38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Խավարից դեպի լույս»

«Խավարից դեպի լույս»
11.12.2012 | 11:43

Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս
Ողջունե երկինք...
Շաղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ - մի՛ հուսահատվիր...


Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հաշմանդամների միջազգային օրը մեզանում նշանավորվեց բացառիկ մի համերգով, որը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն վարում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Մաեստրոն ողջունեց ներկաներին ու բեմ հրավիրեց օպերայի սիմֆոնիկ նվագախումբը և միջազգային մրցույթի դափնեկիր «Փարոս» երգչախումբը։ Վերջինիս գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի գլխավորությամբ նրանք կատարեցին Անտոնիո Վիվալդիի «Gloria» (փառք) աղոթերգության 1-ին և վերջին մասերը։ Այս փառաբանությունն արձագանքում է Փրկչի ծննդյան իրադարձությանը, որը պատկերված է Ղուկասի ավետարանի 2-րդ գլխում.
«Փա՛ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութիւն եւ հաճութի՛ւն` մարդկանց մէջ... Եւ հովիվները վերադարձան. փառաւորում էին եւ օրհնում էին Աստծուն այս ամենի համար, որ լսեցին ու տեսան»։ Ահա այս հրեշտակաձայն երգն էր հնչում հիշյալ համերգում։ Եվ ո՞վ կսպասեր, որ տեսողական և այլ խնդիրներ ունեցող, սայլակից օգտվող երգիչները կկարողանային այդքան նվիրումով և հուզիչ կատարել այդ դժվարին ստեղծագործությունը։ Հատկապես կրկնակի ֆուգան («Եվ Քեզ` Հօր և Սուրբ Հոգու հետ` փա՛ռք յաւիտեանս. ամեն»)։ Պատահական չէին երգչախմբի հաջողությունները Բրատիսլավայում, Վիեննայում, հիշենք նաև նրա մասնակցությունը Պլաչիդո Դոմինգոյի երևանյան համերգին (2010 թ.)։ Եվ սա միանգամայն բնական է, քանզի երգչախմբի ղեկին կանգնած երիտասարդ, տաղանդավոր դիրիժորը երաժշտության առաքելությունը տեսնում է նաև մարդկանց միմյանց և Աստծու հետ հաշտեցնելու, միավորելու մեջ։ Եվ Հայաստանի տարբեր շրջանների ներկայացուցիչներից փնջած իր երգչախմբի գործունեությունը, պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող արվեստագետների հետ համագործակցությունը դրա վառ օրինակն են, հասարակությանն ինտեգրվելու, միաբանվելու լավագույն դրսևորումը։ Երգչախումբն իր ելույթն ավարտեց Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» երգով. «...Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երևան, / Իմ Հայաստանի զարդն ես, Երևան»,- այսպես էին հուսադրում մեզ «Փարոսի» երգիչները։
Հիրավի, ո՞վ չի երազում Երևանը, Հայաստանը տեսնել այնպես, ինչպես նկարագրված է երգում` մեքենաների կուտակումների, արտանետվող գազերի, փոշու փոխարեն` «վարդեր, փռած ճամփին», «մանուշակի հոտն անուշիկ», քնած մանուկներին վախեցնող ռեստորանների գիշերային խրախճանքների, հրավառությունների ու համազարկերի, անբարո երգերի վայնասունի փոխարեն` «անուշիկ երգեր», որ հնչեցին հիշյալ համերգում...
Երգչախմբից հետո օպերայի նվագախումբը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կատարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանի «Սիմֆոնիետան»` լարային նվագախմբի համար։ Մեր մի զրույցում կոմպոզիտորը նշել է, որ «Սիմֆոնիետան» ներշնչված է Ավետիք Իսահակյանի պոեզիայով։ Ժամանակին այն կատարել են Յուրի Սիմոնովը, Էմին Խաչատրյանը, Զավեն Վարդանյանը և այլ դիրիժորներ։ Այս եռամաս գործում արտահայտվում են մարդու մտորումները մեր իրականության շուրջ, տագնապած հոգու որոնումները, հաղթահարելու, ելք գտնելու ձգտումը։ Առաջին մասի թեման սկսվեց ալտերի «կայծից», որից բռնկվեցին մյուս նվագարանները, և թեման, բազմազանության, ռեգիստրային լաբիրինթոսում դեգերելով ու մոլորվելով, դիսոնանսներից շիկանալով, ի վերջո, մարեց բասերի ընդերքում։ 2-րդ մասում կոմպոզիտորը մեջբերել է «Դլե յաման» երգը. «Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց, վայ լէ, տնավեր,/ Հերիք անեմ աչքով իմաց»... Ահա թե ինչ է գրել Հայրիկ Մուրադյանն այս երգի մասին. «Դլե յաման» երգը ոչ հեռու անցյալում հորինել է Վասպուրականի շրջանի Հայոց ձորի Կղզի գյուղում ծնված Բդե անունով մի գեղջկուհի... Տասը տարեկանում ջրծաղիկի հետևանքով գեղեցկուհի Բդեն զրկվել է տեսողությունից... նա իր հոգու ամբողջ ցավը զեղել է իր երգերում» (Հայրենի երգեր, Ե., 1980, էջ 156)։ Այս մեջբերումները կարևոր են, քանզի դրանք ուղղորդում են ունկնդրին կողմնորոշվելու երաժշտության անծայրածիր ծովում, բազմիմաստ, վերերկրային ոլորտներում։ Ի վերջո, «Սիմֆոնիետայի» հակամարտ ուժերի պայքարը լուծվում է ֆինալում, որտեղ, ասես, հայտնվում է մի նոր ուժ և կտրում-քանդում այդ «գորդյան հանգույցը»։ Ֆինալն իր զարկերակով հիշեցնում է Ալ. Հարությունյանի սիմֆոնիայի Սկերցոն և Ա. Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտի ավարտը, որոնք նույնպես գրված են 5/8 չափով։ «Սիմֆոնիետայի» ֆինալի «հնգատրոփ, հնգազարկ» առնական ռիթմի բաբախյունը կարծես ներշնչում է. «Աշխարհը չես կարող փոխել, լավագույն հաղթանակը ինքնահաղթահարումն է, և եթե դու քեզ չտիրապետես, քեզ կտիրապետեն»... Այս ամենը հստակորեն իրականացրեց մաեստրո Դուրգարյանը, որը նույն խնամքով ու խորաթափանցությամբ նվագակցեց Սպենդիարյանի «Ա՛յ վարդ» և Ռ. Ֆալվոյի «Ասացեք, աղջիկներ» երգերին` Ալեքսանդր Ժույկովի մեներգությամբ։ (Երգիչն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի ղեկավարությամբ)։ Թվում է, թե ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աշխարհագրորեն իրարից հեռու այս երգերում։ Ահավասիկ, Սպենդիարյանի երգում ասվում է. «Ա՛յ վարդ, պատմիր նրան հուշիկ / Իմ հուր տենչանքն ու հույզեր,/ Թող բուրմունքով քո անուշիկ/ Նրա սրտում զարթնի սեր...», իսկ ահա իտալական երգը. «Ասացեք, աղջիկներ, ձեր ընկերուհուն, որ ես գիշերները չեմ քնում, շարունակ երազելով նրա մասին»։ Ինչպես տեսնում ենք, այս երգերի միջև ընդհանուրը համամարդկայինն է, հավերժող սերը, ինչը սրտառուչ կերպով արտահայտեցին մեներգիչը և նվագախումբը։
Համերգի կոթողային ստեղծագործությունը Բեթհովենի 3-րդ կոնցերտն էր, գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Մենակատարն էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան Լևոն Կարապետյանը (պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարան)։ Ի դեպ, մինչ այդ, Լևոնն արդեն ելույթ էր ունեցել տարբեր նվագախմբերի հետ. Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ նա կատարել էր Մոցարտի թիվ 19 կոնցերտը (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), իսկ Բեթհովենի 3-րդ կոնցերտը նա նվագել էր Սանկտ Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Միխայիլ Տատարնիկով)։ Այնպես որ, նա արդեն ուներ որոշակի փորձ, ինչը նպաստեց համերգի հաջողությանը։ 3-րդ կոնցերտը լավագույնս հաստատում է Բեթհովենի երաժշտության առաքելությունը, որ է «Խավարից դեպի լույս», լույս, որ այդքան պակասում է մեզնում։
Կոնցերտի 1-ին մասն իր բնույթով հերոսական է` թմբուկների, շեփորների կոչական պոռթկումներով, բայց և քնարական հիասքանչ զեղումներով` երկրայինի և երկնայինի, մարդկային դժոխքի և աստվածային դրախտի հակադրումով ու պայքարով լի։
2-րդ մասը խոհական մենախոսություն է կամ մարդու և «աստեղազարդ» տիեզերքի երկխոսություն։ Ակամա հիշում եմ Իմանուիլ Կանտին արձագանքող պոետ Լեոպոլդ Ստաֆի հետևյալ տողերը.
Ես պառկած եմ նավակում.
Մթնշաղ է, լռություն,
Վերև աստղեր, ներքև աստղեր,
Աստղեր` խաղաղ իմ սրտում։
Այստեղից պարզ է, թե ինչ խնդիր է դրել Բեթհովենը կատարողների առջև։ Եվ այդ դժվարին խնդիրը պատվով կատարեցին դաշնակահարն ու նվագախումբը։ Լիակատար ներդաշնակության հասնելու ճանապարհին կար մի խոչընդոտ` դիրիժորի և կատարողի կոնտակտը, որը դժվարանում էր տեսողության խնդիր ունեցող թե՛ հիշյալ երգչի, թե՛ դաշնակահարի պարագայում։ Սակայն նրանք, այսպես ասած, «մի յոթերորդ» զգայարանով, ներքին, հոգու լույսով, մի հրաշքով հասկանում էին միմյանց։ Եվ աննշան անհարթություններն ի զորու չեղան ստվերելու Բեթհովենի անմահ երաժշտությունը։ Եվ ցնծագին ֆինալը` ռոնդոն, որտեղ տարբեր կոնտրաստային էպիզոդների միջամտությամբ, կենսահաստատ թեման 12 անգամ կրկնվում է, իր հաղթական ավարտով ալեկոծեց ամբողջ դահլիճը։ Սա մի անմոռանալի համերգ էր, որը մեկ անգամ ևս հաստատեց Նիկոլայ Բերդյաևի այն միտքը, թե կյանքն արդարացվում է արարմամբ...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ