38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

«ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»
18.12.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրը գեղանկարիչ, լուսանկարիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ է, ում համար տարին հոբելյանական է: Նա դարձել է 60 տարեկան, թեև խոստովանում է, որ այդ տարելիցն իր համար առանձնապես կարևոր բան չի նշանակում: Նրա հետ այս զրույցն էլ ոչ հոբելյանական թեմաների շուրջ է:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՍՊԻՍԻ՞ ԲԱՆԵՐ Է ՏԵՍԵԼ, ՈՐ ԽԵՂՃԱՆԱ»
-Սամվել, 1992 թվականին գրված «Նամակ առ Հայաստան» արձակ բանաստեղծության մեջ Ձեր քնարական հերոսը ծանր խորհրդածությունների մի հսկա բեռ է կրում իր ուսերին, սակայն դա չի խանգարում լավատեսորեն հավատալու վաղվա օրվան: «Այսօր մութ է, և վաղը լույս պիտի լինի»,- գրում եք Դուք: Ըստ Ձեզ` եկե՞լ է արդեն այդ վաղը, մենք հասե՞լ ենք լույսին, թե՞ դեռ անցնելիք ճանապարհ ունենք:
-Ճանապարհը դեռ առջևում է, բայց սկիզբը խոստումնալից է, և ես հավատում եմ, որ շատ լավ է լինելու: Այդ հավատը միշտ էլ եղել է: ՈՒ հիմա էլ ես տեսնում եմ լավ բաներ: ՈՒղղակի ժողովուրդն անհանգստացած է, որովհետև ծանր ժամանակներ են սկսվել` կապված ֆինանսական ճգնաժամի հետ: Բայց մեր ժողովուրդն էսպիսի՞ բաներ է տեսել, որ խեղճանա:
-Կարծում եք` հայ ժողովրդի ներկա անհանգստությունները միայն ֆինանսական ճգնաժամո՞վ են պայմանավորված, երկրի ներքաղաքական, արտաքին քաղաքական անցուդարձերն անհանգստության տեղիք չե՞ն տալիս:
-Պետք է ասեմ, որ ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամեր մենք միշտ ենք ունեցել, բոլոր ժամանակներում, ուղղակի Սովետական Միության տարիներին նման հարցերին անդրադառնալը, դրանց մասին խոսելն արգելված էր: Մարդկանց լռեցնում էին, հայտարարում էին, թե ամեն բան շատ լավ է, ու ծափ էին տալիս: Հիմա հնարավոր է խոսել ամեն ինչի մասին, ուստի խոսում, վերլուծում են: Բայց այս ամենը նոր երևույթ չէ, շատ ավելի ահավոր բաներ են կատարվել մինչև Սովետական Միության ձևավորումը: Նախասովետական շրջանում Հայաստան` որպես այդպիսին, կար և չկար: Հիմա էլ, երբ Հայաստանն իբրև թե ազատ է, այդ ազատությունը լիարժեք չէ: Վերջին հաշվով, ոչ մեկս էլ ազատ չէ, որովհետև հազար թելերով կապված է շրջակա աշխարհի հետ: Ասենք թե ձևականորեն ինչ-որ պետություններ կան աշխարհում, ո՞վ է ասում, թե դրանք ամբողջովին անկախ են: Հենց թեկուզ եվրոպական պետությունները վերցնենք: Դրանք փոխադարձաբար կախված են միմյանցից: Մի տեղ ճգնաժամ է սկսվում, մետաստազի նման տարածվում է մյուս երկրների վրա: Եվ նույն կախվածությունը գործում է ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական հարթությունում: Սովետական Միությունը քանդվեց, ազգերն իբրև թե անկախացան, բայց իրականում մի բանակից դուրս եկան ու մտան մեկ այլ բանակի մեջ: Այսինքն` ձևավորվեց ուրիշ կախվածություն:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
-«Քաղբյուրո» վերնագրված Ձեր նկարում կապիկների խումբ է պատկերված: Սա Ձեր վերաբերմունքն է կոնկրետ խորհրդայի՞ն իշխանության նկատմամբ, թե՞ իշխանության նկատմամբ` առհասարակ: Մեկ հասարակարգից մյուսին անցումով իշխանության որակական փոփոխություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Բոլոր հասարակարգերի պայմաններում էլ իշխանությունները, պետության գլուխ կանգնածները նույն դիմագիծն ու վարքագիծն ունեն: Այդպես է ամբողջ աշխարհում: Իշխանությունը մի երևույթ է, որը ոչ մի շեղման չի ենթարկվում: ՈՒնի որոշակի սկզբունքներ, որոնցից չի կարող հրաժարվել: Իշխանությունը, նախ և առաջ, պետք է ուժեղ լինի, որպեսզի կարողանա երկրի գլխին կանգնել: Եթե ենթադրվում է այդ ուժեղությունը, ուրեմն ենթադրվում են նաև ուժեղ լինելու հանգամանքները, ուժեղ լինելու միջոցները, զենքերը: Իսկ այդ շարքում պարտադիր պայման է կոռուպցիան, որը կա ամբողջ աշխարհում: Մենք մտածում էինք, որ որոշ երկրներում, օրինակ` Ամերիկայում, կոռուպցիա չկա: Բայց պարզվեց, որ կա և շատ ավելի մեծ չափերի է հասնում, քան այլ երկրներում: Ես երկար տարիներ ապրել եմ Ամերիկայում և կարող եմ ասել, որ այնտեղ չկա մանր կաշառակերություն, ու դա ոմանց մոտ պատրանք է ստեղծում, թե Ամերիկան «անկաշառ» երկիր է: Փողոցային ոստիկանները, այո՛, կաշառք չեն վերցնում, որովհետև տեսագրվում է նրանց և քաղաքացիների շփումը: Բայց հետո իմացա, որ նրանց մոտ կաշառքի ավելի մեծ և լուրջ դրսևորումներ կան: Օրինակ, եթե ինչ-որ շինարարական ծրագիր պիտի իրականացվի, հայտարարվում է մրցույթ, և մրցույթում շահում է այն կազմակերպությունը, որն ավելի մեծ կաշառք է տալիս քաղաքապետին: Բայց, ի տարբերություն Հայաստանի, այնտեղի շինարարներն իրենց գործը լավ են անում: Ամերիկայում կաշառքը տալիս են, բայց գործն էլ անում են, որովհետև այդ երկիրն ու նրա քաղաքացիներն ուրիշ ճանապարհ են անցել, իսկ մեր ժողովրդին շատ է պակասում դաստիարակությունը: Մեր ժողովուրդը դաստիարակության խիստ կարիք ունի: Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ նրա իշխանությունն է: Իրար արժեն: Ես ինձ իրավունք չեմ վերապահում այս հարցերի մեջ խորանալու, բայց գոնե այսքանը պիտի ասեի:
«ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴՆ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է ԶԳԱ ԱՆԴՆԴԻ ԵԶՐԻՆ»
-Ձեր` «Թռիչք կկվի բնի վրայով» աշխատանքը համանուն ֆիլմի տրամադրությամբ է արված: Մերօրյա իրականության մեջ այս զգացողությանը հաճա՞խ կարելի է հանդիպել:
-Այդ զգացողությունը միշտ է հետապնդում նորմալ մարդուն, հատկապես արվեստագետին: Դա միայն հոգեբանական խնդիր չէ, նաև կյանքի անխուսափելի պայման է: Միշտ էլ մարդն իրեն պետք է զգա անդնդի եզրին:
-Մենք փորձում ենք երկխոսել թուրքերի հետ: ՈՒզում ենք հավատալ, որ այսօրվա թուրքը 15 թվականի թուրքը չէ: Այս գաղափարն իր «Կրակե շապիկ» վեպում արծարծել է Վարդգես Պետրոսյանը` արժանանալով սուր քննադատության: Դուք ևս գեղանկարչական աշխատանք ունեք, որ կոչվում է «Կրակե շապիկ»: Սա պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ գաղափարական համերաշխության նշան:
-Նախ և առաջ ասեմ, որ թուրքն ինձ համար ազգ չէ: Թուրքը մարդու տեսակ է: Մեր մեջ էլ թուրքեր կան: Այն մարդիկ, որոնք սպանել են, ջարդել են, ճարտարապետական շինություններ են պղծել, ինձ համար մտնում են թուրք հասկացության մեջ: Դրանցից մեր մեջ էլ կան: Ես միշտ ուզում եմ ասել մեր որոշ հայրենակիցներին, որ իրենք մեր ունեցածի հետ թուրքի պես են վարվում: Ահավոր վիրավորվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ վիճակում են մեր ճարտարապետական կառույցները, ճանապարհները, քաղաքը: Մարդիկ միայն իրենց սեփական ունեցվածքի տերն են, այն, ինչ իրենց տնից, իրենց մեքենայից դուրս է, դրա հետ թուրքի պես են վարվում: Որքան էլ այդ մասին խոսում ենք, որքան էլ բացատրում ենք, միևնույն է, մարդիկ շատ հանգիստ շարունակում են իրենց արածը: Ինձ համար և՛ հայի, և՛ թուրքի մեջ լավն էլ կա, վատն էլ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ եթե թուրք է, ուրեմն անպայման վատն է: Չնայած շատ ազգեր, հենց մուսուլմանական աշխարհում, արաբների շրջանում շատ վատ են ընդունում թուրքերին: Նրանց ուղղակի մոտ չեն թողնում իրենց հասարակական վայրերին: Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում` «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր»: Մենք պիտի այս ճշմարտությամբ առաջնորդվենք:
«ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ, ՔՅԱԲԱԲՆՈՑՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»
-Ձեր աշխատանքներում անդրադարձել եք Անիին, տաճար տանող ճանապարհի գաղափարին: Պետք է եզրակացնել, որ մենք մեր հայրենիքի ներսում է՞լ ենք կորցրել դեպի տաճար տանող ճանապարհը:
-Մենք անտարբեր ենք դարձել հոգևոր արժեքների նկատմամբ: Չունենք համակարգված, ընդհանուր քաղաքականություն: Հիմա իբր թե փորձում ենք ուշադրություն դարձնել կրթությանը: Ես դրանում ձևականություն եմ տեսնում: Մի կողմից` խոսում են կրթական խնդիրների մասին, երիտասարդ նախարար են նշանակում` թարմ ուղեղով, թարմ մտածողությամբ, մյուս կողմից` հակասական բաներ են կատարվում: Ահավոր է մեր հեռուստատեսության վիճակը, հակադաստիարակչական հաղորդումների հեղեղ է եթերում, ու դրա դեմն առնող չկա: Ինչքան ուզում ես խոսիր, ձայնդ լսող չկա: Ամբարտավանորեն շարունակում են իրենց գործը: Էդպես են ուզում, էդպես են անում: Բողոքենք, չբողոքենք, միևնույն է, Հովոն էլի համասեռամոլներից է խոսելու, եթերն էլի հակաէսթետիկական ծրագրերով է լցվելու, մեր երեխաներն էլի բացասական ազդակներ են ստանալու: Այսքան մտավորականներ ունենք, խելացի մարդիկ ունենք, ո՞վ է նրանց ձայնը լսում: Խորհրդային տարիներին գոնե հեռուստատեսությամբ պոեզիայի ժամեր կային, բանաստեղծի խոսք էր հնչում: Հիմա ի՞նչ է կատարվում: Բարձր-բարձր ճառում են մատաղ սերնդի դաստիարակության, կրթության որակի ու այս կարգի բաների մասին: Մի՛ ճառեք, թողեք մատաղ սերունդը ճիշտ աճի: Այսօր այդ մատաղ սերունդը չի կարդում: Հիշում եմ` խորհրդային տարիներին 30 հազար տպաքանակով Համո Սահյան էր տպվում, գրախանութներում հնարավոր չէր գտնել, անմիջապես սպառվում էր: Վերջերս նրա նոր տպված գիրքը տեսա` ընդամենը 300 տպաքանակով: Մարդիկ փող չեն տալիս գրքին: Սա է մեր վիճակը: Ռեստորանների, քյաբաբնոցների առատություն է մեր երկրում: Երկու հարյուր ռեստորանի դիմաց Երևանում մեկ գրախանութ է գործում: Այսպես կարելի՞ է ապրել: Մենակ փորի համա՞ր ենք ապրում: ՈՒտեն-խմեն, իրենց մեքենաները քշեն մեզ վրա, ու ժողովուրդն էլ լուռ համբերի, որովհետև իր ձայնը լսող չկա: Էլի ասեմ` մենք պիտի լավ դաստիարակենք մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը, որպեսզի ազատվենք այս վիճակից: Բացարձակապես անթերի հնարավոր չէ լինել: Այն եվրոպական երկրները, որոնց սիրում ենք օրինակ բերել, լուծել են իմ նշած խնդիրները, բայց սա չի նշանակում, որ նրանք այլևս խնդիր չունեն: Մարդը բնության ստեղծած կատարյալ էակներից մեկն է (կարծում եմ` մենք լավ չենք ուսումնասիրել բնությունը, գուցե այնտեղ մարդուց ավելի կատարյալ էակներ կան), բայց եթե նա մնա առանց դաստիարակության, սարսափելի բանի կվերածվի: ՈՒ այսօր մենք, Հայաստանում ապրող ազգաբնակչությանը (ոչ հայ ազգին, դրանք տարբեր բաներ են) դաստիարակելու փոխարեն, լրիվ հակառակ բանն ենք անում: Ցուցահանդեսիս առիթով «Հ1» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել` ընդամենը կես րոպե տևողությամբ: Իսկ այդ ռեպորտաժից հետո մոտ տասը րոպե եթերում պատմվում էր արտասահմանցի մի երեխայի մասին, որը հրացանը վերցրել, գնացել է դպրոց, որպեսզի ուսուցչին սպանի: Ավելին, ծրագրի առավոտյան կրկնության ընթացքում ինձ վերաբերող ռեպորտաժը հանվել էր, բայց ամենայն մանրամասնությամբ պատմվում էր դպրոցական տեռորիստի մասին: Սրան ի՞նչ անուն տաս: Ես իմ անձի խնդիրը չեմ բարձրացնում, սա դաստիարակության, ապագա քաղաքացու ձևավորման խնդիր է:
«ՄԱՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑԱԾ»
-Մեր զրույցի սկզբում հիշատակածս «Նամակ առ Հայաստան» բանաստեղծության մեջ գրում եք. «Հեռավոր քաղաքների մայթերին մաշում եմ կարոտս` երկնաքեր անտարբերության աչքի առաջ»: Մարդու նկատմամբ այդ անտարբերությունն իսկապես զգացե՞լ եք Ձեր մաշկի վրա, թե՞ սա պարզապես բանաստեղծական տող է:
-Մեզ մոտ մի լավ բան կա, որ չկա Արևմուտքում: Դա մեր հյուրասիրությունն է: Խորհրդային տարիներին ռուսական մամուլում մի հոդված տպվեց` «Հայկական հյուրասիրությունը և ռուսական շնորհակալությունը»: Պատմվում էր այն մասին, որ ռուսը եկել է Հայաստան, հյուրասիրվել, արժանացել ուշադրության, իսկ հետո Ռուսաստանում հոդված է գրել այն մասին, որ իրեն հյուրընկալող հայն աշխատանքի չէր գնում, ամբողջ օրն իր հետ էր անցկացնում, տանում էր զբոսանքի, հյուրասիրում: Ամբողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում, հյուրասիրությունը, հյուրընկալությունը պակասել է, ավելացել է մարդու նկատմամբ անտարբերությունը: Սա արդեն Աստծուն վերաբերող խնդիր է: Մարդն աշխարհում ապրում է մեկուսացած: Մեզ մոտ` Հայաստանում, դա դեռ չկա, բայց սրա շոշափուկները ես արդեն նկատում եմ: ՈՒ սրանում հատկապես մեծ է այսօրվա կապի միջոցների դերը: Այս իմաստով ձեռքի հեռախոսներն ուղղակի տնաքանդություն են: Դրանք օտարացնում են մարդկանց միմյանցից: Առաջ ամեն տան մեջ հեռախոս չկար, ու մարդը վեր էր կենում ծանոթին, հարազատին հյուր էր գնում: Հիմա մարդուն զանգահարում ես, ուզում ես հանդիպել, նա շատ հանգիստ ստում է, թե քաղաքում չէ: Այս բաների պատճառով մեր ազգի տեսակը փոխվում է: Մենք շատ արագ յուրացրինք այս տեխնիկական նորամուծությունները, ու սրա դեմ հնարավոր չէ պայքարել: Եթե ձգտում ենք դեպի Եվրոպա, ուզենք-չուզենք, պիտի նմանվենք նրանց: Բայց եթե ուզում ենք, այդուհանդերձ, մնալ բաց սրտով, ջերմ հոգով ժողովուրդ, պիտի լրջորեն մտածենք այդ մասին: Ես կարծում եմ, որ ժամանակն անցնում է, ու այդ բարոյական խնդիրների հրամայականն ավելի խիստ է դրվում մեր առաջ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ