38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ բիթլիսցին և հոլիվուդյան աստղերը

Մեծ բիթլիսցին և  հոլիվուդյան աստղերը
11.07.2008 | 00:00

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
Միացյալ Նահանգներում, ցավոք, դեռևս անմատչելի է մնում Վիլյամ Սարոյանի արխիվը։ Եվ, բնականաբար, նրա ստեղծագործական ու մարդկային դիմանկարը գաղտնիքներով լի ու անավարտ է մնում ոչ միայն արվեստասեր հանրության համար։ Գրական ասպարեզ իջնելով հոլիվուդյան ոսկեդարում՝ Սարոյանը չէր կարող մեկուսի մնալ կինոաշխարհից։ Հայթայթելով ու համակարգելով բավականաչափ տեղեկատվություն ամերիկահայ մեծանուն գրողի կինոգործունեության մասին՝ «Ոսկե ծիրան» երևանյան V միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հոբելյանական ծրագրերից մեկն ամբողջապես նվիրել են Վիլյամ Սարոյան սցենարիստի, քննադատի և բեմադրիչի կինոկերպարի բացահայտմանը։ Մինչ այս մասին սարոյանագետ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Գույումջյանի հատուկ դասախոսությունը «Ոսկե ծիրանի» շրջանակներում ունկնդրելը, մեր ընթերցողին ուզում ենք որոշ ուշագրավ փաստերի ծանոթացնել։ Կարդացած լինելով նշանավոր «Մարդկային կատակերգություն» վեպը՝ քչերը գիտեն, որ Սարոյանն այն գրել է համանուն սցենարի հիման վրա, 1941-ին, Metro Goldwyn Mayer կինոստուդիայի տնօրեն Լուիս Մեյերի առաջարկով։ Ճապոնիայի դեմ մղված պատերազմում խորապես ցնցված ամերիկացիներին բարոյապես գոտեպնդելու նպատակամետ ֆիլմի հեղինակային իրավունքը գնելով այն ժամանակների համար առասպելական գումարով (60 հազար դոլար), Մեյերը մերժում է երբևէ ֆիլմ չնկարած գրողին արտոնել «Մարդկային կատակերգության» կինոբեմադրությունը։ Սարոյանի պնդմամբ, Մեյերը երեք օր ժամանակ ու համապատասխան տեխնիկա է տրամադրում՝ ակամա խթանելով նոր սցենարով «Լավ գործ» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումը Սարոյանի կողմից։
Խորին խորհուրդ ունի տասը րոպեանոց այդ կինոժապավենը, որը դիտելու բարեբախտությունը կունենա «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը. սիրով արվող ամեն լավ գործ, ասենք՝ նպարավաճառությունը, արժանի է դրվատանքի... Այդուհանդերձ ֆիլմը, նկարահանում է Քլարենս Բրաունը, իսկ Սարոյանն արժանանում է լավագույն սցենարի համար սահմանված «Օսկարի» (1943 թ.)։
Սարոյանական ծրագրով նախատեսվում է նրա ստեղծագործությունների հիման վրա նույն 40-ականներին Հոլիվուդում նկարահանված 3 և հետագայում Հայաստանի ու Ռուսաստանի կինոգործիչների ստեղծած 15 խաղարկային և անիմացիոն ժապավենների ցուցադրությունը։ Ի դեպ, հոբելյանական «Ոսկե ծիրանում» ընդգրկված են նաև բազում թանկարժեք ֆիլմեր, որոնք մատչելի են զանգվածային կինոսիրողին։ Վճարելով տոմսերի գրեթե ողջ ինքնարժեքի գումարը՝ փառատոնի գլխավոր հովանավոր Viva Cell-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում խորհրդանշական՝ 300 դրամով անմիջականորեն հաղորդակցվելու արդի կինոաշխարհի մասին որոշակի գաղափար տվող ժապավենների պարփակած իմաստին ու արվեստին։ Հենց այս նկատառումով էլ կազմակերպիչներն այս անգամ հրաժարվել են բացման և փակման արարողություններին շքեղություն հաղորդելուց։ Ավելորդ շռայլություն։ Իսկապես կարևորը լայն հանդիսատեսին ցուցադրվող ֆիլմերը մատչելի դարձնելն է, հայկական կինոարտադրության զարգացմանը խթանելը։ Սարոյանական ծրագրի շրջանակներում Արծվի Բախչինյանի «Չորս տեսիլք. Սարոյանը և Հոլիվուդի դերասանուհիները» գրքույկի շնորհանդեսը շատերի համար անակնկալ հայտնություն կլինի։ Լիլիան Գիշի ու Գրետա Գարբոյի հետ ունեցած պլատոնական և Միրիամ Հոփքինսի ու Մերիլին Մոնրոյի՝ մտերմիկ անձնական հարաբերությունների ներշնչանքով գրված 4 էսսեները լույս կսփռեն համակրելի ամերիկահայի անձնական գաղտնարանի մի հատվածի վրա ևս։ ՈՒշագրավ մի հանգամանք. իր «Մաղադանոսի այգին» ֆիլմով հոբելյանական «Ծիրանին» մասնակցելու հայտ է ներկայացրել Հենք Սարոյանը՝ հռչակավոր ամերիկահայի եղբորորդին։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9783

Մեկնաբանություններ