Այն, որ Հայաստանում արդարադատությունը ծայրահեղ «ծանր» վիճակում է, կվկայի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Այդ մասին խոսում են անգամ պաշտոնյաները: Սակայն, ի տարբերություն վերջիններիս, արդարադատության բացակայությունից տուժում են անտեր ու անհովանավոր քաղաքացիները:
Իսկ այն տխուր փորձը, որ վերջին տարիներին մեծ թափ է հավաքել, ավելի անմխիթար ու զայրացնող է դարձնում երկրում առկա արդարադատության բացթողումները: Կառավարության նիստերում արդեն սովորական երևույթ է դարձել պետբյուջեից գումարներ տրամադրել ՄԻԵԴ-ի վճիռների համար: Վիճակագրությունն այսպիսին է` 3 տարվա ընթացքում բյուջեից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համար 335 հազար եվրո է վճարվել: 2014-ին ՄԻԵԴ-ը 4 վճիռ է կայացրել, վճարվել է 166 հազար եվրո, 2015-ին` 8 վճիռ, 86 հազար եվրո, 2016-ին ընդդեմ Հայաստանի էլի 8 վճիռ, 83 հազար եվրո: Այս վիճակագրությունը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և տվել սեփական բացատրությունը. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրների դատական համակարգերում էլ լինում են սխալներ, բայց երկրի դատական համակարգում, երբ սպառվում են սխալի շտկման հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Փաստորեն, իշխանությունը խոստովանում է, որ հասարակ քաղաքացու «ջանից» է դուրս գալիս կաշառակեր ու անօրեն դատավորների անարդար վճիռների փոխհատուցումը, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Սա նշանակում է, որ ինչպես այլ ոլորտներում, այստեղ ևս չկա քաղաքական հստակ դիրքորոշում` ձերբազատվել արատավոր երևույթներից, այլապես տարեցտարի այդ վճիռների թիվը չէր ավելանա: Ստացվում է` արդարադատություն «իրականացնողները» համ կաշառք են ստանում անօրեն վճիռների համար, համ շարունակում են իրենց աշխատանքը, համ էլ պետությունը, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը, կրում է նրանց անօրինական որոշումների բեռը, իսկ իրենք չաղ ու բախտավոր ապրում են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ