Քայլում էր, քայլում էր դանդաղ, ինչպես տառ առ տառ գրվում են բառերը, հետո տողերը: Քայլում էր, ու պետք էր քայլել համառ ու երկար` ապրելու հսկա տենչը բեռ արած: Քայլում էր, դուրս էր եկել Սունդուկյան փողոցից, Երևանից, երկրորդ օրն է` հատել էր սահմանը, հասել էր Կարս, անցել էր Վարդանի կամուրջը, կանգնել էր Առաքելոց վանքի դռանը, պտտվել էր 12 առաքյալների քանդակների շուրջ, նորից զարմացել էր, որ առաքյալներից մեկի աչքերը չկան, հիշել էր` Հուդան է: ՈՒ նորից քայլել էր... Փարիզ, Հռոմ, Վենետիկ: Քայլել էր անգամ Վենետիկում` գիշերը, Հառաչանքի կամրջից մինչև Ռիալտոյի կամուրջ, ամեն քայլի հետ մտածել էր` բառերով էր մտածել, ծանր բառերով, որ երբեմն տեղ չէին հասնում, որովհետև իրենց տեղն ուրիշ բառեր էին գրվել` սխալ բառեր, կեղծ բառեր, բայց` զրնգուն, իսկ բառերով գրվածը սրով են ջնջում: Մնում էր` քայլելը: Երբեմն կանգ էր առնում, որ բառերի պարսը մի քիչ դադար առնի, հետո արագացնում էր քայլերը: Արփենիկը մահացավ: Տեղապտույտ էր: Արփենիկը մահացավ, իսկ ինքը բանտում էր: Որովհետև արածը հիմարություն էր: Արփենիկը տարավ ոչ միայն երջանկության, այլև ճակատագրի ոսկե բանալին: Քայլում էր: Իզաբելլան: Նշաձև աչքերով: Հայերեն չիմացող: Հնազանդ ու հավատարիմ Իզաբելլան: Արփենիկը: Անահիտը: Քայլում էր: Տղա չունեցավ: Ավելի լավ: Քայլում էր: Փարիզից նորից Կարս վերադարձավ, Աբգար աղայից մեկ ռուբլի թռցրեց ու Վահան Տերյանի «Բանաստեղծությունները» գնեց, 1912 թվականն էր: Բոլորը ողջ էին, սքանչելի ժամանակ էր, գրում էր, ինքն էլ գրում էր բառեր: Բա՜-ռե՜ր: Եթե իմանար, որ ամբողջ կյանքն անցկացնելու է բառերի զնդանում: Բառերի դրախտում: Բառերին պատանդ: Բառերին` տիրակալ: Երկու քայլով վերադարձավ Երևան` Կոմիտասին էին Փարիզից բերել: 1935 թվականն էր, արդեն ամեն ինչ գնում էր գրողի ծոցը: Իսկ Կոմիտասին բերել էին: Բառերը գլորվում էին իրենից հեռու ու վերադառնում էին իրեն: Խանջյանին ևս բերեցին: Սպանված: Չդիմացավ: Ասաց, ու բոլորը գունատվեցին: Դոֆին Նաիրական: Աղասին: Նավզիկեն: Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում անապատի կարմիր ավազները ու անսեր սիրո սեր Նավզիկեն: Անսեր սիրո: Հիմարություն, բայց իմաստուն: Ապրված: Արդեն այնքան երկար էր քայլել, որ մոռանում էր` որտեղ է, որտեղից է գալիս և ուր է գնում: Ինքը: Երկիր Նաիրիի ուղեղային մորմոքն ու միֆը սրտի սրտում իբրև զառանցանք պահած: Զառանցա՞նք: Նույնիսկ քայլերը ծիծաղեցին ու դանթեական առասպելը եկավ ու պատեց... բանտախուցը: Վախճանվեց գիտակցության չգալով: Սուտ է: Բժիշկները չեն հասկանում: Հոգնել էր: 40 տարի քայլել էր ու գրել էր բառեր, որ հազարավոր տարիների ճանապարհ էին անցել ու հասել էին իրեն ու իր միջով հազարավոր տարիների ճանապարհ էին անցնելու: Ինքը կամուրջ էր` հազարամյակների ու բառերի: Կարող էր ավելի քայլել, նոր բառեր գրել, բայց միջնադարյան կացինը անկաղնի բացատ էր բացում: Վերադարձավ Կարս, իսկ գուցե Մակու, 1897 թվական, մարտի 1: Տեսավ մոր ժպիտը` առաջինը` ինչ տեսավ, հետո` հոր հուզված աչքերը: Ծնվեց: Վաճառական Աբգար Սողոմոնյանի որդին: Քայլերը: Եղիշե Չարենց: Բանաստեղծ: Հայ: Երևան: Աստաֆյան: Փոշի: Կարմիր ավազներ երազների: Գերեզման չունեցավ: Մնաց բառերի մեջ: 15 տարեկանում տպագրված առաջին բանաստեղծությունն ու 25 տարի գրված բառերը: Վերջ: Սկիզբ: Վերջին քայլը չզգաց, որովհետև գետնից կտրվեց ու տիեզերական ձգողականության մեջ փոխվեց արագությունների ժամանակը: Վերջ` սկիզբ: Եղիշե Չարենց: Ամեն ինչ սկսվում է նորից: Նոր բառով: Նոր տողից: Քայլում էր, իսկ բառերը տեղ չէին հասնում: Հույսը Ռեգինան էր ու մեկ էլ Իզաբելլան, որ գիտեր ձեռագրերի տեղը: Հետո բառերը պոկվեցին քայլերից ու մնացին մենակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ