38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               

«Իմ հեռավոր, իմ լուռ կարոտ»

«Իմ հեռավոր,  իմ լուռ կարոտ»
11.05.2012 | 00:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակութային ակտիվ գործունեություն է ծավալել: Այն պայմանավորված է նաև տնօրենի` դաշնակարուհի Արմինե Գրիգորյանի ակտիվությամբ, որն անձնական օրինակով խթանում է համերգային կյանքը: Այս անգամ թանգարանի համերգասրահը տրամադրվել էր Հայ կոմպոզիտորների համաժողովին, որի կազմակերպած համերգը նվիրված էր Էդվարդ Միրզոյանի վոկալ ստեղծագործությունների կատարմանը: Ծրագիրը մտահղացել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը, իսկ իրականացնողը նրա սաներն էին:

«Եզակի համերգ»,- այսպես բնորոշեց միջոցառումը համաժողովի նախագահ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը և խոսքը տվեց արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանին, որն էլ վարեց համերգը:

Յուրաքանչյուր ելույթից առաջ բանախոսը հակիրճ ներկայացնում էր տվյալ երգի ստեղծման շարժառիթը, նախապատմությունը:

Համերգին ներկա գտնվող կոմպոզիտորին հաճելի անակնկալ մատուցեցին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Լևոն Հայրապետյանը և Աննա Թաշճյանը` կատարելով Է. Միրզոյանի հոր` Միքայել Միրզայանի մանկական երգերից երկուսը: Նույն դպրոցի վոկալ անսամբլը կատարեց «Գարնան երգը»: Ժողովրդական այս գողտրիկ երգը Միրզոյանը մշակել է կանանց քառաձայն երգչախմբի համար, սակայն ոչ պակաս գեղեցիկ հնչեց երեխաների փոքրիկ կազմով:

«Ասում են, թե դու այնպես մոռացել ես ինձ»,- այսպես է սկսվում Միրզոյանի առաջին ռոմանսը (1939 թ.), որ գրվել է Ավետիք Իսահակյանի խոսքերով: Ռոմանսը հնչեց կոնսերվատորիայի սան Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ: Իսկ օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Ալինա Փահլևանյանը կատարեց Ավ. Իսահակյանի խոսքերով գրված երկրորդ ռոմանսը` «Երազ տեսա, ձեր տան առաջ/Զուլալ աղբյուր կբխեր» (1941 թ.): Երկրորդ աշխարհամարտի օրերին ստեղծվեց «Հայրենիքն է կանչում» երգը` Ազատ Վշտունու նոր բանաստեղծությամբ, որ տպագրվել էր թերթում: Երբ բեկում տեղի ունեցավ, և ոսոխը նահանջում էր, երբ Հայաստանի ռադիոյով տեղեկություններ էին հաղորդվում այդ մասին, մշտապես հնչում էր հայրենասիրական այդ երգը: Ահա այս երգը համերգի ընթացքում հնչեցրին Ալեքսանդր Ժույկովը և Հովհաննես Գրիգորյանը: Այս խրոխտ քայլերգին հաջորդեց 1944-ին գրված «Դու հասկացար» քնարական ռոմանսը` Վահան Տերյանի խոսքերով: «Դու հասկացար տագնապները իմ հոգու». այս երգը կատարեց հիշյալ դպրոցի սան Ջուլիետա Ալեքսանյանը: Ի դեպ, վերջերս Ջուլիետան Գյումրիում` «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում, արժանացել է «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակին:

2008 թ. Է. Միրզոյանն ավարտեց վաղուց սկսած «Հիմա հիշում եմ» ռոմանսը` Եղիշե Չարենցի խոսքերով: «Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու նոր» երգը կատարեց Տիգրան Օհանյանը:

«Վերհուշ» ռոմանսը հնչեց օպերային մեներգիչ Կարո Խաչատրյանի կատարմամբ: Համերգավարը նշեց, որ երգը ծնվել է Դիլիջանում, կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Միրզոյանը դաշնամուրային որոնումների մեջ էր, և ծնվեց մի մեղեդի, իսկ երբ այն հավանեցին գործընկերները, խնդրեց Սիլվա Կապուտիկյանին մեղեդուն համահունչ բանաստեղծություն գրել: Ահա այսպես ծնվեց այդ գեղեցիկ երգը` «Իմ հեռավոր, իմ լուռ կարոտ,/ Իմ թևավոր, իմ հուշ աղոտ»: Ինչ վերաբերում է «Տարվա եղանակները» երգաշարին, ապա, ինչպես նշեց բանախոսը, այն ստեղծվել է Դանիել Երաժիշտի առաջարկությամբ, որը տրամադրել էր Միրզոյանին չինացի միջնադարյան պոետների չորս բանաստեղծություն: Ընդ որում, «Ամառը», «Աշունը», «Ձմեռը»` իր իսկ թարգմանությամբ, իսկ «Գարունը»` Հենրիկ Սևանի: ՈՒստի պատահական չէ, որ «Տարվա եղանակները» երգաշարը Է. Միրզոյանը նվիրել է Դանիել Երաժիշտին: Այս շարքը կատարեց Ալինա Փահլևանյանը: Համերգի վերջում մասնակիցներից հինգը հնչեցրին հայտնի «Ֆեստիվալային վալսը», որը նվիրված է առաջին կատարող Տաթևիկ Սազանդարյանին (1956):

Վերոհիշյալ բոլոր երգիչներին նվագակցեց դաշնակարուհի Լիլիթ Հակոբյանը, որը նպաստեց համերգի հաջողությանը:

Համերգն ունեցավ նաև յուրօրինակ վերջաբան` ներկաներն ունկնդրեցին Ներսես Շնորհալու խոսքերով գրված Միրզոյանի առայժմ վերջին գործը` «Յաղագս երկնի եւ զարդուց նորա» խմբերգի ձայնագրությունը, որը կատարել է «Հովեր» երգչախումբը (ղեկավար` Սոնա Հովհաննիսյան): Համերգի ընթացքում ունկնդիրները վայելեցին ոչ միայն կոմպոզիտորի երգերը, այլև հայտնի միրզոյանական հումորը: Օրինակ, երբ նա միջամտեց համերգավարին` լրացում անելու, ասաց. «Ժողովուրդ, կներեք, որ ես հայերեն եմ խոսում»: Բանն այն է, որ երաժշտագետ-դոկտորը համերգը վարում էր ռուսերեն:

Ինչևէ, այս համերգը լավ նվեր էր կոմպոզիտորին, որի ծննդյան 91-ամյակը լրանում է մայիսի 12-ին:

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ