38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Սաֆարովյան Ադրբեջանը, ի դեմս ինձ, Հայաստանում գտել է իր քիրվային, ինչի համար ցավում եմ»

«Սաֆարովյան Ադրբեջանը,  ի դեմս ինձ, Հայաստանում գտել է  իր քիրվային, ինչի համար ցավում եմ»
01.03.2013 | 12:41

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպը և հայ գրող Լևոն Ջավախյանի` ադրբեջանցիների մասին պատմող «Քիրվա» պատմվածքը մեկ գրքով հրատարակելու մտահղացումը թուրք մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուինն է:
Դժվար է ասել` Այլիսլին կհամաձայնի՞ նոր փորձությանը` հայ և ադրբեջանցի գրողների համատեղ գրքի տեսքով: Առայժմ նա խուսափում է պատասխանից:
Օրերս սույն թեմայի շուրջ հրավիրվել էր մամուլի ասուլիս, բանախոսների թվում էր նաև Լևոն Ջավախյանը: Ասուլիսից հետո, երեկոյան, գրողին զանգահարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը և սեփական «ասուլիսն անցկացրել»: Ներկայացնում ենք մեր զրույցը ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ հետ:

-«Քիրվան» հայերեն և թուրքերեն տարբերակով դրված է թուրքական կայքերում և, ըստ լուրերի, Թուրքիայում ամենաշատ ընթերցված պատմվածքն է: Ինչո՞վ է պայմանավորված այս հետաքրքրությունը:
-Այլիսլիի «Քարե երազների» նկատմամբ հետաքրքրությունն ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ այդքան մարդ ոտքի կանգնեց:
-Իսկ ի՞նչ արձագանք գտավ «Քիրվան» Հայաստանում, մանավանդ, երբ 2010-ին Բաքվի «Խաղաղության և հանդուրժողականության կենտրոնի կովկասյան ինստիտուտը» մրցանակի արժանացրեց այն` Հարավային Կովկասում խաղաղություն և հանդուրժողականություն քարոզելու համար:
-Որոշ թերթեր ողողվեցին քննադատություններով, ինձ կոչում էին ազգի դավաճան, ազգի պատիվը խայտառակող, զարմանք էին հայտնում, թե ինչո՞ւ պետանվտանգության մարմիններն ինձնով չեն զբաղվում, ու հասան իրենց նպատակին: Սրճարաններում թունոտ հայացքների էի հանդիպում և այլն, բայց ականջ կտրելու սպառնալիքներ չեն եղել:
-Հանրության «լռությունը» հանդուրժողականությա՞մբ եք բացատրում, թե՞ ավելի շատ անտարբերությամբ: Կարծես գրողի խոսքն այնքան էլ չի հետաքրքրում ընթերցողին ու գրական շրջանակներին:
-Լավ էլ հետաքրքրում է. և՛ բանավեճեր են եղել, և՛ հանդիմանություններ:
-Իսկ դրական արձագանքնե՞ր:
-Միայն «Հրապարակ» օրաթերթն է դրական արձագանքել:
-Զարաքոլուի` Այլիսլիի և Ձեր ստեղծագործությունները մեկ գրքով հրատարակելու առաջարկին, կարծում եք, Այլիսլին կհամաձայնի՞:
-Խիստ կասկածում եմ` նկատի ունենալով Ադրբեջանում շարունակվող ճնշումները:
-Այլիսլիի նկատմամբ հալածանքները նոր փուլ են թևակոխել, կասկածներ են հնչում գրողի հոգեկան վիճակի մասին:
-Հոգեկան հիվանդը կարո՞ղ է այդպիսի տաղանդավոր գործ գրել, մտքի այդպիսի սրություն, խիզախություն ունենալ:
-Մեր քայլերը գուցե սրո՞ւմ են լարվածությունը:
-Մեր ցանկացած քայլ, պարզ չէ՞, որ վնաս է: Դրա համար զգուշությամբ ենք գործում: Ես նամակ եմ գրել թուրք մտավորականներին` խնդրելով օգնել Այլիսլիին, քանի որ մեր քայլերը կարող են հակառակ արդյունքն ունենալ:
-Բայց և այնպես, արձագանքում ենք:
-Ինչ-որ կերպ պիտի արձագանքենք, բայց չհակադրելով Այլիսլիին իրեն ծնած ժողովրդի հետ: Այսպես ասենք. կա սաֆարովյան Ադրբեջան, կա նաև Այլիսլիի Ադրբեջան, որն իր ազգը փրկում է խայտառակությունից: Սա պետք է հստակ զանազանել: Եվ Այլիսլին մենակ չէ, Ադրբեջանում կա առաջադեմ մտավորականություն:
-Ձեր պատմվածքում այսպիսի տողեր կան. «Մեր առավոտները խաղաղ չէին»: Հիմա խաղա՞ղ են:
-Մեր առավոտներն ամպամած են դեռևս, երկու կողմից էլ լարվածություն կա, բայց պետք է քայլեր անել, ու դրանում մեծ դեր կարող են ունենալ մտավորականները, արվեստագետները: Նրանք ավելի լավ են իրար հասկանում, քան քաղաքական գործիչները: Նրա՛նք պիտի քանդեն գորդյան հանգույցը: Ո՞վ կսպասեր, որ Այլիսլին նման քայլ կանի, պիտի գնալ դրան ընդառաջ:
-«Մենք պատերազմ չգնացինք` պատերազմը եկավ մեզ մոտ: Մինչ այդ խաղաղություն էր և երջանկություն»: Այս տողերը նույնպես «Քիրվայից» են: Մեր օրերում (գուցե և միշտ) խաղաղությունը համարվում է ժամանակավոր դադար պատերազմների միջև: Ձեր պատմվածքն ինչպե՞ս կբնորոշեիք:
-«Քիրվան» ժողովուրդների բարեկամությունն արտացոլող պատմվածք է: Գրված է հումանիստական շնչով, որը սահման չունի: Այդ սահմանը չի վերաբերում ո՛չ չեչենին, ո՛չ ռուսին, ո՛չ հային, ո՛չ թուրքին: Դրանք տարածքներ չունեն: Բայց պետք է նշեմ, որ, ի տարբերություն Այլիսլիի, ինձնից գեղարվեստի խիզախություն չի պահանջվել այդ պատմվածքը գրելու համար:
-Պարոն Ջավախյան, գրողների միությունից Ձեր դուրս գալը շաղկապում են «Քիրվայի» հետ, լուրը հասել է անգամ հարևան երկիր` Թուրքիա:
-Ոչ մի կապ չունի մեկը մյուսի հետ, չգիտեմ ինչպես է այդ լուրը տարածվել: Հակառակ կարծիքն էլ է հնչել, որ իբր ինձ ՀԳՄ չէին ընդունում, երբ Ադրբեջանից մրցանակ ստացա, դռները բացվեցին:
-Հարևան երկրում կարող են շահարկել «Քիրվայի» հետ կապված պատմություններն ու եզրակացնել, որ մեր արձագանքը խաղաղասիրական այդ գործի հեղինակի հանդեպ նույնպիսին է եղել:
-Այդպես չէ, հալած յուղի պես չի անցել իմ պատմվածքը, բայց ես ճնշման, արհամարհանքի չեմ արժանացել:
-«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողի հետ Ձեր հարցազրույցը դժգոհությունների ու ասեկոսեների նոր ալիք է բարձրացնելու: Մի փոքր մանրամասնեք դիպվածը:
-Ինձ զանգահարեցին Պրահայից, ներկայացան որպես «Ազատություն» ռադիոկայանի լրագրող: Ես ռուսերեն վատ եմ արտահայտվում, զրույցի ընթացքում ինձ օգնում էր կինս: Հեռարձակված հարցազրույցից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, իբր ես ընդունում եմ Խոջալուի «եղեռնը» և տրտնջում, որ ոչ մի հայ գրող դրան չի անդրադարձել այնպես, ինչպես Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում: Իրականում նա ինձ հարցրել է` հայ գրողներից որևէ մեկն անդրադարձե՞լ է Խոջալուի դեպքերին, ես ասել եմ` ոչ, այն նկատառումով, որ Խոջալուի մասին իրազեկված չենք, հետևաբար, չենք կարող չիմացածի մասին գրել: Զրույցի ընթացքում ես ասել եմ, որ այն համարձակությունը, որ Այլիսլին է դրսևորել հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, ոչ մի հայ գրող չի դրսևորել: Նա այդ խոսքը կցել է Խոջալուի իրադարձություններին: Միևնույն ժամանակ հարցրել է` բռնություններ եղե՞լ են Հայաստանում, ես ասել եմ` եղել են, բայց ոչ այն մասշտաբով ու դաժանությամբ, ինչպես` Ադրբեջանում, դրանք անհամեմատելի են: (Հարցազրույցն արդեն կայացել էր, երբ Լևոն Ջավախյանն իրազեկեց, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը, տեղեկանալով այդ անհանգստության մասին, զանգահարել է ու խոստացել հերքել թյուր ինֆորմացիան, միաժամանակ հավաստիացնելով, թե կեղծելու մտադրություն չի ունեցել, պարզապես սխալ է ընկալվել իր հաղորդագրությունը- Ա. Ս.)։
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
-Արդեն իսկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գայանե Դանիելյանին տեղեկացրել եմ, որ թյուրըմբռնում է եղել, ու լրացուցիչ հարցազրույց եմ խնդրել` պարզաբանելու համար իրողությունը: Փաստորեն, սաֆարովյան Ադրբեջանը, ի դեմս ինձ, Հայաստանում գտել է իր քիրվային, ինչի համար ցավում եմ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ