38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Այլիսլին իր ժողովրդի խայտառակության խարանը ջնջելու քայլն անող մարտիրոսն է»

«Այլիսլին իր ժողովրդի խայտառակության խարանը ջնջելու  քայլն անող մարտիրոսն է»
01.03.2013 | 12:24

«Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր, ՀԳՄ արձակի բաժանմունքի նախագահ ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

«ԱՅՍ ՎԵՊԸ ԳՐՈՂ ՄԱՐԴԸ ԿԸՄԲՈՍՏԱՆԱՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ, ԱՅԼԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼԱԶԳԻԻ ԱՆԻՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԱՌՀԱՍԱՐԱԿ»
-Տիկին Ալիս, վերջին շաբաթներին հայ և ադրբեջանական հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում ադրբեջանցի անվանի գրող, բազում միջազգային և հայրենական մրցանակների դափնեկիր Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի շուրջ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այդ վեպի փաստագրական և գեղարվեստական արժանիքների մասին:
-Երբ վերջին տարիներին Թուրքիայի մտավորականության մեջ ի հայտ եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող մարդիկ, և նրանց թիվը հետզհետե բազմապատկվեց, ես շատերի նման մտածում էի. «Զարմանալի է` ոճրագործությունների թվով նմանը չունեցող բռնապետական այս երկիրը մի՞թե վերջապես քաղաքակիրթ դառնալու նշաններ է ցույց տալիս»: Բայց մյուս կողմից` ինչո՞ւ ոչ… 70-միլիոնանոց ազգի մեջ ո՞նց կարող էր չգտնվել 70 կամ գոնե 7 արդարամիտ ու նաև խիզախ մարդ, ում մեջ ծառս էր լինելու մարդասիրությունը, այն, ինչի ջատագովն են եղել աշխարհի մեծագույն մտածողները` բոլոր քաղաքակրթություններում: Նույնը կարելի է ասել Աքրամ Այլիսլիի մասին: Խոնարհվում եմ այս անկոտրում մարդասերի առաջ նախ` որպես հայ (կեղծավոր չլինեմ) և ապա որպես աշխարհի քաղաքացի: Գիրքը գեղարվեստորեն նույնքան համոզիչ ու տպավորող է, որքան որ վավերագրական է: Գլխավոր կերպարները` Սադայ Սադօղլին, Նուվարիշ Ղարաբաղլին, անվանի հոգեբույժ Աբասալիևը, բժիշկ Ֆարզանին, հիմնականում գրողի գաղափարակիրներն են: Նրանք բոլորն էլ հասարակարգի զոհեր են` այդ բառի բարձր, հերոսական իմաստով: Նուվարիշը, որ հենց վեպի առաջին տողերից մեզ ներկայանում է որպես արվեստի խոնարհ ծառա և Սադայի մեծ երկրպագու, Սանչո Պանսայի հատկանիշներով մեկը, թեև հայ չէ, բայց ամենևին ապահովագրված չէ հղփացած պաշտոնյայի հետապնդումից: Զուր չէ, որ նրան տանջում են հարևանուհու` Գրետա Սարկիսովնայի` սեփական տան պատշգամբից դուրս շպրտվելու հետ կապված բանդագուշանքները: Վեպի ավարտին նա նույն բախտին էր արժանանալու: Իր իսկ ազգակիցների կողմից ծեծվելով մահվան դուռը հասած Սադային բուժող բժիշկը համոզվում է, որ իզուր է կորցրել ընտանիքը, որ արդարացի էր իր ռուս կինը, երբ ընդդիմանում էր տասներկուամյա որդուն թլփատելու ամուսնու որոշմանը, իզուր է վերադարձել Բաքու: Մի բան, որ անսպասելի է վեպում: Սակայն ամենաանսպասելին Սադայի մեջ տեղի ունեցող ակներև ու պատճառաբանվող հակումն է դեպի քրիստոնեությունը: Նրա մեջ բուռն ցանկություն է եղել հասնելու Էջմիածին և անգամ կրոնափոխ լինելու: (Բազմաթիվ են փաստերը, որ մահմեդականները քրիստոնեություն են ընդունել, բայց երբ նման բան անցնում է մի անվանի մահմեդականի մտքով… Այս մեկը արդեն հաստատ նրան չի ների մուսուլմանական աշխարհը): Վեպում հիացմունքի են արժանի Սադայի ծննդավայր Այլիսի, որ նույնն է` Ագուլիսի հետ կապված քարե երազները, ագուլիսցի Հայկանուշի գթասրտության հանդեպ նրա խոնարհումի, հինավուրց քաղաքի հրաշալիքներից հարատև կախարդվածության պատկերները: Ոչ միայն հային, այլև ցանկացած ընթերցողի չի կարող չհուզել Այլիսլիի գիրքը և չտրամադրել հասկանալու, թե իրականում ի՞նչ եղավ, որ հայերի հետ կողք կողքի դարերով ապրած մարդիկ հանկարծ վերածվեցին արյունարբու գազանների, համակվեցին ուրիշի ինչքին տեր դառնալու կատաղի մոլուցքով: Դիմենք Աքրամ Այլիսլիի պատումին. «Արտիստի մեջ ցանկություն առաջացավ թատրոնի տնօրենին ինչ-որ վեհ բառեր ասելու այլիսցի հայերի մասին, նրանց հրաշագործ-ստեղծագործ աշխատասիրության և Աստծո հանդեպ անսահման հավատի մասին: Բայց չարեց այդ բանը: Հասկացավ, որ ոչ մի իմաստ չունի այլիսցի հայերի մասին պատմել որևէ մեկին, որ չի ծնվել Այլիսում, որ պատկերացում անգամ չունի զանգերի փոխկանչի մասին, երբ միանգամից տասներկու այլիսյան եկեղեցիներից էր տարածվում, որ ոչինչ չի լսել Ադիֆ բեյի սև ձիու և մսագործ Մամեդաղայի սուր սրի մասին, ոչ մի անգամ չի տեսել դեղնավարդագույն լույսը, որ խորհրդավոր շողում էր եկեղեցու գմբեթին և գուցե մինչև օրս էլ կախարդում է այլիսցի մի տղեկի հոգին»:
-Վեպում փաստագրական ճշգրտությամբ խոսվում է Ագուլիսում հայերի թողած մշակութային և պատմական ժառանգության, ինչպես և կոնկրետ գործիչների մասին: Հականե-հանվանե հիշատակվում են Րաֆֆին, Զաքարիա Ագուլիսցին, Եղիշե Չարենցը, նկարչուհի Գայանե Խաչատրյանը, ինչպես և երիտասարդ նկարչուհի Լուսիկը: Վերջինս բոլորիս քաջ հայտնի Լուսիկ Ագուլեցին է: Սակայն հայոց պատմության և հայկական անունների փաստագրական ճշգրտության կողքին, հասկանալի զգուշավորությամբ, գրողը պայմանական անուններով է ներկայացնում իր այն ադրբեջանցի հերոսներին (բժիշկներ Աբասալիև, Ֆարզանի, դերասաններ Սադայ Սադօղլի, Նուվարիշ Ղարաբաղլի, այլք), ովքեր հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ունեն իրենց երկրում քարոզվող և խրախուսվող գաղափարախոսությանը հակոտնյա տեսակետներ: Սա չի՞ վկայում այն պարզ ճշմարտությունը, որ թեկուզ ընդհատակում, այնուամենայնիվ, Ադրբեջանում իրապես կան մարդիկ, ովքեր բնավ էլ համամիտ չեն հայերիս մասին մշտապես հորինվող և լայնորեն շրջանառվող հերյուրանքներին, որոնք խորացնում են երկու ժողովուրդների միջև առանց այն էլ ոչ հարթ փոխհարաբերությունները:
-Այս վեպը գրող մարդը կըմբոստանար ոչ միայն հայերի, այլև ցանկացած այլազգիի անիրավվածության դեմ, բռնության դեմ առհասարակ, մանավանդ, երբ ականատեսն ու վկան է իր ազգակիցների բացահայտ ոճրագործությունների: Եվ նա, կարծում եմ, միակը չէ Ադրբեջանում:
-Ըստ իս, այս վեպը, հայերի մասին ճշմարտությունն ասելուց զատ, մի համամարդկային կոչ-ուղերձ է հղում հենց ադրբեջանցի ժողովրդին: Վեպում կարդում ենք այսպիսի տողեր. «…ողջ երկրում չգտնվեց մի հոգևոր հեղինակություն, որ չդողալով սեփական կաշվի վրա, կարողանար ժողովրդին ասել ճշմարտությունը»: Ըստ Ձեզ` ինչո՞ւ վեպի հեղինակի այս մոտեցումը չեն շեշտադրում ադրբեջանցիները և իրենց լայնախոհ գրողի պատգամին հետևելու փոխարեն հալածում են նրան, զրկում պետական կոչումներից, թոշակից, իր հայրենիքում կենսական տարրական անհրաժեշտությունները հոգալու հնարավորությունից: Չէ՞ որ նա ադրբեջանցիներին և առհասարակ մարդկությանը նեղ ազգայնական շահերից վեր կանգնելու կոչ է անում, վերջին հաշվով, ինչպես և հարիր է իսկական մտավորականին:
-Նրա մեծարանքի արժանի մյուս հատկանիշը իսկական հայրենասիրությունն է: Նա ոչնչով չի զիջում հանուն հայրենիքի պատերազմի դաշտում իր զորքը դեպի կյանքի և մահու կռվի տանող զորավարին, երբ վտանգված է ազգի փրկությունը, նրա պատիվը: Խոնարհում նրան, քանի որ Այլիսլին իր ժողովրդի խայտառակության խարանը ջնջելու քայլն անող մարտիրոսն է: Մարգարե լինելու չափ հեռատես պետք է լինի մարդը, որ հասկանա և ընդունի այս դառը ճշմարտությունը:
-Զարմանալի քաղաքացիական կամքի ու համարձակության տեր այդ մարդը իր անվան շուրջ բարձրացված աղմուկից հետո անգամ չի փոխել դիրքորոշումը: Հեռուստատեսային բանավեճի ժամանակ նա իր ընդդիմախոսներին բացեիբաց ասաց, թե Ադրբեջանում ամեն օր հայհոյում և սպառնում են հայերին, հետո էլ ուզում են, որ հայերն ապրեն իրենց հետ: Այսպիսի խիզախ պահվածքին ինչպե՞ս կարձագանքեն միջազգային ասպարեզում: Ի դեպ, ըստ միջազգային լրատվամիջոցների ծանուցման` Աքրամ Այլիսլին արդեն դիմել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին` նրանց պաշտպանությունն ստանալու ակնկալիքով, և արձագանքներն արդեն առկա են:
-Պայծառատես չեմ, բայց վստահ եմ, որ աշխարհում փոքր չէ նորմալ մարդկանց թիվը: Որքան էլ մեզ հավատացնեն, թե մեղավորներն ավելի շատ են, քան անմեղները, տխմարներն ավելի շատ են, քան խելացիները, թե գերհզորները կարողանում են հիմարացնել միլիոնավոր մարդկանց և բոլորի փոխարեն որոշում են ամեն ինչ, պետք է հավատանք, որ կարևորը քանակը չէ, այլ հազարավոր տարիներով մարդ արարածի մտքի և մկանների ուժով ստեղծված արժեքների որակը, այն, ինչի համար կոչված են դրանք, ինչի վրա խարսխված է և դեռ երկար ժամանակ կպահվի երկրագնդի առանցքը: Ամենակարևորը. և՛ իմ, և՛ իմ ադրբեջանցի գրչընկեր Այլիսլիի կարծիքով` վերջին խոսքը Աստծունն է:


«ԱՅԼԻՍԼԻՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՀԵՏ ԱՆՎԵՐՋ ՔԱՐՇ ՏԱ ՆԶՈՎՔԸ»
-Զարմանալի, բայց ոչ պատահական զուգահեռ եմ տեսնում Ձեր «Եսթեր» պատմվածքի` կյանքի ծանր հարվածներին դեմ հանդիման կանգնած հերոսների և Ագուլիսում 1919-ի կոտորածից հետո հայերի տներում ապրող ադրբեջանցիների կերպարների միջև: Դրանք պատերազմի, սպանդի սթրեսները հաղթահարել չկարողացող, խեղված վարքագծով ու ճակատագրերով մարդիկ են: Ստացվում է, որ յուրաքանչյուր աղետ իր դրսևորման և հետևանքների մեջ նույն ազդեցությո՞ւնն ունի մարդկային ճակատագրերի վրա` անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից:
-Պատերազմը, կոտորածը, տեղահանությունները երբևէ կարո՞ղ են «մարդասիրության» կամ թեկուզև մեկ մարդու` այս մոլորակի վրա ապահով կյանքի հոմանիշները դառնալ: Միշտ և ամենուրեք նույնն է. կործանվում է մարդը, ում ծնել, սնել, գուրգուրել, մեծացրել է մայրը` ոչ երբեք նրա համար, որ կեր դառնա մարդ արարածի թե բնության սանձազերծած աղետներին: Բայց Այլիսլիի վեպում շատ կարևոր է և ընդգծված ոճրի ու պատժի ժառանգորդության խնդիրը: Գլխավոր հերոսի` հռչակավոր դերասան Սադայ Սադօղլուի հոգեբույժ աները, Ագուլիսում ապագա փեսայի հետ շրջելիս, ցույց է տալիս բոլոր այն տները, որ նախկինում հայերի են պատկանել և իսկական տերերին գազանաբար ոչնչացնելուց հետո անցել են ադրբեջանցիների: Նրանք բոլորն էլ դատապարտվածներ են, բոլորի ընտանիքներում զարհուրելի ճակատագրով մարդիկ են ապրում և ծնվում: Այլիսլին չի ուզում, որ իր ժողովուրդն իր հետ անվերջ քարշ տա նզովքը:
-Ձեր «Գլոբալիզացիա» պատմվածքը նույնպես այն ուղերձն է պարունակում, որ աշխարհի բոլոր ծագերում միևնույն պահին իրարից անկախ ու անհաղորդ ապրող մարդկանց ճակատագրերը փոխկապակցված են ինչ-որ անտեսանելի թելերով: ՈՒրեմն ի՞նչ է մնում անելու մեզ` աշխարհի քաղաքացիներիս. վեր կանգնել մեր ինքնության, տեսակի առանձնահատկություններից և առանց դիմադրելու տրվել գոյության համահարթեցումի ամենակուլ ընթացքի՞ն:
-Համաշխարհայնացումը, իմ կարծիքով, կեղծ կատեգորիա է, չի դիմանալու ժամանակի քննությանը: Կմեռնի, ինչպես ծնվել է… Անփառունակ… Գուցե և որոշ դրական ձեռքբերումներ թողնի իր հետևից, բայց մոխիրը շատ կլինի:

«ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ, ՀԱՅ ԳՐՈՂԻՆ ՎԻՃԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐԵՎԱՆ ԽԱՂԱՂ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԳՈՐԾԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՇԽԱՐԵԼԸ»


-Ձեր «Օղակը փակվում է», «Ճյուղեր-տերևներ» վեպերի և «Քարե երազների» միջև զուգահեռներ չե՞ք նկատում:
-Այնքանով, որքանով երեքն էլ Երկիր մոլորակի վրա և մեր սեփական երկրներում արժանավայել ապրելու մարդկային կամքի մասին են: Բարեբախտաբար, հայ գրողին վիճակված չէ հարևան խաղաղ, ստեղծագործ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրագործելու կամ մի այլ ազգի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության, զավթողական մոլագարությունների համար ապաշխարելը: Իմ և հայ գրչընկերներիս քաղաքացիական խնդիրն է մեր ներազգային թուլությունների, արատների բացահայտումը, այս ամենի և, իհարկե, արտաքին թշնամու դեմ պայքարելու ձևեր փնտրող առաքինի անհատների դերը: Սրա հետ մեկտեղ ունենք մեր գրականության մեջ նոր խոսք ասելու, գեղագիտական նոր արժեքներ բերելու, աշխարհի առաջավոր գաղափարներից հետ չմնալու, սրանք ընթերցողին հասցնելու պատասխանատվությունը: Վերադառնանք, սակայն, մեր այսօրվա զրույցի բուն խնդրին` Այլիսլիին: Նա, ինչպես և իր հերոսը, մի պահ անգամ չի կորցնում օբյեկտիվությունը: Իշխանությունը փոխվել է: Թատրոնի տնօրենը միանգամից մոռանում է նախկին Առաջինի օրոք իր վայելած առանձնաշնորհյալ վիճակը, թվարկում է միայն նրա արատավոր կողմերը, պատրաստ է լիզելու նոր Առաջինի ոտքերը: Իսկ Սադայը, որին թշնամանքով է վերաբերվել նախորդ Առաջինը, հիշում է նրա լավ կողմերը, իսկ նորերի մասին ասում է. «Դու մի՞թե չես տեսնում, որ սրանց որևէ գործողության մեջ հստակ իմաստ չկա: Ժողովուրդը կորցրել է գլուխը, ոչ մեկը չի հավատում, որ ինքն իր ճակատագրի տերն է»: «Ամեն ինչ ճաք է տալիս, քանդվում է: Երկիրը դառնում է նեխած ճահիճ»: «Դեռ շատ ջուր պետք է հոսի, որ այս անկուշտ բարբառողները գոնե լսել ուզենան մեկմեկու»: Մի՞թե մենք էլ նույն վիճակում չենք հիմա:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ