38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մենք անիրական հողմաղացների դեմ չենք պայքարում»

«Մենք անիրական հողմաղացների դեմ չենք պայքարում»
12.06.2009 | 00:00

«ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ Է ՀԱԿ-Ը»
րևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին հազիվ թե շատ անակնկալ արդյունքով: ՀԱԿ-ը դիմել է ԿԸՀ` ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Ի՞նչ իմաստ ուներ նման քայլը, երբ ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվելու,- այս հարցով սկսեցինք զրույցը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
-Հարցը միանգամայն տրամաբանական է,- ասաց Երևանի նախկին քաղաքապետը։- ԿԸՀ-ի, վարչական դատարանի, Սահմանադրական դատարանի պատասխանները կանխատեսելի են, այդ օղակները հանցագործ համակարգի շարքային օղակներն են, որոնց հետ առնչվում են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները: Բայց կան քաղաքական ու օրենսդրական որոշակի ընթացակարգեր, որոնցով պիտի անցնել` հետագայում ամեն ինչ ճշտելու և ավարտին հասցնելու համար:
-Դա չի՞ նշանակում ՀԱԿ-ի ուժերի փոշիացում` կանխավ հայտնի արդյունքով, մի տեսակ, դասական դոնկիխոտյան կեցվածք` հողմաղացների դեմ։
-Համեմատությունը դասական է, բայց տեղին չէ: Մենք անիրական հողմաղացների դեմ չենք պայքարում, մեր ակնկալիքներն ու ձգտումները բացառապես քաղաքական գործընթացների մեջ են տեղավորվում: Ցավոք, իշխանությունների դեպքում քաղաքական գործընթացները բացարձակապես այդ տրամաբանությանը չեն ենթարկվում: Երբ ասում են, որ ՀՀԿ-ն տոնում է իր հերթական փայլուն հաղթանակը, ես դա չեմ հասկանում, որովհետև իրականում ՀՀԿ-ն ոչ մի առնչություն չուներ այս ընտրությունների հետ։ ՀՀԿ-ն սառցալեռան վերին մասն է, ընտրություններն անցկացնող համակարգը քրեական անհասկանալի ու անընդունելի տարրերի համակարգ է, որտեղ ամենաբարձր մակարդակով հրահանգը տրվում է, իսկ կատարողներին ուրիշ ոչինչ պետք չէ` օրենք, կարգ, կամք, ընտրող, դիտորդ, ընտրական գործընթացի նշանակություն պետության կյանքում, իշխանության ձևավորում։ Այս բոլորը նրանց համար գոյություն չունեն:
-Ընտրությունները, այնուամենայնիվ, որոշ վերադասավորումներ մտցրին քաղաքական դաշտում։ Ձեր կարծիքով` ի՞նչ դասեր քաղեց իշխանությունը, և ի՞նչ դասեր` ընդդիմությունը:
-Առաջին դասն ամբողջ քաղաքական դաշտի համար այն էր, որ ամենակազմակերպված քաղաքական կուսակցությունն անգամ պետական վարչական համակարգի դեմ զուտ դասական ընտրությունների առումով անզոր է, որովհետև նրանց կիրառած գործառույթներն ընդհանրապես քաղաքականության ու ընտրության հետ կապ չունեն: Զարմանալի է, որ ունենալով այս պատկերը` դեռ մեղադրանքներ են հնչում ընդդիմության հասցեին, որ իր ձայները չկարողացավ պահել: Որոշակի քաղաքական դիվիդենդներ ստանալու ակնկալիքն է միայն, որ ստիպում է ոմանց ընդդիմությանը մեղադրել:
-Կամ էլ` որոշակի պատվերը, շահը, անխելահասությունը:
-Դուք կարող եք հարցնել` ուրեմն ինչո՞ւ մասնակցեցիք ընտրությանը:
-Չնայած պատասխանը գիտեմ, այնուամենայնիվ` ինչո՞ւ:
-Մայրաքաղաքի կարևորությունը պետության կյանքում գիտակցելով, քաղաքական պայքարը շարունակելու և հաղթանակը մոտեցնելու ցանկությամբ: Մեզ համար Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրությունները կենաց-մահու պայքար երբեք չեն եղել: Այսօր, ճիշտ է, որոշակի հիասթափություն կա, բայց քաղաքականության մեջ դա սովորական է: ՀԱԿ-ը շարունակելու է պայքարը: Ակնհայտ է, որ մեր երկրում ամեն ինչ կապված է սահմանադրական կարգը վերականգնելու հետ։ Մնացյալն ածանցյալ է։ Մինչև մարդիկ իրենց երկրի տեր չզգան ընտրելու ճանապարհով, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու:
-Իսկ իշխանությունն ի՞նչ դասեր քաղեց այս ընտրություններից, կոալիցիոն խաղի կանոնները պահվեցի՞ն:
-Ո՛չ։ Բացարձակապես:
-Ինչո՞ւ, համատեղ իշխանության տրամաբանությունը պահանջում է հակառակորդի դեմ միմյանց աջակցել։
-Ինչ-որ պահի ԲՀԿ-ն որոշեց սեփական խաղը սկսել, և նրա հետ վարվեցին այնպես, ինչպես բոլորի հետ։ Ընտրական մեխանիզմների «սեփականատերը» նաև խաղի կանոններն է թելադրում: Դաժան վարվեցին ԲՀԿ-ի հետ:
-Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն քաղաքապետարան մտավ, ՕԵԿ-ը` ոչ։ Դա դաժան չէ՞ր: Կամ` ՀՅԴ-ն, որ ընդամենը մեկ ամիս առաջ կոալիցիայի մաս էր կազմում:
-Մեր տեղեկություններով` գոնե Շենգավիթում ընտրակեղծիքների քանակով երկրորդ տեղում ՕԵԿ-ն է` ՀՀԿ-ից հետո: Բայց չստացվեց, ժողովրդի մեջ այդ կուսակցության նկատմամբ հավատը կորել է:
-Ժողովրդի՞, թե՞ համակարգի, որն անցկացնում է ընտրությունները: Փաստացի արդյունքներից ելնելով` նման որոշում չի կայացվել:
-Գուցե, համենայն դեպս, փորձ արվում էր: Իսկ ՀՅԴ-ին ուղղակի պատժեցին: ՀԱԿ-ի ձայները պարզապես այնքան շատ էին, որ ավելի նվազեցնել հնարավոր չէր:
-Փաստորեն, ընտրական կրկնակի հաշվապահություն կա, մեկը` իրականը, եթե չհաշվենք ընտրակաշառքները, մյուսը` ԿԸՀ-ի ներկայացրածը։ Իսկ գուցե ինչ-որ երրորդ տարբերա՞կ էլ կա:
-Այնքան ամեն ինչ խառն է, որ ընտրական հաշվապահությունը ճշգրիտ ոչ մեկը չգիտի: Հանձնաժողովների նախագահները կամ տեղի պատասխանատուները, այսպես կոչված, «զոն նայողները», փող տվողները, ընտրող բերողները, կարուսել սարքողները, լցոնողները` «ընտրամասնագետները», ընդհանուր հրահանգը կատարում էին ըստ իրենց վարպետության աստիճանի` ով ինչ ու ինչքան շնորհք ուներ, դրսևորում էր: Եթե կարողանում էին ուղղակի լցոնել, ընտրակաշառք չէին բաժանում, երբ տեսնում էին որոշակի դիմադրություն կա կամ պահը հարմար չէ, արագորեն սկսում էին ընտրակաշառք բաժանել` ոստիկանության հովանու ներքո:
-Ընտրություններից հետո ՀԱԿ-ը կա՛մ շարունակում է իր քաղաքակիրթ, պասիվ պայքարը, կա՛մ դիմում է պայքարի ակտիվ ձևերի։ Ո՞ր ճանապարհն է ավելի արդյունավետ հաջողության համար:
-Պասիվ պայքար-ակտիվ պայքար` հարաբերական հասկացություններ են: Նայած` ով ինչպես է պատկերացնում այդ պասիվն ու ակտիվը: Մեր երկրի պես փոքր պետություններում, նման տոտալիտար համակարգերում քաղաքական ընդդիմությունն առանց միջազգային հանրության որոշակի բարի վերաբերմունքի չի կարող իշխանության գալ: Նույնն է Վրաստանում, նույնը` Ուկրաինայում: Ցավոք, մենք մի խնդիր ունենք, որը Հայաստանի հետ կապված յուրաքանչյուր գործընթացի կենտրոնում է, Ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, խոշոր հաշվով, ժողովրդավարության ջատագովներ չեն, նրանք խնդիր ունեն` ինչքան թույլ է իշխանությունը, ինչքան իրենցից կախված, այնքան հեշտ է պարտադրել իրենց կամքը: Իշխանություն-ընդդիմություն պայքարի ակտիվությունը կամ պասիվությունը հենված է սրա վրա. իշխանությունն աթոռ պահելու խնդիր ունի, մենք` երկիր, դրանից բխող բոլոր հետևանքներով:
-Թերևս, բայց դրսի աջակցությամբ իշխանության եկած ուժը հայտնվում է նրա ազդեցության տակ:
-Ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի` պետք է ընդունել, որ նրա բոլոր որոշումների առանցքում պետական շահի բարձր գիտակցությունն է: Մենք նման խնդիր չունենք և եթե ԵԽԽՎ անդամ ենք, նրանք բարի պիտի լինեն օբյեկտիվ գնահատականներ տալ ընտրություններին, անկապ դիտորդների անհեթեթ գնահատականները նախ և առաջ անվայել են իրենց համար:
-Դուք գծում եք դասական փակ շրջանակ. մի կողմից արտաքին աշխարհին պետք է թույլ իշխանություն ու թույլ երկիր` հնարավորինս կառավարելի լինելու համար, մյուս կողմից` արտաքին աշխարհը իր հռչակած արժեքներին չպիտի դավաճանի` տեր կանգնելով ժողովրդավարության արժեհամակարգին: Այս պարագայում ի՞նչ ճիշտ գնահատական, երբ առկա է շահը։
-Նրանց դրսևորած քաղաքական երկերեսանիությունը` կրկնակի ստանդարտները, տեսնելով` չտեսնելու, հասկանալով` չհասկանալու և այլ հնարքները մեզ այլևս չեն զարմացնում ու չեն վնասում: Սա արդեն իրենց խնդիրն է, այստեղ փորձարկվում է ժողովրդավարական արժեքներին հավատարմության իրենց ինստիտուտը, իրենք իրենց են գնահատական տալիս նախևառաջ: ՀԱԿ-ը կարողանում է գործընթացները քաղաքական հունի մեջ պահել, իսկ նման ընտրությունները հասարակության իմունային համակարգը զրոյացնում ու բարոյալքման են տանում։ Արտաքին ոչ մի մարտահրավերի այս բարոյալքված հասարակությունը չի դիմակայի: Սեփական ձայնը 5000 դրամով վաճառելը հասարակության դեգրադացիայի գինն է, վերջին հաշվով այս պետության մեջ ոչ մի քաղաքական գործընթաց նորմալ չի լինի, եթե իշխանությունդ գնում ես 5000 դրամով: Պատմությունը փակ շրջանակների լուծման տարբեր ձևեր գիտի, եթե կարողանում ենք քաղաքական որոշակի ուժերի համար որոշիչ լինել, հայտնի են ավելի ռադիկալ ուժեր, որոնք իրավիճակների լուծման են գնում ծայրահեղ քայլերի դիմելով, երբ նրանց անվերջ դրդում են այդ վարքագծին: Ամբողջ պատասխանատվությունն այդ դեպքում իշխանության վրա է ընկնում:
-Ինչո՞վ եք բացատրում «Ժառանգության» պահվածքը, որի որոշ անդամներ ասում են` ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չկայացած քաղաքական ուժի հետ երկխոսության ու համագործակցության կոչ է անում:
-Մի՞թե ես նման եմ այդքան պարապ մարդու, որ նման հարցերի պատասխանեմ` իրենք ասում են, իրենք իրենց պատասխանում են: Երբ «Ժառանգությունը» քաղաքական հայտարարություն կանի համագործակցության վերաբերյալ, այդ ժամանակ կարելի է քննարկել:
-ՀՅԴ-ն էլ իրեն անվանում է ազգային ընդդիմություն. հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր այդ ուժերի և ՀԱԿ-ի համագործակցությունը, եթե այո, ի՞նչ գաղափարի շուրջ:
-Սահմանադրական կարգը վերականգնելու, ընտրական նորմալ համակարգ ձևավորելու հարցում բոլոր մտածող մարդիկ պիտի միավորվեն, կարծում եմ` նույնիսկ առանց գաղափարական տարաձայնությունները հաշվի առնելու։ Այսօր երկրի լինելությունը դա է պահանջում:
-Նախագահի կողմից համաներում հայտարարելու հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում։ Սա հարցի քաղաքակա՞ն լուծում է, իրավակա՞ն, թե՞ բարոյական։.
-Եթե նախկինի նման խոշոր ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներ լինեին, նրանք էլ կոչով կդիմեին երկրի ղեկավարին` համաներում խնդրելով։ Այդ բեմականացումը նվազագույնը անհասկանալի է, մանավանդ այս խայտառակ դատավարություններից հետո, սարքովի գործերով, սարքովի վկայություններով, Հանրային խորհրդով, որ դեռ հայտնի չէ` ինչի համար է: Սոսկալի տխուր իրողություն է, երբ շուրջբոլորդ ինչ կարողանում ես` ներքաշում ես անօրինականության, կեղտի ու ստորության մեջ. դատական համակարգում կան վաստակ ու կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք նույնքան անիրավված են: Եվ այս շիլաշփոթը կոչվում է համաներո՞ւմ:
-Համաներումը, փաստահավաք խմբի լուծարումը, ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը` իր անորոշ արդյունքներով... Այս բոլորը նույն կաթսայի մեջ չե՞ն, որտեղ հայտնի չէ, թե ինչ է եփվում:
-Երբ իշխանությունները ցանկանում են ինչ-որ բան բացահայտել, իրենց ստեղծած հանձնաժողովներին, գոնե, որոշակի լծակներ են տալիս, մինչդեռ մեր երկրում ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են հասարակական կարծիքն ապակողմնորոշելու, ինչ-որ հարցեր չլուծելու, բայց լուծման պատրանք ստեղծելու, ինչ-որ հանցանքներ թաքցնելու համար: Պատահակա՞ն է, որ բոլոր նման հանձնաժողովների նախագահները պաշտոնի բարձրացում են ստանում: Փաստահավաք խումբն էլ անհեթեթ ու չպատճառաբանված լուծարվեց։
-Հիմա ժամանակավոր հանձնաժողովը փաստահավաքի գո՞րծը պիտի շարունակի:
-Հանձնաժողովն էլ, խումբն էլ ստեղծվել են դրսի համար: Տասը մարդու սպանության գործը բացահայտելու համար ո՛չ հանձնաժողով է պետք, ո՛չ փաստահավաք խումբ, առավել ևս` լծակներ չունեցող, դրա համար կոնկրետ պատասխանատուներ կան. մեկը պատժվե՞լ է, մի օպերլիազոր, մի քննիչ, օպերատիվ հետախուզական ծառայության մի ղեկավար... Եթե չեն կարողացել, փոխարինեք, թող գան մարդիկ, ովքեր կկարողանան: Փաստահավաք խո՞ւմբը պիտի սպանություն բացահայտի, թե՞ հանձնաժողովը: Հանձնաժողովը գաղտնիության շղարշով այդ փաստերը կպատի ու կհրապարակի միայն այն, ինչ ձեռնտու է։ Երկուստեք անորոշության մի հիթշքերթ է լինելու, հետո ՀԱԿ-ին մեղադրելու են հասարակությունը պառակտելու, անհանդուրժողականություն, ատելություն, «հոգեխանգարմունք» սերմանելու և այլ անհեթեթությունների մեջ և ավարտելու են իրենց պատմական առաքելությունը: Ո՞վ հրաման տվեց, ո՞վ կրակեց, ոչ ոք ոչ մի կոնկրետ պատասխանատվություն չի կրելու, թեպետ չափահաս յուրաքանչյուր քաղաքացի այդ հարցերի իր պատասխանն ունի վաղուց:
-ՀԱԿ-ը գնում է քաղաքական պայքարի ճանապարհով, հասկանալով, որ առկա մեխանիզմներով ոչնչի չի հասնելու, իշխանությունն էլ ամեն ինչ անում է` բոլոր մակարդակներում վերարտադրվելու համար` համատիրության պետից մինչև նախագահ։ Ժողովրդի վիճակն ի՞նչ է լինելու: Դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ վրադիր:
-Դա ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանությանը պետք է հարցնել: Անհեթեթ է ընդդիմությանը մեղադրել, որ ընդդիմություն է: Հարցրեք իշխանությանը` ինչո՞ւ այդ ամենի մասին չի մտածում, ինչո՞ւ է ընտրություններ կեղծում: Մենք որդեգրել ենք քաղաքական պայքարի ուղին` ծանր, դժվար, փշոտ, անարդյունք ճանապարհը` հիմա, բայց վա՞ղը: Իշխանությունները մեզնից փրկություն չունեն, մենք կանք, մեր շունչն անընդհատ զգալու են։ Այդ հոռետեսական տրամադրությունները, «վայ-վայ, էս ի՞նչ եղավ»-ները մեզ համար չեն։ Այս երկրի ապագան կանխորոշելու է ՀԱԿ-ն իր գործունեությամբ ու իր ծրագրերով, մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանում ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և սա կարգախոս չէ։ Վճռական մարդկանց նպատակ է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ