38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զգացել է, զարմացել, հիացել ու ճանապարհ բացել

Զգացել է, զարմացել, հիացել  ու ճանապարհ բացել
02.11.2012 | 12:11

Փառք Աստծո, պատերազմում չենք, բայց լուր ու լրաբեր դարձած էս աշխարհում մարդ կարոտ է մնում մի լավ լուրի, արդար, անգամ անսպասելի լուրի: Վատ-գեշ տիղմը շարունակում է ծա՛նր-ծանր իշխել: Շատ ենք լսում ու ասում` մի՞թե սրան էինք արժանի, բայց հուսահատվել պետք չէ. մեծն Թումանյանը իր քառյակով է կնքել` «վատը լավ եմ տեսել ես»: Բայց ի՞նչ օրն ենք ընկել, որ հաճախ մեր լսած, մեր աչքով տեսած լավին էլ չենք հավատում: Ինչո՞ւ ենք կասկածում, ինչո՞ւ ենք հավատազրկվում, ինչո՞ւ ենք ասում` ով էլ լինես, ինչ շենք ու շնորհք էլ ունենաս, պիտի զորավոր տեր ունենաս էս երկրում կամ շատ փող, որ կարողանաս գտնել քեզ, հենց քեզ: Ձեռքին իշխանություն ունեցողը, եթե, անգամ սխալմամբ, մի լավ բան է անում հօգուտ մարդու, երկրի, ժողովրդի, էլի կասկածանքի ասեղները ծակծկում են միտքդ` մի՞թե, կա-չկա, էստեղ մի ուրիշ բան կա, հետո կերևա, համբերեք: Անկեղծ ասած, շատերի նման ես էլ, լույսը բացվելու հետ, մութն ընկնելու հետ, աչքս ծերպ եմ անում ու սպասում մի լավ լուրի, մի ավետիսի, մի լրաբերի, որ… Էսպես երկար չի շարունակվի, մի տեղ խոփը քարին դեմ կառնի: Ախր, հարցերը շատ ու շատ են, հաճախ մեզ խեղդող: Ամեն մարդ, մանավանդ իշխանավոր, եթե իր տեղում լինի, իր աթոռին ոչ գերի, մի լավ բան հաստատ կլինի:
Հազար հարցերի հետ արդեն չորս-հինգ տարի մտածում էի տվածուրիկ ձայնով լցված, հենց երգի համար ծնված, զարմանալի ազնիվ ու երգով ավելի ազնվացած, Հայոց բանակում ծառայած, ԵՊՃ համալսարանն ավարտած, բազում շնորհների տեր, բայց անգործ ու անփող մի երիտասարդի օգնելու, ի վերուստ իրեն տրված երգարվեստի ճանապարհն իր առջև բացելու մասին, բայց երկրորդ մասնագիտություն ընտրելու դեպքում պետք է վճարել: Վճարել, այո, բայց ինչպե՞ս վճարել: Եվ ուսերիս ծանրանում էին պարտքի քարերը: Տարիներն անցնում էին. նա համառորեն պարապում էր ու մոր հետ հավատում, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դռները մի օր կբացվեն հենց իր համար: Շատերն էին խորհուրդ տալիս. «Ձայնդ ուղարկիր տարբեր երկրներ, կլսեն ու քեզ ձեռքից ձեռք կխլխլեն»: Ամեն անգամ մշակութային տարբեր օջախներում երգելու ժամանակ հենց դահլիճն էր հիանում ու հիացմունքով ընդունում երգի համար ծնված Արտակ Ստեփանյանին` բոլորը մի կողմ, Արտակը, մի կողմ:
Եվ եկավ էդ օրը: Որքան էլ զարմանալի է` հանրապետության առաջին տիկինը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ տնօրեն Լիլիթ Հակոբյանին հարցնում է` ով Է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգող տղան: Լիլիթից ավելի շատ Արտակն է զարմանում. Չարենցի տանը, ասես հենց Չարենցի մասնակցությամբ, հանդիպում է առաջին տիկնոջը: Անկեղծ, հրաշալի հանդիպում էր: Անկեղծ էր պահը. եթե շատերը կոնսերվատորիա չեն ընդունվում մի պարզ պատճառով` ձայն չունեն, Արտակը չի ընդունվում… առաջին մասնագիտություն ունենալու պատճառով, գումարած` չունեցած գումարը: Ճիշտ է, մշակույթի տարբեր օջախներից մեկ-մեկ սիրով հրավիրում են, բայց… երգի ճանապարհը պետք է ծառ դառնա, բուրի, ծաղկի, կանչի…
Արտակ Ստեփանյանի առջև բացվում են կոմիտասյան կաճառի դռները: Այո՛, պետպատվերով Կոմիտասի անվան կոնսերվատորիա է ընդունվում եզակի ձայն ունեցող, զարմանալի համեստ, հայրենասեր մի տղա: Եթե անգամ չընդունվեր, նա էս հողը լքողների մեջ չէր լինելու. նա ուրիշ սրտի, ձայնի, հենց արյան կրողն է…
Մի՛ զարմացեք, խնդրում եմ, որ տարիքն առած մի գրող համարձակվում է երախտիքի խոսք ասել հանրապետության առաջին տիկնոջը, որը ոչ միայն համեստագույն միջոցների տեր մի ընտանիքի շնորհալի զավակի է օգնել, պարզապես զարմացրել, այլև նպաստել է մեր մշակույթի վաղվա հարստացմանն ու ճանաչմանը` ի դեմս Արտակ Ստեփանյանի, երգիչ, որը հենց հիմա էլ կարող է զարդարել աշխարհի ցանկացած բեմ. վստահ եմ, հավատում եմ: Ես չեմ տեսնի, դուք կտեսնեք: Չեմ կարող շնորհակալ չլինել` տաղանդի, արժանավորի առջև դուռ է բացվել (իհարկե, ընդունելության քննությունները հաջողությամբ է հանձնել): Աստված, իրոք, մարդու մեջ է: Ես շնորհակալություն եմ հայտնում տիկին Ռիտա Սարգսյանին, մտովի ծաղիկներ նվիրում ու, եթե Աստված կամենա, գոնե մի քիչ առողջ լինեմ, առաջիկայում կնշվի նվաստիս ծննդյան… պա՛հ, 75-ամյակը: Հաճեցեք, խնդրեմ, տեսեք, թե Արտակ Ստեփանյանին ուսանող դարձնելով ում ուսերից եք քարեր, ծանրացած քարեր թափել: Հիմա, դեռ վերջին տողերին չհասած, ձայներ եմ լսում` սա իշխանամետություն է, սա գովերգություն է: Ո՛չ, բարեկամներ, հազար անգամ ո՛չ, թող ձեռքին լծակ ունեցողը, իշխանավորը, պատգամավորը, կառավարությունը, լի՛քը-լիքը անտեր պաշտոնավարողները, ժողովրդի ու երկրի ջանին տզի նման լիքը կպածները ու չգիտեմ էլ ինչեր, թեկուզ սխալմամբ, լավ գործ անեն մեր երկրի ու հուսահատ ժողովրդի համար, մենք էլ զարմանանք, տեսնենք, լսենք ու հավատանք: Թեկուզ պիտակավորվենք որպես իշխանամետ:
Նախկին պոլիտեխնիկցուն երգի ազնիվ դասեր է նվիրել պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը: Այսօր հպարտ է, որ Արտակը ուսանող է: Արտակով հպարտ են նաև կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը և շատերը: Իսկ հմուտ, ճանաչված դաշնակահար Լևոն Հարությունյանը պարզապես հիացած է Արտակով ու նրա երգով: Ընթերցողներին խնդրում եմ` լսեք Արտակին ու հիշեք նրա ձայնը` ձայնը որպես անուն-ազգանուն` Արտակ Ստեփանյան` բեմի համար, երգի համար ծնված հայորդի: Բնությունից ընծա ստացած ձայնով` թավիշ տենոր:

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԳՄ վարչության անդամ, արձակագիր, հրապարակախոս

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ