակցության ղեկավար
Այո, անձեռնմխելիներ չկան:
Նիկոլայ Կովալյով, «Единая Россия» խմբակցության պատգամավոր, ԱԴԾ-ի նախկին ղեկավար
Ես զարմացած չեմ, սպասում էի նման մի բան, երբ կարդացի նրա բանաստեղծությունները, որ որդուն կոչ էր անում Ռուսաստանից փախչել: Ես այդպես եմ հասկացել նրա բանաստեղծությունների բովանդակությունը: Ես նրա հետ շփումների բացասական փորձ էլ ունեմ, որ, իմ կարծիքով, վկայում է, որ նա իր որոշումներում ղեկավարվում էր բնավ էլ ոչ պետական շահերով:
BBC
Հ.Գ. Նկատեցի՞ք տեսակետների բազմազանությունը՝ գործնականում ԱԴԾ-ն PR ակցիա է կազմակերպում, որ հետո Պետդումայի «Единая Россия» խմբակցության ղեկավարն ասի՝ «Այո, անձեռնմխելիներ չկան»: Կան, իհարկե, բայց անձեռնմխելիների շրջանակը փոփոխվում է՝ ներիշխանական պայքարում նրանք վերուվարում են: Համենայն դեպս՝ կատարվածի մեջ բազում հարցեր կան, որ թատրոնի տպավորություն են ստեղծում, պատահական չէ, որ նախարարն իր ձերբակալությունը ընկալել է թաքնված տեսախցիկով նկարահանում: Միամիտ չլինեք, հավատալու, որ նախարարը իրական կաշառքը ճամպրուկի մեջ դասավորված դոլարների տեսքով կստանար, որոնց վրա կարող են նրա մատնահետքերն էլ «ի հայտ գալ»՝ տասնյակ հիմնադրամներ ու անանուն հաշիվներ կան բացված օֆշորներում: Նրան առայժմ տնային կալանքի են ենթարկել և սպառնում է մինչև տասնհինգ տարվա բանտարկություն, եթե մեղադրանքը հաստատվի, կամ «վերցրած» կաշառքի 70ապատիկի չափ հատուցում՝ 140 միլիոն դոլար՝ 2 միլիոն դոլարի փոխարեն, որ ինքնին հաստատելու է նրա կաշառակեր լինելը՝ որտեղից նախարարին 140 միլիոն դոլար՝ սա ևս մեկ քրեական գործ հարուցելու հիմք չէ՞:
Այնուամենայնիվ, հարց է մնում՝ Իգոր Սեչինը, որ Պուտինի մերձավոր շրջապատից է, ինչու՞ պիտի «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ձեռք բերելու համար կաշառեր նախարարին, երբ շատ ավելի հեշտ ճանապարհ ուներ՝ նախագահին երկու բառ ասել, առավել ևս, որ գործարքի մեջ ոչինչ անօրինական չկար: Իսկ եթե Սեչինը (հասկացեք՝ Պուտինը) պարզապես չէ՞ր ուզում այդ պաշտոնում այդ պաշտոնյային տեսնել, և ինչո՞ւ են նախարարին մեկ ամբողջ տարի հետևել ու գաղտնալսել: Թե՞ բոլորին են հետևում, որ անհրաժեշտ պահին «փաստեր» գտնեն: Կհետևե՞ն այլ ձերբակալություններ, թե՞ գործը հանգիստ կփակվի՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով: Բոլոր դեպքերում ակնհայտ է ներիշխանական պայքարը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ