Այս պատմությունը սկսվեց օգոստոսի 30-ին, երբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանին «Շերեմետևոյում» արգելեցին մուտք գործել ՌԴ: Դեպքից մեկ շաբաթ անց նա որոշեց ասուլիս հրավիրել՝ սպասելով այնքան, որքան Մոսկվան կարող էր որևէ պարզաբանում տալ: Պարզաբանումներ չեղան: Նրա մուտքը արգելվել է ՌԴ մուտքի ու ելքի մասին օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով, որ անցյալ տարի է ընդունվել և սահմանում է, որ այն օտարերկրացիների մուտքը ՌԴ, որ տարբեր միջազգային կառույցների, ՀԿ-ների հետ են համագործակցում, կարող է արգելվել, եթե Ռուսաստանի համար անցանկալի կազմակերպություններ են:
Ասուլիսում Ստեփան Գրիգորյանը պատմեց իր կենսագրությունը՝ ծնվել է Թբիլիսիում, դպրոցն ու ինստիտուտն ավարտել այնտեղ, ֆիզիկոս է, գիտթեկնածու, մասնագիտական հոդվածների հեղինակ: 88-ից մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-ին` ՌԴ-ում ՀՀ փոխդեսպան, 1996-1999-ին` ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, 1998-2000-ին` ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական: 21-րդ դարում զբաղվել է հասարակական գործունեությամբ: Հենց հասարակական գործունեությունն էլ փակել է նրա մուտքը ՌԴ: Ստեփան Գրիգորյանը զարմացած է, որ ինքն անցանկալի անձ է Ռուսաստանում մինչև 2030-ը և համարում է, որ դա ակնհայտ ճնշում է ակտիվ գործող հասարակական կազմակերպության վրա: Նա հայտարարեց, որ չի հրաժարվելու իր գործունեությունից, միջազգային կառույցների հետ համագործակցությունից և քննադատելու է ՌԴ քաղաքականությունը, եթե փորձ արվի ԼՂՀ անվտանգության դեմ քայլեր անել: «Ոչ ոք ինձ չի կանգնեցնի»,- ասաց նա:
ՀՀ ԱԳՆ-ն արդեն պարզաբանման համար դիմել է ՌԴ ԱԳՆ: Ստեփան Գրիգորյանը խորհրդակցել է իրավապաշտպանների, ՄԻՊ-ի հետ և պաշտպանելու է իր իրավունքները նաև միջազգային ատյաններում՝ համոզված, որ իր մուտքը ՌԴ արգելելը ակնհայտ ճնշում է ոչ միայն իր ղեկավարած ՀԿ-ի, այլև Հայաստանի ու հայ հասարակության վրա: «Ես հասկանում եմ, որ լինում են պատժամիջոցային «սև ցուցակներ», բայց չեմ հասկանում, թե այս դեպքում ինչ «սև ցուցակների» մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է»,- տարակուսեց Ստեփան Գրիգորյանը և մասամբ պատասխանեց իր իսկ հարցին, նշելով, որ իրենց կազմակերպության վերլուծությունները տարածվում են Հայաստանից դուրս 10000 հասցեներով, ինչն ակնհայտորեն Ռուսաստանին դուր չի գալիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իբրև կատարվածին պատասխան՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները կարող են արգելել ՌԴ որևէ փորձագետի մուտքը Հայաստան, եթե չստացվի պարզաբանում ՌԴ իշխանություններից: Նա հաշվի չի առնում, որ իր մուտքի արգելքն արդեն իսկ պատասխան էր «Զվարթնոցում» ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության: Հետո ինչ, որ նա փորձագետ չէր ու որոնվում էր Ինտերպոլով: Մեծ տերությունները «մանր» տարբերությունները չեն նկատում: Այնքան չեն նկատում, որ, բացի Հայաստանում գործող ռուսական «հինգերորդ շարասյունից», բոլորս ՌԴ-ի համար persona non grata ենք, երբ հանդգնում ենք մեզ համարել անկախ պետության քաղաքացի ու երբեմն էլ մտածել: