38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Համակարգչից այն կողմ կա աշխարհ, որը գունեղ է, համեղ, շոշափելի...»

«Համակարգչից այն կողմ կա աշխարհ, որը գունեղ է, համեղ, շոշափելի...»
01.02.2013 | 14:28

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «Ես ետ կգամ», «Բարև» ալբոմներում տեղ գտած երգերը լայն ճանաչում ունեն հեղինակային երգի սիրահարների շրջանում: Նա իր ունկնդրին պատրաստվում է ներկայացնելու ևս երկու ձայներիզ: Երգացանկը կազմված է: Երգերը չեն կրկնվում: Մի սկավառակում տեղ է գտնելու չարաճճի, բարկացկոտ երգերի շարքը, մյուսում` լիրիկական: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկ է ստացել: Հեղինակ-կատարողի խոսքով` դրանք նորից կլինեն ստեղծագործություններ` ուղղակի եռաչափ ձևաչափով և տեսանելի:
Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է, մասնակցում է հնագիտական արշավների, դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ծառայում է զինված ուժերում:

-Հեղինակային երգի ուրբաթօրյա երեկոներն անցկացվում են Թումանյան 40 հասցեում գտնվող «The Club» ակումբում: Իսկ հնարավո՞ր է հեղինակային երգը ներկայացնել մեծ դահլիճներում:
-Իհարկե հնարավոր է, ես ավելի քան համոզված եմ, որ մենք հանդիսատես շատ ունենք Հայաստանում` շնորհիվ մեզնից առաջ եղած ջահակիրների: Մենք էլ, բնական է, մեր լուման ունենք, բայց այն սերը, որ հեղինակային ժանրի հանդեպ առաջացրել է Ռուբեն Հախվերդյանը, թերևս, անհամեմատելի է: Ժողովուրդը սիրում է այս ժանրը: Համերգներ ենք ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում, Արցախում: Մենք մեծ գովազդ իրականացնել չենք կարող, բայց եթե հնարավոր է լինում տեղեկացնել, մարդիկ մեծ հաճույքով գալիս են, անգամ ասում են` ինչո՞ւ չկաք հեռուստաեթերում:
Մեր հանդիսատեսը բավական լավ ճաշակ ունի, պարզապես հեռուստատեսությամբ այլ բան է թելադրվում, շոու-բիզնեսը գրավել է եթերը:
-Դրսում համերգներ ունեցե՞լ եք:
-Երկու համերգ եմ ունեցել Շվեյցարիայում և Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Դրանք կամերալ համերգներ էին` 50-100 հոգու համար. նախատեսված չէին իբրև համերգային գործուղումներ, աշխատանքի բերումով էի Եվրոպայում: Ի դեպ, Լիոնում համերգը կազմակերպեցին իմ ֆրանսիացի հնագետ գործընկերները: Հայկական համայնքի համար կազմակերպվող համերգների պատասխանատուն բավական փշոտ ընդունեց ինձ, քանի որ անունս ոչինչ չէր ասում, և փորձ էլ չէր արել գոնե լսելու ձայնագրությունը: Հետագայում ստիպված եղավ խոստովանելու, որ չէր սպասում համայնքի նման ջերմ ընդունելությունը: Լիոնում նույն ժամանակ ես ունեցա մեկ այլ` հակադրվող, հաճելի արկած. հայկական ռադիոյի անձնակազմը կենդանի կատարմամբ համերգ և ռադիոհարցազրույց կազմակերպեց: Առայսօր ժամանակ առ ժամանակ Լիոնի հայկական ռադիոյով հեռարձակում են երգերս: Ինձ համար հաճելի բացահայտում էր նաև այն, որ սփյուռքում հեղինակային երգը «Վանա ձայն» հաղորդման շրջանակում դեռ 1990-ականներից ներկայացվում է Հարրի Դավիդյանի ջանքերով: Ամռանը Հայաստան կատարած իր այցելության ժամանակ, երբ ես ծանոթանում էի այս զարմանալի համեստ և խորագիտակ անձնավորության հետ, պարզվեց, որ նա Արմինե Հայրապետյանին վաղուց, դեռ 1999-ից ճանաչում և սիրով ունկնդրում է: Իսկ մենք այստեղ ապրում ենք և չգիտենք` մեզ ուզո՞ւմ են լսել, թե՞ ոչ:
-Հեղինակ-կատարողները` բարդերը, մեծ թիվ չեն կազմում, առավել ևս` կին բարդերը: Կա՞ն անուններ, թե՞ եզակի եք, այնուամենայնիվ:
-Իհարկե կան: Ինձ հաճախ են ներկայացնում որպես ներկայումս հեղինակային երգի ասպարեզում միակ կին անձնավորության: Բոլորովին այդպես չէ: Լիլիթ Պիպոյանին բոլորը գիտեն, և շատ սիրված է: Շատերը կհիշեն Մարիետա Բադալյանին, ով հեղինակային երգի վաղ ակունքներում է կանգնած, անգամ` նվագող կնոջ կերպարը շատերի մեջ անմիջապես նրան է առնչվում: Նա ռոմանսներ էր կատարում, ունի նաև բավական թվով հեղինակային երգեր: Կան և երիտասարդները` Լիլիթ Սարգսյան, Տաթև Խաչատրյան և այլք: Տաթևիկ Աղամիրյանը հեղինակային ժանրում բավական երկար ժամանակ և հաջողությամբ ներկայացավ: Վատահ եմ, որ նրան մենք դեռ «հետ կբերենք»: Հեղինակային երգի ասպարեզը արվեստի մի այնպիսի ճյուղ է, ուր դու սոսկ կատարող չես, դա մտածողության ձև է, կենսակերպ: Ես «երգող պոետ» բառաձևն եմ սիրում օգտագործել: Ռուբեն Հախվերդյանը մի անգամ ինձ ասաց. «Դա այլևս ճակատագիր է, և արդեն չես կարող կանգ առնել»: Ես համամիտ եմ: Յուրահատուկ ժանր է: Որևէ մեկը չի կարող ընդմիշտ անհետանալ, եթե արդեն ստեղծագործում է:
-«Անչափելի դատարկություն»… Ձեր խոսքերն են: Երգը ծնվում է դատարկությունը լցնելո՞ւ համար:
-Դուք շատ յուրահատուկ երգ և այդ երգից շատ ճիշտ բառակապակցություն եք ընտրել` հարցը ձևակերպելու համար: Ես չեմ գրում դատարկությունը լցնելու կամ չափազանց խիտ իրավիճակը ցրելու համար: Ես գրում եմ, որովհետև հասունանում են զգացումներ, որոնց մասին հնարավոր չէ այլևս լռել: Ծառը բողբոջում է, բողբոջներն ուռչում են, ուռչում ու հետո պայթում, և դուրս են գալիս կանաչ, թարմ տերևներ կամ գեղեցիկ ծաղիկներ: Նույն կերպ ծնվում է երգս: Մարդուն հուզող ցանկացած ապրում կարող է «ծաղիկ տալ»:
-Ձեր բոլոր երգերը կարծես նախապատմություն ունեն:
-Նախապատմությունը ֆիզիկայի մեջ արտահայտված նյութական կետի նման է` անչափելի: Կապ չունի` մեկ գրա՞մ է, թե՞ հազար կիլոգրամ, կարող է նույն ազդեցությունն ունենալ: Հետաքրքիր մի նրբերանգ կարող է պատճառ դառնալ երգը գրելուն, հետագայում կարելի է պատմել այդ մասին: Բայց նախապատմություն ասելով` նկատի չունեմ, որ այդ երգերը կենսագրական են:
Ժամանակին հետաքրքիր հնարք էի գործադրում. իմ նկարագրած բնության մեջ կարողանում էի տեղադրել ինձ համար ցանկալի կերպարներն այնպես այլաբանորեն, որ խոսեմ բնության մասին, բայց իրականում դրանք մարդ-կերպարներ լինեն: Գուցե թվում է, թե հեշտությամբ եմ արտահայտվում, բայց կան թեմաներ, որոնց մասին երբեք բացեիբաց չեմ խոսում` ոչ երգի մեջ, ոչ առօրյա կյանքում, թեև չի եղել մի երգ իմ երգացանկից, որի գաղտնիքը ունկնդիրը չկարողանա ներքուստ բացահայտել:
-Երբ երգը սիրում են, այն դադարում է միայն հեղինակինը լինելուց: Ի՞նչ եք զգում, երբ «սեփականացնում» են Ձեր երգերը:
-Ես խանդի զգացում ունեցել եմ միայն մեկ բանի նկատմամբ: Դա իմ կիթառն էր: Չէի ուզում, որ մատ դիպչի: Իմ առաջին թանկ գործիքն էր, իհարկե, նկատի չունեմ արժեքը. հոյակապ հնչողություն ուներ, բոլոր երեկոները, միայնությունը կիսում էի այդ գործիքի հետ, և իսկապես խանդում էի: Ինչ վերաբերում է երգերին, ընդհակառակը, ուրախ եմ, երբ դրանք սիրվում են, անգամ ունկնդիրներիս մեջ կան մարդիկ, որոնց ճակատագրում երգս դերակատարում է ունեցել:
«Դու գնում ես» երգը, որ հայտնի է նաև «Թևերս» անունով, նվիրված է ամուսնուս` Արշակին: ՈՒնկնդիրներիցս մեկը մի առիթով հայտարարեց` «Թեև երգը նվիրել ես քեզ համար շատ թանկ ու սիրելի անձնավորության, ես այն իմն եմ համարում»: Դա ամենամեծ գնահատականն է ստեղծագործողի համար:
-Ինքներդ ո՞ւմ երգերն եք լսում:
-Ժամանակ կար, որ իմ ականջին չէին դադարում հնչելուց Մեսչյանի երգերը: Ես մեծացել եմ Ռուբեն Հախվերդյանի երգերով: Շատ եմ սիրում Արմեն Մովսիսյանին, իմ ընկերներին բոլորին շատ-շատ եմ սիրում: Օրեր են լինում, երբ իմ առավոտը սկսվում է Վահան Արծրունիով, երեկոն ավարտվում է Քրիստ Մանարյանով: Վախթանգ Հարությունյանի, Արեգ Նազարյանի ձայներիզները մեքենայիս մեջ հաջորդաբար փոխում եմ: Երեխաներիս քնեցնում եմ Էդուարդ Զորիկյանի երգերով: Շատ ուրիշ սիրելի երգեր կան հեղինակային երգի այսօրվա երգացանկում:
-Երբեմն վեճեր են լինում, թե որ երգն ումն է: Նման վեճերը հեղինակ-կատարողների ներսո՞ւմ են ծագում, թե՞ հրահրվում են դրսից:
-Ինձ թվում է` արհեստականացված են այդ վեճերը, որովհետև ճշմարտությունը մեկն է. կամ գրել ես, կամ` ոչ, և նշվում է` ումն է խոսքը, ումը` երաժշտությունը: Կարծում եմ` հեղինակ-կատարողների միջև ընկերական վեճեր են լինում, որոնք, բնականաբար, հարթվում են:
-Հեղինակ-կատարողը և՛ երաժշտության, և՛ տեքստի հեղինակն է: Սա նույնպես քննարկման նյութ է դառնում, և երբեմն այլ հեղինակի բառերով ստեղծագործելը մեղադրանքի նման է հնչում:
-Կարծում եմ` խիստ պետք չէ տարանջատել, քանզի սեփական բառերով ստեղծագործողը կարող է բովանդակալից ասելիք գտնել նաև այլ հեղինակի մոտ, առավել ևս, որ հեղինակային երգը պատվերով չէ, այլ ստեղծագործական մղում և արվեստի ծնունդ է: ՈՒստի ի՞նչ կերպ կարող ենք զանազանել, թե այսինչ հեղինակը որ չափով է պոետ, որ չափով երգահան: Արվեստագետի մեծությունը նրանում է, որ կարողանա երաժշտությամբ լրացնել խոսքը և հակառակը:
-Նաև հնագետ եք. ի՞նչ եք փնտրել-գտել այդ ասպարեզում:
-Անցյալ տարի մոտ հինգ ամիս անցկացրի հնագիտական արշավախմբերում, դրանցից մեկը Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ հնավայրում էր, որ հինգ հազար տարեկան քաղաքատեղի է: Հայտնաբերված գտածոները մեր բոլոր սպասելիքները գերազանցեցին, հնագույն սրբարանի նշանակության կառույցներ ի հայտ եկան: Հնությունը շատ յուրահատուկ է. առնչվում ես հնագույն քաղաքակրթության տարրերի հետ, զգում ես` ինչպես են իրենք ապրել, պահ է լինում, երբ զգում ես անգամ` ինչպես են մտածել: Կառույցների կավածեփ հատվածների վրա մատնահետքեր կային. դրանք յուրօրինակ կամուրջներ են անցյալի և ներկայի միջև: Շատ հուզիչ է: Ինձ համար մի յուրատեսակ կապ կա ստեղծագործության և հնագիտական աշխատանքի միջև:
Մյուս պեղավայրը, որտեղ աշխատել եմ, Արարատյան դաշտավայրում էր` Մասիսի բլուր կոչվող հուշարձանն է, որ, ցավոք, այլևս բլուր չէ: Վերջին տասնամյակներում հողագործական աշխատանքները լրիվ վերացրել են հուշարձանի վերին շերտը` բլրային հատվածը: Դաշտի մեջ ներկայումս հերկովի տարածք է, որն էլ ավելի հին է, քան Շենգավիթի հնավայրը: Մ.թ.ա. 6-րդ հազարամյակի բնակատեղի է: Ես իսկական խենթ եմ դառնում, երբ աշխատում եմ հողի հետ: Իմ տարերքն է, իմ մտածողությունը: Տղաներս ազատ օրերին ինձ հետ գալիս էին պեղավայր, և փոքր լինելը չէր խանգարում, որ մեզ հետ հավասար աշխատեին:
-Եթե 1000 տարի հետո պեղեն մեր քաղաքը, ի՞նչ կգտնեն, ասենք, 21-րդ դարը արժևորող:
-Բնականաբար, կասեն, որ համակարգիչը տան պաշտամունքի առարկա է, որ դրված է եղել բոլոր կացարանների կենտրոնում, բջջայինները հմայիլներ են` չար աչքից պաշտպանող...
-Այսինքն, ըստ Ձեզ` համակարգիչներ չե՞ն լինի:
-Վստահ եմ, որ շուտով համակարգիչները կզիջեն իրենց տեղը ուրիշ բաների: Մարդիկ սկսել են հասկանալ, որ համակարգչից այն կողմ կա աշխարհ, որը գունեղ է, համեղ, շոշափելի:
-Պատմության թանգարանի նախաձեռնած ցուցադրությանը ինչպե՞ս եք վերաբերվում: Մարզերից բերված հուշարձանների մասին է խոսքը:
-Կան իրեր, գտածոներ, որ անտերության են մատնված: Միգուցե կարելի է բերել, խնամել և վերադարձնել իրենց տեղը: Բայց համալիրից, բնակավայրից կտրել, բերել մեկ տարր և ներկայացնել այստեղ, կարծում եմ` սխալ է: Պատմում էին, որ զբոսաշրջիկին տանում են ինչ-որ գյուղ` հուշարձան ցույց տալու, պարզվում է` այն արդեն Երևանում է: Ի՞նչ է նշանակում` տան կոլորիտից մի սիրուն իր դնել հարևանի տանը և ասել` եկեք, այստե՞ղ նայեք: Հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքում, եթե վտանգված է:
-Պեղումների ընթացքում ի՞նչ զգացում եք ունենում, որ ճանաչո՞ւմ ենք, թե՞ չենք ճանաչում մեր երկիրը:
-Ինչ խոսք, որ մեր երկիրը կեսի կեսի չափով էլ չենք ճանաչում: Որքա՞ն եք ճանաչում Ձեր կողքով անցնող օտար մարդուն. Դուք նրան արտաքուստ կարող եք մտապահել կամ ոչ: Հայաստանն այդպես է, արտաքուստ ենք պատկերացնում նրան: Շատերն ասում են` պատմությունը գիտենք: Շատ բաներ չգիտենք: Անասելի սիրելի է Հայաստանը, սիրում եմ ամեն ժայռը, ամեն առվակը, ամեն փոքրիկ քարը, բայց էլ ավելի հետաքրքիր է, երբ փորձում ես պատկերացնել, թե հնագույն ժամանակներում ապրած ժողովուրդն ինչպես է այդ ամենը յուրացրել, ինչպես է կերտել: Շատ լավն են եղել: Մենք հիմա էլ ենք լավը, ուղղակի պետք է ձերբազատվել մի քանի վատ սովորություններից` նախանձ, բամբասանք, որոնցից ոչ մի օգուտ չունենք և չվախենանք ճիշտն ասելուց: Հեղինակային երգի մեջ ասում ենք այդ ճիշտը։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ