ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը

Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը
31.07.2016 | 22:54

Քանի որ ինձ առ այսօր հնարավորություն չի տրվում Սասնա Ծռերի հետ անմիջական հանդիպման ընթացքում ճշտել նրանց առաջադրած պահանջների շուրջ նրանց դիրքորոշումը, և ես արդեն իսկ տեղեկացված եմ, որ իշխանությունը որևէ ողջամիտ քայլ չի կատարում արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ժողովուրդն իսկապես պետք է տեղյակ լինի բանակցային այն բովանդակությունից, որ ես առաջարկում եմ որպես ոսկե միջին, ապա ես հնարավորինս հակիրճ բնութագրեմ, թե որ հարցերն են, որոնց շուրջ, իմ պատկերացմամբ, ես ի վիճակի կլինեմ Սասնա Ծռեր խմբի տղաներին համոզել զենքը վայր դնել:

Սրա համար ինձ հարկավոր է նրանց ուղղակիորեն հանդիպել, իսկ եթե իշխանություններն ունեն որևէ մտավախություն, որ ես դուրս չեմ գա գնդի տարածքից և ինքս զենք կվերցնեմ, ապա ես պատրաստ եմ ընդունել նրանց կողմից առաջադրվելիք ցանկացած երաշխիքի պահանջ: Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ և բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ և անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:


-Ներքևում նշված պահանջների բավարարման կամ դրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որի կազմմանը պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում այս քայլերի անխոչընդոտ իրականացման ուղղությամբ:
-Արցախ – Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը և դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել: – Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսլականի իրագործման ուղղությամբ ռազմավարական և մարտավարական քայլերի մանրամասները ես ներկայացնելու եմ ըստ անհրաժեշտության:
-Պաշտպանության և անվտանգության ոլորտներ Բանակ – Արմատապես փոփոխվի մարտական հերթապահության մարտավարությունը, որի հիմնական նպատակն է ավելի քիչ մարդկային ուժերով Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը: – Բացառել զորակոչիկների կողմից ուղղակի մարտական հերթապահության կրելը: Այդ ծառայությունը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայողների կողմից: Զավակներ չունեցող պայմանագրային զինծառայողներին պետք է արգելվի մարտական հերթապահության կրելը: Ոստիկանություն – Ոստիկանության հրամանատարական ամբողջ կազմի փոփոխություն: Ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները պետք հեռացվեն իրավապահ համակարգից անվերադարձ և իրենց գործողությունների համար պետք է կանգնեն քրեական արդարադատության առաջ: Ոստիկանության նոր պետը պետք է լինի ոստիկանության համակարգից դուրս անձնավորություն:
– Ոստիկանության կազմը պետք է էականորեն փոփոխվի՝ ժողովրդի դեմ վարձկանների զորամասեր պահելու փոխարեն, այդ զորամասերի անձնակազմին պետք է անհապաղ հնարավորություն տրվի ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության անցնել՝ հայրենիքին արտաքին վտանգից պաշտպանելու նպատակով, բանակում պայմանագրային զինծառայողի կարգավիճակում՝ իրենց կոչումների պահպանմամբ:
– Ոստիկանության նոր պետը և նրա տեղակալները պետք է որևէ առնչություն չունենան վերջին դեպքերի և մարտի 1-ի գործողություններին, որպես ուղերձ մնացած բոլորին, որ ժողովրդի արյան վրա ձեռք տաքացնել չի լինելու այլևս Հայաստանում և յուրաքանչյուրը պետք է պատժվի: Պաշտպանության և ինքնիշխանության ոլորտ – պետք է անմիջապես սկսել բանակցություններ ՌԴ սահմանապահ զորամիավորման կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը դադարեցնելու ուղղությամբ՝ ՌԴ զինված ուժերի մնացյալ զորախմբի հարցը թողնելով ապագայում լուծման: Հայաստանի արտաքին սահմանները պետք է հսկվեն միայն Հայաստանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների կողմից:
– ՌԴ սահմանապահները պետք է Հայաստանին փոխանցեն Հայաստանի սահմանների հսկողության համար իրենց տրամադրված ողջ ռեսուրսը, ներառյալ նաև հետախուզական և հակահետախուզական ցանցերը, որքանով որ դա հնարավոր կլինի:
-Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: Մասնավորապես՝
Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան և մյուսներ, Վոլոդյա Ավետիսյան, Գևորգ Սաֆարյան: Այս ցանկը սպառիչ չէ: Այս պահին բոլորի անունները չեմ մտաբերի:
-Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ (Սասնա Ծռեր խմբին ի պաշտպանություն կազմակերպված հավաքների առնչությամբ) ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցները պետք է փոխվեն և նրանց համար ապահովվի արդարության բոլոր պահանջների բավարարմամբ դատաքննություն:
-Պետք է դադարեցվեն բոլոր հալածանքները և հետապնդումները, որոնք կապված են վերջին իրադարձությունների հետ:
-Բացի քաղբանտարկյալների հարցից, Հայաստանում արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների պայմաններում պետությունը պետք է լրջորեն քննարկի և դիմի աննախադեպ և ընդարձակ համաներման՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Ցմահ բանտարկյալների համար պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը պետք է իրական հնարավորություն լինի՝ օրենքով նախատեսված չափանիշներին բավարարելու դեպքում:
-Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին – ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես և առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին և յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որևէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որևէ մեկը կամ որևէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի: 6. Արդարադատության ոլորտ
-Պետական կառավարման, արդարադատության և օրենսդիր համակարգի բոլոր օղակներից պետք անվերադարձ հեռացվեն բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել ա) մարտի 1-ին ժողովրդի դեմ ուժ կիրառելուն և հետագայում քաղաքական բանտարկություններին: Եթե նրանք այդ արել են որևէ սպառնալիքի կամ հարկադրանքի ներքո, ապա պետք է հրապարակային կերպով, ամենայն մարմասնությամբ պարզաբանեն այդ հանգամանքները՝ նշելով անուններ և մյուս տվյալները և հրապարակայնորեն ներողություն խնդրեն այդ անելու համար: և բ) բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել ապօրինի բռնություն գործադրելուն վերջին օրերի ընթացքում, պետք է կանգնեն դատարանի առջև:
-Հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի Հայաստանում պետության կարիքների համար մարդկանց ունեզրկման վերաբերյալ վերջին տասնամյակի բոլոր գործերը, և այդ կապակցությամբ կառավարությանը կներկայացվի առաջարկներ՝ արդարության վերականգնման նպատակով (Գլխավոր և Հյուսիսային պողոտաներ, Լոռվա և Սյունիքի մարզեր, և այլն):-
Սոցիալական և բնապահպանական – Հայաստանի ընդերքի և բնության հոշոտումը պետք է դադարեցվի: Ընդերքը պետք է զգուշորեն օգտագործվի և բացառապես ու միայն պետական շահերի ամենախիստ պաշտպանությամբ, ստվերային ամբողջ շրջանառության բացառմամբ և հանրության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների կողմից: Ձևերը մասնագետները պետք է հուշեն:
– Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն աղքատ և աղքատության եզրին գտնվող ընտանիքների վրա դրված վարկային բեռի թեթևացմանն ուղղված գործունեությանը:
– Էլէկտրաէներգիայի և գազի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությամբ հասնել դրանց սակագների նվազման: Այս ոլորտներում կառավարությունը պետք է անմիջապես վերսկսի բանակցություններ՝ այս ռազմավարական ոլորտներում հիմնական դերակատար կազմակերպություններում բաժնեմասերի Հայաստանի սեփականությունը վերականգնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իր ստանձնած պարտավորությունները:
-Տնտեսական ոլորտ – Փոքր բիզնեսը պետք է ազատվի ուղղիղ հարկերից:
– Միջին բիզնեսը պետք է ազատվի ուղիղ հարկերից մինչև երկու տարի ժամկետով:
– Մենաշնորհները պետք է վերացվեն, բացառությամբ նրանցից, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և սահմանվելու են Ազգային ժողովի կողմից: Այս մենաշնորհային իրավունքները պետք է պատկանեն բացառապես պետական կազմակերպությունների:
– Հարկային և մաքսային վարչարարությունը պետք է իրականացվի բացառապես քաղաքացիական և հանրային լայն վերակսկողության ներքո գտնվող մարմինների կողմից՝ հավասարության, օրինականության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ: Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլևս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարևոր եմ համարում միայն ես: Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունցել Սասնա Ծռերի տղաների հետ և վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված և արհամարված: Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների և ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին և քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները և բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձևավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որևէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում:


Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ, 31 07 2016թ.

Դիտվել է՝ 12414

Մեկնաբանություններ