38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ

ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
05.02.2010 | 00:00

ՊԱՏՄՎԱԾՔ
Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Շատ հուշի՜կ, որ քնով ընկածներին չարթնացնեմ, բանկային մութ գործարքների կոճակը սեղմող կոկիկ օրիորդների քամահրանքին չարժանանամ, մոր ծիծ գողացող պատեհապաշտների ոտքերը չտրորեմ և «Գիտական կոմունիզմի հիմունքները» գրքի հեղինակին ազգային գաղափարախոսության նորօրյա քերթողի հետ չխառնեմ, և այնպես, որ թագավորների աչքի վերևի հոնքը չտեսնեմ, ու սիրտս ինձնից չփախչի, իմ անցած ճանապարհով հետ եմ գնում ու հայտնվում մի տարօրինակ ոստիկանի տիրույթում: Սիրտս տագնապով հուշում է, որ նա իմ ճակատագիրն է, իմ գիշեր-ցերեկը: Հետո՞ ինչ, որ հնարամտորեն ինձնից փող է կորզում, փոխարենը` ոստիկանական փայտիկի ճարպիկ շարժումով ցույց է տալիս «Երևան-Սևան» երթուղու գնացքի այն ուղևորին, որից հեռացել եմ արդեն քառասուն երկրային տարով: Ոստիկանի ցուցումով գնում եմ, և մեջս ահագնանում է այն համոզմունքը, որ ժամանակների խաչմերուկի այս տիրակալն է իմ պորտը կտրել և միտումնավոր պոչուկ է թողել պորտիցս կախ, որ ամբողջ կյանքում շոշափեմ և զգամ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնալու: Նա միակն է իմ հազարավոր թշնամիների ու բարեկամների մեջ, որ անհաղորդ է անցյալի ու ներկայի լալկան ներթափանցումներին, և գիտի, որ կյանքը, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը: Առանց նրա օգնության դժվար թե աշխարհը ճանաչեի. հաստատ կխճճվեի իմ հին ու նոր երկրների պարզունակ որոգայթների մեջ: Կամ ես եմ մեծացել, կամ իմ երկրներն են փոքրացել. գնամ, թե չգնամ, ծով-օվկիանոս չեմ հատելու, անապատի ավազը աչքերիս մեջ չի լցվելու, հոգնություն ու ձանձրույթ չեմ զգալու, անցյալը մսխելով` ներկային արյուն չեմ տալու. պարզապես հուսահատությունից գլուխս խոթելու եմ պատմության տաք ապաստարանը, իսկ ոտքերս այսօրվա մեջ սառչելու են: Գլուխս` տաք, ոտքերս` սառը, չեմ կողմնորոշվելու, թե որ երկիրը գնամ. այնտեղ, ուր թագավո՞րն է ստրուկ, թե՞ այնտեղ, ուր ստրուկն է թագավոր: Երկու դեպքում էլ ընկնելու եմ արդարադատության կճղակի տակ և ցավով հասկանալու եմ, թե ինչու են իմ ցնորված գետերն իրենց հանդարտությունը որոնում օտար ջրերում, և ինչու են հեռավոր ցնցումները` երկրաշարժի, իսկ անհայտ քամիները` փոթորկի վերածվում հենց այնտեղ, ուր կյանքը, ոստիկանի վկայությամբ, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը:
«Երևան-Սևան» երթուղու գնացքն այս պահին սրթսրթալու է, և ես չեմ հասցնելու տեսնել, թե ինչպես է իմ ճակատագրի դերը ստանձնած հնարամիտ ոստիկանն ինձնից կորզած փողը սապոգի մեջ տեղավորում: Ասեմ, թե չասեմ, մեկ է, չեք հավատալու, որ այս գնացքով գնում եմ իմ կենսագրության մեջ յոթ տարվա ազատազրկմանը համարժեք հանցանք որոնելու: Ինչո՞ւ հենց յոթ տարվա. հավանաբար աստվածաշնչյան թիվ է` դրա համար, կամ էլ իմ տեսած երազն է. յոթ առնետ տեսա, երկուսը` կարմիր, երկուսը` կանաչ, երկուսը` կապույտ և մեկը` դեղին: Կարմիր առնետները կանաչ առնետների կերը փախցրին, կապույտ առնետները` կարմիրի, իսկ դեղին առնետը, ի զարմանս կարմիրների, կապույտների և կանաչների, գույնը փոխեց ու դարձավ սպիտակ: Դեղինից սպիտակի վերածված առնետն ասաց. «Միամիտ առնետներ, չգիտե՞ք, որ կերը թունավոր է»: Գունավոր առնետները երախտագիտությամբ նայեցին սպիտակին: «Եթե չեք հավատում,- ասաց սպիտակը,- հանուն ձեզ` իմ կյանքով կապացուցեմ»: Սպիտակ առնետը կերավ յուրայինների կերը և ոնց որ թե չսատկեց: Հենց այդ պահին բեղ-մորուսի մեջ կորած մի նկարիչ, վրձինը շպրտելով, ասաց. «Կտավն ավարտված է»: «Երևան-Սևան» գնացքի ուղևորները նույնն են. նրանց հանդիպել եմ ինձնից քառասուն տարի առաջ: Ծղոտե լայնեզր գլխարկներով և սպորտային համազգեստներով երևանցիները մի քանի ժամից Սևանի սառը գրկում կվայելեն իրենց հոգսաշատ կյանքից փրցրած երանությունը: Նրանցից շատերը կշնանան, բայց Սևանա կղզու անզուգական վանքի քարերը գուրգուրելով` իրենց գործած մեղքերն Աստծո դատին կհանձնեն: Մեկ-երկու պոետ Անջելա Դևիսի մասին բանաստեղծություններ կհղանան գրողների հանգստյան տանը և ապագա մրցանակները միմյանցից խլելու ծրագրեր կմտմտան: «Աշխարհի մարգարիտը» ամենքին ինչ-որ բան կտա. ոչ ոք այնտեղից ձեռնունայն չի վերադառնա: Իրենց տուն ու տեղին վերադարձող գեղջուկ-գեղջկուհիները, որ ավելի լրջմիտ տեսք ունեն, ճամպրուկները ծնկների արանքում սեղմած` խորհում են, թե ինչո՛ւ Աստված քաղաքացիներին այսքան թեթևամիտ է ստեղծել, իրենց` այսքան անբախտ:
Ես հետընթաց ճամփորդ եմ և իրավունք ունեմ ըմբոշխնելու այն սատանային, ով կյանքը հինավուրց այս հողում այնքան կատարյալ էր մոգոնել, որ ամենքը ամենքին նախանձում էին. դատավորը` հանցագործին, ծեր ու ջահել` միմյանց, կանայք` տղամարդ ծնվածներին, ապրողները` մեռնողներին, մեռնողները` իրենցից առաջ մեռնողներին: ՈՒնևորները թաքցնում էին ունևոր լինելու փաստը, աղքատներն իրենց Ռոկֆելլեր էին երևակայում: Փողը, ասում էին, ձեռքի կեղտ է, և հարմարավետ կյանքի ձգտողներին քաղքենիներ էին կոչում: Միայն արդարադատությունն էր, որ այստեղ թե այնտեղ նույն կճղակով էր:
Մի հարևանուհի ունեինք, հինգ անչափահաս երեխայի մայր էր, ամուսինն էլ հարբեցողության պատճառով հոգեբուժարանում էր հայտնվել: Խեղճ կնոջը մի քանի բյուրեղապակյա գավաթ վերավաճառելու մեղադրանքով, ինչն այն ժամանակ «սպեկուլյացիա» էր կոչվում, յոթ տարով ազատազրկեցին. բանտում թոքախտից մահացավ, և նրա հինգ զավակները մանկատներում մեծացան: Քառասուն տարի անց նրանք շարունակում են մոր գործը, բայց այժմ «գործարար» պատվավոր անունն են կրում և մեծամեծների հետ են սեղան նստում-ելնում: Ասում են, իբր, նրանց մորն ազատազրկող դատավորի հինգ թոռներն այժմ հարգարժան մեծահարուստների ծառաներն են: Նրանք իրենց ծառաներին զուրկ չեն պահում, վերջիններս էլ, ի նշան երախտագիտության, փոխել են իրենց ազգանունները և երբեմնի դատավոր պապիկին, տերերի հովանավորությամբ, կուշտ ու կուռ ծերություն են շնորհել ծերանոցներից մեկում: Աչքովս չեմ տեսել, բայց հավատում եմ այն լրագրողին, որի ներկայությամբ արդարադատության նախկին ռահվիրան համբուրել է իր դատավճռով որբության մատնված հովանավորի բարեգութ ձեռքը:
Իզուր էլ պատմում եմ այս ամենը: Միևնույն է, արդարադատությունը ժամանակի գործիք է և պարապություն չի սիրում: Այնքան մարդ կա, որ իր ազատությունը չի սիրում: Հավանաբար, դրանցից մեկն էլ ես եմ: Ժամանակների միջև հետ ու առաջ եմ անում, որ կճղակի տակ չընկնեմ, բայց մեկ է, ընկնելու եմ: Ափեղ-ցփեղ երազներ եմ տեսնում ու այստեղ-այնտեղ պատմում: Պատմում եմ ու գլխիս տալիս: Հետո էլի եմ պատմում. յոթ առնետը քսան է դառնում, հիսուն: Գույներն իրար եմ խառնում` կարմիրի փոխարեն սև եմ ասում, կապույտին` դարչնագույն: Յոթ բաժակ խմում եմ, ութերորդին` հարբում… ով պարոն է` ընկեր եմ ասում, մեծարգոյի փոխարեն հարգելի եմ գրում. ում հայհոյում եմ, նրան էլ ընտրում եմ: Յոթ տարին չապրելու համար մի մեծ բան չէ: Եթե իմ պատժին համարժեք հանցանք չգտնեմ կենսագրությանս մեջ, սափորի պատմությունը կա ու կա. կհղկեմ, կծաղկեցնեմ, Վասակի ու Վարդանի պատմական տեսակների համադրումից մի էն տեսակ մեղք կհունցեմ, որ Հիտլերի մեջքին դնես` կճկվի:
«Երևան-Սևան» երթուղու գնացքում հենց այս պահին հետևելու եմ մազերն ուսերին անփութորեն փռած, քիթը ինձ պես ֆսֆսացնող այն երիտասարդին, որը, իր իմացածից ամաչելով, չիմացած բաներից է խոսում, մի բան մտածում, մեկ այլ բան է անում:
Ժամանակին նրա հայրը մորը դժբախտացրեց, մայրը` հորը, և այդ երկու դժբախտությունների մերձեցումից սերվեց մի նոր դժբախտություն, որը կյանքը մահից չի ջոկում, աջ ձեռքով մահվան հետ է խաղում, ձախով` կյանքի: Երբ ձեռքերն իրար է շփում, ամեն ինչ խառնվում է. երազում տեսած ձյունն իրականության մեջ կարկուտ է դառնում ու իր ծեծած տեղը շրջանցելով, որպեսզի հայկական ժողովրդական ասացվածքը ապուշ կտրի, մոլեգնորեն ծակծկում է նրան, ով իրեն բախտավոր է զգում ու ապահով… Փոքր Մհերը կշտամբում է Սասունցի Դավթին կրակն ու ոսկին իրարից չզատելու համար… Դեղին գույնը եղբայր գույներից անխղճորեն մերժվելով` առանձնանում է` միայնության մեջ իր բախտը լալու…
Դժբախտությունների բախման պայթյունից ծնված այս էակին վիճակված չէ զանազանել էպոսը կյանքից, բնությունը` բնանկարից, ոճիրը` պատժից:
Ոչ մի գնացք, հանուն պեղումներ իրականացնող արշավախմբի մեջ ընդգրկված ուսանողի, իր արագությունը չի փոխի: Իր ժողովրդի հինգհազարամյա պատմությանը րոպե առաջ առնչվելու հեռանկարը տղային խնդում կպարգևի մինչև այն պահը, երբ նրա սրատես աչքերը կորսան ընթերցանությանը տրված շիկահեր աղջկա հայացքը: Ահա, հազարամյակները մեկմեկու հրմշտելով լցվում են պատմության սափորի մեջ, և նա անտիկ փիլիսոփաների պես հոնքերը կիտելով, քիթը ինձ պես ֆսֆսացնելով` մոտենում է աղջկան.
-Ի վերջո, այս ամենը հիմարություն է:
Շիկահերը ձևացնելով, թե կարդում է, առանց հայացքը բարձրացնելու հարցնում է.
-Ի՞նչը:
-Այս ամենը… գնացքը… տարածությունը… այս լայնեզր գլխարկները…
Միամի՜տ տղա… Վերջին կարդացած գիրքը Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարությանն» է, որի արտասովոր ներգործությունից նետ ու աղեղ սարքած` փորձում է խոցել աղջկա ինքնապաշտպանությունը: Քիչ հետո այս շիկահեր աղջկա մոտ նա կդառնա կատվի ձագ: Աղջիկը, անուշեղենը օդում պահած, կատվի ձագին հետին թաթերի վրա կհանի:
«Այ տղա,- ասում եմ ինձ պես քիթը ֆսֆսացնող կատվի ձագին,- էս տիկնիկ աղջկա առաջ էդ ի՞նչ օրն ես ընկել»:
ՈՒզում եմ անհեթեթ տղային հասկացնել, որ ինքը սասունցու ճուտ է և ոչ թե կատվի ձագ, որ մեկ-երկու տարի հետո ինքը պատմվածք է գրելու, որն ընթերցելու են 15-80 տարեկան հայաստանաբնակ բոլոր հայերն ու սփյուռքի ամերիկահայ համայնքի «Հայ դատի» նախանձախնդիր հատվածը:
ՈՒզում եմ հուշել, որ այդ պատմվածքի շռնդալից հաջողությունը նրան սրածայր բեղեր պահելու և այն հայ-թուրքական հակամարտության շիկացած քուրայում խանձելու բարոյական իրավունք է շնորհելու, և որ ինքը սրածայր բեղերի սաղարթում թաքցնելու է իր դյուրաբեկ էությունն ու հուզաթաթախ հոգին:
Նա ինձ չի լսում, իսկ շիկահերը հիմարության գերբնական հատկանիշների մասին Ռոտերդամցուց յուրացրած նրա դատարկաբանություններին հակադարձում է.
-Դու հավատո՞ւմ ես ճակատագրին:
«Մի՛ պատասխանիր,- ասում եմ տղային,- թակարդ է»:
Տղան` ցանցառ, իսկ ճակատագրին հավատալու գայթակղությունը` մեծ. առանց կարկամելու ասում է.
-Այո, որովհետև ճակատագրի անունը հիմարություն է:
«Տխմար,- դարձյալ զայրանում եմ,- էս աղջկան էլ կորցրիր»:
-Եվս մի անբան մարդ, որն իր կյանքը հանձնում է քամիներին,- քմծիծաղով ասում է աղջիկը:
Տղան հուսահատ կառչել է անտիկ աշխարհի փրփուրներից և Էդիպ արքայի բարդույթի մասին Լևոն Ներսիսյանի դասախոսություններից պատառիկներ է արտասանում: Շիկահերն անդրդվելի է և իր բնորոշմամբ` «խուճուճ» փիլիսոփաների հետ սիրախաղի ցանկություն չունի: Որպես վերջնագիր նա ասում է.
-Աստված մարդուն անկախ է ստեղծել և ապստամբ: Եթե ճակատագրին հավատում ես, հենց այս պահին իջիր սուրացող գնացքից, նա քեզ կպահպանի:
Տղան ուսերը թոթվելով ասում է.
-Ինչ կա որ… կիջնեմ:
«Գնացքի մեջ ենք, թե գնացքից դուրս, նույն հիմարությունն է»,– մտմտաց տղան և ոտքը դանդա՜ղ իջեցրեց փախչող տարածության մեջ:
Հիշողությունս պահպանել է սլաքավարի տագնապալի և զարմացած հայացքը: Տղայի գլխից արյունը թափվում է սպիտակ վերնաշապկին, ներծծվում շապիկի մեջ, և մարմինը հաճելի խուտուտ է զգում: Ձախ ձեռքին խնամքով ծալված ամառային բաճկոնն է, ինչպես գնացքում: Աջ ձեռքն արյունոտ է և անիմաստ շարժումով ինչ-որ բան է ուզում հասկացնել, իսկ լեզուն դեռևս չի ընտելացել նոր միջավայրին: Մեկ ուղևորով թեթևացած գնացքը պոչը թափահարելով` ձևացնում է, թե տեսադաշտից դուրս է թռչում, հավանաբար, դատական ատյաններում վկայություն տալու անախորժությունից է փախչում: Սևանն էլ մուգ դարչնագույն ամպերով է քողարկվում` ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել:
-Մեքենա չունեմ, անտեր հեռախոսն էլ փչացած է,- ասում է սլաքավարը:
-Ոչինչ,- ասում է տղան,- ես ինձ լավ եմ զգում:
-Արյունը չի կտրվում,- ասում է սլաքավարը,- պետք է վիրակապել:
-Մանրուք է,- ասում է տղան,- լավ կլինի ասես, թե որտեղ ենք:
-Հարբա՞ծ ես:
-Չեմ խմում:
-Ինչ-որ մեկը հրե՞ց,- քննիչի դեր ստանձնեց սլաքավարը:
-Չէ, պարզապես իջա…
Սլաքավարը թաշկինակը մեկնեց.
-Գունդ արա և սեղմիր վերքին, թե չէ արյունաքամ կլինես:
-Արյուն է, էլի,- ասաց տղան:
-ՈՒսանո՞ղ ես,- հարցրեց ու ինքն էլ պատասխանեց,- ուսանող ես:
-Ինչի՞ց կռահեցիր:
-Միայն ուսանողներն են, որ արյունն ու գինին շփոթում են:
-Մեկ չէ՞, երկուսն էլ հեղուկ են:
-Ծնողներ ունե՞ս:
-Առանձին-առանձին ունեմ, միասին` ոչ:
-Չե՞ս խղճում նրանց:
-Առանձին-առանձին` խղճում եմ:
-Քո տարիքի տղա ունեմ,- ասաց սլաքավարը:– Դու իջնում ես, նա էլ բարձրանում է. երկուսդ էլ մահվան հետ եք խաղում:
-Մահ է, էլի: Ի՞նչ տարբերություն` իջնելիս է գալիս, թե բարձրանալիս:
-Սխալ եք ապրում,- ասաց սլաքավարը,- այդպես ապրելը հանցագործություն է:
Կարևոր չէ, թե երբ և ինչպես անմիտ տղան հասավ իր արշավախմբին, արյունոտ շապիկը Սևանի՞, թե՞ աղբյուրի ջրով լվաց: Այդ օրը նա հասկացավ այն, ինչը երբևէ ոչ ոք չէր հասկանալու:
Մեկ օր անց տղան քիթը ֆսֆսացնելով հողից դուրս էր բերում այն հինգհազարամյա սափորը, որից, հավանաբար, ջուր էր խմել առաջին հայը:
Շիկահեր աղջիկը, գնացքը, սլաքավարը և նույնիսկ տղայից երես թեքած Սևանը նշույլ իսկ մեղավոր չեն, որ տղան կյանքն ու մահը իրարից չի ջոկում և քառասուն տարի անց իր պես քիթը ֆսֆսացնող մեկի համար իր պատժաչափին համարժեք հանցանք է ապահովում:
«Ազատությո՜ւն մեր հինգհազարամյա պատմությանը»,- մտմտաց տղան և սափորն ամբողջ ուժով դիմացի ժայռաբեկորին խփեց: Հոյակապ պայթյուն ստացվեց: Էպոսի դռները բացվեցին, և Սասնա անզուգական հերոսները ցաք ու ցրիվ լցվեցին կյանք:
Ինքն իր մեջ չտեղավորվող երկրի հազար ու մի թագավորները, իրենց ճակատագրերը շալակած, լուծվեցին աշխարհի մութ ու լույս ծալքերի մեջ: Եվ ի՜նչ գույներ առնետների կերպարանքով հորդեցին զմռսված սափորից` կարմիրը` կարմիր, սպիտակը` սպիտակ, սևը` սև… Եվ ի՜նչ ոճիրներ` մեկը մեկից ծանր ու լիարյուն… և ի՜նչ այրեր` մեկը մեկից դավաճան ու հերոս` նույն սափորի մեջ եղբայրացած:
Հենց միայն սափորի փշուրները պեղումների ղեկավարին խելացնորության դուռը հասցրին:
-Եղբայրներ և քույրեր,- ասաց նա` հինգհազարամյա սափորի կտորտանքը հավաքելով,- այս երիտասարդը հենց այս պահին կատարեց աշխարհի ամենանողկալի հանցագործությունը: Նա մարդասպան է… ոչ, ինչ եմ ասում, նա դավաճան է… ազգուրաց սատանա… նա սպանել է իր ժողովրդի պատմությունը:
Տղան հիմար ժպիտով նայում է ծերուկ հնագետին ու ասում.
-Կուժ է, էլի:
Քառասուն տարի ինքս ինձ հարցրել եմ. «Ինչո՞ւ ջարդեցիր սափորը», բայց պատասխանը չեմ գտել: Եթե խելքիս զոռ տայի, հաստատ էլի մի բան կմոգոնեի, կասեի` արևն աչքերիս ընկավ կամ` ճայերի ճչոցից ուղեղս մթագնեց: Դժվար թե հավատային, թե արևից ու ճայերի ճչոցից մարդ կարող է կորցնել ինքնատիրապետումը: Կարող էր հանրահայտ քաղաքական գործչի ապագա հայտարարության պես մի բան հորինել` պատմությունը կեղծ կատեգորիա է: Կամ էլ ավելի ճշմարտանման մի սուտ. «Այս սափորով ջուր է խմել մի մարդակեր հայ, որը կերել է իր զավակներին»: Ոչ մի հնագետ ու պատմաբան չի կարող հերքել այդ վարկածը: Արդարանալու ուրիշ տարբերակ էլ կա. «Այս սափորը պատկանել է մի կատաղի նվաճողի, որը նենգորեն ոչնչացրել է մեր նախնիներին»:
Այսքան անվնաս տարբերակը անտեսելով` տղան ընտրել էր ամենագարշելի պատասխանը.
-Վատ հոտ էր գալիս:
«Այ տղա,- ասում եմ նրան,- անուշահոտ պատմություն չի լինում: Պատմությունը մարգագետնի ծաղիկ չէ, ոչ էլ ֆրանսիական դուխի»:
-Մեր անցյալից սատկած առնետի հոտ է գալիս,- լկտիաբար շարունակում է նա:
«Տղա ջան,- ասում եմ,- քո պատճառով ես իմ երիտասարդությունից ամաչում եմ»:
Ասես-չասես: Ո՛չ չափ ունի, ո՛չ սահման. քիթը ֆսֆսացնելով ասում է.
-Ես էլ իմ ծերությունն եմ ատում:
«Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի ամեն ինչ արեցի, որ քեզնից հեռանամ, բայց արդյունքում ինքս ինձնից հեռացա»:
-Աշխարհն իր պատմությունը շաղ է տվել օվկիանոսներին, անպարագիծ դաշտերին ու անապատներին, իսկ մենք այն սափորի մեջ ենք խցկել,- ասում է նա:
«Տղա ջան,- հիշում եմ սլաքավարի խոսքը,- այդպես ապրելը հանցագործություն է»:
-Կարգին ժողովուրդներն էպոսի իրենց հերոսներին լցնում են կյանք, իսկ մենք մեր կենդանի հերոսներին լցնում ենք էպոսների մեջ ու զմռսում- ասում է նա:
«Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի անց դու խելքը գլխին մարդ ես լինելու և լիզելու ես պատմությունը, որ ջարդեցիր սատանայի թելադրանքով»:
-Ես պատմություն լիզող չեմ դառնա,- ասում է նա,- ես ազատագրեցի այն և քեզ համար հանցանք ապահովեցի, կներես, եթե մի քիչ ծանր է ստացվել:
Չէ, անիմաստ է նրան համոզելը: Հետ դառնալն էլ շատ է հոգնեցուցիչ: Գնամ իմ ծանոթ ոստիկանի մոտ, մեկ էլ տեսար` մի նոր, ավելի կարճ ճամփա ցույց տվեց:
Լավ բան չստացվեց. փորձեցի արդարադատությունից խուսափել, ինքս իմ կճղակի տակ ընկա: Ես նրանից հանցանք էի խնդրում, նա ինձ պատիժ առաջարկեց:

Դիտվել է՝ 4460

Մեկնաբանություններ