38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գործի գլուխ է վրաց պատրիարքը` փարաջայով ծպտված վանդալներով»

«Գործի գլուխ է վրաց պատրիարքը` փարաջայով ծպտված վանդալներով»
16.12.2008 | 00:00

«ՕՏԱՐԸ ԼՎԱՑԵԼ Է ՄԵՐ ՈՒՂԵՂՆԵՐԸ, ԿԵՐԵԼ Է ՄԵԶ»
Վրացիները ոչ միայն յուրացնում, պղծում են իրենց տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, այլև պահանջում են վրաց ուղղափառ եկեղեցուն հանձնել Հայաստանի տարածքում գտնվող մեր եկեղեցիները։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցը վերաբերում է Վրաստանի տարածքում հայկական հուշարձանների ճակատագրին։
-Վրաստանում քանի՞ հայկական եկեղեցի կա, և քանի՞ հուշարձան է արդեն վրացականացվել։
-Վրաստանի տարածքում տարբեր ժամանակներում կառուցվել է 650 հայկական եկեղեցի։ Դրանցից մոտ 100-ը 20-րդ դարի սկիզբ չեն հասել, սակայն կան վկայություններ, հիշատակություններ դրանց մասին։ Եվս մոտ 100-ը նախորդ դարի 20-40-ական թվականներին հիմնահատակ ոչնչացվեցին, և մնաց 400-450 եկեղեցի, որոնց կեսն էլ վրացականացվեց վերջին տարիներին։ Իրականում մոտ 200 հայկական եկեղեցիներում (և՛ Թբիլիսիում, և՛ գավառներում) 90-ականների սկզբից մինչ օրս նորոգության անվան տակ ձևափոխություններ են կատարվում, օծվում վրաց եկեղեցու ծեսով և հետագայում գործում են որպես վրացական եկեղեցիներ։
-Հայաստանյան իշխանությունները և Հայ առաքելական եկեղեցին որքանո՞վ են համարժեք պատասխան տալիս այդ ամենին։
-Վիրահայոց թեմի ներկա առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր գործունեությամբ, իր կեցվածքով անհամեմատ տարբեր է նախորդ առաջնորդներից։ Մենք երբևէ ներկայություն չենք ապահովել Վրաստանում, ցույց չենք տվել, որ գոյություն ունենք։ Օրերս Վիրահայոց թեմի առաջնորդը տեղեկացրեց, որ իրենք ոչ միայն պահանջում են Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնել Վրաստանի 6 եկեղեցիները (1-ը` Ախալցխայում, 5-ը` Թբիլիսիում), այլև պահանջ է ներկայացվել 90-ականների սկզբներին վրացականացված և վրաց եկեղեցու ծեսով օծված, Թբիլիսիում գտնվող ևս 7 հայտնի հայկական եկեղեցիների մասով, որոնց խորանն արդեն գոյություն չունի, մկրտարանը ոչնչացված է, բոլոր հայերեն վիմագրերը` անհետացված, մերձակա գերեզմանները` բնաջնջված։ Եթե այս նույն կեցվածքը վաղուց որդեգրած լինեինք, շատ ավելի շահած կլինեինք, ավելի քիչ մշակութային կորուստներ կունենայինք։ Հուսով եմ` մինչև վերջ կգնանք, որովհետև այլ ճանապարհ չկա։ Յուրաքանչյուր հուշարձանի յուրացումը պատմական հուշարձանի նկատմամբ պարզ ոտնձգություն չէ միայն, այլ հանցագործություն։ Մեր հերթական կոչերը, դիմումները, ուղերձներն արդյունք չեն տվել։ Պետրոս Մեծի ժամանակներից դիմում ենք ամենատարբեր ատյաններ։ Բա՛վ է դիմենք, պետք է դատե՛նք։
-Ի դեպ, նույն խնդիրը Վրաստանում ունի նաև հունական եկեղեցին, որն արդեն հայց է ներկայացրել միջազգային դատարան։ Ինչո՞ւ մենք նույն կերպ չենք վարվում։
-Երկրներ կան, որ մեկ եկեղեցու կորստի դեպքում միջազգային դատարան են դիմում։ Մենք 200 եկեղեցու կորուստ ունենք, ու չգիտեմ` ինչի ենք սպասում։
-Մեր այդքան հանդուրժողականությունն ինչո՞վ բացատրել։
-Մեր տեսակով։ Տեսակը ձևավորվում է դավանած հավատքի գաղափարաբանության ներքո։ Մեր տեսակի հետ կարող են վարվել` ինչպես ցանկանան։ Սա այն տեսակն է, որը երբեք չի ընդվզում։ Մինչև դանակը ոսկորին չհասնի, լինել-չլինելու եզրին չկանգնի, Սարդարապատի չի դիմի։ Հարատև նահանջում ենք, հենց այդ պատճառով էլ հնարավոր է եղել ցեղասպանության ենթարկել։ Նայում ես լուսանկարները. արաբական անապատներում` բռնագաղթողների քարավաններ, որոնց թվում անհաշիվ տղամարդիկ են։ Եվ այդ քարավանները հսկում են մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ կանգնած թուրք զինվորները։ Եվ ոչ մի ընդվզում։ Ի՞նչ պետք է անեին, ամեն մի զինվոր ընդամենը մեկ կրակոց պետք է արձակեր։ Մենք ուղղակի չենք ուզել ապրել, այդ պատճառով այսօր այս վիճակում ենք։ Այն, ինչ կանք, մնացել ենք, մի փշրանք է։ Փշրանք, որ կորցրել է իր դեմքը, օտարը լվացել է մեր ուղեղները, կերել է մեզ։ Համոզվելու համար 10 մետր Երևանի որևէ փողոցով քայլեք։
-Ի դեպ, վրացիները չեն բավարարվում իրենց տարածքում եղած հայկական եկեղեցիները յուրացնելով և Լոռիում գտնվող մի շարք եկեղեցիներ համարում են վրացական` պահանջելով դրանք հանձնել իրենց։
-Վրացիները հանդես են գալիս հայ քաղկեդոնական եկեղեցիների ու վանքերի պահանջատիրությամբ։ Քանի որ քաղկեդոնական եկեղեցիները և վրացիները կրոնով նույնական են, նրանց համար շատ հեշտ է այդ ամենը վրացական հայտարարել ու պահանջներ ներկայացնել։ Ստեղծել են վրաց եկեղեցու Լոռու թեմ, որի մեջ մտնում են Ախթալան, Քոբայրը, Հնեվանքը, Իջևանի Կիրանցի վանքը, մի խոսքով` հայ քաղկեդոնական մոտ 20 եկեղեցի։ Այդ վանքերի տարածքում երբևէ վրաց ազգի մեկ անհատ չի բնակվել։ Այդ հուշարձանները, անշուշտ, վրաց դպրության իմաստով հետաքրքրություն ներկայացնում են։ Դրանք վրացերեն վիմագրերի առկայությունն են։ Դարեր առաջ մեր կաթողիկոսներն իրենց հոտից դուրս են դրել հայ ժողովրդի այն հատվածին, որ հարել է քաղկեդոնականությանը։ Եթե մի եկեղեցի իր հոտի մի մասին կարող է զուտ դավանական տարբերության պատճառով վանել, միշտ էլ կգտնվեն ուժեր, որ ձեռք կդնեն այդ հատվածի վրա։ Եվ դա տեղի ունեցավ ժամանակին վրաց եկեղեցու կողմից։ Հենց այդ պատճառով քաղկեդոնական հայերը, այո՛, հովանավորվել են վրաց եկեղեցու կողմից` որպես դավանակից։ Այդ եկեղեցիներում կան վրացերեն վիմագրեր, բայց կան նաև հայերեն։ Դա մեր քաղկեդոնական մշակույթն է, որին ուզում են տեր դառնալ։
Հուշարձանները ծառայում են քաղաքականությանը։ Ամեն մի շենք իր գոյությամբ փաստում է հողի պատկանելության մասին։ Աղդամի շրջանի Նովրուզլու գյուղի մոտ հայտնաբերվել է խաչքարերով գերեզմանատուն։ Սա բավական է, որ ասենք` ինչ-որ ժամանակաշրջանում գյուղը հայկական էր։ Այս քաղաքականությունը վրացիները շատ լավ են կիրառում, շատ ավելի նպատակասլաց ձևով։ Բայց մեր պետությունը նույն քաղաքականությունը չի օգտագործում։ Տիգրանակերտի պես քաղաքի հայտնաբերումը նշանակում է, որ Աղդամի շրջան գոյություն չունի, կա Տիգրանակերտի շրջան։ Եվ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։ Աղդամ չենք հանձնում, Տիգրանակերտն ենք հանձնում։ Այն հայկական մշակույթի օրրան է, մեր հայրենիքի մի մասն է, իսկ հայրենիքը զիջման, փոխզիջման, սակարկության առարկա չէ։ Բայց հարցին այդ գիտակցությամբ չենք մոտենում, այն մեզ համար լոկ տարածք է։ Այնքան ենք խորթացել հայրենիքից, մեր արմատներից, որ հայրենիքի մի մասն ընկալում ենք որպես տարածք, իսկ տարածքի հետ ամեն ինչ կարող ես անել։
-Պարոն Կարապետյան, Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու դեմ ոտնձգություն կատարած Հայր Տարիելը կարո՞ղ էր նման քայլի դիմել` առանց երկրի քաղաքական և հոգևոր իշխանությունների հովանավորության։
-Իհարկե` ո՛չ։ Խոջիվանքի գերեզմանատան տեղում կառուցվեց վրացական սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եվ 1995-ին, երբ դնում էին այդ եկեղեցու հիմքը, Իլյա Երկրորդի կողքին կանգնած էր Էդ. Շևարդնաձեն։ Սա արդեն նշանակում է, որ գործ ունենք պետական քաղաքականության հետ։ Մնացած բոլոր դեպքերում էլ պետության լուռ հովանավորությունը եղել է։ Գործի գլուխ է վրաց պատրիարքը` փարաջայով ծպտված վանդալներով, ովքեր հոգևորականության հետ կապ չունեն։ Սուրբ սեղանը լոմը ձեռքին քանդող հոգևորականը հավատի հետ կապ չունի։ Իսկ Տարիելը, անշուշտ, գլուխգործոց է։ Մինչև Թբիլիսի տեղափոխվելը նա Մլեթի գյուղի ծխատեր հովիվն էր։ Այնուհետև նշանակվեց սուրբ Նորաշեն եկեղեցու դիմաց գտնվող հունական եկեղեցու հովիվ, որն այժմ կոչվում է սուրբ Հայր։ Փաստորեն, ամեն առավոտ մարդն աչքերը բացում էր, դիմացը տեսնում սուրբ Նորաշենը։ Քունը չէր տանում և չէր կարող հանդուրժել հայկական եկեղեցին։ Հանկարծ հիշում է, որ Մլեթի գյուղի գերեզմանոցում տապանաքարեր կան։ Մի քանիսը բերում, լցնում է Նորաշեն եկեղեցու բակը։ Իր կարճագույն խելքով նա այդպես է վարվում։ Եվ եթե մեկը պատրաստ է պղծել իր ազգի հանգուցյալների հիշատակը, մենք նրանից չենք կարող ակնկալել, որ հարգի մեր ազգի հանգուցյալների հիշատակը։ Չէ՞ որ նա անտապանաքար թողեց վրացազգի 6-7 հանգուցյալների գերեզմաններ։ Մենք այլ ելք չունենք, պետք է դատի տանք։ Հակառակ դեպքում պատիվ չունենք։
Կիպրոսը տարբեր շենքերի, եկեղեցիների, հուշարձանների ոչնչացման, ավերման հետ կապված` Թուրքիայի դեմ 1600 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Առաջին դատը վերջերս ավարտվել է, և արդյունքն այն է, որ Թուրքիան պետք է Կիպրոսին վճարի 1 մլն եվրո տուգանք։ Ես չեմ հասկանում հայի մեր տեսակը. ինչո՞ւ նույնը մենք չենք անում։ Դարեր շարունակ զբաղվել ենք արհեստներով և առևտրով։ Երկուսն էլ, ի դեպ, չարիք են, քանի որ կապ չունեն հողի հետ։ Իսկ հողի հետ չառնչվող մարդը պոտենցիալ գաղթող է։ Հողն ազնվացնում է մարդուն։ Հողից խորթացած մարդն ամեն հարմար առիթի դեպքում կլքի այն։ Դարեր շարունակ մեր «հանունները» հանուն հողի չեն եղել, և հենց այդ պատճառով էլ մեր եկեղեցիների տերը չենք։ Հող հայրենին պաշտող ազգն է, որ իր մշակութային արժեքներին տեր է կանգնում, պայքարում է հանուն դրանց։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3497

Մեկնաբանություններ