38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԻ ՆՈՐՕՐՅԱ ՀԵՏԱԳԻԾԸ

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԻ ՆՈՐՕՐՅԱ ՀԵՏԱԳԻԾԸ
30.10.2009 | 00:00

Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանի նախաշեմին գրահրատարակչական արդի արտադրանքի որակի ու քանակի պատկառազդու աճը մեր գրքարվեստի մրցունակությունը զգալիորեն բարձրացրել է համաշխարհային հեղինակավոր գրատոնավաճառներում։ Գրքի միջազգային մոսկովյան 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում, բոլորովին վերջերս, մեծ հետաքրքրություն առաջացրին հայ առաջատար գրահրատարակիչների ներկայացրած 250 անուն տարաբնույթ գրքերը։ Հնարամտորեն «ծաղկազարդված» լինելով հանրաճանաչ հայ և վրացի գեղանկարիչների հայտնի գործերի 250 սև-սպիտակ ու գունավոր արտատպություններով` աննկատ չմնաց նաև «Էդիթ պրինտ» հրատարակչատան լույս ընծայած «Армянская классика на грузинской сцене» թատերագիտական տքնանքը` արվեստագիտության թեկնածու ԻԴԱ ԲԱԲԱՅԱՆԻ «Г. Сундукян на грузинской сцене XIX века» աշխատության առաջին գիրքը։
Գերազանցապես համացանցային հեղհեղուկ տեղեկատվությանն ապավինած ներկայիս հասարակությանը գիտության համեստ ու ազնիվ մշակի կարևորագույն ուսումնասիրության իրական արժեքավորությունը հասու դարձնելու միտումով (մեր գրքարվեստի հարաճուն ձեռքբերումները խիստ կարոտ են առանձնահատուկ հանրաճանաչման), լայնահորիզոն արվեստագետ Վահե Շահվերդյանի անմիջական նախաձեռնությամբ և վիրահայոց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բարյացակամ աջակցությամբ, նորընծա այս գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում։ Եվ, հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության ու «ադամյանցիների» ողջ թատերաընտանիքի գործնական թատերապաշտությամբ, ձեռք բերում հայ-վրացական դարավոր մշակութային կամուրջն անկախական երկտասնամյա ցնցումների տարանջատող փլուզումներից ապահովագրող հիմնասյան նշանակություն։ Անկախ այն բանից, որ այդ օրերին Վրաստանի մայրաքաղաքը հախուռն ու գերհագեցած ռիթմով էր ապրում։ Համատարած շինվերանորոգման աշխատանքներ էին ընթանում ճարտարապետական հինավուրց դիմագիծը պահպանող Թբիլիսիում (սրբապղծության աստիճան անմխիթար էր Սբ. Գևորգի ընդհանուր պատկերը. ավելի ճիշտ չէ՞ր լինի մինչ բարենորոգման ավարտը դադարեցնել առօրյա գործունեությունը, որպեսզի Սայաթ-Նովայի գերեզմանաքարն ընտանի կենդանիների ճաշասեղան չդառնար, իսկ ներսում վառվող մոմերը լուսավորեին ոչ թե ցեմենտի պարկերը, այլ ներքին հոգևոր հաղորդակցությունը հավատացյալների…): Ի դեպ, նորաստեղծ արձանն էլ` քաղաքի կենտրոնում տեղադրված, վերապահությամբ կարելի է Սայաթ-Նովային հավերժացնող արվեստի կոթող համարել:
Շարունակվում էր միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել էր արդեն Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը։ Մշակութային համընդհանուր հետաքրքրության այդօրյա կիզակետը, անխոս, հոլիվուդյան «STOP-RUSSIA» գեղարվեստական ժապավենի նկարահանման մեկնարկն էր` Հոլիվուդի համար նվազագույն` 10 մլն դոլար բյուջեով (կինոբեմադրիչ` Ռենի Հարլեն, Միխեիլ Սաակաշվիլու դերում` Էնդի Գարսիա)։
ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԹԻՖԼԻՍԻ ԹԱՏԵՐԱՊԱՏՐԱՆՔԸ
Մեր միջև հաստատված բարեկամությամբ` «ադամյանցիների» թատերօջախ եմ ոտք դնում անմիջական փոխշփման նոր առիթով ոգևորված։ Անմիջապես որսալով հոգեհարազատությունը մեր պատվիրակության առաքելության և այդ երեկո խաղարկվող «Հին վրացական վոդևիլներ» ներկայացման միջև` թոթափում եմ ճանապարհի հոգնությունս և սիրով դառնում հանդիսատեսը Ցագարելու «Օյինբազը» և Բախուտաշվիլու «Հին դատարանում» թատերախաղերի։ Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Վասո Գոդիաշվիլու երբեմնի բեմադրության վերականգնումը հայ-վրացական պատմական թատերամիասնության առաջին կենդանի ապացույցն է դառնում ինձ համար։ Ստեղծագործական ու կենսական էներգիայով առլեցուն վաստակաշատ «ադամյանցին», անմնացորդ ներդնելով կատարողական բազմամյա ներուժը Հոպոպյանցի ու Արշակոյի գլխավոր դերամարմնավորումներում, բենեֆիսային անթաքույց թատերախրախճանք էր ապրում հարազատ բեմում։ Երիտասարդ նորերին` Ռոմեո Մուրադյանին, Մարիամ Խաչոյանին, Քրիստինե Մելքումյանին, Կարեն Ղազարյանին ու Սերգեյ Սաֆարյանին, «գոտեպնդելով» հինավուրց պարզունակ երաժշտաթատերախաղերի սեփական պատկառելի բեմափորձով` ջանում մերօրյա ժամանցասեր հանդիսատեսին վարակել բեմավորված թեթևասահ զավեշտապատումների ուրույն գրավչությամբ։
Հանդիսատեսի անհամեմատ ջերմ ընդունելությանն արժանացած «Հին դատարանում» արտիստական կերպապնակի նոր գույներով է ներկայանում Լեյլի Մկրտչյանը (Կեկելա)։ Չնսեմացնելով Էլենի Խիբշիձեի` շատերի հիշողության ծալքերում անջնջելի մնացած, ինձ անծանոթ նույն դերակատարումը` խանդավառվում եմ պարզամիտ գեղջկուհու կենսաթրթիռ կաղապարում շնորհառատ դերասանուհու անճանաչելի կերպարանափոխությամբ։ Վիրահայոց թատերադպրոցի յուրահատկությունների ներդաշն շաղախով ձևավորված նրա արտիստական 30-ամյա բազմաբովանդակ տարեգրության այս «էջին» անմիջական հաղորդակցությամբ` հայ-վրացական թատերամիասնության անքակտելիության նոր արտահայտությունն եմ գտնում։ Մտովի համադրելով մի քանի դերակատարումներից պահպանված տպավորություններս (Դեզդեմոնա, Սալոմե, Քեթևան)` տրտմում, որ Լենինականի թատերաստուդիայում ու Թբիլիսիի թատերական ինստիտուտում (Բասիլաշվիլու արվեստանոց) մասնագիտացած և «Հավլաբար» թատրոն-ստուդիայում ու Հայպետդրամայում կատարողական ունակությունները դերից դեր գործնականում հղկած հեզաբարո այս արտիստուհու բեմավաստակը, «ադամյանցիներից» շատերի (Մելանյա Բարսեղյան, Էլեոնորա Օհանյան, Ֆելիքս Խաչատրյան, Ռոմա Մատիաշվիլի, Արմեն Բայանդուրյան...) հանգույն, ամրագրված չէ պատվավոր կոչմամբ։ Ասենք, գուցե հանիրավի՞ է նորանկախ Վրաստանի երիտասարդացած կառավարությանը պախարակել կոչումներից ու ամենամյա թատերամրցանակներից կտրուկ հրաժարվելու մշակութային մարտավարության համար։ Չէ՞ որ մեզանում, վերականգնվելուց հետո, նկատելիորեն ստվերվեց դրանց չափանիշային, երբեմնի բարձր համարումը։ Ինչևէ։ Վիրահայոց թատերաբեմում ինձ համար աննկատ հառնում է սունդուկյանական Թիֆլիսի կոլորիտը, որով պարարտ հող է նախապատրաստվում Իդա Բաբայանի նորընծա գրքի պատշաճ հանրաճանաչմանը հաջորդ երեկոյան։
«ՄՈՔԱԼԱՔՆԵՐԻ» ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ
Թե ինչպես կարող էին հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի (1825-1912 թթ.) գրական ժառանգությունն ու գործունեությունն անզուգական կարևորություն ձեռք բերել վրացական թատրոնի տարեգրության տևական շրջանում, ինձ համար միանգամայն պարզ էր Իդա Բաբայանի գիրքն արժևորող զեկուցումը գրելիս։ Լինելով բնիկ թիֆլիսեցի` Սունդուկյանը լիարյուն ժառանգորդն էր առևտրաարդյունաբերող այն հայերի, որոնք Վախթանգ Գորգասալի (4-5-րդ դդ.) հրավերով մեկընդմիշտ հաստատվել էին վերակառուցվող մայրաքաղաքում` ստանալով կեցության շահավետ պայմաններ ու բազում արտոնություններ։ Հենց նրանց ձևավորած «մոքալաքների» (քաղաքացիների) խավի լիարյուն շառավիղն էր մեծանուն թիֆլիսեցի հայը։ Առևտրականի որդի, որը բարձրագույն պատմաբանասիրական կրթություն էր ստացել Սանկտ Պետերբուրգում, հարստացրել մտավոր պաշարը ռուսական բարձր մշակույթի հետ անմիջական փոխշփումներով։ Ծննդավայրի պատմաաշխարհագրական հայտնի հանգամանքներով պայմանավորված վառվռուն թատերայնությունը գենետիկորեն շրջանառվում էր նրա երակներում, երբ 1863-ին ձեռնարկեց վոդևիլների շարքը («Գիշերվան սաբրը խեր է»)։ Տիրապետելով մի շարք լեզուների` ստեղծագործեց թիֆլիսահայ բարբառով (բացառությամբ` «Ամուսիններ»-ի), որում արմատացած էր բնակչության խայտաբղետությամբ Փարիզի ու Լոնդոնի հետ համադրվող Թիֆլիսի ինքնատիպությունը։ Կովկասյան բոլոր ազգերի կենսամտածողության, առօրյա նիստուկացի, մշակույթների, բարբառների ներդաշն խառնարանում թրծված անշփոթելի հոգեկերտվածքով ու տաղանդավոր գրչով երկնած նրա պիեսները չէին կարող սրտամոտ չլինել դարերով միմյանց հարազատացած բոլոր թիֆլիսեցիներին հավասարապես։ Եվ, բնական է, որպես թատերագիր իրեն հռչակած «Խաթաբալա»-ից (1866, 1879) հետո պիտի հայտնվեր վրացի թատերագործիչների ուշադրության կենտրոնում։ Հատկանշական է, որ 1875-ին «Պեպո»-ի առաջին բեմադրությունը վրացական թատերախմբի հետ Սունդուկյանն ինքն է արել` վրացերեն թարգմանելիս ապավինելով Ռաֆայել Էրիսթավիի օգնությանը։ Եվ Ամառային թատրոնում այն ներկայացվել է Գևորգ Չմշկյանի գլխավոր դերակատարությամբ։ Մեկտեղելով ու գիտականորեն վերաիմաստավորելով հարյուրավոր եռալեզու գրքերից, հոդվածներից, թանգարանային չորս ֆոնդերից խնամքով ժողոված ու համակարգած, առավելապես պատմաբանասիրական ու կենսամատենագիտական բնույթի թեմատիկ բազան` Իդա Բաբայանը 1970-ից ձգվող հետազոտությունների արդյունքում պարզորոշ ամբողջացրել էր վրացական թատրոնի կողմից Սունդուկյանի դրամատուրգիայի («Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ») գեղարվեստաթատերական արժեհամակարգի յուրացման գործընթացը 1874-1903 թթ. ժամանակահատվածում։ Խորագիտորեն հավելելով գիտահանրամատչելի շարադրանքին 19-րդ դարի Թիֆլիսի պատկերն ուրվագծող բնութագրական գեղանկարչական արտատպություններ` դյուրացրել վրացական բեմում Սունդուկյանի ֆենոմենի ընկալումը։ Մի քանի տասնամյակ սերտ համագործակցելով վրացի թատերագործիչների հետ` Թբիլիսիի հանդեպ երկրորդ հայրենիքի ջերմությամբ էր համակված։ Թե՛ Սունդուկյանի առեղծվածը, թե՛ նորընծա գրքի հեղինակի հուզառատ զգացողություններն ինձ համար հավատընծա դարձան, երբ մինչև շնորհանդեսը ներկա գտնվեցի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 միջնակարգ ռուսական դպրոցի «Թբիլիսին իմ տունն է» միջդպրոցական գրական-երաժշտական ցերեկույթին։ Գերազանցապես հայ երեխաներից բաղկացած աշակերտական կազմի հաղորդակցության հիմնական լեզուն վրացերենն էր` Թիֆլիսի հայկական փոքր-ինչ նորացված բարբառով համեմված։ Վրաստանի նախագահի մշակույթի հարցերով խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, անուղղակիորեն շարունակելով անցյալ տարի Ծաղկաձորում կայացած համահայկական լրագրահավաքում ծայր առած մեր բանավեճը, նախանձելիորեն բարեկարգ դպրոցի դահլիճում հավաքված «մոքալաքների» նոր սերնդի պատվիրակներին հայրենասիրության ծանրակշիռ խրատներ է տալիս։ Նրանց ծնողների հետ խոսքուզրույցում պարզում եմ, որ Վրաստանում գործող 162 հայկական պետական հանրակրթարանների «ձգողական ուժի» օրավուր նվազումը մի հեռահար նպատակ ունի` քիչ թե շատ ռուսաճանաչ կրթել զավակներին` Ռուսաստանում արտագնա աշխատանք գտնելուն նպաստավոր։ Թբիլիսիի ծննդյան ամենամյա տոնակատարությանը նախորդող միջոցառման ծրագրում հավասարապես ներառված էին հայկական և վրացական, մասամբ` ռուսական մշակութային քաջածանոթ պատառիկներ։ Հայկական 70-ամյա թիվ 104 դպրոցին կից գործող «Ջեյրան» պարախմբի (գեղարվեստական ղեկավար` Սվետլանա Երիցյան) նրբարվեստ կատարումները, մեջընդմիջելով Եթիմ Գյուրջիի, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների արտասանությանը, հայտնի երգերի հնչեցմանը, տոնական մշակութափայլ հաղորդեցին ցերեկույթին։ Երիտասարդ «ադամյանցիներ» Լյուբայի, Սնեժանայի, Սերգեյի և Հենրիխի հայ-վրացական կենսուրախ երգաքաղը «մոքալաքների» յուրատիպությանն անհամեմատ ներդաշնակ էր։ Նրանց վերապահված պատասխանատվությունը հայկական մշակույթի ու, հատկապես, լեզվի պահպանման գործում օրհասականի արժեք ստացավ ինձ համար։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
19-րդ դարի Թիֆլիսի թատերապատրանքը «ադամյանցիների» հարկի ներքո վերահաստատվել էր Արմեն Բայանդուրյանի արդիաշունչ «Խաթաբալայի» բեմաձևավորմամբ։ Տասնամյակների թատերաբարեկամությամբ Հայպետդրամային հարազատացած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ստանձնելով Իդա Բաբայանի նորընծա գրքի շնորհանդեսի արարողության «գլխավոր քուրմի» «դերակատարությունը», ինքնահատուկ արվեստամեծար բարեկրթությամբ անձանձիր ընթացք է ապահովում շուտով թատերատոնի վերաճող երեկոյին։ Պատրաստակամ «ադամյանցիների» սունդուկյանական «թատերահավելումներով», սայաթնովյան ու նարեկյան պոետիկ զրնգուն իմաստությամբ և երաժշտակատակերգական «միջարկումներով» գիրքն արժևորող գնահատականները խորընկալ արձագանք են գտնում Հայպետդրամայի հանդիսասրահում` ձևավորված վիրահայոց համայնքի թատերասեր ներկայացուցիչներից, հայ և վրացի թատերագործիչներից, պաշտոնատար անձանցից։ ՎԳՄ փոխնախագահ Ռևազ Միշվելաձեից խոսափողն անցնում է արվեստագիտության դոկտոր Միխայիլ Քալանդարիշվիլուն, գրքի լույսընծայման ճանապարհին կանաչ լույս վառած ներքին գրախոսականի հեղինակ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանից` «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի ընկերության նախագահ Էդուարդ Եդիկիսելյովին, գեղանկարիչ Իոսիֆ Կարալյանի դաշնակահարուհի աղջկանից` արվեստագետ Բելլայից` վիրահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանին ու հանրահռչակ մտավորական Գիվի Շահնազարին... Պարզ ու հակիրճ պատկերավորությամբ, միով բանիվ, հիմնավորվում է Սունդուկյանի հայազգի արմատներով դրամատուրգիական ժառանգության օրգանական միասնությունը Վրաստանի ու վրացական թատերարվեստի հետ։ Գործնական պայմանավորվածություն է ձեռք բերվում ՎԳՄ և ՀԳՄ համատեղ ուժերով Իդա Բաբայանի թատերագիտական համապարփակ աշխատության վրացերեն շուտափույթ թարգմանությամբ հայ-վրացական թատրոնի տարեգրության ուսումնասիրության առկա բացը լրացնելու մասին։ Գրքի հանրաճանաչման առիթով հիանալի կազմակերպված թատերատոնն իրապես ստանում է հայ-վրացական միջպետական մշակութային կարևոր իրադարձության նշանակություն։ Անվերապահորեն ընդունելով Իդա Բաբայանի գրքի հրատապությունը, միասին ու կողք կողքի դարերով ապրած ու արարած դրկից ժողովուրդների նոր սերունդների համակողմանի բարեկամական փոխըմբռնման տեսակետից հատկապես, Վրաստանի մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ, անվանի թատերագետ Իամզե Գվատուան Սունդուկյանի առեղծվածին լույս սփռող գրքի շնորհանդեսի ազդագրին իր անվանը համարժեք (մանուշակ+արև) երախտագիտության տողեր է թողնում։ Եվ կարծես վերստին բորբոքվում է մեծ թիֆլիսահայի հնօրյա սիրո խոստովանության կրակը. «Ես այս երկրի զավակն եմ և սիրում եմ Վրաստանը, ինչպես իմ հայրենիքը, վրացիներին` ինչպես հարազատ զավակներիս ու եղբայրներիս։ Եվ աշխատել եմ ինձ համար հավասարապես թանկ երկու բեմերի համար` վրացական ու հայկական, արտահայտելով համամարդկային զգացմունքներ ու խոհեր»։
19-րդ դարի Թիֆլիսի կոլորիտը հայ-վրացական թատերամիասնության նոր նրբերանգներով է հարստանում Հայպետդրամայի հինավուրց կամարների ներքո։ Բեմական կյանք է ստանում ներկայիս «ադամյանցիների» կատարողական ներուժով վրացական ռեալիստական գրականության հիմնադիր Գեորգի Էրիսթավիի «Անտեսանելի գլխարկը» (բեմադրիչ` Լևոն ՈՒզունյան) ծիծաղաշատ վոդևիլը։
Կենսախինդ թատերայնությամբ ինքնատիպ նկարագիրն այս քաղաքի դեռ երկար իր վաղեմի անշփոթելի «եսը» կպահպանի։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ